«Թուրք վրիժառուների բրիգադ» (TIT) խմբավորումը սպառնալից նամակ է ուղարկել թուրքական Evrensel պարբերականի խմբագրություն` կոչ անելով հայերին, քրդերին և մի շարք այլախոհ թուրք գործիչների մինչև օգոստոսի 15-ը լքել Թուրքիան: Պահանջը չկատարելու դեպքում վրիժառուների բրիգադը խոստանում է արյունոտ գործողություններ իրականացնել Դիարբեքիրում և Ստամբուլում:
«Ես այս սպառնալիքներին լուրջ չեմ վերաբերվում, քանի որ նման սպառնալիքների համար Թուրքիայում կան ավելի ազդեցիկ ուժեր»,- մեզ հետ զրույցում ասաց armweeklynews.am կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Հովսեփյանը:- Կիպրական TIT կառույցը վաղուց իր մասին լուր չէր հաղորդել և հանկարծ հայտնվում է, երբ ՄԱԿ-ը պահանջում է մինչև 2012-ը լուծել կիպրական խնդիրը և ճնշում է գործադրում երկու կողմերի վրա էլ: TIT-ը երբեք չի խառնվել քրդական հարցերին և իր հարցերը լուծել է նրանց հետ, ովքեր ցանկացել են «զիջողական» քաղաքականություն վարել Կիպրոսում»:
Էդիկ Հովսեփյանը նկատում է նաև, որ այս սպառնալիքներով լի կոչը հիշեցնում է երկու ամիս առաջ ԱՍԱԼԱ-ի «ուղարկած» նամակը թուրքական դեսպանատներին: «Ինձ թվում է, որոշ ուժեր ալարել են անգամ սպառնալիքներին իրական բնույթ տալ, որպեսզի այն «հեքիաթ» չհամարվի, -ասում է նա:- Ես հարգում են այն հանդիսատեսին, որ համբերատար դիտում է ներկայացումը: Լավ չէ, երբ պիեսի բովանդակությունը հանդիսատեսը շփոթում է իրական կյանքի հետ: Մենք ամեն օր բազմաթիվ բեմադրություններ ենք տեսնում Թուրքիայում, արդեն պետք է, որ փորձառու հանդիսատես լինենք»:
Նշենք, որ Evrensel պարբերականի խմբագիրը նամակի առնչությամբ հայտարարություն է արել և նշել, որ Էրդողանի կուսակցությունը պատասխանատվություն կկրի այս ամենի հետևանքների համար:
Սա համարենք թատրոնի շարունակությունը, բայց, այնուհանդերձ, կարո՞ղ ենք վստահ լինել, որ որևէ սարսափելի բան չի պատահի:
«Այսօր հայերի հետ «որևէ բան պատահելը» ձեռնտու չէ ո՛չ Թուրքիայի իշխանություններին, ո՛չ էլ ազգայնականներին,- վստահեցնում է զրուցակիցս:- Ա՛յ, քրդական քաղաքական ուժերի հետ հակամարտությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Սակայն Թուրքիայում անգամ հավը ձու չի ածում, եթե այդ մասին տեղեկացված չեն կառավարությունը, ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատները: Ինձ թվում է` հայերին Ստամբուլում այս պահին ոչինչ չի սպառնում, քանի որ Դինքի սպանությունից հետո ավելի ստոր ու «հնչեղ» հանցագործություն իրականացնել հնարավոր չէ»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ