Ղարաբաղյան խնդրի առնչությամբ եվրոպական ընկերակցությունից բխող առանձին նախաձեռնություններ տպավորություն են ստեղծում, որ առաջացել են այդ խնդրի, դրա կարգավորման գործընթացի հետ կապված ինչ-որ նոր իրողություններ։ Իրոք, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնումն առաջ է բերում Եվրամիության նոր քաղաքական հավակնություններ ու կոնկրետ խնդիրներ` կապված Սև ծովին և Հարավային Կովկասին եվրոպական քաղաքական տարածության մերձենալու հետ։ Միաժամանակ, եվրոպական ընկերակցության այդ նախաձեռնությունները, որոնք միտված են Արևելյան Եվրոպայում տեղային հակամարտությունների կարգավորմանը, հիմնականում պաշտոնական քայլեր են, որոնք ավելի շուտ արտացոլում են եվրոպական ընկերակցության զարգացման մեխանիկան, քան Եվրոպայի առաջատար պետությունների լուրջ շահերի վրա հիմնված հրատապ խնդիրները։ Հիմա քննության առնենք Արևելյան Եվրոպային, մասնավորապես, Հարավային Կովկասին առնչվող եվրոպական քաղաքականության և եվրոպական շահերի հիմնական կողմերը։
Միջազգային հարաբերություններում ահագնանում է եվրոպական արտաքին քաղաքականության սուբյեկտայնության խնդիրը։ Վերջին իրադարձությունները` կապված եվրոպական սահմանադրության, Լիսաբոնի արձանագրության, Եվրամիության ներկայացուցչական և գործադիր իշխանությունների կառույցների գործունեության համաձայնեցման կարգի շուրջ քննարկման հետ, ինչպես նաև Իրաքում գործուն կոալիցիայի առնչությամբ եվրոպական պետությունների դիրքորոշումների հակասականությունը ցույց են տալիս, որ եվրոպացիները ոչ միայն չեն կարող միասնական կարծիքի հանգել արտաքին քաղաքականության մեջ, այլև ինչ-որ չափով հաշտվել են դրա հետ, խուսափելով խնդրի հետագա բարդացումից։ Դրա հետ մեկտեղ, համաեվրոպական դիրքորոշումն ինչ-որ չափով արտացոլվում է Եվրոպայի առաջատար պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, մասամբ նաև Իտալիայի քաղաքականության մեջ։ Եվրոպայի աչքի ընկնող քաղաքագետների խոստովանությամբ, «այդ մեծ քառյակն» այսուհետ ևս ուղղություն կտա եվրոպական արտաքին քաղաքականությանը, Եվրոպայի շատ թե քիչ ընդհանրացված դիրքորոշմանը։ Միաժամանակ, լինելով տնտեսական և ռազմաքաղաքական սերտ դաշինքի կազմում, առաջատար եվրոպական պետությունները բավականին հակասական դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի քաղաքականության հարցում, սակայն նրանց դիրքորոշումները շատ դեպքերում նման են տարածաշրջանային քաղաքականության խնդրում (Բալկաններ, Պաղեստին, Հյուսիսային Աֆրիկա, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Չինաստան և այլ երկրներ ու տարածաշրջաններ)։ Այսպիսով, կարելի է հավաստել, որ առաջատար եվրոպական պետությունները մոտավորապես համանման դիրքորոշում ունեն Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի խնդիրների հարցում, փաստորեն, արդեն քաղել են իրենց շահերը։ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը` ուղղված իր նավթային ընկերությունների քաղաքական աջակցությանը, միանգամայն հաջող է ընթանում։ Նավթային նախագծերը հաջողությամբ իրացվում են, և ոչ մի հիմք չկա պնդելու, թե այդ նախագծերին ինչ-որ բան է սպառնում։ Ընդ որում, պաշտոնական Լոնդոնը Հարավային Կովկասում չափազանց զգույշ քաղաքականություն է վարում, խուսափում է իր աշխարհատնտեսական հավակնությունները չշոշափող խնդիրներին միջամտելուց։ Ֆրանսիայի շահերը կապված են զուտ աշխարհաքաղաքական հավակնությունների և ԱՄՆ-ին այլընտրանքային քաղաքական ներկայություն ցուցադրելու ձգտման հետ։ Հարավային Կովկասում Գերմանիայի շահերը կապված են իր տնտեսական և քաղաքական ազդեցության համապարփակ մայրցամաքային ոլորտ կերտելու երկարաժամկետ քաղաքականության հետ, խնդիր, որը 10-15 տարի հետո միայն կառնչվի Հարավային Կովկասին։
Ազգային-քաղաքական հակամարտությունների օջախների առնչությամբ եվրոպական առաջատար պետությունների մտադրությունները սերտորեն շաղկապված են ամերիկա-եվրոպական պայմանավորվածությունների հետ։ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ընդլայնման կապակցությամբ եվրոպացիները հարկադրված են ուշադրություն դարձնելու Հարավային Կովկասի խնդիրների կարգավորումն ապահովելու անհրաժեշտությանը։ Եվրոպական կառույցները որոշում են ընդունել մասնակցելու Հարավային Կովկասում շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, սակայն, առաջատար փորձագետների կարծիքով, Եվրամիությունը երբեք ի վիճակի չի լինելու այս հարցում միասնական արտաքին քաղաքականություն վարել։
Պետք է նկատի ունենալ, որ 2000-ի սկզբներին, եվրոպական պաշտպանական նախաձեռնության մասնակից պետություններն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել ազդեցության աշխարհաքաղաքական գոտիների բաժանման շուրջ։ ՈՒնենալով այդ ոչ հրապարակային պայմանավորվածությունն ԱՄՆ-ի հետ, Եվրոպայի առաջատար պետությունները մտադրություն ունեն իրենց զինված ուժերն օգտագործելու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման նպատակով։
Եվրոպայի առաջատար պետությունները շահագրգռված են Բալկաններում, Հարավային Կովկասում և Պաղեստինում ազգային-քաղաքական հակամարտությունների կարգավորմանն իրենց զինված ուժերի մասնակցությամբ, սակայն ոչ որպես մարտական գործողությունների մասնակից ուժեր, այլ որպես խաղաղարարներ։ Եվրոպական զինված ուժերի մասնակցությունը որևէ մարտական կամ ուժային հարկադրանքի գործողության շարունակում է անընդունելի մնալ եվրոպացի քաղաքական գործիչների համար, բայց այդ դիրքորոշումը, ըստ տարածաշրջանների, որոշ փոփոխություններ է կրում։ Օրինակ, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի հարցում եվրոպացիները միանգամայն ընդունելի են համարում իրենց զինված ուժերի օգտագործումը զինված հակամարտությունների կանխման կամ կասեցման, ինչպես նաև ցեղասպանության գործողությունների կանխման նպատակով։ Միաժամանակ, եվրոպացիներն անընդունելի են համարում ուժային հարկադրանքի եղանակների կիրառումը Հարավային Կովկասում։ Բայց հենց այս կապակցությամբ էլ Եվրամիության կառույցներն աշխատում են ակտիվացնել ջանքերը Հարավային Կովկասի ազգային-քաղաքական հակամարտությունները կարգավորելու համար, ներառյալ ղարաբաղյանն ու աբխազականը։ 2008 թ. Ջ. Բուշի և Ն. Սարկոզիի` Վաշինգտոնում կայացած հիշարժան հանդիպումը նոր մոտեցումներ ծնեց, բայց և նոր կասկածներ սերմանեց անդրատլանտյան հարաբերությունների զարգացման գործում։ Ֆրանսիան, որպես Եվրոպայի առաջատար ուժ, աշխատում է նշանավորել իր դիրքերը ՆԱՏՕ-ում, բայց միաժամանակ պայմաններ է առաջադրում դաշինքի ռազմական կառույց իր վերադառնալու դիմաց։ Այսպես թե այնպես, քաղաքականության մեխանիկան այնպիսին է, որ առանց նոր ռազմավարական դիրքեր ձեռք բերելու, Եվրոպան չի կարող հավակնել ուժի լիարժեք կենտրոնի դերի։
Այս մտադրությունն արդեն բավականին հստակ արտահայտվել է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ և վտանգավոր է Հարավային Կովկասի կայունության պահպանման տեսանկյունից։ Հարկ է նշել հետևյալը. բրիտանացի բոլոր փորձագետները կտրականապես մերժում են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ուժային հարկադրանքի կիրառումը, ինչպես նաև խաղաղարար միջոցառումներին եվրոպական զինված ուժերի մասնակցության հնարավորությունը։ Ընդ որում, նրանք վկայում են, որ միանգամայն անհնար է առկա քաղաքական ընթացակարգերն օգտագործել համապատասխան որոշումների ընդունման համար։ Այսպիսով, առաջատար եվրոպական պետությունների քաղաքականության մեջ նկատվում են անհետևողականություն, անմիաբանություն և իրական հեռանկարի ընկալման բացակայություն։ Այս պայմաններում եվրոպացիների նմանօրինակ մտադրություններին համարժեք պատասխան տալու խնդիր է դրվում։ Մեր կարծիքով, եվրոպական քաղաքական շրջանակներն ունեն այդ մտադրություններն ու հավակնոտ ծրագրերը, բայց դրանց կիրառումը ծայրաստիճան խնդրահարույց է։
Եվրոպայի պաշտպանական նախաձեռնության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հակասական ու երկակի բնույթ է կրում։ Փորձելով եվրոպական զինված ուժեր ուղարկել կովկաս-կասպյան և կենտրոնական տարածաշրջաններում (ինչպես նաև Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում, հնարավոր է նաև` Պաղեստինում) խաղաղության ապահովման համար, ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում ցուցադրելու Եվրոպայի զինված ուժերի քաղաքական ու ռազմական սնանկությունը, որոնք ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունեն։ ԱՄՆ-ը որոշակիացրել է իր դիրքորոշումը չճանաչված պետությունների առնչությամբ։ Այն տարբերակված է և, ընդհանուր առմամբ, դրական։ Չճանաչված պետություններն ավելի ու ավելի են դառնում աշխարհաքաղաքականության սուբյեկտներ և անվտանգության տարածաշրջանային համակարգերի կարևոր տարրեր։ Դրանց հարցում ԱՄՆ-ի շահագրգռությունը ոչ միայն տարածաշրջանի կայունությունը պահպանելու, այլև տվյալ տարածքները միջնաժամկետ հեռանկարում իր ռազմավարական շահերին ծառայեցնելու ձգտումն է։
Այսպիսով, «չճանաչված պետությունները»` Թայվանը, Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Կովկասի երկրները, Կոսովոյի ալբանական մարզը, Իրաքի Քրդստանը, Պաղեստինի արաբական ինքնավարությունը դարձել են միջազգային հարաբերությունների սուբյեկտներ, ձեռք են բերել քաղաքական հեռանկար և իրավունք են ստացել կառուցելու ու զարգացնելու քաղաքացիական հասարակություն, իրենց ժողովուրդների համար ապահովելու հավասար իրավունքներ, օգտվելու միջազգային տնտեսական և քաղաքական համագործակցության առավելություններից։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ը չի ձգտում մենաշնորհային դիրք գրավելու նոր պետությունների ճանաչման և ստեղծման հարցում։ Նա ուզում է թոթափել այդ խնդրի համար պատասխանատվության մի մասը և եվրոպացիներին պարտադրել կանխավ անլուծելի խնդիրներ։ Ընդ որում, հավանաբար ԱՄՆ-ի դրդմամբ, զգալի ակտիվություն է դրսևորում նաև Մեծ Բրիտանիան։
Ասվածից կարելի է անել հետևյալ եզրահանգումները.
1. Եվրոպական ընկերակցությունն աշխատում է ցուցադրել տարածաշրջանային (տեղային) հակամարտություններ կարգավորելու ընդունակություն` ի հակակշիռ ԱՄՆ-ի քաղաքականության, որն օբյեկտիվորեն շահագրգռված է չճանաչված պետությունների գոյությամբ և նրանց միջազգային որոշակի կարգավիճակ տալով։
2. Տարածաշրջանային (տեղային) հակամարտությունների հարցում Եվրոպայի առաջատար պետությունների և ԱՄՆ-ի դիրքորոշումները, փաստորեն, նման են` Ռուսաստանը, առաջին հերթին նրա զինված ուժերը, այդ շրջաններից դուրս մղելու երկուստեք ցանկության տեսանկյունից։
3. Եվրոպայի առաջատար պետությունները, որոնք այսուհետ ևս կանխորոշելու են եվրոպական քաղաքականությունը, լուրջ շահեր չունեն Հարավային Կովկասում, իսկ ունեցած աննշան շահերն էլ հիմնականում բավարարված են ու պաշտպանված։
4. Եվրոպական քաղաքական նախաձեռնությունները ղարաբաղյան և համանման մյուս հակամարտությունների կարգավորման իրատեսական առաջարկություններ չեն պարունակում, դրանք, ավելի շատ, արտացոլում են առանձին ապաշնորհ «վերլուծաբանների» ու քաղաքագետների մտացածին գաղափարները, որոնք վճարովի մտավարժանքներ են անում։
5. Եվրոպական ընկերակցությունն անկարող է եվրոպական զինված ուժերն օգտագործել Արևելյան Եվրոպայում` հարկադրանքի ուժային եղանակով հարցեր լուծելու համար։ Դա անհնար է թե՛ հայեցակարգային, թե՛ արարողական, թե՛ քաղաքական առումներով։
6. Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում նոր ուժային մասնակցի ի հայտ գալով` ի դեմս Եվրամիության և, առաջին հերթին ֆրանս-գերմանական երկմիության, բայց, միաժամանակ, ԱՄՆ-ը պետք է մնա այդ գործընթացների հիմնական նախագծողը, հակառակ պարագայում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում Եվրամիության և Ռուսաստանի միաբանությանը կարող է լուրջ վտանգ սպառնալ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ