38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

-Բնիկ որտեղացի՞ ես։ -Հա՛յ եմ։

-Բնիկ որտեղացի՞ ես։ -Հա՛յ եմ։
12.07.2013 | 12:12

Հաճելի է, որ թերթի հեղինակներից մեկը լինելու պատիվն ունեմ։ Տպագրվել եմ տարբեր թերթերում, բայց դա եղել է փնտրտուքի պես մի բան։ «Իրատեսը» հաճելիորեն զարմացրեց իր լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով, գեղեցիկ, մաքուր, հյութեղ ու կենդանի հայերենով. թերթը կարդացողը վստահաբար կարող է սովորել լեզվաոճական գեղեցիկ, ճիշտ և սրամիտ դարձվածներ, հայերենի ճկուն շարադասություն և այնքան չարչրկված ու արհամարհված կետադրություն։ Գուցե որոշ մարդիկ ասեն, թե այսօր դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ապրում ենք քաղաքական, ես կասեի` պատմական բուռն և ճակատագրական ժամանակներում, կարևորը թերթի բովանդակությունն է, գաղափարական, փիլիսոփայական ուղղվածությունը։ Միանգամայն ճիշտ է։ «Իրատեսը», որ բառացիորեն նշանակում է իրականությունը տեսնող, կամ` տեսնում է իրականը և հաշվի է առնում իրադրությունը, իրական պայմանները, մեր հասարակության և պատմական ժամանակաշրջանի` դրանց քաղաքական, տնտեսական և դրանցից բխող բարոյական վայրիվերումների ու կորուստների վավերագիրը լինելուց զատ, նաև այն սրտացավ ու բանիմաց բժիշկ-հոգեբանն է, որ իր ազնիվ խոսքի, իմաստուն մտքի, մաքուր հույզերի ու ազգային անաղարտ հիշողության բալասանն է դնում մեր հասարակության` օտար ախտերից հիվանդացած հոգու և մտքի գաղտնախորհուրդ զգայարաններին։ «Իրատեսին» հաջողվել է դա. վկան` թերթի հնգամյա անընդմեջ կյանքը և համացանցում նրա կայքէջի ընթերցողների անմիջական արձագանքը։
Ծնո՛ւնդդ շնորհավոր, «Իրատե՛ս». մեծանաս մեր ապահով հայրենիքում և երջանիկ ու հայրենապաշտ ընթերցողներ ունենաս հայրենիքում և նրանից դուրս, և տպաքանակդ էլ լինի առնվազն... 20 հազար` գունավոր և շքեղ էջերով։
Կենացի պես մի բան ստացվեց։ Սովորաբար կենաց ասողը, կամ ինչպես ընդունված է եղել հնում, մաղթանք ասողն ինքն էլ պիտի արժանավոր մեկը լիներ, որ նրա խոսքն ու մաղթանքը` ասված հանուն ինչ-որ մեկի կենաց, ընդունվեր երախտագիտությամբ։
Ինձ թերթն արժանացրել է այդ պատվին, և ես ուզում եմ խոսել իմ ընթերցողի հետ։ Թեև երեք տարի է` իմ հրապարակախոսական հոդվածները, շնորհակալությամբ պիտի ասեմ, գտել են իրենց ընթերցողներին, ովքեր արձագանքել են, գտել ինձ, և առայսօր մի քանիսի հետ գաղափարական ընկերներ ենք։ Մտորումներս կլինեն ինքնահարցազրույցի պես մի բան` շաղախված հիշողություններով և ապագայի մասին խոհերով ու խոկումներով։
Իմ հոդվածներով ես փորձել եմ բարձրացնել յուրաքանչյուր հայի ինքնագնահատականը, բայց ոչ սնապարծությունը։ Ես ծնվել ու մեծացել եմ արժանավայել հիշողությունների մաքուր դաշտում։ Ծնվել եմ Թիֆլիսում։ Հաճախ են հայերիս հատուկ հարցը տալիս ինձ` որտեղացի՞ եմ։ Ասում եմ` հա՛յ եմ, բայց երբ համառորեն պնդում են, ասում եմ` պապերս ծնվել են Արզրումում (Կարին), ծնողքս` Ջավախքում, ես` Թիֆլիսում, ապրում եմ Երևանում։ Որտեղացի՞ եմ։ Ահա թե ինչու կտրուկ պատասխանում եմ` հա՛յ եմ։
Ե՞րբ է ձևավորվել իմ մեջ ազգային ինքնագիտակցությունը. բազմազգ Թիֆլիսում, թվում էր, թե դյուրին էր կորցնել ազգային դիմագիծը։ Բայց հակազդեցության ուժը հավասար է ազդեցության ուժին։
Ազգասիրության առաջին դասերս ստացել եմ տանը` մորիցս։ Երբ յոթ տարիս լրացավ, կարծում էի, թե մեր փողոցի ռուս ընկերուհիներիս հետ նույն դպրոցը պիտի գնամ, ու քանի որ 3-4 տարեկանից բավականին վարժ խոսում էի ռուսերեն, իսկ հինգ տարեկանում նաև կարդում, ընկերուհիներիս մայրերը արդեն ծրագրել էին, որ նրանց աղջիկների հետ նույն դասարանում եմ սովորելու։ Ես մի օր ուրախ-ուրախ մորս ասացի, որ Վալիչկայի, Անիչկայի և Ռայայի հետ նույն դասարանում եմ սովորելու։ Մայրս ասաց, որ ես «հայոց դպրոց» եմ գնալու։ Ես լաց եղա` ասելով, որ չեմ գնա հայոց դպրոց, քանի որ այն շատ հեռու է, ու էնտեղ ոչ ոքի չեմ ճանաչում։ Մայրս ասաց. «Ամեն հավք իր երամի հետ է թռչում։ Դու հայ ես ու հայոց դպրոց ես գնալու, և հետո դո՛ւ չես որոշում»։
Ես շնորհակալ եմ մայրիկիս, որ ի՛նքը որոշեց։ Հայոց դպրոցը, իսկապես, հեռու էր։
Մեր փողոցի հայ երեխաների հետ առավոտյան ժամը 7-ին խմբով գնում էինք դպրոց` ճանապարհի մի մասը ոտքով, մյուս մասը` տրամվայով։ 95-րդ հայկական միջնակարգ դպրոցի երկհարկանի մեծ շենքը մեծահարուստ հայի տուն է եղել ժամանակին` մոտ մեկ մետր հաստությամբ աղյուսե պատերով, պատի վառարաններով, իրար մեջ բացվող սենյակներով (անֆիլադա) և պարասրահով, որը մեր հանդիսությունների դահլիճն էր։
Հսկա բակը` բազմաթիվ ծառերով, դասամիջոցներին մանկական չարաճճիությունների համար իսկական դրախտ էր։ Բակի կենտրոնում մի հսկա հացենի կար, բնի շուրջը կլոր մի նստարան կար, որի վրա նստում էին բարձրդասարանցիները, զրուցում էին կամ դասը կրկնում։ Երեխաները, մանավանդ տղաները, զգուշանում էին մեր դպրոցի տնօրենից` ընկեր Հարությունյանից։ Նա անսպասելի հայտնվում էր ամենաչարաճճի աշակերտի կողքին, երկար ու չորուկ մատներով բռնում էր նրա թևից ու հեռացնում գզվռտոցի դաշտից, և ուրիշ ոչինչ։ Բայց դա դառնում էր բոլորի համար ամենաազդեցիկ նկատողությունը։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վերջին շրջանավարտ ընկեր Հակոբյանի` քիմիայի ուսուցչի թևավոր խոսքերից հաճախ եմ հիշում. «Հասկացել ես, բայց չես ըմբռնել»։ Մենք ծիծաղում էինք` ասելով, որ եթե հասկացել է, ուրեմն ըմբռնել է։ Բայց դա այդպես չէ, հաճախ թվում է, թե մարդը հասկացել է, բայց իրականում չի ըմբռնել երևույթի էությունը։ Ազգային ինքնության հաջորդ դասը նույնպես տանն եմ ստացել։ Հայրս հրաշալի շվի էր նվագում, և ամեն երեկո մեր տանն իսկական փոքրիկ համերգ էր` երգ ու պարով, արտասանությամբ համեմված։ Հայրս նվագում էր հիմնականում Կարնո պարեղանակներ ու իր փոքրիկ, քաղցր ձայնով երգում պապերից սովորած Էրգրի երգերը։ Մենք, ապրելով թիֆլիսյան քաղաքային միջավայրում, ունեինք մեր միջնաբերդը ընտանիքում։ Հորս հայրը Սուրբ Գևորգ եկեղեցու ավագ քահանա տեր Գրիգոր Բարսեղյանն էր` կարդացած ու Թիֆլիսի մշակութային կյանքում իր շրջապատն ունեցող մի մարդ. նրա ընկերներն են եղել դերասան և գրող Պահարեն, գրող Սուրեն Ավչյանը։ Պապս իր էությամբ ավելի շատ աշխարհիկ էր։
Հայրս եկեղեցական բոլոր ծիսակատարություններն ու պատարագն անգիր գիտեր գրաբար և մեր տանն այդ փոքրիկ համերգների ժամանակ հաճախ էր երգում «Առավոտ լուսո», «Տեր, ողորմեա»։
Ինձ հայ մեծացրին ու պահեցին իմ դպրոցը, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի ընկեր Թամարը, Թիֆլիսի հայկական թատրոնը, մեկժամյա հայերեն ռադիոհաղորդումը և մանավանդ Երևանի ռադիոհաղորդումները` մաքուր, գեղեցիկ ու հարուստ հայերենով, շաբաթ և կիրակի օրերին մանկական և դրամատիկ ռադիոթատրոնի ժամերը, պատվերով համերգները, երգի ուսուցումը, դասական երաժշտության հաղորդումները և գերազանցապես արտասահմանի հայության համար տրվող երկժամյա հաղորդումները` «Երևանն է խոսում»` Հրաչուհի Ջինանյանի, Ջոն Հակոբյանի, Վերա Հակոբյանի սրտառուչ ձայնով, որին մենք սպասում էինք անհամբեր։ Չմոռանամ Ժան Էլոյանի, Սուրեն Քոչարյանի, Հայկուհի Գարագաշի, Հրաչուհի Ջինանյանի, Վերա Հակոբյանի, Բաբկեն Ներսիսյանի ասմունքը։ Վաչե Հովսեփյանի և Լևոն Մադոյանի դուդուկը, Սողոմոն Սեյրանյանի թառը, Կոմիտասի, Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Պավել Լիսիցյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի, Զարուհի Դոլուխանյանի և մեր մյուս նշանավոր երգիչների ձայնը։ Եվ այս բոլորը` շաղախված մորս պատմած հայկական ժողովրդական առակ-ասացվածքներով, որոնցով նա մեզ կյանքի դասեր է տվել ու դաստիարակել։
Մայրս մեզ անընդհատ զգոն ու զգաստ էր պահում, որ ռուսախոս միջավայրի ազդեցության տակ չընկնենք։ Երբ որոշ մարդիկ ասում էին. «Ո՛ր քաղաքը գնաս, էնտեղի՛ գդակը դիր գլխիդ», մայրս ասում էր. «Եթե ստիպված ես է՛դ քաղաքի գդակը դնելու, գոնե աստառը քո գդակի աստառը թող»։
Ինձ հայ պահեց նաև վրացիների` ակնհայտ եթե ոչ հայատյաց, ապա հաստատապես հայերին նսեմացնող ու արհամարհող վերաբերմունքը։ Վրաստանում ապրած ցանկացած հայ բազմիցս լսել է եթե ոչ իր, ապա որևէ հայի հասցեին վրացու` հայի հանդեպ «գովեստի» հայտնի խոսքերը, «Լավ մարդ է, ափսոս, որ հայ է»։
Մի ուրիշ դրվագ։ Դպրոցական առարկայական օլիմպիադաներին մասնակցող ոչ մի հայ երեխա երբեք չէր հասնում համամիութենական մրցույթին։ Վրացիները փորձում էին տաղանդավոր հայ աշակերտներին Մոսկվա տանել վրացու ազգանունով, բայց հայերը չէին համաձայնում։ Նույնն էր նաև դպրոցների ինքնագործ խմբերի օլիմպիադայի պարագայում։ Որպես օրենք` առաջինը ելույթ էին ունենում վրացական դպրոցի խմբերը, հետո` ռուսական, և միայն վերջում` հայկական դպրոցները։ Մանկական հոգու այդ վիրավորանքը, արհամարհված ու չգնահատված լինելու դառնությունը ես մինչև հիմա կրում եմ։ Ես այդ ժամանակ հասկացա, որ ամեն ազգ պիտի ապրի իր հայրենիքում և իր հայրենիքի համար աշխատի։ Այս գաղափարն իմ մեջ բույն դրեց 14-15 տարեկանում։ Այո՛, ինչպես ամեն մարդ իր ամենահամեստ տանն ավելի հանգիստ ու լավ է զգում, քան ամենաշքեղ հյուրանոցում, այնպես էլ ամեն ազգ իր երկրում ու հայրենիքում է զգում լավ, ապահով և արժանապատիվ։ Ճիշտ է, հայերս Թիֆլիսում առանձնապես չէինք խեղճանում, քանի որ չորս կողմը հայի ձեռքերով և վաստակով կառուցված ու շենացած քաղաքն էր, ու հաճախ էլ վրացիներին երեսով էինք տալիս։ Բայց մեր նախնիներն իրենց ճակատագրական սխալն արդեն արել էին և վրացիներին անհատույց և անվերադարձ ընծայել էին Թիֆլիսը` իր շքեղ շենքերով, առևտրական կենտրոններով, իջևանատներով, կամուրջներով, եկեղեցիներով, թատրոններով, շքեղ հյուրանոցներով, Ներսիսյան դպրոցի փառահեղ շենքով, արվեստագետներով և արհեստավորներով։ Մի խոսքով, այն ամենը, ինչը կոչվում է Թիֆլիս, որը 19-րդ դարում համարում էին Կովկասի Փարիզ։
Ես դեռ շատ երիտասարդ էի, երբ կարդացի Դանտե Ալիգիերիի խոսքերը` որպես մի գրքի բնաբան, և մինչև այսօր դաջվել են իմ հոգում ու մտքում։ Եթե ամեն հայ, և ոչ միայն հայ, իմանա այս խոսքերը, համոզված եմ, որ երբեք իր երկրից չի հեռանա և կյանքը չի մաշի օտարության, գուցե հարստության, բայց կարոտի և ազգային նսեմացած հոգեվիճակում։ Ահա այդ խոսքերը. «Դառն է լինում օտարի հացը, և դժվար է բարձրանալ օտարի տան սանդուղքներով»։ Ես էլ այս խոսքերին ավելացնում եմ` ամենահարուստ հայն օտար երկրում եթե անգամ պալատներում է ապրում, միևնույն է, դա նրա համար տուն չէ, այլ հյուրանոց, քանի որ տերը ցանկացած պահի կարող է պահանջել, որ նա ազատի սենյակը։ Մեզ` հայերիս հետ հաճախ է դա եղել, ու մենք, չգիտես ինչու, չենք ուզում ազգովին բուժվել հիշողության կորստի հիվանդությունից։
Կարծես շեղվեցի ինքս ինձ տված հարցից։ Բայց մի պարզ ճշմարտություն կա. մարդն ինչ ցավ որ ունի, դրա մասին էլ անընդհատ խոսում է։ Խոսում է` հույս ունենալով, որ մեկն ու մեկն իր ցավին մի դարման կանի։ Իմ ընկերները հաճախ ասում են. «Մարին յոթ երգ գիտի, յոթն էլ Հայաստանի, հայերի ու հայրենիքի մասին է»։ Բա էլ ինչի՞ մասին պիտի մտածի զավակը, եթե ոչ ծնողների, հայրական տան, քույր ու եղբայրների` և՛ իր անմիջական, և՛ մեծ հաշվով` ազգի` որպես մեծ ծնողի, և՛ հայրենիքի` որպես մեծ տան։
Աշխարհի բոլոր ժամանակների բոլոր մեծերը ազգն ու հայրենիքը գնահատել են ամեն ինչից վեր։
Բոլոր սխրանքները, որ կատարել են թե՛ շարքային զինվորը, թե՛ մեծ զորավարը, եղել են հանուն հայրենիքի ու ազգի. մարդն անցողիկ է, ազգն ու հայրենիքը` հավերժական ու մնայուն։ Սրանք վերամբարձ կամ, օտար լեզվով ասած, պաթետիկ բառեր չեն։ Ով չի հասկացել այս պարզ ճշմարտությունը, նրա հոգին որբացել է։ Հենց նրան են պետք ազգ ու հայրենիք։
Մի օր, հայտնության պես անսպասելի, ես հասկացա, որ ինքս ինձ համար վաղուց կյանքից այլևս ոչինչ չեմ ուզում։ Երբ ասացի մտերիմներիս, զարմացան, ասելով` այդպես չի լինում։ Լինում է, և ես հիշեցի «Կիլիկիա» երգի բառերը։
-Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Երբ ամենայն իղձ կավարտի։
«Իղձ կավարտի» ոչ թե որովհետև մարդը ծեր է և այլևս երազանք չունի, այլ հասկանում է, որ չի կարող ինքն անձնապես երջանիկ լինել, եթե դժբախտ են հարազատներն ու բարեկամները, եթե ազգակցիդ երեխաները քաղցած են ու ոտաբոբիկ, եթե հայրենիքդ ու քո ժողովուրդը անազատ են ու խաբված և, այս էլ քանի դար, փոթորկուն ալիքների բերանն ընկած մակույկի պես տարուբերվում են պատմության օվկիանոսում։ Եվ դու, որ գիտակցում ես, թե որքան կորուստներ ենք տվել և շարունակում ենք ու չենք սթափվում, հասկանում ես` այդպիսի պայմաններում դու իրավունք չունես զվարճանալու ռեստորաններում, խաղատներում տանուլ տալու հարյուրավոր քաղցած կամ որբ երեխաների բաժին հացը, իրավունք չունես «սերմացու գողացող մկան պես» (լո՛ւյս իջնի շիրմիդ, Հրանտ Մաթևոսյան) երկրիդ հարստությունը մսխելու։ Իրավունք չունես թանկարժեք նվեր ստանալու և վայելելու քո «Բենթլին»` համեմատելով հոգևոր այն արժեքի հետ, որ իր անմեղ հոգով ստեղծում է մի երեխա։ Չենք սթափվում, որովհետև փողի, հարստության և ճոխության «քաղցր թմբիրը» փակել է մեր հոգու և մտքի աչքը, և մենք ազգովին չենք տեսնում ո՛չ մեր անցած ճանապարհը, ո՛չ առավել ևս` անցնելիք ճանապարհը։ Եվ, այնուամենայնիվ, կա՛ այդ ճանապարհը. և կան մեր մեջ մարդիկ, ովքեր տեսնում են այդ ճանապարհի խոտոր հատվածները և փորձում են մաքրել այն ու դուրս բերել երկիրն ու ազգը լայնահուն մայրուղի։
Ի՞նչ անենք և ինչպե՞ս անենք, որ այս արևի տակ մեզ բաժին ընկած աստվածապարգև Հայրենիքը լինի կայուն, հզոր և ինքնաբավ, ու մեր աշխատող ու արարող ժողովուրդն ապրի աստվածահաճո և մարդավայել, ես կասեի` հային վայել պայմաններում։ Մենք մի շատ թանկ բան ենք կորցրել. մենք չենք սիրում ու չենք հարգում ինքներս մեզ։ Ճոխ սեղանի շուրջը մեր Հայրենիքի, մեր ժողովրդի, զինվորի, մայրերի ու երեխաների կենացը «ոտնկաց» խմելիս եկեք չմոռանանք, որ ժողովուրդն առանձին մարդկանցից է բաղկացած, սրանք էլ տուն ու ընտանիք, ծնող ու երեխա ունեն, որոնց պիտի մարդավայել պահեն, որ երբ մեր ազատամարտիկներն ու զինվորները թշնամու դեմ կանգնեցին և իրենց կյանքի ու արյան գնով մեզ անվտանգություն պարգևեցին, մենք առօրյա կյանքում չենք էլ հիշում նրանց։ Եվ ամոթ է մեզ, որ կռված զինվորը հայրենիքից ու մեզնից հարգանք ու ապրուստի միջոց է մուրում, որ մեր մայրերի համար` երիտասարդ, թե տարեց, դաժան կյանքի պայմաններ ենք ստեղծում ու պահանջում ենք, որ ջահելները երեխաներ ծնեն, իսկ տարեցներն անձնվեր պահեն թոռներին։ Մինչդեռ ջահելներին ուղարկում ենք թուրքիաները կամ մեր աչքի առաջ մարմնավաճառության, իսկ «ահելներին» գյուղից քաղաք շալակով կաթ ու մածուն բերելու, իսկ քաղաքում` մանր առևտրով զբաղվելու, որ երեխաներին փոխանակ ուրախ ու անհոգ մանկություն պարգևենք և բարձր կրթություն տանք, շատերին դրդում ենք մուրացկանության ու մարմնավաճառության։ Էլ ինչպե՞ս ինքդ քեզ համար իղձ ու երազանք ունենաս։ Այնտեղ, որտեղ չկան փոխադարձ սեր ու հարգանք, չեն կարող լինել նաև հոգու և մտքի հանգստություն, ազնիվ աշխատանք ու վաստակի վայելում։ Այստեղ փողը դառնում է ոչ թե միջոց` հոգսերը հոգալու, այլ նպատակ` ավելի հարստանալու։ Եթե բարի է նպատակդ և քո հայրենիքի անվտանգությանը, հզորությանը ու ժողովրդիդ բարեկեցությանն է ուղղված, ընտրիր` որը պետք է, միջոցները շատ են, միայն թե դրանցից ուրիշ ազգեր ու նրանց հայրենիքը չտուժեն։ Բայց եթե ոտնձգություն կա քո հայրենիքի, քո պետության ու քո ժողովրդի դեմ, դու ևս պիտի կիրառես նույն զենքը, ինչ քո թշնամին։
Ի՞նչ անենք, հայե՛ր։ Շարունակե՞նք այսպես ծույլ ու անտարբեր նայել մեր հայրենիքի ու մեր կործանմանը, թե՞ Դավթի պես թափ տանք մեզ ու դուրս գանք փոսից։ Դա մենք կարող ենք անել, և մեկ անգամ չէ, որ դա մեզ հաջողվել է։ Իշխանությունները ոչ միայն անցողիկ են, այլև, որ ամենագլխավորն է, հայրենիք չեն, մանավանդ, երբ իշխանավորները վատն են։ Իսկ ամեն հոռի ու թյուր բանից պետք է պարզապես ազատվել։
Կարծես նորից շեղվեցի։ Ավելի լավ է ավարտեմ խոսքս, թե չէ «մի ղաչաղ կդառնամ ես էլ»։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ