Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ Է

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ Է
31.05.2011 | 00:00

Եթե զերծ մնանք համաներումը քաղաքական նպատակների ու շահերի տիրույթում դիտարկելուց, ակնհայտ կդառնա, որ սա մարդասիրական լուրջ քայլ է: Համաներման արդյունքում ազատ կարձակվի 500-550 մարդ, այդքան ընտանիքներում մայիսյան այս օրերին ուրախություն կթևածի: Ոչ մի քաղաքական շահ չի կարող համեմատվել դժվարին սպասումներից հետո իրենց հարազատին նորից տանը տեսնելու երջանկության հետ: Այդ օրվան սրտի թրթիռով բոլորն էին սպասում` կհամաներվի՞ արդյոք իրենց հարազատը, բարեկամը, ընկերը կամ պարզապես ծանոթը: Ջերմ գրկախառնությունները, երջանկացած աչքերը, մանկանց ծիծաղը միախառնվել են, ու գարնանային օդը հագեցած է կարոտի շնչով: Եվ մարդկային գործոնն այս ամենում ամենակարևորն է: Վանատուրը վերագտավ իր Սասունին, «Հայկական ժամանակը»` Նիկոլին, հարյուրավոր ընտանիքներ` իրենց որդուն, ամուսնուն, հորը:
Մայիսյան հաղթանակներն ու համաներումը 2011-ի գարնանը գեղեցիկ ավարտ ապահովեցին, որը, որպես պատմական շրջադարձային իրադարձություն, դեռ երկար է հիշվելու: Լինելով երկրի համար ուղենշային քայլ, այն հավանության արժանացավ ոչ միայն ներհայաստանյան շրջանակներում, այլև երկրի սահմաններից դուրս: Մինչ տարածաշրջանում «խառնակ» ժամանակներ են` Վրաստանում Նինո Բուրջանաձեն է «անհաշտ» պայքարի մեջ, ադրբեջանական ըմբոստություններն են «բարուրի մեջ» խեղդվում, Հայաստանում համերաշխություն է. ընդդիմություն-իշխանություն տանդեմում լուծվում են հարցեր, կառուցողական երկխոսություն է ծավալվում, համաներվում են մարդիկ: 20-ամյա նորանկախ երրորդ հանրապետությունը, սրբագրելով նախկին սխալները, այսօր առաջընթացի իր ճանապարհն է հարթում: Շարքային քաղաքացու իրավունքները վերարժևորելու նոր ժամանակներ ենք ապրում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ