Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ, ԽՄԵԼ ԱՅԾԻ ԿԱԹ»

«ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ, ԽՄԵԼ ԱՅԾԻ ԿԱԹ»
19.07.2011 | 00:00

Առաջին հանդիպումը «կուտ չգնաց»: Նկատի չունենք կոստյում-շալվար-փողկապների առատությունը, ինչն էլ խոր պաշտոնականություն ու լրջություն էր հաղորդել «գործընթացին»: Նկատի ունենք այն պատրաստությունը, որն ընթացել էր դրանից առաջ: Երեկ առավոտյան` ժամը 11-ին, նախագահականում կոալիցիոն պատվիրակությունն իր լիդերներով (Ծառուկյան, Բաղդասարյան, ասում են` նաև Հովիկ Աբրահամյան) Սերժ Սարգսյանի մոտ երկարատև լիկբեզի է եղել, ցուցումներ ստացել` «չուտել մարդու միս, խմել այծի կաթ»:
Հանդիպման հենց սկզբում կոալիցիոն լիդերները սրտնեղել են նախագահի «դոշին», թե բա` պարոն նախագահ, էդ ընդդիմության հայտարարությո՞ւն էր` կոշտ է, վիրավորակա՜ն: Նախագահն արձագանքել է` ո՛չ մի կոշտ, ո՛չ մի վիրավորական, ամեն բան նորմալ է, նոր մշակույթ է ձևավորվում, հասարակությունը նոր ռելսերի վրա է դրվում, մանրուքների վրա ուշադրություն չպետք է դարձնել։ Բոլոր հարցերին, որ կան հասարակությունում, բոլոր հարցերին, որ կբարձրացվեն երկխոսության ընթացքում, պետք է արձագանքել, քննարկման առարկա դարձնել` հրովարտակել է Սերժ Սարգսյանը:
Հարցնում եք` «ա Պո՞լշա», բա արտահերթ ընտրություննե՞րը: Սերժ Սարգսյանն ասել է` քննարկեք, բա ո՞նց, ցանկացած հարցի քննարկում դեռ չի նշանակում, որ վերջնական պատասխաններ են ձևավորվում, քաղաքական էթիկան, երկխոսությունը պահանջում են առկա հարցերը ևս մեկ անգամ իմաստավորել, գնահատել` թե՛ կոալիցիայի, թե՛ ընդդիմության կողմից, և եթե կողմերի դիրքորոշումը հստակ է, կարող են հասնել կոնսենսուսի, թեև հարցեր կլինեն, որոնց առնչությամբ կոնսենսուս կարող է և չլինել:
Նախագահականում մոտավորապես քառասուն րոպե տևած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը «կոալիցվածներին» կոչել է հանդուրժողականության, ըմբռնման, հարցերի ընկալման, շեշտադրմամբ` եթե տեսակետների ճշտման լրացուցիչ հարց կառաջանա, կքննարկենք լրացուցիչ:
«Ոնց կասես, թագավոր ախպեր», արձագանքել է Գագիկ Ծառուկյանը: Մյուսները լուռ գլխով են արել:
Էլ ավելի հետաքրքիր է եղել հանդիպումը Քոչարյանի «ապարտամենտում». Լևոն Զուրաբյանը սկզբում շատ կաշկանդված հարցրել է` ներեցեք, բայց դուք ո՞ւմ եք ներկայացնում: «Պատվիրակությունը ներկայացնում է պառլամենտը, գործադիր իշխանությունը և, իհարկե, նախագահին». պատասխանն ինչ-որ առումով անակնկալի է բերել ՀԱԿ-ենց: Ֆելիքս Խաչատրյանն էլ թե` «ա Պո՞լշա», բա արտահերթ ընտրություննե՞րը: Ճիշտ է, օրակարգ չի ձևավորվել, սակայն ՀԱԿ-ենք գրեթե մատնանշել են օրակարգը. մարտի մեկի ճգնաժամ, իշխանության լեգիտիմություն, կոռուպցիա, ժողովրդի հավատի կորուստ, սոցիալական խնդիրներ, ռազմական բալանսի փոփոխություն հօգուտ Ադրբեջանի, մաքսային և հարկային ապօրինի արտոնություններ, մի խոսքով, նոր իշխանության ձևավորում, որը կարող լուծել բոլոր այս խնդիրները: Եվ ժամանակ է տվել կոալիցիային` մինչև սեպտեմբեր:
«Ստո՛պ», ասել է Դավիթ Հարությունյանը. նախ` հարց չկա, որ մենք չլսենք, չքննարկենք ձեզ հետ: Գագիկ Մինասյանն ու Վարդան Բոստանջյանն էլ թե` բարձրացված հարցերը դժվար ու ժամանակ պահանջող խնդիրներ են, սեպտեմբերն էլ նման է վերջնագրի, դուք տեսնում եք, որ գործընթացն սկսված է, և պետք է ելնել այդ հանգամանքից:
Հանդիպումը, ասինք, անցել է բարիդրացիության մթնոլորտում, առանց որևէ ջղաձգումի, և ուրեմն ՀԱԿ-ն ասել է` իրենք հաշվետու են ժողովրդին ու պետք է օգոստոսի մեկին տեղեկացնեն, թե ինչ քայլեր են արվում, այնպես որ, կոնկրետություն է պետք… (Տեսնում եք` տեղը պրծավ, մնացած մասի «սղագրությունը»` ուրբաթ):

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ