Բունդեսլիգան շարունակում է եղանակ ստեղծել
26.05.2020 | 01:17
Բունդեսլիգայի վերսկսված խաղարկության երկրորդ տուրն էլ ֆուտբոլասերին մրցաշարային աղյուսակում եղած հետաքրքիր տեղաշարժերի ծիրում պահեց։
27-րդ տուրում էլ շարունակվեց «Բավարիա»-Դորտմունդի «Բորուսիա» հեռակա մրցավեճը, ու նորից անխախտ մնաց թիմերի՝ իրարից ունեցած չորս միավորի կտրվածությունը։ Մեկ օր առաջ «Վոլֆսբուրգին» իր իսկ հարկի տակ երկու անպատասխան գնդակի տարբերությամբ տոնած դորտմունդցիների հաղթանակին բավարացիները պատասխանեցին սեփական հարկի տակ «Այնտրախտի» նկատմամբ տարած 5։2 համոզիչ հաղթանակով, ինչը հաջորդ տուրում դորտմունդցիների հետ դիմակայությունում ունենալիք հնարավոր պարտության դեպքում անխաթար կպահի առաջատարի նրանց դիրքերը։ Ահա այսպիսի կարևորության հաղթանակ։
Նկատենք, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դիմակայությունները հեշտերից չեն եղել։ Գերմանական «գայլերը» պայքարում են առաջին վեցյակում մնալու համար (տուրի արդյունքով նրանք այդպես էլ մնացել են վեցյակը եզրափակողի դիրքում), ինչը եվրախաղարկությունների դուռ է բացում նրանց առաջ, իսկ վերջին տուրերում անհաջողությունների շրջապտույտի մեջ հայտնված «Այնտրախտը» ցանկացած պահի կարող է անսպասելի «կրակող» դառնալ, ինչն էլ արեց մյունխենցիների հետ խաղում՝ 0։3-ի պայմաններում պարտվողից անակնկալ փոխակերպվելով «ատամ» ունեցող թիմի. հաշված րոպեների ընթացքում ֆրանկֆուրտցիների կենտրոնական պաշտպան Հինտերեգերը երկու գոլ հեղինակեց ու մոտ էր հանդիպման մեջ բեկում մտցնելուն, սակայն երրորդ գոլով նորից կյանք տվեց տանտերերին, քանի որ դարպասի նրա երրորդ անընդմեջ գրավումը ինքնագոլի արդյունք եղավ, ինչն էլ մյունխենցիներին վերադարձրեց խաղ։ Այստեղ, ի վերջո, գրանցվել է 5։2 հաշիվը՝ տանտերերին հնարավորություն տալով վերադարձնելու մրցաշրջանի առաջին կեսում մրցակցից կրած անպատվությունը։
Մրցաշարի առումով ոչ պակաս կարևության հանդիպում էր Մենխենգլադբախի «Բորուսիա»-«Բայեր» դիմակայությունը։ Նախորդ տուրի արդյունքով առաջին եռյակում հայտնված տանտերերը կարող էին էապես ամրապնդել դիրքերը, սակայն «Բայերը», որ առաջին եռյակում հայտնվելու ոչ պակաս հավակնություններ ունի, անչափ գեղեցիկ հաղթանակ տոնեց ու այնտեղից դուրս մղեց գլադբախցիներին։
«Բայերի» այս հաղթանակը ավելի քան տեղին եղավ նաև նախորդ տուրի ձախողակ «Լայպցիգի» համար, որը հյուր էր գնացել «Մայնցին»։ Հինգ անպատասխան գնդակի տարբերությամբ հաղթանակը, ավելի քան տպավորիչ լինելուց զատ, լայպցիգցիներին նորից վերադարձրեց առաջին եռյակ։ Այն այժմ մեկ միավոր ավելի ունի «Բայերից» ու երկուսը՝ մենխենգլադբախցիներից։ Ակնհայտորեն այս եռյակն էլ իրար մեջ վիճարկելու է երրորդ տեղը, թեպետ արծաթե մեդալի հավակնությունն էլ անդարձ կորած տարբերակ չէ։
Իսկ աղյուսակը եզրափակող «Ֆորտունա», «Վերդեր», «Պադեռնբոռն» եռյակը շարունակում է մնալ անհուսալի վիճակում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ