Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

ՉՀԱՎԱԿՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ «ԴԻՐԻԺՈՐԻ» ԴԵՐԻՆ

ՉՀԱՎԱԿՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ «ԴԻՐԻԺՈՐԻ» ԴԵՐԻՆ
12.11.2010 | 00:00

Եվրասիայի կենտրոնական տարածաշրջաններ Չինաստանի աշխարհատնտեսական ներթափանցման հաջողությունները տպավորիչ են և հետզհետե ավելի շատ են արժանանում ողջ աշխարհի ուշադրությանը։ Մինչ Կենտրոնական Ասիայում իրենց ազդեցությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի փորձերը միշտ չէ, որ հասնում են հաջող ավարտի, բախվում են բազմաթիվ խոչընդոտների և տնտեսական ու քաղաքական բնույթի սահմնափակումների, Չինաստանն ի ցույց աշխարհի հաջողություն է արձանագրում նավթի ու գազի փոխադրման առավել կարևոր ու էական նախագծերում, գունավոր և սև մետաղների, այլ հումքի օգտագործման բնագավառում, չխոսելով արդեն իր ապրանքներով սպառողական շուկաները համատարած հեղեղելու մասին։ Ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մյուս պետությունների, որոնք Կենտրոնական Ասիայում ներկայացված են հիմնականում մասնավոր ընկերություններով, չինական ընկերությունները պետական բնույթ են կրում՝ կառավարման, որոշումներ կայացնելու, նպատակների ու խնդիրների ըմբռնման նկատմամբ համապատասխան մոտեցումներով, մասնավոր ու համապարփակ շահութաբերության մասին պատկերացումներով, հաշվի առնելով առավել հեռավոր հեռանկարները։ Կենտրոնական Ասիայի հումքային և էներգետիկ բնապաշարները Չինաստանի համար մեծապես այլընտրական չեն փոխադրման մատչելիության, տնտեսական արդյունավետության, կապիտալի համեմատաբար ցածր տարողունակության, մանևրումն օգտագործելու, զանազան հաղորդակցությունների և հումքի ու էներգիայի աղբյուրների համալիր օգտագործման իմաստով։ Չինաստանը ցույց տվեց, որ կարիք չունի զգուշանալու մրցակիցներից, և կազմակերպական փայլուն աշխատանք իրականացրեց Ղազախստանից` նավթի և ՈՒզբեկստանից ու Թուրքմենստանից` գազի փոխադրումն արդյունավետ կազմակերպելու գործում։ Դրանք էներգապաշարների քիչ ծավալներ չեն, բայց դա միայն սկիզբն է Չինաստանի մարաթոնյան վազքի։ Միանգամայն թույլատրելի է մտածել, որ 10-15 տարի անց Կենտրոնական Ասիան կմատակարարի Չինաստանի կողմից սպառվող նավթի ու գազի կեսը։ Չինաստանը նոր է միայն ձեռնամուխ եղել ներթափանցելու աշխարհաշրջան՝ գունավոր ու սև մետալուրգիայի ոլորտ, ընդգրկելով, ըստ էության, տարածաշրջանի բոլոր պետությունները, այդ թվում և` Աֆղանստանը։
Չինաստանը չի ձգտում ցայտուն արտահայտելու իր աշխարհաքաղաքական հավակնությունները Կենտրոնական Եվրասիայում, բայց բավականաչափ հետևողականորեն է կառուցում իր դիրքերը՝ չհավակնելով քաղաքական գործընթացի «դիրիժորի» դերին։ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ համատեղ ձևավորելով ՇՀԿ միությունը, Չինաստանն ապահովեց աշխարհաշրջանում իր քաղաքական ու տնտեսական ներկայության «օրինականությունը»։ Առավել բնորոշ դարձավ այն, որ Չինաստանն ուրույն ձևով է զուգակցում իր աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, փորձելով իրականացնել իրենց հավակնությունները Կենտրոնական Ասիայում, փաստորեն, անվտանգության պայմաններ են ապահովում տնտեսական ոլորտում գլխավոր դերակատարի՝ Չինաստանի գործունեության համար։ Անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի այդ «սպասարկումը», որից օգտվում է Չինաստանը, դարձել է վերջինիս կողմից իր նախագծերի հաջող առաջմղման կարևոր պայմանը։ ՇՀԿ-ի մեջ ներքաշված Ռուսաստանը չի կարող որևէ պահանջ ներկայացնել Չինաստանի ներթափանցման մասով, իսկ ԱՄՆ-ը առհասարակ պատճառներ չունի համանման հավակնությունների համար։ Չինաստանը բավականաչափ ազատ է գործում՝ չկորցնելով ոչ ժամանակ, ոչ էլ ռեսուրսներ քաղաքականության ոլորտում մրցակցելու համար։ Իհարկե, ԱՄՆ-ը չի կարող անտարբեր հետևել Չինաստանի ներթափանցմանը՝ հետզհետե ավելի շատ դիրքեր կորցնելով աշխարհաշրջանում։ Փաստորեն, թաղվելով աֆղանական աղետի, ինչպես նաև Պակիստանում հասունացող ոչ պակաս ահավոր աղետի մեջ, ԱՄՆ-ը մի բան էլ ավելի է վճարում ուժերի անվտանգության և ուժերի հավասարակշռության համար, ինչը ձեռնտու է Չինաստանին։ Ամերիկացիների կողմից օդային ռազմահանգրվանների ստեղծումը՝ Կենտրոնական Ասիայում հետախուզական հզոր հնարավորություններով հանդերձ, այդպես էլ չհանգեցրեց Չինաստանի ներթափանցման գեթ ինչ-որ իրական սահմանափակումների։ Չինացիներն առաջ են տանում իրենց ծրագրերը՝ քիչ ուշադրություն դարձնելով այն խոչընդոտներին, որոնք հուսահատ փորձում են նրանց համար ստեղծել ամերիկացիները։ Չնայած աշխարհաշրջանի բնապաշարներն օգտագործելու առնչությամբ ծավալված լայն բանավեճին և այն քաղաքական խնդիրներին, որոնք ամերիկացիները շարունակում են ահա երկու տասնամյակ, ԱՄՆ-ն այդպես էլ Չինաստանի համար իրական մրցակից չդարձավ բնապաշարների օգտագործման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում քաղաքական ազդեցության ոլորտում։ Քննարկելով ամերիկյան դիրքերը, իսկ ավելի ճիշտ` ամերիկա-բրիտանական դիրքերն առավել ընդարձակ աշխարհաշրջանում, որը ներառում է Սև ծովը, Կովկասը, Կասպիականը, Կենտրոնական Ասիան, անշուշտ, առաջատարը ԱՄՆ-ն է, և այդ համապատկերի վրա Չինաստանը նոր միայն սկսում է աշխարհատնտեսական ներթափանցումը։ Դրա հետ մեկտեղ երկու առաջատար նավթամուղներ՝ Թենգիզ-Նովոռոսիյսկը և Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, ինչպես նաև որոշ այլ էներգահաղորդակցություններ, կորցրել են իրենց քաղաքական բովանդակությունը, ինչը կապված է դրանց նկատմամբ ԱՄՆ-ի պատշաճ վերահսկողության բացակայության և Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունների հետ, որը փորձում է դուրս պրծնել ԱՄՆ-ի վերահսկողությունից։ Այս իմաստով Կովկաս-կասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերը նկատելիորեն թուլացել են, ինչի մասին առայժմ ընդունված չէ դատողություններ անել։ Չինացիները չհասցրին և չէին էլ կարող հասցնել օգտագործելու արևմտյան կասպիամերձ շրջանի նավթի ու գազի աղբյուրները, բայց հեռանկարի նկատառումով այստեղ էլ են հնարավոր փոփոխություններ ու շտկումներ՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը կորցնում է հետաքրքրությունը էներգապաշարների տվյալ աղբյուրների նկատմամբ։ Հայտնվելով բավականին բարդ խաղային իրավիճակում, երբ նույնիսկ եվրոպացիներն են հանդես գալիս էներգահոսքերի ասպարեզում՝ իրենց շահերով, որոնք տարբերվում են ամերիկյանից, ԱՄՆ-ը կգերադասեր, օրինակ, Իրանի գազի հսկայական բնապաշարներն ուղղել ոչ թե արևմտյան, այլ արևելյան կողմ, այսինքն՝ դեպի Հնդկաստան և Պակիստան։ ԱՄՆ-ի նպատակն է բացառել իրանական գազահոսքի հայտնվելը Ռուսաստանի վերահսկողության ներքո, որը կիրականացնի դրա տարանցումը դեպի Եվրոպա, կամ էլ «Նաբուկո» նախագիծը խարսխել իրանական գազի վրա։ Սակայն արևմտյան ուղղությամբ իրանական գազի առաջխաղացման ցանկացած արգելակում չի նշանակում «հնդկա-պակիստանյան» նախագծի իրագործում, այլ ավելի շուտ նրա ավելի մեծ մասի փոխադրում Չինաստան կենտրոնասիական գազափոխադրման համակարգի միջոցով։ ԱՄՆ-ը տանուլ է տալիս խոշոր հաշվով և առայժմ ի վիճակի չէ լրջորեն միջամտել Չինաստանի ծրագրերին։ Պետք է ասել, որ ԱՄՆ-ը զգալի չափով երկյուղ է կրում Չինաստանի շահերի ոլորտին կոպտորեն միջամտելուց և գերադասում է բանավեճի «փափուկ» եղանակներ։ Բացի այդ, ԱՄՆ-ը Չինաստանի հետ կապում են շատ ավելի կարևոր, համապարփակ ֆինանսատնտեսական բնույթի խնդիրներ, ինչը ենթադրում է այլ հաջորդականություն և առաջնայնություններ Չինաստանի հետ հարաբերություններ կառուցելիս։ ԱՄՆ-ը առայժմ պատշաճ մոտեցումների, առաջարկությունների չի տիրապետում Չինաստանի հետ «նոր» քաղաքականություն ծավալելու առնչությամբ, իսկ նախորդ շատ մոտեցումներ հանգեցրել էին ձախողումների, և Չինաստանը շարունակում էր հաջողությամբ պաշտպանել իր շահերն աշխարհում և տարբեր աշխարհաշրջաններում։ ԱՄՆ-ը փորձում է անվտանգության լայն «գոտի» կառուցել Չինաստանի շուրջ, ներառյալ Հեռավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի պետությունները, Հնդկաստանը և Կենտրոնական Ասիան։ Այդ վարդապետությունն աստիճանաբար իրականացվում է, քանի որ տվյալ աշխարհաշրջանի պետությունները շահագրգռված են արտաքին աջակցությամբ` Չինաստանի կողմից ներթափանցման և սպառնալիքների առնչությամբ։ Դրա հետ մեկտեղ այդ բոլոր պետությունները, առանց բացառության, ընտրել են հավասարակշռության գործելակերպը և գերադասում են Չինաստանի հետ համագործակցությունն աշխարհատնտեսական ոլորտում։
Կենտրոնական Ասիայի պետությունները խիստ երկյուղ են կրում Չինաստանից և պատրաստ են զիջումներ անելու Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բնապաշարների համար մղվող մրցակցային պայքարում։ Քննելով Կենտրոնական Ասիա չինական ներթափանցման ուղղություններն ու տեմպերը, կարելի է նախատեսել, թե ժամանակի ընթացքում ինչպիսին կլինի Չինաստանի ներկայությունն այդ աշխարհաշրջանում։ Նավթից ու գազից բացի, ԱՄՆ-ը շահագրգռված է մուտք գործելով այդ աշխարհաշրջանի ուրանի հանքավայրեր։ Աշխարհաշրջանում եվրոպական պետությունների շահերը նշանակում են, նախ և առաջ, այն, որ Գերմանիան ձգտում է հնարավորություն ստանալ սև և գունավոր մետաղներ հայթայթելու։ Ռուսաստանի շահերն ավելի բազմազան են ու վերաբերում են գործունեության բոլոր ոլորտներին, բայց հազիվ թե Ռուսաստանն ընդունակ լինի դառնալու առաջատար և նոր գերադաս դիրքեր ստեղծելու Կենտրոնական Ասիայի պետությունների տնտեսության մեջ։ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանը կարող է նոր դիրքեր ձեռք բերել միայն այն դեպքում, եթե ապահովվի ԱՄՆ-ի, Գերմանիայի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների լուրջ, երկարատև աջակցությունը, իսկ դա առայժմ ֆանտաստիկ ու չհիմնավորված է թվում ուժի համաշխարհային կենտրոնների իրական շահերի տեսանկյունից։ Ռուս-գերմանական միջտարածաշրջանային նշանակության համատեղ ընկերություններ նույնպես ակնկալելի չեն տեսանելի հեռանկարում։ Այդ աշխարհաշրջանում Չինաստանի նոր դիրքերի ստեղծումը նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ նախազգուշական ազդանշաններ եվրոպական առաջատար պետություններին, Ճապոնիային, Կորեային և Հնդկաստանին առ այն, որ «տեղն զբաղված է»։ Աշխարհաշրջանի կամ Արևմուտքի պետություններից ոչ մեկը չի կարող հուսալ ԱՄՆ-ի պատշաճ աջակցությունը Կենտրոնական Ասիայում այս կամ այն մրցակցային նախագծեր իրականացնելիս։ Տրամաբանական կլիներ սպասել, որ ՇՀԿ-ին փոխարինելու կգա ամերիկա-ռուսաստանյան միությունը, որի խնդիրը կլինի սահմանափակել չինացիների դարակազմիկ քայլերթը դեպի արևմուտք՝ Կենտրոնական Եվրասիա։ Բայց դա հազիվ թե ակնկալվի, եթե նկատի առնենք, որ ամերիկացիները տակավին հույս ունեն իրար դեմ հանելու Չինաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաև Հնդկաստանն ու Չինաստանը։ Ներկայումս ոչ ոք կասկած չունի, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մղվող այդ պայքարում ժամանակն աշխատում է Չինաստանի օգտին։
Տարակույս չկա, որ Չինաստանը ձգտում է Կենտրոնական Ասիան ներառել իր առաջնահերթ շահերի գոտում, համենայն դեպս էներգետիկ բնապաշարների մատակարարումների մասով։ Սակայն Չինաստանն այնքան ուժեղ չէ, որ հաշվի չնստի երկու հիմնական մրցակիցների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև Հնդկաստանի հետ։ Իհարկե, Չինաստանը կցանկանար հաստատել տվյալ վիճակը, որը կարժանանար ուժի համաշխարհային կենտրոնների ճանաչմանը։ Չինաստանը չի կարող հույս ունենալ, օրինակ, իր գերադաս ազդեցությունը տարածելու Հարավարևելյան Ասիայի վրա։ Այդ աշխարհաշրջանում են գտնվում բազմամիլիոնանոց բնակչությամբ, տնտեսական և քաղաքական ուժեղ դիրքերով, կայացած զինված ուժերով և քաղաքական, տնտեսական ու ռազմական ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցող պետություններ։ Հարավարևելյան Ասիայի պետությունների խմբակցությունն արդիականացվում է, վերակազմվում և նոր հնչողություն ձեռք բերում աշխարհում, ինչը կապված է հենց Չինաստանի կողմից բխող մարտահրավերների հետ։ Չինաստանը չի կարող ազդեցության գոտի դիտել նաև Հինդուստան ենթամայրցամաքի պետությունները։ Դրանից բացի, այդ երկրների հումքային բաղկացուցիչն անչափ կասկածելի է, համենայն դեպս այդ երկրներում այնքան էլ նշանակալից չեն նավթի ու գազի պաշարները, կամ էլ ընդհանրապես այդպիսիք այստեղ չկան։ Աշխարհում, առավել համապարփակ համատեքստում, ԱՄՆ-ի, Չինաստանի և ուժի այլ կենտրոնների միջև պայքար է ծավալվում հումքային և ածխաջրածնային վերջին աշխարհաշրջանի` Աֆրիկայի համար, որտեղ դեռևս կան հումքի և էներգիայի «կուսական» աղբյուրներ։ Այդ պայքարի ելքը տակավին հասկանալի չէ։ Չինաստանի համար բարդ է այդ մրցակցային պայքարը վարել մի մայրցամաքում, որտեղ նա չունի քաղաքական ու ռազմական ավանդական «հենակետեր», ոչ էլ քաղաքական աջակցություն։ Դրա հետ մեկտեղ Աֆրիկայում Չինաստանի դիրքերը կարող էին «փոխանակելի խաղաթուղթ» դառնալ Կենտրոնական Ասիայում ազդեցության համար ԱՄՆ-ի և մյուս տերությունների հետ քաղաքական առևտրում։ Բոլոր նախադրյալները կան, որ Կենտրոնական Ասիան «կապալով տրվի» Չինաստանին, այլ աշխարհաշրջաններում և ուղղություններում հավակնություններ չունենալու դիմաց։ Հարկ է հիշեցնել, որ Չինաստանն արդեն զգացել է ԱՄՆ-ի և իր շահերի համընկնումը Կենտրոնական Ասիայում։ Նախ և առաջ դա վերաբերում է այդ աշխարհաշրջան Թուրքիայի ներթափանցման սահմանափակմանը, որն իրականացվում է նաև այժմ Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունները զսպելու ռազմավարական գծի շրջանակներում։ Չինաստանը հիանալի էր հասկանում այն, ինչը միանգամայն հասկանալի չէր ռուսներին ու եվրոպացիներին, այսինքն` Թուրքիայի մասով ԱՄՆ-ի շահերը մեծապես համընկնում էին Չինաստանի և Ռուսաստանի շահերի հետ։ ԱՄՆ-ը քաղաքական և նյութական քիչ միջոցներ չի ծախսել Կենտրոնական Ասիայում և աշխարհաշրջանն անհատույց չի նվիրի Չինաստանին, կցանկանա շատ լուրջ ու երկարաժամկետ գործարքի հասնել։ Այդ գործարքում Թուրքիան կարևոր դեր կխաղա որպես Կենտրոնական Ասիայում իր քաղաքականությունն ակտիվացնել կարողացող պետություն՝ ի հակակշիռ Չինաստանի, եթե ժամանակը գա նրան զիջելու այդ աշխարհաշրջանը։ Կենտրոնական Ասիայում Թուրքիան շատ անցանկալի գործընկեր է և մրցակից ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի և Չինաստանի համար։ Բացի այդ, աշխարհաշրջանը Չինաստանին հանձնելու խնդրում ԱՄՆ-ի շահագրգռվածությունը բացատրվում է նաև նրանով, որ ամերիկացիների համար ներկայումս և ապագայում շատ ավելի ընդունելի է այդ աշխարհաշրջանում Չինաստանի գերիշխող դիրքը, քան Ռուսաստանի։ Թվում էր, թե աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իմաստով հենց Չինաստանն է հանդես գալիս իբրև ԱՄՆ-ի առաջնային հակառակորդ, այլ ոչ թե Ռուսաստանը, բայց Չինաստանի հետ սակարկելու բան կա, իսկ Ռուսաստանը հազիվ թե համաձայնի սակարկության, երբ դրա առարկա դառնա մի աշխարհաշրջան, որը նա դիտում է որպես բուֆեր անվտանգության իր քաղաքականության մեջ։ Կենտրոնական Ասիայի հետ մեկտեղ Չինաստանի համար հավասարարժեք նշանակություն ունեն Հարավչինական ծովը՝ իր նավթի ենթադրվող հսկայական պաշարներով, Ռուսաստանի` «ձեռք չտված» բնապաշարներով տարածաշրջանները։
Կենտրոնական Ասիայի պետությունների վերնախավերը շատ լավ են պատկերացնում իրենց երկրների տնտեսական, հասարակական-մշակութային և քաղաքական ապագան։ Դրանք, անտարակույս, կմնան որպես էներգահումքային երկրներ անձնիշխանական ուժեղ վարչակարգերով, իսլամական ազդեցության ուժեղացման հնարավոր միտումներով։ Այդ երկրների վերնախավերը չեն կարող իրենց թույլ տալ հրապուրվելու ինչ-ինչ միակողմանի որոշումներով, միանշանակ կողմնորոշումներով։ Աշխարհաշրջանի պետությունների անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է քաղաքական և տնտեսական արտաքին համագործակցության զուգակցումը, երբ էներգիայի և հումքի աղբյուրները դառնում են կայունության գործոններ, որոնցից կախում ունեն հարևան հզոր պետությունները՝ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը։ ԱՄՆ-ը և Ռուսաստանն առայժմ հանդես են գալիս որպես այդ աշխարհաշրջանի երկրների անվտանգության երաշխավոր ուժեր, մասնավորապես Աֆղանստանի, Պակիստանի, անդրազգային իսլամական արմատական կառույցների, ինչպես նաև Չինաստանի կողմից բխող սպառնալիքների մասով։ Դրա հետ մեկտեղ Չինաստանի հետ համագործակցությունը, նավթի ու գազի փոխադրումը չինական ուղղությամբ կայունացնող կարևոր գործոն են դարձել աշխարհաշրջանում։ Չինաստանի հետ Կենտրոնական Ասիայի պետությունների աշխարհատնտեսական ինտեգրացումը շուտով կդառնա տնտեսական ու քաղաքական նոր իրողություն։ Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Հնդկաստանը չեն կարող հաշվի չնստել դրա հետ։ Հումքային և էներգետիկ հատվածներից բացի, Չինաստանի դերը կարող է որոշիչ դառնալ գյուղատնտեսության մեջ, ջրապաշարների օգտագործման, զանազան բնույթի հաղորդակցությունների, թեթև ու սննդի արդյունաբերության մեջ։ Կենտրոնական Ասիայում չկա արդյունաբերության և կենսագործունեության որևէ ճյուղ, որում Չինաստանը չկարողանար գերիշխող դիրքեր զբաղեցնել։ Ընդ որում՝ անվտանգության, մարդու իրավունքների և ընդհանրապես իրավակարգի, Կենտրոնական Ասիայի պետությունների միջև և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման մասով Չինաստանի շահերը կարող էին միանգամայն զուգակցվել ԱՄՆ-ի և ամբողջությամբ վերցրած արևմտյան հանրակցության շահերի հետ, եթե ուշադրության առնվի այն հանգամանքը, որ այդ խնդիրներին առնչված Արևմուտքի հայացքները ժամանակի ընթացքում կդառնան իրատեսական։
Այդ հեռանկարները չեն կարող չազդել Հարավային Կովկասի քաղաքական ու տնտեսական վիճակի և անվտանգության պայմանների վրա, բայց դա առանձին և մեծ թեմա է։ Պե՞տք է արդյոք ենթադրել, որ Կենտրոնական Ասիայի տարածությունը Չինաստանի կողմից լիովին «լցնելը» կհանգեցնի վերջինիս հավակնությանը` Հարավային Կովկասում ուժի ազդեցիկ կենտրոններից մեկը դառնալու իմաստով։ Կասկած չկա նաև, որ առավել հեռավոր ապագայում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի շահագրգռվածությունը կնվազի պարզապես օբյեկտիվորեն, ինչը կբխի այդ ժամանակվա հրատապ խնդիրներից։ Հնարավոր է, որ Հարավային Կովկասը պահպանի արևմտյան քաղաքականության հունի մեջ մնալու հնարավորությունը Եվրամիության և Ռուսաստանի ինտեգրացման հետևանքով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ

’«èŒ 芒èŒ 茫/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 13.09.2024