Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պատերազմի կանխումը՝ հրամայական

Պատերազմի կանխումը՝ հրամայական
03.01.2015 | 15:55

Անցած գիշեր թշնամին դիվերսիոն հետախուզական երկու գործողություն է ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Մերոնք հետ են մղել հակառակորդին, որը նահանջել է՝ կորուստներ տալով: Ցավոք, երկու հայ երիտասարդ զոհվել են՝ հայրենի սահմանը պաշտպանելիս: Ինչքան էլ ողբերգական լինի, հենց այս լուրը մեզ մոռացնել տվեց ամանորյա կերուխումը ու վերադարձրեց իրականություն, որն այլևս տոն կամ ոչ աշխատանքային օր չի ճանաչում:
Մեկնարկող տարում, ԼՂ հիմնահարցը, անշուշտ, շարունակվելու է առաջնային մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Ղարաբաղի հարցը նոր սրություն ձեռք բերեց առնվազն անցյալ տարվա օգոստոսից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կանգնեցին նոր լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի առաջ: 1994-ի հրադադարի հաստատումից հետո գուցե մի քանի անգամ կողմերը մոտ են եղել կարգավորմանը, քննարկել ու համաձայնության են եկել ինչ-որ սկզբունքների շուրջ, սակայն ամեն անգամ ինչ-որ հանգամանք խանգարել է՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ: Այնուամենայնիվ, կարգավորմանը հասնելու այդ հնարավորությունները կորսված են, ու հիմա բոլորս մտածում ենք ոչ թե կարգավորման այս կան այն տարբերակի կամ քաղաքական լուծումների, այլ այն մասին, թե ինչպես կանխենք հնարավոր նոր պատերազմի վերսկսումը: Միջազգային միջնորդական առաքելությունը, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումերն առարկայական արդյունք չտվեցին, ու վերջին հինգ ամիսներին պատերազմի ուրվականը մեզ հանգիստ չի տալիս: Ըստ այդմ, 2015-ին մեր դիվանագիտության կարևոր խնդիրներից մեկը լինելու է գործընթացը դիվանագաիտական հարթություն տեղափոխելը, պատերազմի սանձազերծման ռիսկերի կանխումը: Ցավոք, մեր դիվանագիտության էֆեկտիվությունն ու արդյունավետ գործունեությունը կասկածի տակ են, ըստ այդմ, խաղաղության պահպանման կարևոր երշախիքը շարունակում է մնալ մեր բանակը: Սակայն, եթե բանակի մարտունակությունն ու մեր զինվորների հերոսությունն իրենց ամրապնդումը չստանան դիվանագիտական, քաղաքական հարթության մեջ, պետական մյուս կառույցները չգործեն նույն արդյունավետությամբ ու որակով, շուտով կարող ենք մսխել նաև այն հաջողությունները, որ գրանցել ենք ռազմի դաշտում:
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ու, բնականաբար, հրատապությամբ օրակարգ է գալու հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Թուրքիայի վրա սպասվող միջազգային ճնշումները, տարածաշրջանային զարգացումները կարող են որոշակի տեղաշարժ ապահովել հայ-թուրքական հարաբերություններում: Սակայն թե՛ Երևանում, թե՛ հատկապես Անկարայում վերջին շրջանում գերիշխող են դառնում անցյալից սնվող տրամդրություններն ու հռետորաբանությունը, ինչը թույլ չի տալիս ակնկալել, որ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերություններում կարելի է սպասել որակական փոփոխություն, մանավանդ, որ դրան չի նպաստում նաև լարվածության մեծացումը Ղարաբաղի շուրջ:
Եվ վերջապես, Հայաստանն այլևս ԵԱՏՄ անդամ էՙ ու մեր դիվանագիտությանը սպասում են լուրջ մարտահրավերներ նաև այս ճակատում: ԵԱՏՄ-ն գոնե առայժմ ոչ թե դաշնակից, ներդաշնակ քաղաքականություն վարող պետությունների միություն է, այլ հակասությունների ու հակադրությունների հայելի, որում շատ դժվար է լինելու պահապանել սեփական դիմագիծը, օրակարգային դարձնելու այն խնդիրները, որոնք առանցքային են մեր պետության համար: Տեսանելի չէ առայժմ, թե ԵԱՏՄ-ն ինչպես է ապահովելու Հայաստանի տնտեսության ճգնաժամը՝ ռուսական ռեցեսիայի պայմաններում կամ ինչպես է երաշխավորելու մեր անվտանգությունը՝ Բելառուսի ու Ղազախստանի ադրբեջանամետ ու Ռուսաստանի պարիտետային քաղաքականության համատեքստում, սակայն կա վտանգ, որ նոր միության շրջանակներում Ղարաբաղի հարցը նոր սակարկությունների օբյեկտ կարող է լինել: Պաշտոնական Երևանն այս մարտահրավերը փորձում է չեզոքացնել Եվրամիության հետ հարաբերությունների նոր մակարդակի ապահովմամբ, նոր համաձայնագրի ստորագրմամբ: Մի խոսքով, փորձ է արվում դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, որն անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհ է, սակայն առայժմ վաղ է կանխատեսումեր ու ենթադրություններ անելը, մանավանդ, սրընթաց ու արագ փոփոխությունների այսօրվա աշխարհում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ