«Չեմ կարծում, որ Հայաստանն աշխարհի ամենավատ տնտեսությունն ունեցող երկիրն է, բայց տհաճ երևույթ է ամենավատերի շարքում հայտնվելը»,- «Ֆորբս» ամսագրի վերջին հրապարակման առնչությամբ երեկ «Իրատես de facto» ակումբում իր կարծիքը հայտնեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ` հընթացս հավելելով, որ այս գնահատականը կարող է պոտենցիալ ներդրողների վրա բացասաբար անդրադառնալ։ Կենտրոնական բանկի նախկին նախագահը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է դատի տան ամսագրին, եթե համոզված են, որ հիշյալ հրապարակումը քաղաքական ենթատեքստ ունի։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերին` բանախոսը նշեց, որ դրա հիմնական խոչընդոտն արտագաղթն է, երբ աշխատուժը լքում է երկիրը։ «Մեր տնտեսական զարգացումների համար առաջիկայում էլ որոշիչ է լինելու Ռուսաստանի տնտեսական վիճակը, դրանով են պայմանավորված մեր հայրենակիցների դրամական փոխանցումները»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը, միաժամանակ նկատելով, որ Հայաստանի տնտեսական ներքին համակարգն այնպիսին է, որ, անկախ միջազգային գներից, գնաճ պետք է լինի։ «Մի խումբ օլիգարխներ պետք է իրենց բավարար եկամուտները ստանան»,- փաստեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը` եզրահանգելով, որ ոչ թե տնտեսություն վարողներն են վատը, այլ առկա համակարգը։ Ինչ վերաբերում է ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությանը, տնտեսագետը վստահեցրեց. «Ճգնաժամ չի լինի, մոռացեք։ Զարգացած երկրներում կարող են լինել ճգնաժամի հետևանքների դրսևորումներ»։
Տնտեսությունից անցնելով քաղաքականությանը` Բագրատ Ասատրյանը նախ շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի հաստատած «խաղ չկա» սկզբունքից այսօրվա իշխանությունները ձերբազատվում են, նրանց մեջ պատասխանատվության «էլեմենտ» է նշմարվում։ Ակումբի հյուրը կարծում է, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության ընթացքում կքննարկվեն նաև տնտեսական թեմաներ։ «Ինքն անձամբ պատրա՞ստ է իշխանությունների հետ աշխատելու տնտեսական համակարգը բարելավելու ուղղությամբ» հարցին ի պատասխան նա նշեց. «Կառավարությունում կան նաև լավ մարդիկ, ովքեր, մեր մեջ ասած, նաև մեր ժամանակ են աճել ու ինչ-ինչ մակարդակի հասել։ Մարդիկ, որոնց մասին այսօր էլ բարձր կարծիք ունեմ, բայց համակարգը հնարավորություն չի տալիս, որ նրանք իրենց կարողությունները դրսևորեն։ Կառավարության 90 տոկոսը նորմալ մարդիկ են։ Ինչ վերաբերում է աշխատել-չաշխատելուն, ասեմ, որ հիմա դա ենք անում»։ «Հնարավո՞ր է, որ իշխանական համակարգը ՀԱԿ-ին կլանի, ու կոնգրեսն իշխանության մաս դառնա» հարցին էլ տնտեսագետը հակադարձեց. «Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում։ Լավագույնը դա կլինի։ Ընդդիմությունը բանակ չէ, որ գալիս է բախվելու։ Իրական զարգացումն այդպես էլ պետք է լինի»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ