Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եռուզեռ է: Կայացավ շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը, իսկ տղամարդկանց առաջնությունն ընթացքի մեջ է: Ի դեպ, նախատեսվում էր, որ երկու ստուգատեսներն էլ պետք է մեկնարկեն միաժամանակ, սակայն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հիվանդության պատճառով, տղամարդկանց մրցաշարը հետաձգվեց մեկ շաբաթով: Սա շախմատում աննախադեպ բան է:
Ինչ վերաբերում է կանանց առաջնությանը, ապա այն, ինչպես նախատեսված էր, սկսվեց 10 մասնակցով, բայց ավարտվեց 9 խաղացողով: Բանն այն է, որ գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը 4 տուրից հետո դուրս եկավ պայքարից: Շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոններով, եթե որևէ խաղացող մրցաշարի հանդիպումների 50 տոկոսից պակաս է անցկացրել, ապա նրա մասնակցությամբ բոլոր պարտիաների արդյունքները չեղյալ են հայտարարվում: Իսկ ամենից շատ տուժեց Մովսիսյանը, որը տանուլ էր տվել բոլոր 4 մրցամարտերը: Թերևս, գրոսմայստերի համար այս արդյունքն անսպասելի թվա, սակայն նա, երկրորդ տուրից սկսած, բարձր ջերմություն ուներ: Հայաստանի կանանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Սամվել Վարդանյանը հայտնեց, որ բժիշկը ծանոթացել է մարզուհու առողջական վիճակին, և 4-րդ տուրից հետո ձևակերպվել են բոլոր փաստաթղթերը, որ նա դուրս գա մրցաշարից: Ինչ վերաբերում է մարզասրահին, ապա այն ջեռուցվում է, ցուրտ չէ, ընդհակառակը` ջերմաստիճանը բարձր է: Այնպես որ, պայմանները չեն եղել մարզուհու հիվանդանալու պատճառը:
Ինչևէ, մյուս բոլոր առումներով շախմատի Հայաստանի այս տարվա առաջնությունը շատ չտարբերվեց նախորդ տարվա առաջնությունից: Բանն այն է, որ չէին մասնակցում մեր երկրի հավաքականի ակնհայտ առաջատարները` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը, որոշել էին խաղից դուրս մնալ նաև գրոսմայստերներ Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը: Կարելի է այդ շախմատիստուհիներին հասկանալ, քանի որ վարկանիշային առումով նրանք շատ ավելի բարձր գործակիցներ ունեն, քան մյուս մասնակիցները: Մասնավորապես, Դանիելյանի և Մկրտչյանի վարկանիշներն այնքան բարձր են Հայաստանի առաջնության մասնակիցների միջին վարկանիշից, որ պայքարի մեջ մտնելն անիմաստ է դառնում։ Այս չորս շախմատիստուհիներն իրենց տեղն ապահովել են Հայաստանի հավաքականում և չեն ցանկացել խանգարել այն թեկնածուներին, ովքեր պայքարելու էին հավաքականի մեկ թափուր տեղի համար: Փաստորեն, Հայաստանի չեմպիոնուհին համալրելու է նաև մեր երկրի հավաքականը: Ինչ էլ լինի, այդ շախմատիստուհիների բացակայությունը պատվաբեր չէ շախմատային երկիր համարվող Հայաստանի առաջնության համար: Այս մրցաշարը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգմամբ, առաջին կարգի էր: Համեմատության համար նշենք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ, 13-րդ կարգի է: Իսկ ուժեղագույն շախմատիստուհիների բացակայությունը հանգեցրել էր նրան, որ այս մրցաշարի համար սահմանված միջազգային կարգի վարպետի նորման շատ բարձր էր: Այն լրացնելու համար անհրաժեշտ էր 9 հնարավորից վաստակել 7 միավոր: Չեմպիոնուհին` Սիրանույշ Անդրիասյանը, 8 հնարավորից հավաքեց 6 միավոր: Եթե հաշվենք, որ նա նաև առավելության է հասել մրցաշարը լքած Նաիրա Մովսիսյանի նկատմամբ, ուրեմն ունի 7 միավոր: Փաստորեն, այդ վարկանիշը կարող էր լրացնել միայն չեմպիոնուհին: Ընդ որում, նա երկրորդ մրցանակակիր դարձած Անահիտ Խառատյանից առաջ անցավ 1,5 միավորով: Իրականում շախմատի Հայաստանի կանանց առաջնության մակարդակն այնքան ցածր է, որ իրատեսական չէր, թե մյուս մասնակիցներից որևէ մեկը կլրացնի միջազգային վարպետի նորման: Մինչդեռ, եթե մեր երկրի ուժեղագույնները մասնակցեին, ապա, միավորների պաշարի առնվազն 50 տոկոսը հավաքելով, մասնակիցներից ոմանք կարող էին միջազգային վարպետի նորման լրացնել:
Այնպես որ, կատարվածից անհրաժեշտ է հետևություններ անել: Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչներն առաջիկայում պետք է փորձեն այնպես անել, որ մեր երկրի կանանց առաջնությունն անցկացվի ուժեղագույն կազմով:
Տարօրինակ է նաև այն, որ մասնակիցներից միայն երկուսն էին Երևանից, իսկ մրցանակակիրների մեջ չկա մայրաքաղաքի ոչ մի ներկայացուցիչ: Մինչդեռ Հայաստանի մայրաքաղաքում կանանց շախմատի զարգացման համար ավելի լավ հնարավորություններ կան, քան մյուս քաղաքներում: Կարելի է ասել, որ, բացառությամբ Երևանի «Միկա» ակումբի, կանանց շախմատի զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանք չի կատարվում: Հիշեցնենք, որ այդ ակումբի ներկայացուցիչները 2010-ին մրցանակակիր դարձան Եվրոպայի գավաթի խաղարկության թիմային մրցումներում: Ինչպես նշեցինք, այդ թիմի ներկայացուցիչներ Դանիելյանը, Մկրտչյանը, Գալոյանը չէին խաղում այս առաջնությունում:
Փետրվարի 1-ին կայանալու է շախմատի Հայաստանի ֆեդերացիայի համաժողովը, մնում է սպասել, որ լուրջ խոսակցություն ծավալվի այն մասին, թե ինչն է խանգարում կանանց շախմատը Հայաստանում զարգացնելուն: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի այդ հանձնաժողովը գլխավորում է միջազգային վարպետ Էդվարդ Մնացականյանը, սակայն նա միայնակ իվիճակի չէ այդ խնդիրները կարգավորելու: Թերևս նոր ուժեր, ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ` ծառացած հարցերը կարգավորելու համար:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ