Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ինչպես և խոստացել էր, զուր ժամանակ չի կորցնում։ Վերընտրվելուց անցել է մեկ ամսից մի փոքր ավելի, իսկ նա արդեն հասցրել է հիմնավորապես գժտվել Եվրամիության հետ, սկսել է ակտիվորեն նախապատրաստվել Գազայի հատված իր այցելությանը ու նորից Իսրայելի հետ հարաբերությունները մղել է առճակատման դաշտ։ Բայց չէ՞ որ բոլորովին վերջերս թվում էր, թե Էրդողանն այդ ուղղությամբ ստիպված է լինելու մեղմացնել դիրքորոշումը։ Առավել ևս, որ Օբամայի վարչակազմը շատ եռանդուն ու ջանադրաբար ձգտում էր հասնել Երուսաղեմի և Անկարայի հարաբերությունների եթե ոչ նախկին ծավալով վերականգնմանը, ապա գոնե դրանց զգալի ջերմացմանը։ Պարզվում է, վերջերս ԱՄՆ-ի նախագահն այդ խնդիրը երկու անգամ քննարկել է Թուրքիայի վարչապետի հետ, նշանակել է գաղտնի շփումների հատուկ ներկայացուցիչ և չէր հոգնում կրկնելուց, թե «Վաշինգտոնը երկու երկրների կապերի ամրապնդման հույսեր ունի»։ Արդյունքում Իսրայելի վարչապետը Էրդողանին շնորհավորեց ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ, պաշտպանության նախարար Բարաքը հայտարարեց, թե Իսրայելը «շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ ու նրանով, որ անցյալը թողնվի հետևում` ինչ եղել, եղել է», իսկ կառավարության խորհրդականն առհասարակ Բենիամին Նեթանյահուին խորհուրդ է տվել ներողություն խնդրել Անկարայից։ Ճիշտ է, նա տեղնուտեղը վերապահում է արել, թե այդ բանը պետք է անել միայն իսրայելական բանակի զինվորների գործողությունների քրեական հետապնդումից խուսափելու նպատակով, որ Թուրքիան կարող է նախաձեռնել ՄԱԿ-ում։ Վկայակոչելով «զինվորական բարձրաստիճան մի աղբյուր», լրատվամիջոցներն սկսեցին լուրեր հրապարակել այն մասին, որ «մեկամյա լարված հարաբերություններից հետո, որոնք սպառնում էին կապերի խզմամբ, պաշտոնական Անկարան ռազմական ոլորտում և հետախուզության ու անվտանգության հարցերում Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման կուրս է վերցրել»։ Որպես այդ ամենի հետևանք, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հայտարարեց, որ վերջին ժամանակներս նկատվում է Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների բարելավում, որոնք սրվել էին «Խաղաղության տորմիղի» հետ կապված սադրանքից հետո։
Սակայն Էրդողանը Սպիտակ տան իր բարեկամներին ուրախանալու առիթ չտվեց։ Իսրայելական «Հաարեց» թերթում տպագրված հարցազրույցում նա հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու բոլոր բնագավառներում, պայմանով, որ կատարվի երեք պահանջ։ Այսինքն` պաշտոնապես ներողություն խնդրեն 2010-ի հունիսին «Մավի Մարմարա» նավի գրոհի ժամանակ թուրքերի զոհվելու համար, փոխհատուցում վճարեն զոհվածների ընտանիքներին և, վերջապես, վերացնեն Գազայի հատվածի շրջափակումը։ Ավելին, նա լիովին բացառում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե հրեական պետությունը «պաշտոնապես ներողություն չխնդրի անցյալ տարի «Խաղաղության տորմիղի» վրա ձեռնարկած հարձակման համար»։ Եվ, որպես «ճշմարիտ մարդասեր», հավաստիացրեց. «Մենք չենք մոռացել և չենք մոռանալու մեր եղբայրների սպանդը, և ոչինչ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց բարբարոսական ու դաժան սպանությունը» (լավ կլիներ, որ այդ «ոսկի խոսքերը» նա հիշեր Հայոց ցեղասպանության առնչությամբ)։ Իսկ Պաղեստինի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նաև խոստացավ, որ Անկարան ՄԱԿ-ում կպաշտպանի պաղեստինյան պետության ճանաչումը, և Իսրայելին մեղադրեց պաղեստինցիների դեմ անհամարժեք ուժ կիրառելու մեջ։
Ընդ որում, հարկ է ուշադրություն դարձնել այն բանին, որ «Պալմերի միջազգային հանձնաժողովի» (Ջենիֆեր Պալմերը Նոր Զելանդիայի նախկին վարչապետն է, ՄԱԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի ղեկավարը) նախնական հաշվետվությունը լիովին արդարացնում է Իսրայելին և նրա գործողությունները միարժեքորեն օրինական է համարում։ Իսրայելական աղբյուրները պնդում են, որ այն միաժամանակ պարզաբանում է, որ Երուսաղեմն իրավունք ունեցել է Գազայի հատվածը ծովային շրջափակման ենթարկելու։ Բացի այդ, հաշվետվության մեջ ասված է, որ Անկարան ոչինչ չի արել խոչընդոտելու նավերի մուտքը և անգամ աջակցել է «Խաղաղության տորմիղին», գիտակցելով, թե ինչով կարող է դա ավարտվել։ Այդուամենայնիվ, հաշվետվության մեջ Իսրայելի գործողությունները «չափն անցնող» են որակվել, և ասվել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ փաստաթուղթն առաջ է բերել թուրքերի ահավոր ցասումը։ Չէ՞ որ հետազոտությունների ընթացքում, բնականաբար, ճիշտ հակառակ արդյունքներն են ստացվել. երկու ակտիվիստներ, իբր, սպանվել են մինչ այն, երբ իսրայելական կոմանդոսները բարձրացել են նավ, իսկ երրորդը վիրավորվել է և մահացել ժամանակին բուժօգնություն չստանալու պատճառով։ Ի դեպ, «Հուրիեթ» թերթը հաղորդել է, որ Թուրքիայի վարչապետը Գազա կատարելիք իր այցը հետաձգել է մինչև Պալմերի հաշվետվության պաշտոնական հրապարակումը։ Նա «մեծահոգաբար» որոշել է իսրայելական կողմին «վերջին շանսը» տալ, բայց եթե մինչև հուլիսի 27-ը համաձայնություն ձեռք չբերվի, ապա Էրդողանը Գազա կմեկնի Ռամադանի սկզբին, որն այս տարի սկսվում է օգոստոսի 1-ին։ Թուրքիայի վարչապետն ինքնագոհ տոնով հայտարարել է` «թող որևէ մեկը փորձի ինձ կանգնեցնել»։ Եվ դա չնայած այն բանին, որ վերջերս Կահիրե կատարած այցի ընթացքում եգիպտացի զինվորականները նրան նախազգուշացրել են չանել այդ քայլը։ Նկատենք, այդ դեպքում Էրդողանը կարող է դառնալ Գազայի հատված այցելած առաջին պետական ղեկավարն այն բանից հետո, երբ այդ շրջանում իշխանությունը զավթեց ՀԱՄԱՍ-ը։ Հիշենք` 2009-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում էր Գազա այցելել Իսրայել և Արևմտյան ափ այցի շրջանակներում, բայց իսրայելական կողմը հայտարարեց, որ նման պարագայում նրան Իսրայելում չեն ընդունի։ Եվ նա հրաժարվեց այցից։
Էրդողանի ճնշումների արդյունքում Երուսաղեմում սկսել են համարել, որ մինչև հաշվետվության հրապարակումը թուրքական կողմի հետ համաձայնության գալը քիչ հավանական է։ Առավել ևս, իսրայելական բանակում տագնապով ու դժգոհությամբ ընդունեցին այն հրապարակումը, թե կառավարության ղեկավարը, հնարավոր է, համաձայնի ներողություն խնդրել Թուրքիայից։ Ինչպես ասում են զավթմանը մասնակցած ծովային հատուկ նշանակության «13-րդ ջոկատի» մարտիկների հարազատներն ու մերձավորները, տղաները կարծում են, որ ներողությունների թեմայով բուն հարցադրումն անուղղակիորեն մատնանշում է, որ ընդունվում է գործողության անօրինականությունը: Նրանք պնդում են` «ներողություն խնդրել նշանակում է թքել իրենց երեսին»: Մինչդեռ արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հերթական անգամ կոշտ ու միարժեքորեն է արտահայտվել Թուրքիայից ներողություն խնդրելու դեմ: Դիվանագետն ասել է, որ ներողություն խնդրելու պահանջն ավելին է, քան պարզապես լկտիությունը, դա դավաճանություն է զինվորների հանդեպ, թուլության և սեփական ճշմարտացիության նկատմամբ անվստահության ցուցադրում: Այնուհետև, Իսրայելի ռազմավարական ծրագրավորման նախարար Մոշե Յաալոնը, որը դարձել է Թուրքիայի հետ շփումների հատուկ ներկայացուցիչ, հայտարարել է, թե հնարավորություն չի տեսնում վերականգնելու բնականոն հարաբերությունները Իսրայելի ու Անկարայի միջև, քանի որ թուրքերի «կամակորությունը» միայն խորացնում է դիվանագիտական անդունդը: «Մավի Մարմարա»-ի ուղևորների զոհվելու համար ցավակցություն հայտնելու Իսրայելի պատրաստակամությունը մերժվել է, իսկ ինքնապաշտպանության համար զենք գործադրած զինվորների համար Իսրայելը ներողություն չի խնդրի: Այնպես որ, Իսրայելի կառավարությունը պատրաստ է միայն «ափսոսանք հայտնելու» և փող փոխանցելու զոհվածների հարազատների համար նախատեսված հատուկ հիմնադրամին, բայց ոչ ավելին: Միևնույն ժամանակ, վարչապետ Նեթանյահուի գրասենյակը կեղծիք է համարել թուրքական լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե Իսրայելի ղեկավարը երեք անգամ պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրելու, ինչպես նաև փոխհատուցում վճարելու, բայց փոխել է իր որոշումը` երկյուղելով, որ դա արտաքին գործերի նախարարին ու նրա կուսակցությանը կհրահրի դուրս գալու կառավարությունից: Այնպես որ, ընդհանուր առմամբ հոռետեսություն է զգացվում Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման հարցում: Առավել ևս, որ, իսրայելցի պաշտոնյաների պնդմամբ, Անկարան ներողություններն ու գրոհայինների զոհվելու համար փոխհատուցումներն ստանալուց հետո պատրաստ է սոսկ դեսպանին վերադարձնելու: Հրեական պետությունը դժգոհ է նաև այն բանից, որ այժմ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել տնտեսական տարբեր համաժողովներին Իսրայելի մասնակցությունը շրջափակելու ուղղությամբ։ Օրինակ, վերջերս հրապարակվեց արտգործնախարարության մի գաղտնի հեռագիր, որի համաձայն` այդ երկրի բոլոր ներկայացուցիչները պարտավոր են հանդես գալու միջազգային համաժողովներին Իսրայելի մասնակցության դեմ։
Ինչ վերաբերում է շարքային իսրայելցիներին, ապա բերենք այսպիսի տվյալներ. 2011-ի հունվարից մինչև մայիս Իսրայելից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը նվազել է 59 տոկոսով։ Պատճառներից մեկը կարելի է համարել այն, որ Թուրքիայում իշխանության են եկել իսլամականները, բայց զբոսաշրջային հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառը եղել և մնում է «Խաղաղության տորմիղը»։ Համարվում է, որ Թուրքիայի նման վարքագիծն է իսրայելցի զբոսաշրջիկների տարերային բոյկոտի պատճառը։ Խիստ հատկանշական է նաև այն, որ Ազգային անվտանգության ամերիկյան հրեական ինստիտուտը` քաղաքագիտական «ուղեղների տանկը», Թուրքիային դատապարտել է «հակասեմական չարախոսության» համար, վարչակազմին կոչ է արել դադարեցնել համագործակցությունը Թուրքիայի հետ և նրան հանել ՆԱՏՕ-ից։ Պրոֆեսոր Էլիոթ Կոգանը գրում է. «Իսլամիստական վարչակարգերի զուգորդումը, Եվրոպայի անբարյացակամությունից դժգոհությունը և նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, որը Թուրքիան ներկայացնում է որպես Մերձավոր Արևելքի առաջատար տերություն, նրան դարձրել է թշնամական երկիր ոչ միայն Իսրայելի, այլև Ամերիկայի հանդեպ»։
Հարկ է նշել, որ Իսրայելի և Թուրքիայի հակամարտությունն ամենևին էլ անցյալ տարվա արյունալի միջադեպի հետևանք չէ։ Երկու երկրների դիմակայությունը զգալիորեն սրվել է դրանից դեռ շատ առաջ, երբ Անկարան վճռեց դառնալ տարածաշրջանի քաղաքական առաջնորդ։ Հայտնի է, որ Էրդողանն ու նրա շրջապատը սիրում են կրկնել «օսմանյան տարածաշրջան» արտահայտությունը։ Կա նաև Արևելյան միության` Եվրամիության տարածաշրջանային համարժեքի, ստեղծման հեռագնա ծրագիր, որի պարագլուխ Թուրքիան հենց իրեն է տեսնում։ Դա, անշուշտ, Օսմանյան կայսրության վերականգնման քայլ կլիներ։ Թուրք գաղափարախոսներն ասում են, թե «Արևելյան միությունը լիովին կարող է խաղաղորեն տարածվել նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս, միավորելով իր «օրինական» տարածքները Ջիբրալթարից մինչև Դանուբ»։ Այնպես որ, Եվրամիությունից և Իսրայելից դեպի արաբական ու իսլամական աշխարհ շրջվելը խորհրդանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր փուլ, իսկ Պաղեստինի անկախության պայքարին Էրդողանի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը դրան, նրա կարծիքով, հաղորդել է «Նոր Սալահեդդինի» կարգավիճակ, ինչից նա չհապաղեց օգտվել։ Ակնհայտ է, որ թուրք առաջնորդը հաստատ մտադիր է կենսագործել այն դրույթները, որոնք ինքը հրապարակել էր ընտրություններում իր հաղթանակից հետո։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ իր կուսակցության հաղթանակը նույն նշանակությունն ունի Անկարայի, Սարաևոյի, Իզմիրի ու Դամասկոսի համար` ակնարկելով տարածաշրջանում իր կողմից նյութվող կայսրապաշտական ծրագրերի մասին։
Բայց արաբական փողոցում, որն այս պահին հեղափոխական ռիթմ է հաղորդում տարածաշրջանին, ժողովրդականություն կարող է ապահովել միայն մեկ տարբերակ` իրադարձությունների արագացումը։ ՈՒստի, առաջին հերթին «ձեռքի տակ» ընկան Իսրայելն ու Կիպրոսը։ Շատ հետաքրքրական է, որ Էրդողանը չհապաղեց հայտարարելու, թե կդադարեցնի շփումները Եվրամիության հետ, եթե Կիպրոսն ստանձնի ԵՄ-ի հերթապահ նախագահի պաշտոնը։ Ակներև է, որ երբ թուրքական ապրանքների 56 տոկոսն արտահանվում է Եվրոպա, դա բավականին հանդուգն է հնչում։ Բայց, ըստ երևույթին, վարչապետն իր հայացքներն ունի կյանքի նկատմամբ։ Նա արդեն սկսել և մտադիր է շարունակել նույն ոգով։ Թեև ակներև է նաև այն, որ չնայած իր կրոնական համոզմունքներին, Էրդողանն Իսրայելի դեմ անձնական ոչինչ չունի, նրա համար դա սոսկ քաղաքականություն է։ Այնպես որ, մերձավորարևելյան այս խաղում Իսրայելի հետ հարաբերությունները Թուրքիայի համար երկրորդական են, և այն ամենը, ինչ տեղի է ունենում, քայլեր են այդ տարածաշրջանում ծրագրվող ավելի մեծ խաղում:
Բայց Երուսաղեմում հետևում են Էրդողանի և Դավութօղլուի ցանկացած արտահայտության, և ինչպես իսրայելական ասացվածքն է ասում, «եթե ուժով չստացվի, կստացվի մեծ ուժով»: Եվ, ամենայն հավանականությամբ, «խաղաղության երկրորդ տորմիղին» հակազդեցության գործում Հունաստանի կողմից Իսրայելին ցուցաբերվող հարյուրտոկոսանոց աջակցությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժի և նոր դաշինքի ձևավորման դրսևորում է: Ընդ որում, դաժանությունը, որով հույներն այժմ դիմակայում են պաղեստինամետ ակտիվիստներին և կալանում են նավերը, շատերին հանկարծակիի է բերել: Ինչպես պարզվում է, հույները մի քանի տարի շարունակ, առանց ավելորդ հրապարակայնության, քաղաքական և տնտեսական հարաբերություններ են կառուցել հրեական պետության հետ: Թուրքիան միշտ է եղել Հունաստանի ընդդիմախոսը, և այժմ հույները ձգտում են գրավել այն նշակետը, որ թուրքերն ազատել են իսրայելական քաղաքականության և առևտրի ոլորտում: Իսրայելի արտգործնախարարության նախկին գլխավոր տնօրեն Ալոն Լիելն ասում է. «Այն, ինչը Իսրայելին ձգում է դեպի Հունաստան, Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում եղած ճգնաժամն է: Իսրայելը կարող է Հունաստանին օգնել լուծելու երկրի խնդիրները, հատկապես ռազմական ոլորտում և, միաժամանակ, Թուրքիային ցույց տալ, որ ինքն այլընտրանք ունի»: Մնում է ավելացնել` ո՛չ միակ:
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից