Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրանց քանակը մոտենում է 2000-ի՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտում» տպագրված հարցազրույցում։
Նա ասել է, որ այդ թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շոշափել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հոկտմբերի 27-ի հեռախոսազրույցում, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ պարբերաբար շփումներում։ «Հետևողականորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումը»,- հավաստիացրել է նա։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի` որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին դուրս գալու տաք փուլից և սրված հակամարտության լուծման խաղաղ միջոցներ գտնել։
Հիշեցնելով հումանիտար հրադադար հաստատելու Մոսկվայում ձեռք բերված համաձայնության մասին` Լավրովն ասել է, թե Ռուսաստանը հնարավորինս անում է, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, որպեսզի այդ համաձայնությունը կյանքի կոչվի։
«Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման տարբեր առաջարկներ։ Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում կգերիշխի կառուցողական մոտեցումը, մարտական գործողությունները կդադարեցվեն, ու ղարաբաղյան գործընթացը քաղաքական հուն կվերադառնա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։