«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Եռամիասնություն, որի մեջ անցնում է մեր կյանքը

Եռամիասնություն, որի մեջ անցնում է մեր կյանքը
14.08.2009 | 00:00

ՄԻ ՔԻՉ ՄՏԱԾԵՆՔ
Մտածենք ինչի՞ մասին: Էս կյանքի: Կյանքի, որ տրվում է մեկ անգամ, որովհետև դեռ որևէ մեկը չի ապացուցել, որ ինքը երկրորդ անգամ է Երկրի վրա` ինչքան էլ հնդիկներն ու էլի ուրիշները հավատան հոգիների վերաբնակեցմանը: Ցավոք:
Եվ, ուրեմն, էս կյանքը, որ տրվում է մեկ անգամ, մենք ապրում ենք, ինչպես կարողանում ենք: Հանգամանքները, մեր իսկ սխալները, դժբախտ ու երջանիկ պատահականություններն ու պատահարները, ինչ ասես, ավելի են ազդում մեր կյանքի վրա, քան մենք, որ, իբր, մեր ճակատագրի տերն ենք: Ցավոք:
Եվ ամենավտանգավորը` ժամանակը:
Եվ ամենաանկանխատեսելին` վայրը:
ՈՒ հանդիպում ենք մենք իրար, մեզ համար էլ անակնկալ` մենք, մեր ծննդավայրն ու մեր կյանքի ժամանակը:
Այս եռամիասնության մեջ սկսվում է մեր կյանքը:
Եվ մենք, որ ծնվել ենք Հայաստանում դեռ 20-րդ դարում ու արդեն 21-րդ դարում, ի՞նչ ենք անում մեր երկրի ու մեր ժամանակի, ինքներս մեր կյանքի հետ:
Փիլիսոփայական, անհեթեթ, թե շատ խելամիտ այս առաջաբանն իբրև շարունակություն չի լինելու անձնական, խոհափիլիսոփայական կամ գեղարվեստական: Լինելու է քաղաքական: Որովհետև այն ամենը, որ կատարվում է ու չի կատարվում մեր կյանքում, իրականում սերտ կապ ունի քաղաքականության հետ, որը մենք խորապես սիրում ենք, իսկ ավելի ճիշտ` տանել չենք կարողանում:
Եվ, ուրեմն, ի՞նչ է կատարվում մեր երկրում ամռան վերջին ու աշնան սկզբին: 2009 թվականին:
Էս կյանք չի, որ ապրում ենք:
Դժվար ենք ապրում:
Լավ էլ ապրում ենք:
Շատ էլ լավ ենք ապրում:
Իհարկե, այս չորս բնորոշումները շատ թերի են ու միայն ամենահիմնական գծերով են բնորոշում մեր կյանքն ու ապրուստը: Բայց արտահայտում են հասարակության խիստ բևեռացումը: Եվ ամենացավալին նույնիսկ դա չէ, այլ տևականությունը: Տարիների հետ բևեռացումը շարունակում է խորանալ` հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում: Անշեղորեն: Իսկ սոցիալական հարթության մեջ այդ անշեղությունը ծնում է ոչ միայն անհանդուրժողականություն ու փոխադարձ վախ, այլև անհասկացողություն ու ատելություն: Մենք սկսում ենք միմյանց չհասկանալ: Մենք սկսում ենք, առանց պատճառների մեջ խորանալու, միմյանց մեղադրել, ու դա վերածվում է առօրյայի: Առ-օր-յա-յի: Սա ամենաահավորն է: Սա սոցիալական պայթյունի հիմքն է: Միջուկը, որ լավա է, ու տեկտոնիկ ինչ փոփոխություններ էլ լինեն, միայն ժայթքելով է իր մարման ճանապարհը գտնելու: Իսկ ընթացքում այդ լավան իրեն պահում է շատ տարօրինակ` անտարբեր, անհաղորդ, նույնիսկ` սառն ու սիրալիր: Որովհետև կազմված է մարդկանցից: Իսկ մարդիկ անկանխատեսելի են իրենց և՛ ուրախության, և՛ տխրության, և՛ կատաղության, և՛ ձանձրույթի մեջ:
Ի՞նչ է անում պետությունը: Կոնկրետ` իշխանությունը: Տարատեսակ սոցիալական ծրագրերը` նպաստներ, զեղչեր և այլն, ուղտին գդալով ջուր տալ են: Համարյա այն պատմության պես, երբ մարդուն ձուկ են տալիս, իսկ նա ձուկ որսալու հնարավորություն է ուզում: Երաշխավորված հնարավորություն, որը նրան նաև այլ ուտելիքի շանս է բերում: Բայց... կա միայն ձուկ, այն էլ` ոչ առաջին թարմության, այսինքն` մի քիչ էլ նեխած, որը նրան առաջարկում են պոչից մաքրել: Մինչդեռ նեխած ձուկը շպրտում են: Բայց պետության ունեցածը դա է: Կամ հայտարարվում է այդքանը: Այսինքն` այսօր պետությունն իր բյուջեով, արտաբյուջետային միջոցներով կարող է իր բնակիչների համար ապահովել այս ու այսքանը: Կամ այդքանն է նպատակահարմար համարում:
Սոցիալական անհավասարությունը միշտ է եղել, դա առանձնապես նորություն չէ ոչ մի երկրի ու ոչ մի ժամանակի համար: Սոցիալական անհավասարությունը պայթյունավտանգ է դառնում, երբ հավելվում է սոցիալական անարդարությունը: Իսկ դա արվում է ոչ միայն օրենքներով, որոնք նույնպես կարող են անարդար ու անհեթեթ լինել. օրինակ, 17-րդ դարից Ֆրանսիայում արգելվում է ինքնաթիռը վայրէջքի տանել խաղողի որթերի վրայով, երբ դրանք խակ են: Դա արվում է օրինախախտությամբ, երբ լավ, թե վատ, օրենքները չեն գործում, երբ պետությունն իր քաղաքացիներին իր համար դասավորում է հավասարների, ավելի հավասարների ու ամենահավասարների դարակներում: Համապատասխանաբար` հավասարներին ոչինչ չի ներվում, ավելի հավասարներին ինչ-որ հանցանքներ ներվում են, ինչ-որ հանցանքներ` ոչ, ամենահավասարներն իրենք են ներում կամ չեն ներում:
Ի՞նչ են անում կուսակցությունները, որ, ինչքան էլ շատ ու տարատեսակ լինեն, բաժանվում են ընդամենը երկու մասի` իշխանական ու ընդդիմադիր, իշխանամերձներն ու իշխանամուտները, ընդդիմադիրակերպներն ու ընդդիմադիրասերները հաշիվ չեն: Իշխանականների համար ամեն ինչ ճիշտ է ու ամեն ինչ լավ է, իրենք անսխալական են ու իրենց պետք է միայն սիրել, գնահատել ու պահպանել: Ընդդիմադիրների համար ամեն ինչ սխալ է ու ամեն ինչ վատ է, իրենք անսխալական են ու իրենց պետք է լսել, հավատալ ու վստահել:
Այդպե՞ս է Հայաստանում: Համարյա: Ո՞վ ինչ է անում:
ՀՀԿ-ն արդեն քանի տարի հաղթում ու հաղթում է բոլոր մակարդակների ընտրություններում, թվում է` նույնիսկ դժոխքի պահակապետի ընտրություն լինի, ՀՀԿ-ն հաղթելու է, որովհետև դա արդեն սովորույթ է, իրենց բացատրությամբ` խիստ անհրաժեշտություն` առաջ գնալու համար: Բայց` չունի հաղթողի զգացողություն ու պահվածք: Հաղթողի, հետևաբար, ուժեղի ու հզորի հոգեբանությունը ոչ մի կերպ չի դառնում կուսակցության էությունը: ՀՀԿ-ն հաղթում է ու դաժանանում, որովհետև իր հաղթանակների գինն իրեն իսկ դուր չի գալիս: Հաղթում է ու կաստայանում` ինքն իր մեջ ծնելով հաղթածներ ու պարտվածներ, ուրեմն անհամաձայնություն, և սա բնավ էլ այդքան բարձրարժեք տարակարծությունը չէ, որը, իբր, ժողովրդավարության բնորոշ գծերից է:
ՀՀԿ-ից հետո գալիս է մի երկար դատարկություն, որից հետո նոր սկսվում են այլ կուսակցությունները:
ՕԵԿ-ը կարող է կուսակցական պատմության դասագիրք դառնալ, եթե որևէ կուսակցություն խնդիր դնի ամեն գնով լինել ու մնալ իշխանության մեջ: Ամեն գնով` նաև հեռանալով, նաև պարտվելով, նաև վերանալով ու վերադառնալով: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՕԵԿ-ի ներդրումն անգնահատելի է` ինչ ասես, կարող ես սովորել: Եվ ամենազարմանալին այս կուսակցության մեջ բուն կուսակցականության ոգու հերքումն է, նրանք թիմ են, նրանք բոլորին ուզում են թիմ տեսնել, իսկ իրենց թիմում ինչ ուզեն` կանեն: Ճիշտ է` թիմի կազմը չափազանց խայտաբղետ է ու ճղճղան, նաև` անկայուն. ով ասես այս կուսակցության անդամ չի եղել ու դեռ կդառնա էլ:
ԲՀԿ-ն իր ստեղծումով ու գործունեությամբ շատ է հայկական` չեղած տեղից ստեղծվեց համարյա մի քանի օրում, հետո երկար ժամանակ ձևացնում էին, թե չկան ու իրենք չեն, հետո մտան քաղաքականություն ու միանգամից դարձան հաղթող ուժ: Այսինքն` խիստ իշխանական ու խիստ կանխատեսելի, խիստ վարձավճարված իրենց կուսակցական քաղաքականության մեջ, որ ունի պատվիրատու` իր ղեկավարը։ Իսկ ո՞վ է նրան պատվեր տալիս: Ահա այստեղ ակնհայտ է դառնում, որ այս կուսակցությունն էլ չի կարող հավակնել տևական ու կայուն տեղի, որովհետև նրա սահմանները սկսվում են այնտեղ, որտեղ վերջանում են ՀՀԿ-ի անվերջանալի հավակնությունները:
Իսկ Հայ հեղափոխական դաշնակցությո՞ւնը: Իսկ ՀՅԴ-ն, որն ամենատարեցն է բոլորից ու մանկական բոլոր հիվանդությունները, կարծես, պիտի հաղթահարած լիներ, չափազանց սիրում է մանկական խաղերը: ՀՅԴ-ի սիրած խաղը «պախկվոցին» է, այս խաղում ՀՅԴ-ի սիրած դերն էլ թաքնվելն է: Ինչո՞ւ: Ո՞վ գիտի: Բայց անթաքույց է, որ ՀՅԴ-ն, երկար տարիներ լինելով իշխանության մեջ ու իշխանության մաս, ոչնչի համար իրեն պատասխանատու չի համարում, ինքն իրեն ընդդիմադիրից ընդդիմադիրի պահվածքի իրավունք է վերապահում: Եվ դա լինում է ոչ միայն ընտրությունների նախօրեին ու ընտրությունների առնչությամբ: Բոլոր կուսակցություններից ՀՅԴ-ն շահեկանորեն տարբերվում է իրապես գաղափարականությամբ, ինչ-ինչ, բայց գաղափարների կարիք ՀՅԴ-ն չի զգում: Կարևոր էլ չէ` ճիշտ, թե սխալ, բայց նրանց պահվածքով գոնե կարող ես հասկանալ` ի՞նչ է նշանակում կուսակցության տեսակետ: Ճիշտ է` այդ տեսակետը համարյա միշտ ի շահ կուսակցության է լինում, բայց` պետության ու ժողովրդի անվան տակ: Եվ բոլորովին էլ վերջերս չէ, որ ՀՅԴ-ն «ազգային» կամ «կառուցողական» ընդդիմության դերն է ստանձնել: Պարզապես վերջերս ՀՅԴ-ն արդեն չի թաքցնում, որ հիմա դա է ձեռնտու:
Ընդդիմությո՞ւնը: Ընդդիմության մեջ էլ գործում են համարյա նույն սկզբունքները: Ի տարբերություն իշխանության` նրանք արդեն ոչինչ չունեն կորցնելու, բայց գտնելու հնարավորություններ կան: Եվ ճիշտ ինչպես ՀՀԿ-ն ու բոլոր մնացածները, ընդդիմությունն էլ բաժանվում է` ՀԱԿ-ը և բոլոր մնացածները սկզբունքով: ՀԱԿ-ի քաղաքական ուժերն արմատական ընդդիմություն են անվանվում. նվաճել են այդ իրավունքը, նրանք իրավիճակի փոփոխություն տեսնում են արմատական, համակարգային փոփոխությամբ: Նրանք դեմ են հեղափոխության, բայց և ՀԱԿ-ի առանձին քաղաքական ուժերի և արդեն կոնգրեսի ընտրական փորձն ապացուցում է` նրանք հիանալի գիտեն հաղթել, նրանք բոլորովին չգիտեն հաղթանակին իրավական ուժ տալ: Դա նրանց դժբախտությունն է, որ բարդույթավորում ու թուլացնում է նրանց:
ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիր կուսակցությունները: Հայաստանում գրանցված 74 կուսակցություն կա` մեծ ու փոքր, գործող ու չգործող: Այս կուսակցությունները կամ մարդ-կուսակցություններ են, կամ կուսակցություններ են թղթի վրա, կամ` կցորդ-կուսակցություններ են, կամ էլ, որ ամենաանընդունելին է, կուսակցություն են աշխատում` քաղաքականությունը դարձնելով աշխատատեղ ու փող աշխատելու հնարավորություն:
Իսկ հիմա փորձենք համադրել. մի կողմից` սոցիալական պայթյունի պատրաստ, օրեցօր ստվարացող մի խավ, մյուս կողմից` մի շարք կուսակցություններ:
Իբրև թեստ` ինքներդ որոշեք, թե ով ինչ վարքագիծ կդրսևորի:
Իբրև երկրորդ թեստ` ինքներդ որոշեք` ո՞վ կհաղթի ու ո՞վ կպարտվի իրականում, ո՞վ կհաղթի ու ո՞վ կպարտվի իրավաբանորեն, ո՞վ կհաղթի ու ո՞վ կպարտվի պատմականորեն:
Իբրև երրորդ թեստի պատասխան` նույնիսկ եթե որևէ գործող քաղաքական ուժ կամ այդ ուժի առաջնորդ չդառնա ժողովրդի սոցիալական, իրավական, ընտրական, հոգևոր ու պատմական իրավունքների իրական արտահայտիչ, կգտնվի նոր ուժ ու նոր առաջնորդ, որովհետև կա խնդիրը, որը պետք է լուծվի, հիմա ինքներդ որոշեք երրորդ թեստի հարցերը:
Իսկ հիմա` մի քիչ մտածենք:
Ինչի՞ մասին: Էս կյանքի: Կյանքի, որ տրվում է մեկ անգամ: Ցավոք:
Որ ապրում ենք, ինչպես կարողանում ենք: Ցավոք:
Եվ ամենավտանգավորի` ժամանակի մասին:
Եվ ամենաանկանխատեսելիի` վայրի մասին:
ՈՒ հանդիպման` մեր, մեր ծննդավայրի և մեր կյանքի ժամանակի:
Այն եռամիասնության, որի մեջ անցնում է մեր կյանքը:
Եվ մտածենք` ո՞ր կյանքն ենք ապրում` «Էս կյանք չի, որ ապրում ենք», «Դժվար ենք ապրում», «Լավ էլ ապրում ենք», «Շատ էլ լավ ենք ապրում»:
Եվ հասկանանք` էսպես էլ պիտի մնա՞:
Բոլորի՞նս ու յուրաքանչյուրի՞նս: ՈՒ մենք համաձա՞յն ենք: Եթե այո` վերջ, ամեն ինչ սքանչելի է, եթե ոչ` իսկ մե՞նք ինչ ենք անում:
ՈՒ դա արդեն թեստ չէ:
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ