Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆ
19.07.2011 | 00:00

Ներկայումս ինչպես Հայաստանի, այնպես էլ Արևելյան գործընկերության անդամ երկրների էներգետիկ շուկաների արդյունավետության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է ներդաշնակվի Եվրամիության կողմից տվյալ ոլորտում վարվող քաղաքականության հետ և կոչված լինի համատեղ ջանքերով հանգուցալուծելու էներգետիկ անվտանգության ու փոխշահավետ համագործակցության զարգացման խնդիրները:
Դեռևս 2007-ի հունվարի 10-ին Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրեց նոր էներգետիկ քաղաքականության վերաբերյալ առաջարկությունները, որոնք շարադրված են «Եվրոպայի էներգետիկ քաղաքականության նոր զեկույցում»։ Դրանցում վերլուծվում են ԵՄ մարտահրավերները էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև ձևակերպվում են բոլոր որոշումների կայացման համար կողմնորոշիչ ռազմավարական նպատակն ու նպատակներին հասնելու գործողությունների լայնածավալ ծրագիրը: Նոր քաղաքականության հիմքը ԵՄ հիմնական էներգետիկ նպատակն է` ավելի լավ օգտագործել նոր ներքին էներգետիկ շուկան, էներգետիկ ճգնաժամի դեպքում մատչելի դարձնել անդամ երկրների փոխօգնությունը, կատարելագործել արտանետումների քվոտաների առևտրի սխեման, ինչպես նաև ավելացնել վերականգնվող էներգիայի օգտագործումը` հողմային, արեգակնային, ֆոտոէլեկտրական, կենսազանգվածի և կենսավառելիքի, գեոթերմալ և ջերմային պոմպերի:
Միաժամանակ, Արևելյան գործընկերության շրջանակներում էներգետիկ համագործակցության զարգացման, երկրի էներգետիկ անվտանգության ապահովման, արտաքին աղբյուրներից կախվածության կրճատման, ոլորտի արդյունավետության բարձրացման, բնապահպանական անվտանգության, էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, բնակչության կենցաղային կարիքների բավարարման այլընտրանքային աղբյուրների օգտագործման տեսանկյունից նպատակահարմար ենք գտնում առանձնահատուկ ուշադրություն դարձնել վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին:
Ինչպես հայտնի է, ԵՄ-ը տարբեր միջոցառումներ է կիրառում ինչպես վերականգնվող էներգիայի զարգացման, այնպես էլ տեխնոլոգիական առաջընթացի ծրագրերի և որոշակի քաղաքականություններին առնչվող նախաձեռնությունների առնչությամբ: Եվրոպայի խորհրդի և Եվրախորհրդարանի վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը խրախուսող 2009/28/EC դիրեկտիվը ԵՄ անդամ երկրներում վերականգնվող էներգետիկայի զարգացման հիմնական փաստաթուղթն է, որով յուրաքանչյուր անդամ երկրից պահանջվում է ընդունել ազգային վերականգնվող էներգիայի գործողությունների պլան` NREAP, և այն ներկայացնել ԵՄ հանձնաժողովին: Այս ծրագրերը պետք է նշեն անդամ երկրի վերականգնվող էներգիայի մասնաբաժնի թիրախները տրանսպորտի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ու հովացման ոլորտներում 2020 թվին:
2011 թվականի փետրվարի 4-ին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել ուժեղացնել էներգետիկ ցանցերն այնպես, որ նոր թափ հաղորդվի վերականգնվող էներգիայի արդյունաբերությանը և զսպվի ԵՄ հանածո վառելիքի օգտագործման աճի միտումը: Առանձնահատուկ շեշտադրում է արվել, որ հետագա «կանաչ» աճը պահանջում է բարձր տեխնոլոգիական էներգետիկ ցանց` հյուսիսում քամուց ստացված էլեկտրաէներգիան և Միջերկրականի արևային էներգիան Կենտրոնական Եվրոպայի քաղաքներ տեղափոխելու նպատակով:
Մեր մշակած առաջարկները պայմանականորեն դասակարգված և հասցեագրված են Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի պատասխանատուներին, Հարավային Կովկասի երկրների կառավարություններին, ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը:
Մասնավորապես, Արևելյան գործընկերության ծրագրի ղեկավարներին և ծրագրի անդամ երկրների կառավարություններին առաջարկվում է քննարկել ներկա միտումների աստիճանական զարգացումը, ինչը ենթադրում է ազգային կարգավորող մարմինների միջև համագործակցության ամրապնդում, հատկապես պահանջելով անդամ երկրներից պետական կարգավորող մարմինների առջև դնել Եվրամիության համար ընդհանուր առաջադրանք և մեխանիզմների ներկայացում, ինչով Եվրահանձնաժողովը կկարողանա քննարկել պետական կարգավորող մարմինների ներքին էներգետիկ շուկաների որոշումները: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու անկախ կարգավորող մարմինների եվրոպական ցանց, որի միջոցով հնարավոր կլինի մշակել պետական կարգավորող մարմինների և շուկայի մասնակիցների համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ և հետևել դրանց կատարմանը:
Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև Եվրամիության էլեկտրաէներգիայի և գազի շուկաները, որոնց կարգավորման գծով առաջարկվում է Եվրամիության առանձին մարմնի ստեղծում, որը որոշումներ կկայացնի կարգավորման և տեխնիկական խնդիրների լուծման, ինչպես նաև միջսահմանային առևտրի անխափան աշխատանքի ապահովման վերաբերյալ: Այս ամենը ենթադրում է էներգետիկայի բնագավառում համաեվրոպական ցանցի ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության ուսումնասիրություն, հատկապես ընդհանուր ցանցում էներգիայի վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի ներմուծման (ինտեգրման) աջակցություն և խթանում: Վերջապես, փոխմիացման առաջնահերթությունների ծրագրով, անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու, մասնավորապես, եվրոպական երկրների միացյալ էներգետիկ հանգույց և այն սպասարկող ենթակառույցներ: Նման և այլ առաջարկներն իրագործելու նպատակով կարևոր է ներկայացնել համաեվրոպական էներգետիկ դիրեկտիվներին համապատասխան էներգետիկ նախագծեր, իսկ ցանցի համատեղ պլանավորման համար կպահանջվի Եվրամիության փոխադրող համակարգի օպերատորների գործունեության նոր մեխանիզմի և կառուցվածքի ձևավորում:
Ակնհայտ է, որ էներգետիկայի բնագավառում Արևելյան գործընկերության ծրագիրը անդամ բոլոր երկրներից պահանջում է համաձայնեցված գործողություններ: Դրանք առնչվում են ինչպես Եվրամիության պահանջների, այնպես էլ վերը նշված առաջարկների կատարմանը: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի (նույն մոդելը կարելի է առաջարկել նաև Բելառուսին, Մոլդովային, ՈՒկրաինային) կառավարություններին առաջարկում ենք քննարկել տարածաշրջանում միասնական էներգետիկ համակարգ ձևավորելու հնարավորությունները, հաշվի առնելով, որ տեխնիկական չափորոշիչների` ստանդարտների և պահանջների առումով բոլոր երեք երկրների էներգետիկ համակարգերը գտնվում են համադրելի վիճակում, իսկ ոչ հեռու անցյալում` մինչ Խորհրդային Միության փլուզումը, նման համագործակցություն եղել է բոլոր երեք երկրների միջև:
Հարկ է շեշտել, որ տնտեսական շահերի իմաստով ոչ միայն շահավետ է միասնական էներգահամակարգի ձևավորումը, այլև անհրաժեշտ` էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Իսկ միասնական էներգետիկ համակարգը, իր հերթին, ենթադրում է միասնական էներգետիկ շուկայի գոյություն, ինչը գրավիչ է դարձնում տարածաշրջանը օտարերկրյա ուղղակի և պորտֆելային ներդրումների համար:
Մեր համոզմամբ` էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային ինտեգրումը կարող է կայուն հիմքեր ձևավորել տնտեսական ինտեգրման նախնական փուլից` ազատ առևտրի գոտուց աստիճանական անցում կատարելու մաքսային գոտի, ընդհանուր շուկայի, իսկ ավելի ուշ նաև տնտեսական միության ձևավորման նպատակով:
Հարկ է նկատել նաև, որ առաջարկվող միասնական էներգահամակարգն ու ընդհանուր շուկան կազմակերպական առումով ոչ միայն հեշտացնում են Արևելյան գործընկերության երկրների փոխհամագործակցությունը, այլև նպաստում ԵՄ երկրների հետ միջտարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների աշխուժացմանը: Բացի այդ, միասնական էներգահամակարգի ձևավորումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել նոր էներգետիկ ծրագրերի և այլ ներդրումային նախագծերի իրականացման համար: Ի վերջո, պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը կարող է նպաստել քաղաքական կայունության ձևավորմանն ու ամրապնդմանը:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ