«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԴՈՒՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԿՐԵՔ, ԻՆՉՊԵՍ ՆԱՊՈԼԵՈՆԸ, ՀԻՏԼԵՐԸ, ՄՈՒՍՈԼԻՆԻՆ»

«ԴՈՒՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԿՐԵՔ, ԻՆՉՊԵՍ ՆԱՊՈԼԵՈՆԸ, ՀԻՏԼԵՐԸ, ՄՈՒՍՈԼԻՆԻՆ»
29.03.2011 | 00:00

Վաղուց է հայտնի, որ ավելի հեշտ է ջինին բաց թողնել շշից, քան հետ խցկել։ Հիմա էլ, մինչ փորձագետները գուշակություններ են անում, թե ով և, գլխավորը, ինչու կրակ գցեց Մերձավոր Արևելքում, այնտեղ իրավիճակը հեռու է կայունանալուց։ Այսպես, ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Լիբիայի երկինքն անթռիչք գոտի հայտարարելու մասին։ Դրանից հետո, իրենց գործողությունների կարևորության լիակատար գիտակցումով, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան օդային հարվածներ են հասցնում գնդապետ Քադաֆիին հավատարիմ ուժերի դիրքերին։ Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե «մենք չենք կարող մի կողմ քաշված մնալ, երբ բռնակալը հայտարարում է, թե իր ժողովուրդը չպետք է ներողամտություն սպասի», և հավաստում է, որ ԱՄՆ-ի զորքերը չեն մասնակցի ցամաքային գործողություններին։
Շատ հետաքրքիր զուգադիպություն է, սակայն Պարսից ծոցի երկրորդ պատերազմից ուղիղ ութ տարի անց դաշնակիցների ուժերն սկսել են ռմբակոծել Լիբիան։ Երկրի ափերի մոտ գտնվող ռազմանավերից Լիբիայի հակաօդային պաշտպանության օբյեկտների վրա արձակվել են «Թոմահավկ» կարգի թևավոր հրթիռներ։ Բրիտանական, ֆրանսիական և ամերիկյան ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբիայի ամբողջ առափնյա մասի տասնյակ նպատակակետերի։ Պենտագոնի տվյալներով` բրիտանացի և ամերիկացի զինվորականները Լիբիայի վրա արձակել են ավելի քան 110 հրթիռ։ Ֆրանսիական ավիացիան հարվածներ է հասցրել երկրի արևելքում ապստամբների հսկողության տակ գտնվող Բենգազի քաղաքը գրոհող կառավարական զորքերի վրա։ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի, ինչպես նաև Միսրատա քաղաքի թիրախների վրա նույնպես թևավոր հրթիռներ են արձակվել։ Բացի այդ, ցանկացած ինքնաթիռ, որ օդ է բարձրանում Լիբիայի տարածքից, խփվելու վտանգի տակ է։ «Ժողովրդավարացման» ընթացքում զոհվել է 48 մարդ, ինչպես հաղորդում են լիբիացիները` հիմնականում կանայք, երեխաներ ու ծերունիներ։ 150 մարդ վիրավորվել է։ Բենգազիում ապստամբների տարածած հաղորդումների համաձայն, հազարավոր մարդիկ հեռանում են բռնության օջախից և ուղղվում դեպի երկրի արևելք։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գործակալությունը պատրաստվում է ընդունելու ավելի քան 200 հազար լիբիացի փախստականների։
Այդուամենայնիվ, հակառակ օդային հարձակումներին, Քադաֆիի «ազատականները» շարունակում են հարձակումը Բենգազիի վրա, իսկ Տրիպոլիում նրա կողմնակիցները կենդանի վահան են ստեղծել Քադաֆիի Բաբ ալ Ազիզիայի նստավայրի շուրջը։ Ինքը` Լիբիայի առաջնորդը, հայտարարել է, որ ազգի թշնամիները պետք է պատրաստվեն տևական պատերազմի։ «Դուք անարդարության մարմնացում եք,- ասել է Լիբիայի ղեկավարը։- Դուք ագրեսոր եք։ Դուք հրեշներ եք։ Ձեր ժողովուրդները ձեր դեմ են։ Դուք պարտություն կկրեք, ինչպես Հիտլերը, Նապոլեոնը, ինչպես Մուսոլինին։ Բոլոր բռնակալները ոտնատակ կտրվեն ազատ ժողովրդի կողմից։ Գալիս է ժողովրդական հեղափոխության դարաշրջանը»։ Ի դեպ, լիբիական բանակը որոշ ժամանակ հետո հաղորդել է, թե զինվորները հրաման են ստացել անհապաղ դադարեցնելու կրակը բոլոր ռազմաճակատներում։
Այդուամենայնիվ, Վաշինգտոնի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, թե կոալիցիայի ուժերը Քադաֆիին հավատարիմ զորքերին լրացուցիչ հարվածներ կհասցնեն, իսկ թիրախը ոչ թե Քադաֆիի տապալումն է, այլ Լիբիայի խաղաղ քաղաքացիների պաշտպանությունը։ Նրա ասելով, կոալիցիայի ուժերն աշխատում են շարքից հանել Քադաֆիի զորքերին զենք մատակարարող բազաները։
Մինչդեռ Արաբական պետությունների լիգան, որը մինչ այդ պաշտպանում էր Քադաֆիին տապալելու Արևմուտքի մտադրությունը, վերաբերմունքը փոխել է և հաղորդել, որ Քադաֆիի տապալում ասելով նկատի չի ունեցել խաղաղ բնակչության ռմբակոծությունները, ու այժմ անցկացվում են խորհրդակցություններ, որոնց ընթացքում նոր որոշում պիտի կայացվի։ Իսկ Ալ- Ղաիդայի պարագլուխներից մեկը հայտարարել է, թե լիբիացիները ջիհադ կսկսեն «խաչակիրների դեմ», որոնք ոչնչով լավ չեն բռնակալ Քադաֆիից։ Խիստ հատկանշական է, որ միջազգային կոալիցիայից զատվել է նաև Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Չինաստանի արտաքին գործերի նախարարն ափսոսանք է հայտնել միջազգային կոալիցիայի ուժերի կողմից Լիբիայի դեմ սկսված ռազմական գործողության առթիվ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նույնպես հայտարարել է, թե Մոսկվայում «ափսոսանքով ընդունեցին այդ զինված գործողությունը, որ ձեռնարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հապճեպ ընդունված բանաձևի վկայակոչմամբ»։ Երկու երկրներն էլ Աֆրիկյան միության հետ մեկտեղ կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն թե՛ Չինաստանը, թե՛ Ռուսաստանը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեն, կարող էին խանգարել Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը, բայց այդ բանը չէին արել և քվեարկել էին ձեռնպահ։
Իսկ միջազգային կոալիցիայի ուժերը Տրիպոլիում հարված են հասցրել Քադաֆիի նստավայրին։ Վարչական շենքն ավերվել է։ Նախնական տվյալներով, դա հրամանատարական կետերից մեկն էր, որը վարչակազմին հնարավորություն էր տալիս համակարգելու զորքերի գործողությունները։ Քադաֆիի ներկայացուցիչները շտապ կարգով հրավիրել են արևմտյան լրագրողներին և ցույց տվել կատարվածի հետևանքները։ «Սա վարչական շենք է, որտեղ մարդիկ են աշխատում»,- հայտարարել է Լիբիայի կառավարության խոսնակ Իբրահիմ Մուսան։ Ընդգծվել է, որ խաղաղ բնակիչները կմնան այստեղ որպես «կամավոր կենդանի վահան»։ Իսկ արևմտյան լրագրողները նկատել են, որ ժողովուրդը պարում ու գոռում էր. «Ալլահ, Լիբիա, Քադաֆի», թեև, ամենայն հավանականությամբ, հարկադրաբար։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 19.11.2024