Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է, այսօր կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիրգրան Ավինյանը, որ վարում էր նիստը։ Ավինյանը նշեց, որ Գասպարյանն Արցախում է Խծաբերդում տեղի ունեցածի և այլ հարցերի կապակցությամբ՝ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար։ Փոխվարչապետի փոխանցմամբ, հարցի շուրջ տեղի են ունենում խոսակցություներ ադրբեջանական կողմի հետ։ Հավանական գերիների տվյալները ճշտվում են։
«Մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում», - ասաց Ավինյանը։
Արցախի ՊՆ-ն երեկ տեղեկացրեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր։
Անդրադառնալով գերիների փոխանակման խնդրին՝ Ավինյանը նշեց, որ շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված և այս առումով ևս բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական կողմի ներգրավվածությամբ։