Բայց նախ այն մասին, որ Իսրայելը աղոթում է Ադրբեջանի համար:
Ո՛չ, ոչ թե, որ Ադրբեջանը այդքան թանկ անօդաչուներ է առել իրենից ու ռմբահարել հայոց հողն ու բանակը, խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը: Իսրայելն աղոթում է ադրբեջանցիների համար, որովհետեւ Ադրբեջանը «ագրեսիայի» է ենթարկվում Հայաստանի կողմից…
Քաղաքականությունը, այն էլ գեոքաղաքականությունը, երկրորդն է հայտնի արհեստից հետո, ուստի նացիստների կողմից ցեղասպանության ենթարկված, օսվենցիմներով անցած, Քրիստոսի ոտնահետքերը իր հողի վրա կրող ազգի սույն դրսևորումը ժամանակակից թավշյա «դեմոկրատիկ» աշխարհում զարմանալի չէ ամենևին:
Ընդ որում, նաև հասկանալի է. եթե աղոթում է Իսրայելը, ապա հավարտ աղոթքի` ԱՄՆ-ն ասում է` «ամեն»: Բժեզինսկիա-քիսինջերա-սորոսյան այս աշխարհում Իսրայելը վաղուց է երազում այն, ինչ այսօր իրականացնում է Թուրքիան` Ադրբեջանի ձեռքով` Իրանի մերձակայքում` վերջապես օրակարգ մտցնելով Իրանի խնդիրը (դեռ քանի՜ տարի առաջ Իսրայելը պատրաստվում էր վաղ առավոտյան «խփելու» Իրանին, չէր ստացվում. Թուրքիան պահը հասունացրել է):
ՈՒ արժե «աղոթել» Ադրբեջանի (իմա` Թուրքիայի) համար, որովհետեւ մի կողմից վերջապես կյանքի է կոչում Մեծ Մերձավոր Արևելք` բժեզինսկյան «պրոյեկտի» վերջին արարներից մեկը` ահաբեկիչներն Իրանի սահմանի մերձակայքում են, մյուս կողմից` Իսրայելը դառնում է տարածաշրջանում «ասող» երկիր` ԱՄՆ-ի ժանդարմ, վերջապես Պաղեստինն «ազատագրելու» համար` այնպես, ինչպես թուրք-ազերի տանդեմն է Ղարաբաղն «ազատագրում», երրորդ արարով էլ` պանթուրքիստական առանցքն է ձգվում տարածաշրջանով մեկ` տեղ չթողնելով ոչ Ռուսաստանի և ոչ էլ Չինաստանի համար:
Ահա թե ինչ հանգույցի է վերածվել իրականում Արցախյան խնդիրն այսօր:
Ահա թե ինչու մեկ էլ ու «սկանդինավյան խաղաղապահները», առաջին հայացքից անսպասելի, ընկան բոլորի գլխին, մանավանդ, երբ հայկական կողմն արդեն իսկ հնչեցրել էր կարևորագույն եզրույթը. Հայաստանը կողմ է ռուսական խաղաղապահների խաղաղարար առաքելությանը շփման գծում (սա ասվել էր` լավ իմանալով, որ ադրբեջանական կողմը չի համաձայնելու, դրա համա՞ր, դիտմա՞մբ, զի մեր թավիշների ականջին արդեն իսկ շշնջացել էին մեր «սկանդինավյան» կախարդական բառը` իրենց ամերիկյան տերերը, ու «մերոնք» դիտմամբ խաղը սրում էին, որպեսզի ամերիկյան ընտրություններից վայրկյաններ առաջ հնչի այդ տեսակետը, և վերջապես` համաձա՞յն է Ադրբեջանը սկանդինավյան խաղաղապահների գաղափարի հետ… սա այլ օրվա և քննարկման թեմա է): Այնուհանդերձ, «սկանդինավյան» ձևակերպումը, ուղղակի ականջ սղոցեց, մանավանդ որ հնչեց նույն այն գործչի` Թրամփի արտաքին հարցերով խորհրդական Ռ. Օ’Բրայենի շուրթերից, որն ասել էր` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը արցախյան հարցում համաձայնեցված են գործում:
Զարմանալի էր նաև մեկ այլ բան. ինչպես կարող էր շատերի, այնպես էլ ԳՌՈՒ-ի նման «մոնստր» հզոր կառույց ունեցող Ռուսիայի համար ևս խիստ զարմանալի, առաջնային լինել այդ բանաձևումը: Նկատենք` այս առնչությամբ իր զարմանքը պաշտոնական Մոսկվան անգամ չթաքցրեց:
Հասկանալի է, ԱՄՆ-ը սիրում է քաոտիզմը հասցնել արվեստի մակարդակի, և սա այդ դեպքերից է: Բացի խաղը խափանելուց, Նահանգներն զգաց, որ Ռուսաստանին Հայաստանից «քշել»-օտարելու իր պասաժը հակառակ էֆեկտ ունեցավ: Հայաստանում իր ծնած-սնած իոնիսյանները, անդոքոչարյաններն արդեն Կալաշնիկովի հրացան են քանդում-հավաքում` հընթացս բաձրաձայնելով, որ երբեք հակառուսներ չեն եղել, ավելին` Պուտին Վ-ի անունը տալիս չեն մոռանում լիքը բերանով «պարոն» բառը արտաբերել, և այն էլ` հատուկ նեյրոլինգվիստիկայով:
Մի խոսքով. Իսրայելի աղոթքներին «շալոմ» ասող Նահանգներն ի լուր աշխարհի, բայց առաջին հերթին Դուշանբեի վերելակում հանդիպած, միմյանց հետ «կիրթ ու կառուցողական» փոխանցումներ ունեցած կողմերի համար ասաց` ոչ մի կերպ չպետք է համաձայնել ռուսական խաղաղապահների գոյությանը Արցախում:
Գաղտնիք չէ` խաղաղապահների բերետի խնդիրը միշտ էլ ամենավիճահարույցն է եղել Արցախյան կարգավորման խնդրում, ու հիմա հասունացել է պահը` այն առարկայացնելու. դրանցից է կախված լինելու` ով է մոդերացնելու տարածաշրջանը, Հարավային Կովկասը…
Հիշենք` հաճախ էր շոշափվում այն գաղափարը, որ Արցախյան շփման գոտում խաղաղապահները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ որևէ երկրից չպետք է լինեն: Սակայն այսօր, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ձեռքից բռնած, տարածաշրջան է բերել ԻԳԻԼ-ի ահաբեկիչներին, խաղը փոխվել է, և Ռուսաստանն ու Իրանը չեն կարող թույլ տալ, որ իրենց քթի տակ «սկանդինավյան» խաղաղապահներ տեղակայվեն` անհայտ հեռանկարով: Քանզի «սկանդինավյան» խաղաղապահներ ասել` նշանակում է ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում` Իրանի պռնկին. չմոռանանք` սկանդինավյան երկրների մի մասը ՆԱՏՕ-ի անդամ է:
Ասել է` խաղը Հարավային Կովկասում` Արցախյան այրվող հողի վրա, ամերիկյան ընտրություններից մի քանի ժամ առաջ էլ ավելի բարդացրեց իրավիճակը` ցուցանելով ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա (Ադրբեջան)` ՆԱՏՕ ալյանսի իրական ծրագրերը:
Դա նշանակում է` նրանք «եկել» են երկար մնալու տարածաշրջանում: Նրանք չեն պատրաստվում զիջելու:
Փոքրիկ Արցախում տեղի ունեցող գոյամարտը ոչ միայն հանուն մեր և աշխարհի փրկության համար է` ահաբեկչությունից, պանթուրքիզմից, վախեցնող «ժողովրդավարությունից»:
Կարծե՛ս:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ