Իհարկե, 22-միլիոնանոց Շանհայում, ուր ամեն օր հին ու խարխուլ տներ, փողոցային առևտրի «ֆիրդուսնոցներ» են քանդվում և տեղում «ապագայի թաղամասեր» կերտվում, հայ առևտրականների հետքեր գտնելն այնքան էլ հեշտ բան չէ։ Սակայն քաղաքի հնաբնակները հիշում են, որ մինչև Երկրորդ աշխարհամարտ այստեղ վաճառասեղանների մոտ կարելի էր հայերեն խոսակցություններ լսել։ Իսկ տեղի համալսարանի պատմաբաններն ասում են, թե հատկապես Կալկաթայից եկած հայ վաճառականների հետ առևտրական կապերը դարերի պատմություն ունեն։ Բայց դե Շանհայը չէ, որ եղել է «ամենահայկական քաղաքը»։
20-րդ դարի առաջին կեսին հայերն ավելի շատ ապրում էին Մանջուրիայում, Խարբինում, Հոնկոնգում, Մակաոյում, Գուանչժոյուում։ Այսպես, Խարբինում ապրում էր մինչև 400 հայկական ընտանիք, գործում էին հայկական եկեղեցի, «Արծիվ» միությունը, Հայ տիկնանց միությունը, Սովորող երիտասարդության կոմիտեն, իսկ 1921 թվին տեղի թատրոնում դերասանուհի Վարվառա Մելիքյանը հայերեն բեմադրել է Գ. Սունդուկյանի «Պեպոն»։ Այստեղ հրատարակվում էր «Երկիր» հայկական թերթը, կառուցվել էր հայկական սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը, ցավոք, այլ տաճարների հետ ավերվեց «կուլտուրական հեղափոխության» տարիներին։ Քաղաքում հայերի թիվն առանձնապես մեծացավ 19-րդ դարի վերջին, երբ Ռուսաստանն սկսեց կառուցել Չին-արևելյան երկաթուղին։ Այն ժամանակ շատ հայեր` շինարարներ, ինժեներներ, բանվորներ Ռուսաստանից, ինչպես նաև Սյունիքից ու Արցախից, տեղափոխվեցին Չինաստան։
Հայերի մի ստվար համայնք հիմնավորվեց Հոնկոնգում։ Արխիվային նյութերը ևս վկայում են, որ Հոնկոնգում շատ հայեր բարձր դիրք ունեին հասարակության մեջ, իսկ Սեթ անունով մի պարսկահայ զբաղեցնում էր դատավորի և Հոնկոնգի նահանգապետի պաշտոնը։ Այստեղ, ինչպես նաև Շանհայում հիմնավորված հայերը եկել էին Հնդկաստանից, իրանական Նոր Ջուղայից։ 20-րդ դարի սկզբներին «Հոնկոնգի նշանավոր հայ» էր համարվում Քաջիկ Աստվածատրյանը` սըր Քաջիկ Փոլ Չատերը։ Նա Հոնկոնգի գեներալ-նահանգապետի խորհրդականն էր, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ, ֆրանկմասոնական խորհրդի նախագահ։ 1902-ին Անգլիայի Էդվարդ 7-րդ թագավորը առանձնակի վաստակի համար նրան շնորհեց ասպետի կոչում։ Փոլ Չատերի միջոցներով են կառուցվել Հոնկոնգի նավահանգիստը` տասնմեկ պահեստով, այլ շենքեր։ Մինչ օրս Կալկաթայի հնդկահայ համայնքը գոյություն ունի շնորհիվ նրա կտակած միջոցների։
Այս բոլորը, սակայն, ուշ ժամանակների իրադարձություններ են, այնուամենայնիվ, պատմական աղբյուրներում, ինչպես պնդում են մի շարք գիտնականներ, պահպանվել են մի շարք հավաստի տեղեկություններ այն մասին, որ դեռևս մեր թվարկությունից առաջ հայերն առևտրի նպատակով հաճախ էին այցելում Չինաստան` Հայաստան բերելով մետաքս, ճենապակի, չինական այլ ապրանքներ, իսկ Չինաստանում մեծ պահանջարկ էին վայելում հայկական դեղամիջոցները, բուսական և հանքային ներկերը, հատկապես «որդան կարմիրը», որով ներկում էին չինական ու հնդկական մետաքսի լավագույն տեսակները։
Առանձնապես շատ վաճառականներ էին այստեղ լինում Հան դինաստիայի Վու Թի (մ.թ.ա. 140-80 թթ.) կայսեր օրոք։ Նրանք տարբեր երկրներ արտահանում էին մետաքս, կիսաթանկարժեք ժանդեիտոմ (նեֆրիտ) քար, այլ ապրանքներ։ Վաղ միջնադարի հայ-չինական տնտեսական կապերի մասին են վկայում հայկական Գառնի, Դվին, Անի քաղաքների, Ամբերդի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութերը (չինական ճենապակի, սելադոնիտ)։ Միջնադարում «Մետաքսի ճանապարհով» Հայաստան էին բերվում չինական տարատեսակ ապրանքներ, այդ թվում` գործվածք, արծաթաթել և ոսկեթել ասեղնագործ արտադրանք։ Բայց, ըստ էության, Չինաստանում հայերի առաջին գաղութաբնակավայրերն սկսեցին հայտնվել 13-րդ դարի սկզբին` Հայաստանի վրա մոնղոլների արշավանքից հետո։ Այն ժամանակ հայ գերիների մի մասին տեղափոխեցին Չինաստանի հյուսիսային նահանգներ։ Հետագայում հայերը թափանցեցին երկրի խորքերը, հասան Խաղաղ օվկիանոսի ափեր, բնակություն հաստատեցին Կանտոն (այսօր` Գուանչժոու) քաղաքում, որտեղ հիմնեցին հայկական ամբողջ թաղամասեր։ Իտալացի եպիսկոպոս Անդրեա Պերուջացին, որը 1307-ին եղել է Չինաստանում, հիշատակում է Կանտոնի մեծ ու գեղեցիկ եկեղեցին, որը կառուցել էր մի շատ հարուստ հայուհի` Թանգար անունով։ Հետագայում, երբ հայերի թիվը Կանտոնում նվազում է, եկեղեցին անցնում է տեղի կաթոլիկներին։ Հայերը քաղաքում ոչ միայն հարգանք վայելող, այլև հարուստ մարդիկ էին։ Հայ վաճառականների փողերով կառուցվեցին գործարաններ, հիմնադրվեց Կանտոնի բանկը։ Ընդ որում, նրանք չէին մոռանում ո՛չ իրենց ծագումը, ո՛չ հայրենիքը։ Մի շատ հետաքրքրական փաստ. շատ կանտոնահայերի կտակների վերաբերյալ զեկույցները վկայում են, որ նրանք խոշոր գումարներ են կտակել Հայաստանին։
Խարբինի համայնքն ուներ ոչ միայն եկեղեցի, այլև ներքին սահմանադրություն, որով առաջնորդվում էին հյուսիսարևելյան Չինաստանի բոլոր հայերը։ Ստույգ տվյալներ կան հայերի թվի մասին, նրանց հիմնական մասը, ճիշտ է, առևտրական էր, բայց արևելյան շրջաններում ապրողները մտավորականներ էին (բժիշկներ, ինժեներներ, փաստաբաններ)։ Չինարենի կանտոնաբնակ ուսուցիչ Հովհ. Ղազարյանն անգլերենից չինարեն է թարգմանել «Աստվածաշունչը», որը համարվում է չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը։ Խարբինի առողջապահական գործի ղեկավարը եղել է Ստ. Մուղդեսյանը։
Ինչպես առհասարակ բնորոշ է ժողովրդին, անգամ մի այնպիսի խորթ իրավիճակում, ինչպիսին այն ժամանակ տիրում էր Չինաստանում, հայերը ոչ միայն արագորեն հարմարվեցին տարաշխարհիկ միջավայրին, այլև բավականին հարմարավետ էին զգում իրենց։ Շատ հետազոտողներ նշել են, որ նրանք տիրապետում էին տեղի բարբառին, ծանոթ էին ավանդույթներին, բնակչության առանձնահատկություններին, ուստի շատ եվրոպացիներ հայերին էին վարձում որպես ուղեկցորդների ու թարգմանիչների` բարեհաջող ճանապարհորդության համար։ Իրավիճակի զավեշտը նաև այն է, որ առևտուր անելով Չինաստանով մեկ` հայերն այնքան լավ էին տիրապետում չինարենի բարբառներին, որ հաճախ թարգմանում էին հենց բուն չինացիների համար (բացի հիմնական գրական և պետական լեզվից, ամեն նահանգ ուներ իր խիստ առանձնահատուկ լեզուն, և մինչև հիմա էլ, ինչպես պնդում են հենց չինացիները, պեկինցիները, օրինակ, ամենևին չեն հասկանում Շանհայի բարբառը)։
Խոշորագույն լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանն ընդգծում է, որ 17-18-րդ դարերում հայերը, օգտվելով չինական իշխանությունների հովանավորությունից ու չին բնակչության համակրանքից, բարձր դիրքերի հասան երկրի տարբեր շրջաններում։ «Չինաստանը միշտ իր դռները փակ է պահել օտարների առջև, հատկապես քրիստոնյաների, բայց հայը բացառություն է եղել և բացարձակ ազատություն է վայելել։ Հայ առևտրականն այնքան սովորական երևույթ էր Չինաստանում, որ երկիր ազատ ելումուտի համար ճիզվիտական քարոզիչները հայ վաճառականի հագուստ էին հագնում։ Այսպես, օրինակ, 1603-ին ճիզվիտ միսիոներ Քոես Բենները հայի անունով և հայի հագուստով է մտել Չինաստան»,- գրել է Աճառյանը։
Բազում տեղեկություններ են պահպանվել Չինաստանում հայերի աշխույժ առևտրական գործունեության մասին, համաձայն որոնց, հայ վաճառականներն են եղել Եվրոպայի և Չինաստանի միջև առևտրի «առաջագնացները»։ Հայերին լավ ծանոթ էին Հնդկաստան տանող ճանապարհները, առավել ևս, որ շատերը ծնունդով հենց այդ կողմերից էին, ու դա մեծապես նպաստում էր Չինաստանի և Հնդկաստանի առևտրական հարաբերությունների զարգացմանը։ Իսկ 1688-ին անգլիական արևելահնդկական համայնքի և հնդկաստանցի հայ վաճառական Խոջա Փանոս Քալանթարի միջև կնքված պայմանագիրը հայերին իրավունք տվեց Չինաստանում անգլիացիներին համահավասար առևտուր անելու։ Քաղաքական խաղերից իրենց հեռու պահելու մարտավարության շնորհիվ հայ վաճառականները նկատելի ազդեցության հասան Չինաստանում։ Նրանք վայելում էին այդ և հարևան երկրների կառավարական շրջանակների վստահությունը։ Իսկ քանի որ այդ ժամանակ տարածաշրջանի շատ երկրներ ներփակ տարածքներ էին, ապա Չինաստանում և հարևան երկրներում ազատ տեղաշարժի հատուկ արտոնությունը հայ վաճառականներին մեծ հնարավորություն էր ընձեռում հանդես գալու որպես միջնորդներ ու երաշխավորներ։
18-րդ դարի վերջին անգլիացիները, ի դեմս հայերի տեսնելով իրենց գլխավոր մրցակիցներին, սկսեցին հետապնդել նրանց Չինաստանի տարածքում։ Հայերն ստիպված էին բնակության այլ վայրեր փնտրել և տեղափոխվել երկրի այլ շրջաններ, ոմանք էլ` անցնել այլ երկրներ։ 19-րդ դարի վերջին Չինաստանի հայ համայնքն սկսեց թուլանալ, բայց հայերն առավել տուժեցին ճապոնական ագրեսիայի ժամանակ, երբ չինահայերի մի մասը զոհվեց ճապոնական համակենտրոնացման ճամբարներում, իսկ մյուսները հեռացան երկրից։ 1949-ին` Չինական Ժողովրդական Հանրապետության կազմավորումից հետո, հայերի մեծ մասը հեռացավ երկրից` հիմնականում ԱՄՆ ու Ավստրալիա, մի մասն էլ` Սինգապուր։
Բոլոր այն երկրներում, ուր ճակատագրի թելադրանքով առիթ են ունեցել ապրելու, հայերը տնավորվելուց և տնտեսությունը կարգավորելուց հետո սկսել են նկատելի դեր խաղալ մշակութային ու քաղաքական կյանքում։ Այս առումով Չինաստանը բացառություն չէր։ Ի դեպ, Կենտրոնական կայսրությունն էլ (ինչպես չինացիներն են անվանում իրենց երկիրը) իր դերն է խաղացել Հայաստանի պատմության մեջ։ Սակայն այդ մասին` հաջորդ անգամ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից