«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իրանա-թուրքական մրցակցությունն ու Ադրբեջանը

Իրանա-թուրքական մրցակցությունն ու Ադրբեջանը
24.07.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Իրանա-թուրքական պետական սահմանը հնագույններից է աշխարհում։ Այն ստեղծվել է 1639-ին, իրանա-թուրքական պատերազմների երկարատև փուլից հետո։ Անցած 400 տարիների ընթացքում այս պետությունները գործնականում միմյանց հետ չեն պատերազմել, եթե չհաշվենք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ «չհայտարարված» պատերազմը։ Առաջին համաշխարհայինից հետո երկու երկրներն էլ ընդգրկվեցին Բաղդադի պակտում, ինչը չհանգեցրեց նշանակալի փոփոխությունների տարածաշրջանում և Թուրքիայի ու Իրանի միջև։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Իրանի շահը փորձեց իրագործել իր արտաքին քաղաքական հավակնությունները, սկսվեց հակադրության փուլը, որն ուժեղացավ իսլամական հեղափոխության արդյունքում ժամանակակից իրանական պետության ստեղծումից հետո։ ԽՍՀՄ-ի փլուզմանը հետևած շրջանում, երբ նոր հեռանկարներ բացվեցին Եվրասիայի տարածաշրջաններում, Թուրքիան և Իրանը մտան ռազմավարական մրցակցության փուլ, ինչն էլ շատ կողմերով պայմանավորեց նրանց դիրքորոշումները տարածաշրջաններում և աշխարհում առհասարակ։
1990-ականներն ընդգծվեցին իրանա-թուրքական հարաբերությունների բարձր լարվածությամբ, ինչը հանգեցրեց պաշտպանության, հետախուզական և արտաքին քաղաքական գործունեության ոլորտներում բազմաթիվ խնդիրներ վերանայելու։ Երկու երկրներն էլ միմյանց նկատմամբ ակտիվ գործունեություն էին ծավալում` կազմակերպելով քաղաքական դիվերսիաներ, ստեղծելով հակապետական կազմակերպություններ, նախաձեռնելով էթնիկական և էթնոքաղաքական անջատականության ու ծայրահեղականության ակտիվացման գործողություններ։ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև քաղաքական և ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումն Իրանին կանգնեցրեց հյուսիս-արևմտյան ուղղությամբ իր ռազմական խմբավորումն ուժեղացնելու անհրաժեշտության առջև, երբ զինված ուժերի ավանգարդի առջև դրվեցին նոր խնդիրներ, այդ թվում` հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի մասով։ Միաժամանակ տեղի էր ունենում Իրանի զինված ուժերի զորախմբի ուժեղացում Կասպից ծովի ավազանում։
Հարկ է նշել, որ Իրանը երկար ժամանակ չէր կարողանում մեծ հաջողություններ արձանագրել զինված ուժերի առումով Թուրքիայի հետ հավասարակշռություն հաստատելու կարևորագույն խնդրում։ Թեպետ այդ խնդիրն այսօր էլ մինչև վերջ լուծված չէ, և Թուրքիան, անկասկած, բազմաթիվ առավելություններ ունի պաշտպանության ոլորտում, այդ թվում` Իրանի և Հարավային Կովկասի ուղղությամբ, այնուհանդերձ, Իրանին հաջողվեց լուծել բազմաթիվ հարցեր և հասնել թեկուզ հարաբերական հավասարակշռության։ Սակայն, այսպես թե այնպես, մարտական ավիացիայի առումով Իրանը շարունակում է զգալիորեն զիջել Թուրքիային։ Ռազմական ոլորտում Թուրքիայից հետ մնալու հանգամանքը մեծ ազդեցություն է թողնում Իրանի որդեգրած մարտավարության և քաղաքականության վրա ինչպես Թուրքիայի, այնպես էլ նրա տարածաշրջանային գործընկեր Ադրբեջանի նկատմամբ։ Իրանը բավականաչափ սահմանափակում է իր գործողությունները` աշխատելով այս երկու պետություններին չդրդել արմատական քայլերի։ Որովհետև Իրանն ունի բացասական փորձ, երբ Ադրբեջանի նկատմամբ կասպիական ավազանում ուժի ցուցադրումն անմիջապես հանգեցրեց Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից լուրջ արձագանքի։ Հայտնվելով բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, Իրանը ձգտում է առավելագույնս նվազեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը, դիմում է բազմաթիվ հնարքների` ցուցաբերելով համագործակցության պատրաստակամություն տարբեր ոլորտներում։ Միաժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը մեծացնելու բոլոր փորձերը, ինչպես նաև Իրանում էթնոքաղաքական գործոններն օգտագործելու քայլերը, որոշակի գեոտնտեսական ծրագրերի իրագործումը, որոնք կարող էին նեղել Իրանին նրա ռազմավարության իրագործման առումով, Թեհրանի կողմից հանդիպում են միանգամայն համարժեք քայլերի` թուրք-ադրբեջանական այդ ձգտումները չեզոքացնելու ուղղությամբ։ Երեք պետությունների միջև հարաբերությունները, չնայած դրանք բարելավելու ընդգծված ցույցերին, մնում են լարված և ոչ վստահելի։ Ընդհանուր արտաքին քաղաքական հիմնախնդիրների կողքին, իրանա-թուրքա-ադրբեջանական հարաբերություններում պրոբլեմներն ընդգծված են, և դրանք ներառում են բավական առանձնահատուկ հանգամանքներ, որոնք առնչվում են Հայաստանի շահերին։ Այդ առանձնահատկություններն իրենց ազդեցությունն են ունենում «խաչաձև» քաղաքական խաղի ռեժիմում, ուր Հայաստանը ստիպված է ձևավորել իր դիրքորոշումը։ Ադրբեջանը, անկասկած, դարձել է Իրանի ու Թուրքիայի միջև պայքարի բեմահարթակ` Թուրքիայի միանշանակ գերակայության պայմաններում, և այդ առումով նկատելի են հետևյալ միտումները։
Ադրբեջանի ներքաղաքական բեմահարթակում Իրանը չունի Թուրքիայի հետ մրցակցելու շանսեր, քանի որ Թուրքիան հիմնական գործընկեր է գրեթե բոլոր առաջատար քաղաքական կուսակցությունների, խմբավորումների, հասարակական շարժումների և երկրի կառավարության համար։ Ադրբեջանական հասարակությունը Իրանը դիտարկում է իբրև հակառակորդ, և նույնիսկ իսլամամետ խմբավորումները խիստ զգուշաբար են դիտարկում Իրանի քաղաքականությունը, բացառությամբ, թերևս, նույն Իրանի ջանքերով ստեղծված Ադրբեջանի իսլամական կուսակցության և որոշ այլ կազմակերպությունների։ Միաժամանակ Իրանը հույսը չի կորցնում իր նկատմամբ բացասական վերաբերմունքի փոփոխության, ինչպես նաև այն առումով, որ հնարավոր է անվստահություն և նույնիսկ թշնամանք սերմանել Ադրբեջանում Թուրքիայի նկատմամբ։ Իրանն Ադրբեջանի հետ հարաբերություններում հենվում է երկու հանգամանքի վրա. տնտեսական հարաբերությունների և շիիզմի դոկտրինի։ Տնտեսական և նույնիսկ գեոտնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս դաշտում Իրանն Ադրբեջանի համար անհամեմատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան Թուրքիան։ Իրանը Թուրքիայից ավելի է շահագրգիռ Ադրբեջանի հետ տնտեսական ինտեգրացիայի առումով, ընդ որում` առաջատար ոլորտներում։ Այն դեպքում, երբ Թուրքիան մինչև այսօր առավելապես հետաքրքրված է առևտրի զարգացմամբ և էներգակիրներ ձեռք բերելով։ Սակայն ադրբեջանա-իրանական ենթադրյալ տնտեսական ինտեգրացիան առայժմ չի հանգեցրել և տեսանելի հեռանկարում էլ չի հանգեցնի շոշափելի արդյունքների։ Որովհետև ինտեգրացիայի իր այդ կոնցեպցիայով Իրանը փորձում է մերձավոր տարածաշրջանների երկրների նկատմամբ վարել նրանց զարգացումը սահմանափակելու քաղաքականություն։
Ադրբեջանցի հեղինակների վերլուծություններում ու մեկնաբանություններում բազմիցս կարելի է հանդիպել այն գաղափարին, որ տնտեսական ինտեգրացիայի առաջարկություններն Իրանի կողմից իրենց մեջ վնասակարության մեծ բաժին են պարունակում։ Եթե ադրբեջանական պետությունը շարունակի գոյություն ունենալ նաև հետագայում, ապա նրա հիմնական գործընկերը կլինի եվրոպական հանրությունը, հետո Ռուսաստանը և ապա միայն Իրանը։ Թուրքիան Ադրբեջանի համար կմնա կարևոր, բայց ոչ առաջատար, առավել ևս, միակ գործընկեր։ Իրանը մի շարք առավելություններ ունի Թուրքիայի նկատմամբ, որովհետև եթե Թուրքիան նավթ ու գազ ներկրող երկիր է, ապա Իրանն ածխաջրածինների խոշոր մատակարար է, իսկ Ադրբեջանը լուրջ կախվածություն ունի իրանական գազի ներկրումից։ Իրանը ամենամոտ և ամենահարմար գնորդն է Ադրբեջանից արտահանվող հիմնական ապրանքներից մեկի` դիզելային վառելիքի։ Ի տարբերություն Թուրքիայի, որը գնային և տրանսպորտային պայմաններից ելնելով չի համարվում հիմնական շուկա ադրբեջանական գյուղմթերքների համար, Իրանը բավական հեշտությամբ տրամադրում է իր շուկան Ադրբեջանի գյուղատնտեսական հումքի իրացմանը։ Միաժամանակ Իրանը բավական շահագրգռվածությամբ զարգացնում է Ադրբեջանի հետ սահմանային առևտուրը։ Թեպետ, մյուս կողմից, Ադրբեջանում կատարված ներդրումների առումով Թուրքիան անհամեմատ առաջ է անցել Իրանից, և այդ դրությունը կպահպանվի նաև ապագայում։ Այսպիսով, տնտեսական գործոնը շատ կարևոր է Իրանի համար` Ադրբեջանի նկատմամբ վարվող նրա քաղաքականության մեջ, և Ադրբեջանում տնտեսական ազդեցության առումով Թուրքիան և Իրանը, կարելի է ասել, միմյանց համարժեք դիրքեր ունեն։
Քաղաքական կուսակցություններն ու, առհասարակ, ադրբեջանական քաղաքական դասակարգը լուրջ ճգնաժամ են ապրում։ Առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ընդունակ չեն տիրանալու քաղաքական ու հասարակական նախաձեռնություններին, առաջ քաշելու նոր ու ժողովրդականություն վայելող գաղափարներ, կազմակերպելու ազգաբնակչության զանգվածային ելույթներ ընդդեմ իշխանության։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակությունն ընդհանուր առմամբ ինտելեկտուալ ճգնաժամ են ապրում, գտնվում են տարաբաժանման ու հոգևոր սնանկացման մեջ։ Ադրբեջանում կառավարող կուսակցությունն իրականում վերջնականապես կորցրել է իր դիրքերը հասարակության մեջ, և գործնականում վերածվել վարչարարների կամ պաշտոնյաների ոչ մեծ խմբավորման։ Ներքաղաքական պայքարի հիմնական հրապարակը երկրի նախագահի աշխատակազմն է ու կառավարությունը, այսինքն` այն ոլորտները, ուր գործընթացները զարգանում են հասարակության տրամադրությունների նկատմամբ միանգամայն անտարբեր տրամաբանությամբ։ Ադրբեջանական հասարակությունն առավելագույնս մարգինալացված է, ձևավորվել են մարդկանց սոցիալապես ապակողմնորոշված ահռելի զանգվածներ, մշակութային և կրթական առումով բնակչության զանգվածները հետ են մղված մի քանի տասնամյակով։ Ձևավորվում է որոշակի «ստամբուլյան» մոդել, երբ էլիտայի փայլուն ու ժամանակակից խմբավորումների կողքին կազմավորվում են մարդկանց վատ կառավարվող ամբոխներ, որոնք գտնվում են աղքատության կամ սոցիալապես շատ վատ վիճակում։
Այդ համատեքստում իսլամի ազդեցության ուժեղացման թեման Ադրբեջանում ավելի ու ավելի է դառնում ուսումնասիրության, հրապարակումների, հասարակական երկխոսության առարկա։ Անհնար է չտեսնել, որ չնայած ազերի բնակչության «ռուսացմանը» և «արևմտականացմանը»` աթեիզմի քարոզչության երկարատև փուլում, Ադրբեջանը, այնուհանդերձ, չի կարողացել հեռանալ մահմեդական երկրներին բնորոշ ավանդական ուղուց, հատկապես նրանց, որոնք չեն մերժում քաղաքական իսլամի «չափավոր մոդելի» գոյությունը։ Այդ մոդելի նկատմամբ հետաքրքրության աճն արձագանքն է չլուծված սոցիալական ու իրավական հիմնախնդիրների և այն իրողության, որ աշխարհիկ պետության մոդելի կիրառումը որևէ արդյունքի չի հանգեցրել։ Կասկած չկա, որ Ադրբեջանը գնալով ավելի է հայտնվում իսլամական գաղափարների և իսլամական սոցիալ-քաղաքական զարգացման ուղու ազդեցության տակ։ Թեպետ միևնույն ժամանակ իսլամական կողմնորոշում ունեցող սոցիալական խմբերը, իսլամական գաղափարախոսության հիման վրա ձևավորված քաղաքական կուսակցությունները չեն շտապում հայտարարել, որ իրանական պետության ներկա մոդելը կիրառելի է նաև Ադրբեջանի պարագայում։ Ադրբեջանում իսլամական շարժման և գաղափարախոսության առաջնորդները հասկանում են իրենց հասարակության տարբերությունն իրանականից, արաբական երկրներից և այլ հասարակություններից։ Դա, իհարկե, սահմանափակում է Իրանի հնարավորությունները իսլամական գործոնը կամ էթնոկրոնական գործոնն աշխատեցնելու ուղղությամբ, եթե նկատի ունենանք Ադրբեջանում իրանական էթնոսին պատկանող էթնիկական խմբերի առկայությունը։
Այս պայմաններում, նկատի ունենալով նաև Սաուդյան Արաբիայի ու Իրանի կողմից հզոր կրոնական քարոզչությունը, Ադրբեջանում ամրապնդվում են նրանց դիրքերը, ովքեր կողմ են իսլամական սկզբունքներով հասարակության և պետության կազմակերպմանը։ Իսլամական քաղաքական հեռանկարն Ադրբեջանում մինչ օրս չի դիտարկվել անհրաժեշտ խորությամբ։ Միաժամանակ տարաբնույթ նյութերի և տեղեկատվության հիմքի վրա իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ իսլամական հեռանկարն Ադրբեջանում միանգամայն իրատեսական է, գոյություն ունեն ոչ քիչ նախանշաններ բնակչության ավելի ու ավելի լայն շերտերի` իսլամական շարժումների և կազմակերպությունների մեջ ընդգրկվելու առումով։ Նկատի ունենալով շիական մազխաբի գերակայությունն Ադրբեջանում, կարելի է արձանագրել, որ Իրանն առավելություն ունի այս դաշտում։ Թեպետ, միաժամանակ, չպետք է մոռանալ, որ ադրբեջանական հասարակությունը խիստ աշխարհիկացված է և ներկայիս սոցիալական պայմաններում նախընտրում է նյութական բարեկեցությունը, քան հոգևոր իդեալները։ Այդ իսկ պատճառով կարող է ծնունդ առնել մի ֆենոմեն, երբ Ադրբեջանի իսլամական քաղաքականության ոլորտում լուրջ, միգուցե և ավելի նախապատվելի դիրքեր կնվաճեն թուրքական կրոնական կազմակերպությունները։ Սուննի դավանանքի այդ «նոր» կազմակերպությունները, ինչպես, օրինակ, «Նուրչուլյարը», քարոզում են սոցիալական քաղաքականություն, ակտիվորեն զբաղվում իրական սոցիալական ծրագրերով և արդեն իսկ զգալի գործունեություն են ծավալում Ադրբեջանում։ Ընդ որում, հետաքրքիր է, որ եթե իրանցիներին 15 տարի պետք եղավ ոչ այնքան ազդեցիկ շիա-իսլամական կազմակերպություններ ստեղծելու համար, ապա նշված թուրքական և սուննի դավանանքի հոսանքը բավական արագ կարողացավ ամուր դիրքերի հասնել։ Այդ «նոր», չափավոր իսլամիստները Թուրքիայում սերտ կապեր ունեն «Նաքշբանդիա» և «Կադիրիա» սուննի իսլամական միաբանությունների, ինչպես նաև Թուրքիան այսօր կառավարող չափավոր իսլամական խմբավորման հետ։ Այնուհանդերձ, հազիվ թե իրենց մարտավարությամբ կարողանան դուրս մղել շիա-իսլամական գաղափարախոսությունը։
Այդ իսկ պատճառով կարելի է կանխատեսել, որ հեռանկարում հակամարտություն կառաջանա Ադրբեջանում տարբեր իսլամական շարժումների միջև։ Հետևապես, ո՛չ Իրանը, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող հույս ունենալ, որ գերակա դիրքի կհասնեն իսլամական քաղաքականության ոլորտում։ Միանգամայն սպասելի է, որ այդ կրոնական մրցակցության պայմաններում Ադրբեջանում տեղի ունենա այն, ինչն ընդունված է անվանել եվրո-իսլամ։ Այսինքն, հասարակության արմատական աշխարհիկացման պայմաններում կարող են երևան գալ սկզբում ներփակ, ապա ավելի լոյալ և, վերջապես, միանգամայն հեղինակավոր խմբավորումներ բնակչության ոչ մարգինալ շերտերում, որոնք իբրև իրենց գաղափարախոսություն կհռչակեն իսլամը «մազխաբից դուրս»։ Այսինքն` միայն որպես հասարակական էթիկա, առանց իսլամի կանոնների խիստ պահպանության։ Այդպիսի փորձ գոյություն ունի Եվրոպայում և որոշ իսլամական երկրներում, ուր արդեն ձևավորվել են ներիսլամական տարբերություններ։ Քաղաքական զարգացման այս վարկածն Ադրբեջանում միանգամայն իրատեսական է, ինչը բոլորովին չի համապատասխանում Իրանի շահերին և Իրանում դավանվող շիայական խիստ դոկտրինին։
Հարկ է ընդգծել, որ քրդական գործոնի նման նշանակալի իրողության առաջացումը, նկատի ունենալով դրա կապն իրանական պետության քայքայման, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ, Իրանին ու Թուրքիային հանգեցրեց այն գիտակցության, որ պետք է փոխըմբռնման հասնելու համար զսպել հավակնությունները։ Այդ հանգամանքը, իսկապես, գոյություն ունի։ Սակայն Իրանը Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացումը դիտարկում է ոչ թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների արմատական բարելավման առիթ, այլ իբրև Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նախադրյալ։ Այդ իսկ պատճառով, իրանա-թուրքական հարաբերությունները սկզբունքային փոփոխության չեն ենթարկվել, այդ թվում` հարավկովկասյան ուղղությամբ։ Հայաստանին հաջողվում է պահպանել իր դիրքերը տարածաշրջանում և նույնիսկ ամրապնդել դրանք այն պայմաններում, երբ Թուրքիան ու Իրանը կձգտեն պահպանել ուժերի հավասարակշռությունը։
Իրանա-ադրբեջանական հարաբերությունները քիչ դեր չունեցան, որպեսզի Իրանի քաղաքական, կրոնական ու մշակութային էլիտան վերարժևորի իր քաղաքականությունը։ Իրանցիները բավական երկար ժամանակ չէին ուզում ընդունել, որ իզուր են Ադրբեջանի վրա հսկողություն հաստատելու իրենց փորձերը։ Համաշխարհային քաղաքական ու վերլուծական էլիտան նույնպես հետաքրքրությամբ էր հետևում այն տարօրինակ երևույթներին, որ առկա էին իրանա-ադրբեջանական հարաբերություններում։ Հարկ է արժանին մատուցել Արևմուտքում աշխատող իրանական ծագում ունեցող քաղաքագետներին, ովքեր փորձառություն էին ձեռք բերել Արևմուտքի ու Արևելքի մի շարք տարածաշրջաններում։ Դեռևս 1990-ականներին նրանք ենթադրում էին, որ, բացի աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական նշանակությունից, ղարաբաղյան հիմնախնդիրն Իրանի համար ունի Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը տարաբաժանող գործոնի նշանակություն։ Ղարաբաղյան հիմնախնդիրն Իրանի համար անհամեմատ ավելի նշանակալի է, և նրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կարող էր և ավելի մեծ լինել։ Ղարաբաղյան իրադրությունն Իրանի համար ստեղծում է միանգամայն բարենպաստ խաղարկային իրավիճակ, որն Իրանը դեռևս լիարժեք չի խաղարկել` որոշ քաղաքական գործիչների անվստահության պատճառով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ