Երբ մարդիկ մեղադրում են այսօր մեկին հայրենիքը ծախելու մեջ, նրանց անվանում դավաճան, մնում է միայն մտածել` մենք ոչինչ չե՞նք հասկանում։ Արդեն հասկացանք։ Մեջբերեմ սահմանին կանգնած տղաներից Արթուր Հայրապետյանի խոսքը. «Զենքերը ձեռքներիս մեզ մեր խրամատներում ծախեցին, ամենախայտառակ ձևով ծախեցին։ Ամենասոսկալին այն է, որ պետությունը վաճառեց ժողովրդին։ Իշխանիկները վաճառեցին բանակը, հավատը, ազգը, ամեն ինչ ու բոլորին»։ Իսկ հիմա իշխանիկները մեղադրում են զինվորներին։
Հիրավի, պատմությունը սերտում են նախկինում արված սխալները գիտակցելու ու դրանք այլևս չկրկնելու համար։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ մենք, շատ մեղմ ասած, լավ չենք պատմություն սերտելուց։
-Երբ թերթում եմ ֆեյսբուքիս էջը, տեսնում եմ հարազատ դեմքեր, ընկերներ, որոնք անմահացել են հայրենի Արցախի համար մղած պայքարում, այն Արցախի, որը տվեցինք, այո, տվեցինք, պարզապես նվիրեցինք... Իսկ ես զարմանում էի, դիրքում կանգնած մտածում` խի՞ չեն զանգում, խի՞ չեն խոսում, չեն պատասխանում, խոսում եմ տանեցիների հետ, ասում են` լավ են, բայց... Չեմ կարող նկարագրել այն զգացողությունը, երբ գիշերը` 01:30-ին, կանգնած եմ խրամատում, հերթափոխի եմ, դիմացի պոստից (թշնամու, որը ընդամենը 70 մետր է մեզանից հեռու) լսվում է բարձր երաժշտություն, գոռոցներ, հրավառություն է։ Տոնում են հաղթանակը, իսկ ես, կանգնած խրամատում, նայում եմ դիրքապահ զինվոր ընկերոջս, լուսնի շողերի տակ փայլում էին արցունքները, նայում եմ և ինքս սկսում լացել... Այդ պահին դու պարզապես զուրկ ես մտածելու կարողությունից»,- ցավալի իրականությունը պատմում է սահմանապահ Դավիթ Գաբրիելյանը։
Ո՞վ կմտածեր, որ 90-ականների փառապանծ գոյամարտից հետո կամա թե ակամա պիտի դավաճանենք Մոնթեին ու Բեկորին, Վազգենին ու Դուշմանին։ Ո՞վ կմտածեր, որ հայի շուրթերից նորից պիտի ելնի հայրենազրկումի ու տառապանքի ողբը, եղեռնազարկումի վտանգի ցավերգանքը...
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ