Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

ՀԿԵ-ն առաջարկել է Իրանին Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժը Եվրոպա փոխադրումների համար

ՀԿԵ-ն առաջարկել է Իրանին Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժը Եվրոպա փոխադրումների համար
10.10.2016 | 22:38

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց «Armenia EXPO 2016» հայկական արտադրության և ծառայությունների ցուցահանդեսին, որն այս տարի անցել էր հոկտեմբերի 5-8-ին Թեհրանում: Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները ծանոթացան ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբոսաշրջային տուրերին, Երևանում նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի հետ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն այցելուներին և պոտենցիալ գործընկերներին ներկայացեց Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժը Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ փոխադրումներ իրականացնելու համար: Այս միջանցքի օգտագործումը թույլ կտա փոխադրումներ իրականացնել մինչև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, գործնական կապեր ստեղծել բեռնափոխադրողների միջև: Հարավկովկասյան երկաթուղին արդեն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, օրինակ՝ Վրաստանի երկաթուղու հետ տարվող քննարկումների արդյունքում որոշվել էր նվազեցնել սակագինն այս երթուղում:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ ունեցան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին:
Ելույթներում կարևորվեց ցուցահանդեսի անցկացումը հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից: Ընդգծվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու բարենպաստ պայմանները, արտաքին առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+, GSP) առկայությունը:


ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նշեց, որ երկու երկրները նախատեսում են շահագործման հանձնել փոխադրումների մուլտիմոդալ միջանցք՝ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտը գործածելով: Նրա կարծիքով, այս նախագիծն իրատեսական է: Դեսպանը նաև ընդգծեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունն արդեն այցելել էր Իրան այս հարցով: «Կարող եմ տեղեկացնել, որ այցի շրջանակներում կարևոր բանակցություններ տեղի ունեցան: Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ընկերակցության (զբաղեցնում է երկրի բեռնափոխադրումների շուկայի մոտ 60 %-ը) պատվիրակությունը նախատեսում է այցելել Երևան և քննարկել հարցը մեր երկրի պատասխանատու կառույցներում: Այս հարցում ես նույնպես լավատեսորեն եմ տրամադրված»,- ասաց դեսպանը: Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշեց, որ իրանական կողմին առաջարկվող երթուղին մեծ հետաքրքրություն առաջացրեց: «Երբ ես առաջարկեցի նրանց այդ երթուղին, նույնիսկ չգիտեի, որ դա Իրանի համար պատմական երթուղի է, որ նրանք անվանում էին «Համեմունքների ճանապարհ», ինչպես չինացիների «Մետաքսի ճանապարհը»: Մենք իրանական կողմին առաջարկեցինք փոխադրումների ավելի անվտանգ և շահավետ ճանապարհ»,- նշեց Սերգեյ Վալկոն: Ցուցահանդեսի շրջանակներում Սերգեյ Վալկոն հանդիպեց ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդիի հետ:


Երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկվեցին նաև ՀԿԵ և Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ընկերակցության ներկայացուցիչների հանդիպմանը: Ընկերակցության ներկայացուցիչները մոտ օրերս կայցելեն Երևան համագործակցության մասին հարցը քննարկելու համար: Ցուցահանդեսի շրջանակներում ՀԿԵ ներկայացուցիչները հանդիպեցին նաև Իրանի երկաթուղու, մաքսային ծառայության, տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ՝ մանրամասն ներկայացնելով Հայաստանի երկաթուղային տրանսպորտի մասնակցությամբ եվրոպական երկրներից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների իրականացման նախագիծը:
«Armenia EXPO 2016» ցուցահանդեսին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 100 հայկական ընկերություններ:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ