Չկա սցենար, ըստ որի, առանց սեփական ուժային բաղադրիչի որևէ կերպ հնարավոր կլինի պլստալը։
Տեսնենք այս մասով վերջին 3 տարում ինչ են արել ու ինչ ունենք։
Տեխնոլոգիական բաղադրիչը
Ռազմաարդյունաբերական ոլորտում ոչ մի համակարգային աշխատանք չի կատարվել։ Զուտ էնտուզիաստների հաշվին որոշ զինատեսակներ ստեղծվել են, բայց զինատեսակ ստեղծելուց ավելի կարևոր է դրա տակտիկական ինտեգրացիան և օգտագործման կանոնադրությունների մշակումը։ Այս մասով էլ կատարվել է 0 գործ։ Իսկ տարօրինակ գաղտնիությունը դեժավյու է առաջացնում, երբ նախկինում բազմաթիվ անգամ ասում էին՝ գիտե՞ք ինչեր ունենք, բայց հենց սկսվում էին իրական մարտական գործողությունները, պարզվում էր՝ ոչինչ էլ չկա։
Մարտական պատրաստությունը
Հարցրեք զորահավաքի գնացած ցանկացածին՝ տանում են 25 օր քնացնում են ու հետ են վերադարձնում տուն։ Բացի մի քանի կրակոցներից՝ ոչ մի պատրստություն։
Անձամբ ճանաչում եմ բազմաթիվ պատերազմ անցած և քաղաքացիական բարձրագույն կրթությամբ իրական հերոսների, որոնցից յուրաքանչյուրը հանգիստ կկարողանա գումարտակ ղեկավարել, իսկ շատ կարճ ժամանակ անց՝ նույնիսկ բրիգադներ։ ՊՆ-ն ոչ մեկին բանի տեղ չի դնում, ասում է՝ եթե շատ եք ցանկանում, եկեք դարձեք սովորական պայմանագրային զինծառայողներ։ Ընկեր ունեմ, ով կռվել է Մատաղիսից մինչև Շուշի. մի դրվագում վազել է դեպի թշնամու գրոհող զորքը ու գրանատը գցել զինվորներով լցված «Կամազի» մեջ։ Ինքը ՊՆ-ին ասում է՝ ես կարող եմ կազմակերպել վերջին սերնդի զորքերի պատրաստության համակարգ, ՊՆ-ից պատասխանում են՝ դու կռվից բան չես հասկանում։
Հետո աջ ու ձախ գոռում են, թե բա՝ կադր չկա, չկա կադր։
Սպառազինությունը
Ուկրաինական պատերազմը, իհարկե, խլում է համաշխարհային զենքի պաշարների մեծ մասը, բայց կան զենք արտադրող երկրներ, որոնք չեզոք են՝ Սերբիան, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը և շատ այլ պետություններ։ Այս ցուցակից կարողանում են աշխատել միայն Հնդկաստանի հետ, այն էլ այստեղ ոչ թե Հնդկաստանի միջոցով լրացնում են մեր եղածը, այլ 0-ից նոր կալիբրներ, ՀՕՊ միջոցներ ու այլ զինատեսակներ են գնում։ Իսկ Ադրբեջանը, Սերբիայի հետ համագործակցելով, լրացնում է եղածը։ Դե, իրենց իսրայելցի ու թուրք խորհրդականները բան չեն հասկանում, չեն ասում՝ 152-ից անցեք 155 կալիբրի։ Մյուս կողմից, ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ չփորձված զենքերը գլխացավանք են՝ ամենակարևոր պահերին քաշում են։ Հնդկական զենքերը ոչ մի տեղ դեռ չեն կիրառվել, առաջինը կիրառողը մենք ենք լինելու։
Սրանց հետ ոչ մի հույս չկա։ Եթե մեզ չհաջողվի գործող ռեժիմը տապալել, ապա, ինչպես Ավոն էր ասում՝ փակելու ենք մեր պատմության վերջին էջը։
Իսկ ազգային և կարող իշխանության պարագայում մենք շատ արագ ենք ոտքի կանգնելու։ Զորքերի գլխին կանգնած նոր Ավոներ ու Մանվելներ ենք ունենալու։ Սեփական արտադրության գերտեխնոլոգիական զինատեսակներ ենք ունենալու։ Մարզված ու պատրաստված բանակ ու պահեստազոր ենք ունենալու։
Վահրամ Մարտիրոսյան