ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նախագահականի պատասխանը Չեմբեռլենին

Նախագահականի պատասխանը Չեմբեռլենին
23.01.2009 | 00:00

ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒԾՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է, ՔԱՆ ՄԵՌՆՈՂ ԱՅՍ ՃԱՀԻՃԸ
Իշխանությունները փորձում են ափից բավականին հեռացած իրենց նավը, թեկուզ ուշացումով, մոտեցնել ափամերձ տարածքներին: Ճիշտ է, իրավիճակային լուծումներով: Բայց և ցանկացած լուծում նախընտրելի է, քան մեռնող այս ճահիճը:
Փաստենք, որ նախորդ չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, բավականին լուրջ զրույց ունեցել հետը, քննարկել «կենսական» նշանակության հարցեր: Այս մասին` ներքևում:
ՈՒշացած, բայց և այնպես քայլեր են արվում ձերբակալված տղաների ազատման ուղղությամբ: Ընդ որում, բավականին ընդունելի մոտեցմամբ, երբ, կարծես, «պարտվողներ ու հաղթողներ» չեն լինի, ու «հաճելին կհամակցվի օգտակարի հետ». անկախությունից, Լևոնենց ժամանակներից ի վեր գործող քր.օր.-ի 300-րդ հոդվածը (այն «նախկինների» ժամանակ այլ թվագրում ուներ), որի գոյությունն ուղղակի նոնսենս է ցանկացած երկրի համար, «կազատականացվի»` մեզանում ժողովրդավարություն «արձանագրելով»: Իսկ որ ամենակարևորն է` տղաները վերջապես բանտերից կազատվեն: Հընթացս պահպանելով իշխանության մունդիրի պատիվը, տղաների պայքարի ոգին, արժանապատվությունը` հանգուցալուծելով արդեն քանի ամիս տևող ներքաղաքական պատային իրավիճակը, որը դատարանում «յոթի գործով» վերածվել է ուղղակի ֆարսի:
Քրեական օրենսգրքի բարեփոխման գործընթացն արդեն սկսվել է և փետրվարի 2-ից մեկնարկող ԱԺ նստաշրջանում «միս ու արյուն» կստանա, փոփոխությունները կդրվեն քննարկման ու քվեարկության` ամենակարճ ժամկետում:
Հետաքրքիր են զարգացումները նաև արտաքաղաքական վեկտորում: Ձևակերպենք կարճ` Հայաստանը կրկին հայտնվել է մայր Ռուսիայի սիրասուն գրկում: Ընդ որում, սա, թերևս, միակ դեպքն է, երբ նույնպես հաճելին համակցվել է օգտակարի հետ և մանևրի հնարավորություն ապահովել իշխանությունների համար` հակազդելու եվրոպական կառույցների իրապես կոնյունկտուրային ճնշումներին:
Ի դեպ, Ռուսաստանը, որի գրկում այս անգամ «հայտնվել» ենք, նույնպես փոքր-ինչ այլ է: Ձևակերպենք «по-гималайски»` պատկերավոր. Ռուսաստանը գնալով դառնում է առավել «մեդվեդևյան». Դմիտրի Մեդվեդևին նկատի ունենք, որն օրեր շարունակվող գազային թնջուկը Տիմոշենկոյի «հետ» լուծելով, փաստորեն, ժեստ արեց Օբամային` վերջինիս երդմնակալության նախօրյակի առիթով:
Իսկ դա ակնհայտորեն Պուտինի սրտով չէր, և վերջինս չերկնչեց ի ցույց աշխարհի` ուշանալ գազի խնդրին նվիրված մոսկովյան գագաթաժողով-խորհրդակցությունից և բոլորին սպասեցնել տվեց, հասկացնելու` «who is who»:
Իսկ սա արդեն դիվանագիտական նոնսենս է: Բայց և միևնույն ժամանակ` հետախույզ Վլադիմիր Վլադիմիրովիչի սիրած «տրյուկներից»: Վլադիմիր Պուտինը ժամանակին չերկնչեց անգամ տիկնոջը` «երկաթյա լեդի» Քոնդոլիզա Ռայսին և Պենտագոնի «շեֆ» Ռոբերտ Գեյթսին 40 րոպե սպասեցնել իր ընդունարանում, որպեսզի վերջիններս հասկանան, թե որտեղ են ձմեռում «վլադիմիրյան» խեցգետինները:
Նույն ձեռագիրն էր:
Բայց դա չխանգարեց նոր մտածողության կրող, աշխարհի կողմից ընդունված Դմիտրի Մեդվեդևին` կնքել համապատասխան գազային համաձայնագիրը Յուլյա Տիմոշենկոյի հետ և հնարավորություն տալ, որ աշխարհի, ծերուկ Եվրոպայի համակ ուշադրությունը սևեռվի մեկ այլ երիտասարդ Բարաքի` խիստ նրբագեղ ու ամերիկյան արտիստության բոլոր նրբերանգներով հագեցած իսկապես հետաքրքիր ինագուրացիոն արարողակարգի վրա:
Այլ խոսքով. «մեդվեդևյան» Ռուսաստանը ձգվում է դեպ աշխարհ, դեպ Եվրոպա: Եվ ձգվելով դեպ նման Ռուսաստան, մենք ակամա հեռանում ենք պուտինյան Ռուսաստանից` բոլոր հետևանքներով հանդերձ, ինչի մեջ իսկապես մի լավ բան կա:
Այժմ մի սիրասուն հայացք էլ նետենք Պուտին-Մեդվեդև տարընթերցումներին. հիշենք, թե ինչպես էր ամռանը Մեդվեդևը զայրացած բացականչել. «Перестаньте тормозить бизнес»` նկատի ունենալով վարչապետ Պուտինին: Օրերս Մեդվեդևը կրկին խստորեն քննադատեց Պուտինի կառավարությանը` հակաճգնաժամային միջոցառումներն ընդամենը 30 տոկոսով իրականացնելու համար:
Դիտարժան է:
Վերադառնանք հայաստանյան դիտարժանության «առանձնահատկություններին»:
Այսպիսով, պարզվում է` իշխանական տանդեմում տեղի ունեցող բոլոր «շարժերը» չէ, որ Սերժ Սարգսյանի սրտովն են: Ըստ «ականատեսների»` վերջինիս համբերության բաժակը լցվել է: Եվ տարվա նախաշեմին գործի է անցել` այլևս չցանկանալով հանդուրժել Արմեն Գևորգյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան անհասկանալի խաղի կանոնները, որովհետև Քոչարյան Ռոբերտի կնքահայրությամբ այդ խաղը` իշխանական «մերձակայքում» իրավիճակն այլևս անվերահսկելի էր դարձնում մի շարք առումներով:
Ըստ քաջատեղյակների, Սերժ Սարգսյանին ապշեցրել է Հովիկ Աբրահամյանի և «հարակիցների» ամբիցիաների սանդղակը, որոնց մինչ այդ լրջությամբ չէր վերաբերվել: Սակայն մի շարք իրադարձություններ և հատկապես ԲՀԿ-ի` կառավարության ներկայացրած հարկային փաթեթին դեմ քվեարկելը, ինչպես նաև «Ֆորում» ռեստորանում Հովիկ Աբրահամյանի հետ իրականացրած ԲՀԿ բոյկոտը, Ռուսաստան-Չինաստան-Բելառուս «օսում» կայացրած քաղաքական «վոյաժները», ղարաբաղյան հիմնախնդրի քննարկմանը ԲՀԿ-ի բացակայությունը, վարչապետափոխության «զրույցները», ի վերջո, Սերժ Սարգսյանի կոկորդին են հասել, և վերջինս «զգացել» է «հարկավորների» հետ ծուռ նստել-շիտակ խոսելու պահանջ:
Իսկ թե առավել ստույգ, ապա, ըստ իրազեկ աղբյուրների, շատ զայրացած Սերժ Սարգսյանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում իրավիճակը հսկողությունից դուրս չթողնելու համար և, որպես առաջին քայլ, «զրուցել» է ԲՀԿ առաջնորդի հետ:
Հաջորդաբար, նա հասկացրել է բոլորին. որևէ մտադրություն չունի պառլամենտը ցրելու, վարչապետ փոխելու, և որ ցանկացած ներիշխանական բարձրաձայնում, ինտրիգ, անկախ նրանից` դա վարչապետի նկատմամբ է, թե ոչ, ինքն այլևս ընկալում է որպես իր դեմ կատարված «ոտնձգություն»:
Շարունակությունում էլ, փաստորեն, փորձ է արվում հստակեցնել քաղաքական դաշտը, բրգացնել այն. Վահան Բաբայանի միացումը ՄԻԱԿ-ին այդ կոմպոնենտներում հաջորդականն է:
Հիշենք, որ մինչ այժմ Ս. Սարգսյանը որդեգրել էր բնական էվոլյուցիայի ուղին. ասել է` հնարավորություն տալ «մերձակայքի» ամբիցիոներներին` թուլանալ ու հաճույք ստանալ որքան իրենց ներուժը բավարարում է, որքան կարող են և ի վիճակի են, ինչն անվրեպ աշխատեց Հովիկ Աբրահամյանի և նրա «նամակ-նամակ` նամակ էլ գրեցի» ամբիցիոներական ոդիսականում:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան «երկխոսությանը», ապա նախորդ չորեքշաբթի տեղի ունեցած հանդիպմանը պարոն Ծառուկյանը հիմնովին ժխտել է վարչապետ դառնալու իր ակնկալիքները: Ժխտել` ընդդիմության շարքերն անցնելու հնարավորությունը, միևնույն ժամանակ բացառել կոալիցիայից դուրս գալու հեռանկարը, ասել, որ հարկային փաթեթին դեմ քվեարկելու մեկ փաստը երբեք չի նշանակում, որ իրենք իշխանության հետ չեն, և որ նման բան չկա, որովհետև չկա, որովհետև չի կարող լինել... և այդպես շարունակ:
-Բա որ էդպես է, էս ամենն ի՞նչ է նշանակում, Գագո: ՈՒրեմն կգնաս ու էդ ամենի մասին կհայտարարես: Բոլորին,- հանձնարարել է Սերժ Ազատիչը` վստահ լինելով, որ հանդիպման ենթատեքստը նույնպես հասկանալի դարձած կլինի կոալիցիոն գործընկերոջ համար. քիչ խաղեր տալ, մանավանդ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, «չուտել մարդու միս, խմել այծի կաթ», չզբաղվել-չխցկվել գեոպոլիտիկ դաշտեր, չհայտնվել ոչ անհրաժեշտ «օսերում», ուր «պետությունը» սեփական խաղն է առաջ տանում:
Մի խոսքով, երկար «փիքր» անելուց հետո ԲՀԿ-ն գտել է երգով նահանջի ձևը: «Ստեղծել» է սեփական առաջնորդի մամլո ինստիտուտ ու շրջանավարտ տվել` մամլո խոսնակի «պրեզենտացիոն» ասուլիսի տեսքով: Ինչը նույնպես նոնսենս է, որովհետև որևէ այլ կուսակցություն հայ նորանկախ պատմության մեջ չի ունեցել մեկ «հատ» կուսակցության մամլո խոսնակ (որի բան ու գործը կարծես տարբեր գերատեսչություններին «լրագրողների վրա» նամակ գրելն է. ակա՜նջդ կանչի, Հովիկ Արգամիչ), մեկ «հատ»` չհաստատագրված-ստվերային «խոսնակ» (գցեց ձորը), և վերջապես` անձնական, կուսակցության առաջնորդի մամլո խոսնակ:
Բոլոր դեպքերում, և փաստորեն, ԲՀԿ-ն ևս կարողացել էր հաճելին համակցել օգտակարի հետ: ՈՒ «խոսնակն» իր պրեզենտացիոն ասուլիսում խոսնակվեց խիստ պարտաճանաչ, խիստ գրագետ (ակա՜նջդ կանչի, Արգամիչ), ու տեղը տեղին ասաց. մի՛ ասեք` ԲՀԿ-ն ընդդիմություն է, չի կարող նման բան լինել. մեկ անգամ կառավարության փաթեթին դեմ քվեարկելը չի նշանակում, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է, մի՛ ասեք` Գ. Ծառուկյանը վարչապետ է, չի դառնա նա վարչապետ, որ «դառնա», նախօրոք կասի, մի՛ ասեք...
Էսպիսի բաներ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3527

Մեկնաբանություններ