Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԲՀԿ-Ի «ՍԱՄՎԵԼԸ» ԿՀԱՂԹԻ՞ ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼԻՆ»

ԲՀԿ-Ի «ՍԱՄՎԵԼԸ» ԿՀԱՂԹԻ՞ ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼԻՆ»
05.10.2010 | 00:00

Չորեքշաբթի օրը ևս մեկ անգամ ԱԺ-ում կընթերցվի, որ Արևիկ Պետրոսյանը հեչ էլ «չի փոշմանել», որ հրաժարական է տվել ու կսկսվի՜... հինգշաբթին: Ասել է` Բալասանյանին կսկսեն «քընընել»` ո՞վ է բռնել ոտքերը, ո՞վ է ասել Հալեպը, ո՞վ է ջնջել ՕԵԿ-ը, ո՞ւր է այն սուրը, «որն սպանեց դավաճան հորը ու կսպանի նաև ուրացող մորը» և այդպե՜ս շարունակ:
Ի դեպ, հինգշաբթի օրն սպասվող ատրուշանների վրա վառվող կրակների պակաս հաստատ չի լինի, զի ոչ բոլոր նախարարաց տներն են, որ խիստ համերաշխ են բալասանվելու հեռանկարի հետ: Եվ խոսքն այս դեպքում ամենևին էլ չի վերաբերում (քիչ հետո նրան էլ կվերաբերի) ՕԵԿ-ին:
Ճիշտ է, կոալիցիոներապես պետք է շատ արագ ատրուշանների կրակը «ջրվի», Բալասանյանի «կաստինգն» ավարտվի, ու նա բարձրանա բարձր օվալաձև ամբիոն` փոխխոսնակի իր նոր դեմքով, սակայն չի բացառվում, որ ամեն բան այնքան էլ հարթ չընթանա: Քվեարկության առումով։ Նախ` ՀՀԿ-ում ամենևին էլ միանշանակ չէ վերաբերմունքը Բալասանյանի նկատմամբ: Նա Քոչարյանի մարդն է: Եվ ապա, երբ վերջինս անկախ պատգամավոր էր, ու ՀՀԿ-ն «բարաթի» էր քաշել անկախ պատգամավորներին, այն է` վերջիններս դիմում էին գրում առ այն, որ գիշերը չեն քնում ու երազում են դառնալ ՀՀԿ անդամ, իսկ այդ գիշերը պետք է որոշեր կուսակցությունը` անհրաժեշտ պահին ժամանակագրելով այդ դիմումները, Բալասանանց Սամվելը յուր սուրը հանել ու ասել էր` «նետ», մի խոսքով, «պասլատ» էր արել իր մոտ եկած ՀՀԿ-ական բանագնաց-մունետիկներին: ՀՀԿ-ն այդ մասին չի մոռացել, և չի բացառվում` վերցնի ու թարմացնի ՕԵԿ-ի ճակատում կռված, այժմ նոր ճակատում հայտնված «պատրիոտի» հիշողությունը: Չար (նախա՜նձ եք, նախա՛նձ) լեզուներն ասում են, որ կարող է երկրորդ փուլ լինել, և կամ Սամվելը մի կերպ հաղթի` դեսով-դենով նրան «վերագրվի» 50+1 (մե՜կ) ձայն:
Ինչ վերաբերում է ահարկու «ընդդիմադիրներին»` ՀՅԴ-ին և «Ժառանգությանը», նրանց ձայները որոշիչ չեն, իսկ նրանց խաղերը խիստ բազմադեմ են, և չի բացառվում ազատ քվեարկությունը` նրանց դեպքում:
Միանշանակ չէ վիճակը նաև ԲՀԿ-ի պարագայում: ԲՀԿ-ում ոչ մեկը չէր ուզում, որ Բալասանյանը դառնար փոխխոսնակ: «Էրեկ` մեկ, էսօր` երկու, աղջի՞կ տանի նա մեր գեղից (խառնեցինք` պաշտո՞ն տանի նա մեր մոտից),»- ամենուր և ամեն վայրկյան շշնջում են ԲՀԿ-ցիները: ՈՒ եթե բաց կամ, ինչպես առաջներում է եղել` «կարմիր, կապույտ, ծիրանագույն» գրիչներով քվեարկություն չլինի, չի բացառվում, որ բուն ԲՀԿ-ում էլ դեմ քվեարկողներ լինեն:
Եվ այնուհանդերձ, մխիթարենք ԲՀԿ-իստ «սգավորներին»: ԱԺ փոխխոսնակը դեռ ավարտը չէ. Սամվել Բալասանյանը փոխխոսնակ է դառնում որպես տրամպլին. առաջիկայում նա պետք է դառնա Վարդանիկ (խե՜ղճ ընկեր Մարգո), իմա` նա պատրաստվում է կկվի բնի վրայով հաջորդ թռիչքին` Գյումրվա քաղաքապետի ընտրություններին ու քաղաքապետ դառնալուն:
Համ էլ նրա մասին տեսակետ կա, որ նա «քսանհազարնոց տղա» է, իմա` «ըտկան ձայն ունի Լեննագանի ու Ախուրյանի կողմերը, ըշտը ժողովուրդ կսիրե Սամվելին, էդոր համար»:
Նախորդ օրն առիթ եղավ Շիրակի մարզպետից և Գյումրվա քաղաքապետից հետաքրքրվելու` ինչպե՞ս են վերաբերվում Աշոտ Գիզիրյանն ու պարոն Վարդանիկը Սամվել Բ-ի առաջխաղացմանը` Գյումրվա «գետինների» վրա: Վարդանանց պատասխանը հետևյալն էր. քաղաքապետը թարս-թարս նայեց նվաստիս, ու թե` «էս աղջիկն իմ հետ չունի, կռնա՞ս ըսես` ինչի՞ ինձ հետ չունիս ու ամեն անգամ թարս-թարս հարցեր կուդաս. ժողովուրդ, կռնա՞ք ըսեք` էս աղջիկն ընչի՞ ինձ հետ չունի»:
«ՈՒնենք, ունենք», արագ-արագ հավաստիացրինք նրան, որից հետո նա խիստ իմաստուն ու հանգիստ շուռ եկավ (ի դեպ, գտնվում էինք Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի բավականին շքեղ եկեղեցում), և ուրեմն` հավատացյալ հոտի ներկայացուցիչ Վարդան-քաղաքապետը շարունակեց ուշի ուշով ունկնդրել պատմությունը, որը եկեղեցում «հավատացյալ հոտին» պատմում էր մարզպետի տեղակալներից մեկը (պատմությունն առնչվում էր Հմայակ Հովհաննիսյանի` Վռամ Գյուլզադյանի և Սամվել Բալասանյանի դեպ ՕԵԿ տարհանվելու ժամանակ օգտագործած բառին, որը չենք ցանկանում բարձրաձայնել):
Ինչ վերաբերում է Գիզիրյան Աշոտին, նրան էլ հարցրինք` ծա՞նր է տանում Սամվել Բալասանյանի փոխխոսնակացումը (նույն մարզպետի տեղակալը մեզ հետ զրույցում ասել էր` շա՜տ ծանր եմ տանում), Գիզիրյանն ասաց. «Ես նմա՞ն եմ վատ տանողի»: Բոլոր դեպքերում, Բալասանյանը փոխխոսնակ դարձավ, որպեսզի ձեզնից, մարզից ձայներ տանի, շարունակեցինք «մասլահաթը» մենք:
«Էդ հլը հարց է` ո՞վ է ում և ուր «տանելու»,- բազմանշանակ, Հմայակի պատմության «ազդեցության» տակ ասաց Գիզիրյանը։

Չխորանանք քաղկատեգորիաների մեջ` արձանագրելու (ԲՀԿ նախընտրական քայլերին մենք դեռ անդրադառնալու ենք), որ 2012-ին, ինչպես 2007-ին, Սամվել Բալասանյանին չի հաջողվելու ձայներ բերել ՕԵԿ-ի, ներեցեք` ԲՀԿ-ի համար. այն պարզ պատճառով, որ այլևս նախագահ չէ Քոչարյանը, և մարզպետ չէ տիկին Նանյանը, և ապա` ինքն է խոստովանել, որ իր ճակատին մի քիչ էլ «Առա՛ջ, Հայաստան» է գրվել վերջերս:
ՈՒ որ կալի վրա ենք, մի քիչ էլ ֆռֆռանք կալերում-յայլաներում ու «սեր անենք»: Բանն այն է, որ Սամվել Բալասանյանի կարիերան այսօր չէ, որ պետք է ծլեր-ծաղկեր: Երբ ԲՀԿ-ն յուր սոցապնախարար Մխիթարին փորձեց մխիթարել ու ազատեց պաշտոնից, այդ ժամանակ արդեն իսկ խոսակցություն կար, որ ԲՀԿ-ն նախարար «կտա» Բալասանյանին: Սերժ Ազատովիչը չէր համաձայնել: Համ էլ մեծամասնականի խնդիր կար, և ընտրությունների գնալ, էն էլ Շիրակում` վասն Բալասանված և նախարար դարձած Սամվելի, ոչ ոք զահլա չուներ:
Շատերն էին սպասում, թե այս անգամ նույնպես Սերժ Սարգսյանը չի համաձայնի, որ Բալասանյանը պաշտոն ստանա: Համաձայնեց:
Արդ ուրեմն` «Օ՜ն, առա՛ջ, Հայաստան»:
Իսկ հիմա առաջ ընկած գնանք ՕԵԿ-ենց «տուն»:
Էստեղ իսկապես իրավիճակը ծանրերից է. չեն ներում Սամվելին ու չե՛ն ներում: Չեն քվեարկելու նրա օգտին: Չեն մասնակցելու քվեարկությանը: Համոզված են` Սերժ Սարգսյանը կհասկանա իրենց ու բան չի ասի: Մի ձեռքով: Մյուս ձեռքով էլ Ազատիչ Սերժ Սարգսյանը մխիթարել է Արթուր Բաղդասարյանին` ծանր մի տար, էդ ի՞նչ պաշտոն է, որ, բանի տեղ մի դիր:
Ո՞նց ծանր չտանի: Էս էն աղբուրը չի՞, որ նստեցին մի կտոր հաց կերան Սամվելի հետ, ու նա ասաց` ճակատիս ոնց որ գիր` ՕԵԿ է գրվում: Էս Սևանի Սուրբ եկեղեցին չի՞, որ Սամվելը երդվեց ավետարանի ու սուրբ խաչի առաջ` բոլորի հետ ու երբեք-երբեք չի լքելու ՕԵԿ-ը (տեսագրությունը կա, իսկը ժամանակն է` պտտեք սույն «ինաուգուրացիոն» ճառն ու արարողությունը` վասն վերհուշի): Էս էն ՕԵԿ համամասնական ցուցակը չի՞, որտեղ 2007-ին Սամվելը չորրորդ պատվավոր տեղում էր, բայց համ էլ մեծամասնականով էր առաջադրվել, ու ՕԵԿ-ն օգնեց, ջանք չխնայեց, որ նա մեծամասնականով անցնի, որ շատ մարդ ունենան պառլամենտում, նա ընտրվեց և ուղիղ հաջորդ օրը դուրս եկավ ՕԵԿ-ից... որովհետև Քոչարյանն ասել էր` է՜, դեռ էն ժամանակ, երբ ընթանում էին ՕԵԿ-ի քանդման գործընթացն ու դեպ ընդդիմություն տարհանվելը, թե` Սամվել, «դա՜վայ-դա՜վայ»։ Սամվելը խնդրել էր «վոժդին»` 2007-ին ընտրվի թե չէ, հենց հաջորդ օրը դուրս կգա: Խոսքը պահող տղա էր: Էդպես էլ արեց:
Բա հիմա ՕԵԿ-ը ո՜նց մասնակցի քվեարկությանը:
Չի մասնակցի և վերջ:
Ահա այս և մնացած կարգի «մանրուքներից» ելնելով` ԱԺ վերնախավը (պոդրազումիվայեմ` բարեկամ-խնամի ԱԺ նախագահ) խուրջինը կապել Գրիգորիչ Գալուստի ուսին, Մուրացանի (չնայած, ոնց որ «Սամվելը» գրել է Րաֆֆին) ուղարկել է եվրոպաներ, իմա` դեպ «Ժառանգություն», դեպ դես-դեն` բանակցելու, որպեսզի այնպես չլինի` ԲՀԿ «Սամվելը» մնա անտիպ կամ «գրվի» երկրորդ փուլով: «Պլանկա» է դրվել` 70+1 (մե՜կ) ձայնով և առաջին փուլով պետք է նա անցնի:
Սա, իհարկե, արդեն «Խենթի» մոտիվներով է: Բայց դե, մեր իրականությունը վաղուց անտի այդ օրինաչափություններով է գործում:
Չնայած շատերն են կարծում, որ կինոն ու «խենթությունը» դեռ առջևում են, երբ Բալասանյան Սամվելը կսկսի ԱԺ նիստերը վարել:
Ա՛յ, խենթանալը էդ ժամ կտեսնեք, ասում են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ