Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ»` ՓՈՐՁՎԱԾ և ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԻՔ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ»` ՓՈՐՁՎԱԾ և ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԻՔ
31.05.2011 | 00:00


Կարող է թվալ, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ապահովված է կամ, համենայն դեպս, ավարտվել է այդ գործընթացի, այսպես կոչված, կառուցողական մասը։ Հնարավոր է, ավարտվել է բանակցությունների ակտիվ փուլը, բայց գործընթացը դեռ չի էլ սկսվել, որ այդքան շուտ ավարտվի։ Պետք է հասկանալ, որ «հայկական հարցը» ոչ միայն աշխատանքային «գործիքակազմ» է միջազգային քաղաքականության մեջ, այլև աշխարհաքաղաքական գործոն` տարածաշրջանային քաղաքականության բարդ կառուցվածքում, իսկ աշխարհաքաղաքական գործոններն արագահաս հեռանկարում վերացողներից չեն։ Ոչ մի կասկած չկա, որ 2009-ին տեղի են ունեցել միջազգային ընկերակցության հետ բավականին լարված հարաբերությունների մեջ Թուրքիային ներգրավելու սցենարի առաջին մասի իրադարձությունները, որի նպատակը նրա քաղաքական ու տնտեսական նվաճողական նկրտումների զսպումն է։ Այդ գործընթացի էական ու շոշափելի արդյունքներից մեկը եղավ այն, թե ինչ հետևություն է արել հայ հասարակությունն այդ իրադարձություններից։ Ցավոք, այդ հետևությունները ոչ մի կերպ չի կարելի համարել քաղաքականապես հավասարակշիռ ու բովանդակալից։ Այդ գործընթացը Հայաստանում ընկալվել է որպես Թուրքիայի և Հայաստանի անմիջական փոխհարաբերություն և ոչ ամենևին արտաքին քաղնախագծողների առաջարկած սցենար։ Իհարկե, արտաքին ուժերի դերակատարությունը միշտ հիշատակվել ու նշվել է հայաստանյան ներքին բանավեճերում, սակայն խնդիրը եղել և մնում է այն, որ բնավ պարզորոշ ու հասկանալի չեն այդ սցենարի նախաձեռնողների իրական նպատակները։ Արևմտյան ուժի կենտրոնների շահերը հայկական բանավեճերի ձևաչափում երրորդական կարգի խնդրի են վերածվել կամ էլ բավականին ժամանակավրեպ պատկերացումների, նախ և առաջ` Թուրքիայի միջոցով Հայաստանը Ռուսաստանից կտրելու արևմտյան տերությունների ձգտման, ինչը պարզապես կարճամտություն է կամ էլ երկրորդական նպատակների թվին է պատկանում։ Փորձենք ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտված (ֆուտբոլային) փուլի առավել ցայտուն արդյունքները։
«Հայկական հարցը» թուրքական քաղաքական ասպարեզում դուրս է եկել «ընդհատակից» և մտել հրապարակային քննարկումների փուլ, փաստորեն, ամբողջ թուրքական հասարակության կողմից։ Այդ խնդիրը Թուրքիայում օրախնդիր քաղաքական բանավեճի առարկա է դարձել, որին ավելի քան ակտիվորեն մասնակցում են առաջատար քաղաքական կուսակցություններն ու խմբավորումները` այդ հանգամանքն օգտագործելով քաղաքական պայքարում։ Քաղաքական շատ ղեկավարներ և կուսակցություններ հասկանում են, որ այդ բանավեճի բացակայությունը կարող է հանգեցնել հարցի սրմանը, ինչը կվնասի թուրք պետականության կայունությանը։ Բայց ավելի շատ այդ բանավեճն օգտագործվում է իշխանության համար մղվող պայքարում։ Այն նոր-նոր է սկսվել, և բավականին բարդ է կանխատեսել, թե ապագայում ինչպես կզարգանա, թեպետ միանգամայն պարզ է, որ թուրք հասարակության մեջ կարող է հետաքրքրություն առաջանալ բանավեճի ծավալման նկատմամբ` ոչ միայն իշխանության համար պայքարի շարժառիթներով։
Այդ գործընթացի հետևանքով Թուրքիայի և Հայաստանի համեմատաբար «կայուն» և կանխատեսելի հարաբերությունները դարձան շատ ավելի լարված, ինչն անդրադարձավ նաև Հարավային Կովկասի իրադրության վրա։ Հայաստանի հասցեին Թուրքիայի սպառնալիքներն աճեցին ու ավելի առարկայական դարձան, առաջացավ նոր իրադրություն, որն արտացոլեց Թուրքիայի մեկուսացման ու շրջափակման նոր փուլը, հանգեցրեց այն բանին, որ նա կորցրեց Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման շատ հույսեր։ Թուրքիայի ջանքերը` ձևավորելու նոր, միջազգային ընկերակցության համար ընդունելի վարկանիշ, ինչը կառավարող վարչակազմի նպատակն ու գործունեության իմաստն էր, ձախողվեցին, և Թուրքիան բավականին ագրեսիվ պետության համբավ ձեռք բերեց։ «Հայկական գործոնը», չափավոր միջազգային քննարկման քսանամյակից հետո, բանավեճի թեմա դարձավ բազմաթիվ պետություններում, որոնք շահագրգռված են Թուրքիայի զսպմամբ, ուստի Անկարան պետք է նոր ու տևական ջանքեր գործադրի այդ աննպաստ նկարագիրը հաղթահարելու համար, ինչը հույսեր կներշնչի որոշ դիրքեր ձեռք բերելու եվրաինտեգրման գործընթացում։
Չնայած Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններին հավատարիմ մնալու թուրք քաղգործիչների բազմաթիվ հավաստիացումներին, այդ երկու երկրների հարաբերություններում ստեղծվել է շահերի տարբերության ցուցադրման նախադեպ։ Թուրքիան Ադրբեջանի շահերին վերաբերվել է որպես «մնացորդային» խնդրի, և Բաքվում հիանալի են հասկացել այն սահմանները, որոնց շրջանակներում պաշտոնական Անկարան պատրաստ է պաշտպանելու Ադրբեջանի շահերը։ ՈՒշադրության առնելով այդ ժողովուրդների որոշակի առանձնահատկությունները, նրանց հիշողությունը կպահպանի այդ նախադեպը։ Պետք է նշել, որ Բաքվում ևս պատշաճ վրդովմունք չեն արտահայտել և դիմադրություն չեն ցուցաբերել Թուրքիայի քաղաքական ուժերին, նրա ներկա ղեկավարները պատրաստակամություն չեն դրսևորել անտեսելու իրենց մերձավոր դաշնակցին։ Հասկանալի է նաև այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի հետ շաղկապելն ընդհանուր ոչինչ չունի Ադրբեջանի իրական շահերի հետ, այլ սոսկ վերապահություն է ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների հետ Անկարայի երկխոսությունում, որոնցից թուրքերն ակնկալում են ճնշման և վերահսկողության «հայկական գործոնից» հրաժարման հավաստիացումներ։ Այս իրադարձությունների պայմաններում Ադրբեջանն աշխատում է որոշակի համաձայնության գալ Ռուսաստանի հետ, ինչը նշանակում է ոչ միայն ամերիկացիների ու եվրոպացիների, այլև թուրքերի նկատմամբ անվստահության ուժեղացում։ Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքը Թուրքիայից Ադրբեջանի որոշակի հեռացումն է, իսկ թե որքան կտևի այդ վիճակը, ինչ բնույթ կկրեն ադրբեջանա-թուրքական հարաբերություններն առաջիկայում, դժվար է ասել։
Հայ-թուրքական հարաբերություններում լարվածության մեծացումը, չնայած Ռուսաստանի հետ Հայաստանի ավելի սերտ «կապվածության» վերաբերյալ որոշ ստանդարտ ենթադրություններին, կհանգեցնի այլ և ավելի կարևոր արդյունքի. Ռուսաստանը պարտավորված կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնելու Հարավային Կովկասում իր միակ դաշնակցի անվտանգությանը, և դա, այսպես թե այնպես, լարվածություն կառաջացնի թուրք-ռուսական հարաբերություններում։ Թուրքիան և Ռուսաստանը մշտապես ցուցադրում են համագործակցության փոխադարձ ձգտում, և անգամ խոսվում է ռազմավարական բնույթի ինչ-որ համագործակցության մասին, բայց իրականում երկու երկրներն էլ մեծ զգուշավորությամբ են վերաբերվում միմյանց։ Մոսկվան շարունակում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը համարել սպառնալից ու վտանգավոր, իսկ Անկարան զգուշանում է եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի որոշակի համերաշխությունից` կապված թուրքական նվաճողական նկրտումների զսպման հետ։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ Կովկասում իր ազդեցության ուժեղացման պլանների ձախողման համար Թուրքիան կմեղադրի ոչ թե Արևմուտքին, այլ հենց Ռուսաստանին, թեև դրա հիմքերը բացահայտորեն անբավարար են։ Որքան էլ տարօրինակ լինի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման, անկախ այն բանից, թե ում նախաձեռնությամբ և ում սցենարով է տեղի ունեցել այդ բարելավումը։ Իսկ գործընթացի ձախողումը, այսպես թե այնպես, կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմանը։
Թուրքիայի նվաճողական նկրտումների ուղղություններից մեկն էլ Մերձավոր Արևելքն է, և Անկարան տարբեր լծակներով փորձում է ճնշում գործադրել արաբական պետությունների վրա, նպատակ ունենալով իր ազդեցությունը հաստատելու տարածաշրջանում։ Բացի Իրաքից, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ջանքերի մյուս կարևոր ուղղությունը իսրայելա-սիրական հարաբերությունների կարգավորումն է։ Սիրիայի հանգամանքն ավելի ու ավելի դժվար կառավարելի է դառնում, ուստի այդ սցենարի ձախողման հիմնավորման լավագույն միջոցը Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության խաղարկումն է։ Հայկական թեման տվյալ դեպքում նշանակալի դեր է խաղում Թուրքիայի վարքագծի կառավարման գործում, բացի այդ վախ ունեն, որ Թուրքիան ավելի կհեռանա Իսրայելից։ ՈՒստի Վաշինգտոնում խաղարկվում է այնպիսի իրադրություն, որ Իսրայելի բարեկամները Թուրքիայի վրա ճնշման նոր լծակներ են ստանում` Կոնգրեսում և առհասարակ ամերիկյան հանրության շրջանում հայկական թեմայի քննարկման շնորհիվ։ Իսրայելը չի կարող չհասկանալ, որ Թուրքիան Մերձավոր Արևելք է գալիս ամենևին էլ ոչ այն բանի համար, որ օգնի Թել Ավիվին իրականացնելու իր մտադրությունները։ Բայց միաժամանակ Թուրքիան Իսրայելին պետք է մեծ մասամբ գործնական ուղղություններում, ուստի փորձում է նրան որոշակի հեռավորության վրա պահել իրենից ու Մերձավոր Արևելքից։ Հրեական շրջանակները ոչ մի կերպ չեն կարողանում ներգործել Եվրոպային Թուրքիայի ինտեգրման ձևաչափի վրա, որպեսզի կարողանան երկխոսություն վարել նրա հետ, մինչդեռ հայկական թեման ավելի քան բարենպաստ է բազմաբարդ քաղաքականություն կառուցելու հարցում։ Այժմ Իսրայելի առջև նոր խնդիրներ են ծառացել, որոնք, թերևս, և ավելի բարդ են, քան երբևէ։ «Հայկական գործոնը» չի կարող անտեսվել ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Մերձավոր Արևելքի մեկ այլ երկրի կողմից։ Ընդ որում, ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերություններն այնքան անամպ չեն, որքան կարող է թվալ, և այդ իրավիճակը խիստ հարմար է թվում ավագ գործընկերոջ կողմից Իսրայելի վարքագծի սրբագրման համար։
Ստեղծված իրավիճակը, այսպես թե այնպես, հանգեցրել է Թուրքիայի ավելի լուրջ մեկուսացմանն ու շրջափակմանը, նախ և առաջ Արևմտյան ընկերակցության կողմից, ինչը զուգահեռաբար կհանգեցնի ոչ թե Մերձավոր և Միջին Արևելքի առաջատար պետությունների հետ Թուրքիայի մերձեցմանը, այլ այն բանին, որ այդ պետություններն ավելի նախընտրելի դիրքեր կստանան նրա հետ հարաբերություններում։ Խոսքը, առաջին հերթին, Իրանի մասին է, որը երբեք Թուրքիան չի համարել ու չի համարի հուսալի գործընկեր, այլ միայն տարածաշրջանային առաջատար մրցակից։ Դրան գումարվում են նաև ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության փաստացի գործոնն ու նրա տարածքում ԱՄՆ-ի առանցքային ռազմաբազաների առկայությունը։ Իրանը միշտ խանդով է վերաբերվել Արևմտյան ընկերակցության հետ Թուրքիայի հարաբերություններին և հիմա թաքուն հրճվում է այդ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ։ Թեհրանին անհանգստություն են պատճառում, անշուշտ, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի պետությունների հետ Թուրքիայի ներկա հարաբերությունները և վերջինիս ազդեցության աճն այդ տարածաշրջաններում։ Այնուամենայնիվ, Թուրքիայի մեկուսացմամբ և արտաքին կախման մեծացմամբ պակաս շահագրգռված չէ նաև Ռուսաստանը, որը ձգտում է հումքային, էներգետիկ և շուկայական կախվածության պայմաններ ստեղծել Թուրքիայի համար, երբ վերջինս ավելի սերտորեն կինտեգրվի եվրասիական իրողություններին։
Այդ ամենով հանդերձ, առավել կարևոր հանգամանքը, որը «նոր շունչ» է ստանում «հայկական գործոնի» ծավալման պայմաններում, ԱՄՆ-ի եվրոպական քաղաքականությունն է։ Ինչպես հայտնի է, երկար ժամանակ ԱՄՆ-ն ու Եվրոպան որոշ առճակատման մեջ էին Եվրամիության մեջ Թուրքիայի տեղի ու դերի շուրջ բանավեճի պատճառով։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, վարում էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շահարկման քաղաքականություն, ինչը մշտապես և բավականին արդյունավետ օգտագործվել է Եվրոպայի, առաջին հերթին, նրա առաջատար պետությունների վրա ազդեցության և ճնշման նպատակով։ Սակայն ամերիկյան վերլուծական ընկերակցության կենտրոնակայանում ժամանակի ընթացքում հասկացան, որ պետք է վերջ տալ այդ սցենարին, ինչը հաջողությամբ կատարել է իր խնդիրը և սպառել իրեն որպես արտքաղաքական տեխնոլոգիական հնարք։ Դեռևս Բուշի կառավարման շրջանում, երբ ամերիկացիները ցուցադրաբար անտեսում էին Թուրքիային, վերջինիս Եվրամիություն խցկելու քաղաքականությունը դադարեցնելու գաղափարը սկսեց ավելի ու ավելի ընդունվել Վաշինգտոնում։ Բայց Բուշի վարչակազմը բավականաչափ պատրաստ չէր սկզբունքային փոփոխություններ կատարելու արտքաղաքական այդ ուղղությունում։ Թուրքիային ԵՄ ընդունելու անհրաժեշտության մասին Բարաք Օբամայի կիսատ-պռատ, զուտ քարոզչական հայտարարություններից հետո (2009 թ. ապրիլ) Սպիտակ տանը վերջնականորեն հանգեցին այն հետևությանը, որ ամերիկացիներն ու եվրոպացիները պետք է միաբանված գործողություններով շրջափակեն Թուրքիան և համատեղ վարեն նրա զսպման քաղաքականություն։ Ներկայումս ոչ մի կասկած չկա, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդիրը լիովին բացառված է ամերիկյան քաղաքականության «գործիքակազմից»։ Այս կապակցությամբ կարելի է խոսել ամերիկացիների ու եվրոպացիների միջև նյութված «լռության դավի» մասին, որի համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր գործոնները, առաջին հերթին` «հայկական գործոնը»։ Եվրոպական քաղաքականության համար «հայկական գործոնը» փորձված ու հուսալի «գործիքակազմ» է, որը միշտ օգտագործվել է անվրեպ։ Սակայն ներկա միջազգային պայմաններում պարզվում է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունն ի վիճակի չեն բավականաչափ արդյունավետորեն և հավուր պատշաճի օգտվելու «հայկական գործոնից»։ Կասկած չկա, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հայկական թեման կծավալեն ամենաանհավանական ձևով, ուստի Հայաստանը պարտավոր է լինել ավելի ուշադիր և զգույշ, քանի որ արևմտյան ուժի երկու կենտրոններից և ոչ մեկն անվտանգության ոչ մի երաշխիք չի տվել և չի խոստացել որոշակի տնտեսական կամ ռազմական օգնություն։
Այդուամենայնիվ, Հայաստանը կարող է Արևմտյան ընկերակցության որոշ աջակցություն ակնկալել, և արդեն որոշ, թեկուզ և սահմանափակ, օգնություն ստացել է։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն շահագրգռված չեն Հայաստանի տնտեսական և ռազմական թուլացմամբ, ինչը, իհարկե, կարտահայտվի ղարաբաղյան խնդրի առնչությամբ Արևմուտքի ավելի չափավոր վերաբերմունքով։ Մեր կարծիքով, չնայած Հայաստանի արտաքին քաղաքականության գործառական սահմանափակությանը, միջազգային իրադրության նպաստավոր զարգացման շնորհիվ կարելի է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի փաստական շրջափակման հույս ունենալ և անպայմանորեն օգտվել դրանից։
Ավարտելով` եզրահանգենք, որ համաշխարհային պատժիչ արշավի պարագլուխները խոր ճգնաժամի մեջ են, շփոթված են և չգիտեն իրենց անելիքը։ Եթե այս հանգամանքը հաշվի առնելով հայերն իրենց հողի վրա անսասան կանգնեն, ոչ ոք և ոչինչ չի կարող խլել մեզնից անգամ մի պտղունց հող։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ


Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ