Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող վերջին զարգացումներին անդրադառնալով, քաղաքագետ ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԸ բանակցային կողմերին` Մինսկի խմբի համանախագահներին, Ադրբեջանին ու Հայաստանին, առաջարկում է նախ վերհիշել 1920-ի Հայաստանի խորհրդայնացումից հետո տեղի ունեցած իրադարձությունները, որոնք զարմանալիորեն անտեսել է նաև հայկական կողմը:
Այսպես, 1920 թվի նոյեմբեր 29-ին Ադրբեջանական ԽՍՀ պետական իշխանության լիազոր մարմինները պաշտոնապես հայտարարեցին հայկական հողերի` Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հանդեպ տարածքային նկրտումներից հրաժարվելու մասին` հօգուտ Հայկական ԽՍՀ-ի: Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Մ. Հուսեյնովի 1920 թվի նոյեմբերի 30-ի հեռագրում հաղորդվում էր. «Այսօրվանից չեղյալ են հայտարարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը ճանաչվում են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բաղկացուցիչ մաս»: 1920-ի դեկտեմբերի 4-ին «Պրավդա» թերթը տպագրում է Սերգո Օրջոնիկիձեի` դեկտեմբերի 2-ին Բաքվից ուղարկած հաղորդագրությունը. «Ընկերներ Լենինին և Ստալինին հաղորդեք հետևյալը. հենց նոր Երևանից հաղորդում ստացվեց, որ Երևանում հռչակվել է խորհրդային իշխանություն, հին կառավարությունը հեռացված է… Ադրբեջանն արդեն երեկ հայտարարել է Նախիջևանի, Զանգեզուրի և Լեռնային Ղարաբաղի հանձնումը հօգուտ Խորհրդային Հայաստանի»։
Շարունակելով պատմական փաստերի հիշեցումը` Տիգրան Փաշաբեզյանը հավելում է. «Սակայն միջնորդական առաքելությունն այս դեպքում էլ արագընթաց և անվրեպ գործեց։ Մոսկվայում՝ Լենին-Տրոցկի շրջանակներում շտապեցին Նարիմանովին ու մյուսներին խորհուրդ տալ չկարգավորել հակամարտությունը, որովհետև դրա միջոցով դեռ երկար տասնամյակներ ծրագրում էին պատանդի կարգավիճակում պահել Ադրբեջանն ու Հայաստանը, ադրբեջանցիներին ու հայերին»:
Գալով մեր օրերին, քաղաքագետը համոզմունք է հայտնում, որ այս ամենին, անշուշտ, քաջատեղյակ են Մինսկի խմբի համանախագահները, իսկ թե ինչո՞ւ են շրջանցվում այս կարևոր փաստերը, Տիգրան Փաշաբեզյանն ունի իր մեկնաբանությունը. «Պատճառը հետևյալն է. թե՛ անցյալում, թե՛ այսօր իրականացվող ծրագրերը նույնն են` չկարգավորել հակամարտությունը, պատանդի կարգավիճակում պահել տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդներին և այս իրավիճակը ծառայեցնել սեփական շահերին»։
Խոսելով հայկական կողմին պարտադրվող զիջումների մասին` Տիգրան Փաշաբեզյանը պնդում է, որ ԼՂՀ հիմնախնդրի առնչությամբ զիջումների մասին հրապարակ նետված սկզբունքը նպատակ ունի նենգափոխելու հիմնախնդրի էությունը: Քաղաքագետը հարց է ուղղում միջազգային միջնորդական առաքելության բանագնացներին, ինչպես նաև հայկական կողմին. «ՈՒզում եմ հարցնել, օրինակ, ո՞րն էր Ֆրանսիայի (կամ եվրոպական մեկ այլ երկրի) փոխզիջումը Գերմանիային` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հետաքրքիր է, չէ՞, տասնամյակներ շարունակ ԼՂՀ-ն եղել է բռնազավթված, կողոպտել են, բնակիչներին սպանել և բռնությունների ենթարկել, իսկ հետո, երբ արցախահայությունը համարձակվեց պաշտպանել իր իրավունքները և նույնիսկ հաղթել՝ այժմ էլ անամոթաբար հարցնում են` իսկ դուք ի՞նչ եք զիջելու տասնամյակներով ձեզ խոշտանգող հանցագործներին»։
Կազանյան հանդիպումից օրեր առաջ արևմտյան լրատվամիջոցներն ու վերլուծաբաններն այն տեսակետը հայտնեցին, թե միջնորդները հոգնել են ղարաբաղյան հակամարտության փակուղային իրավիճակից։ Հակադարձելով միջնորդների հոգնածությամբ մտահոգներին` քաղաքագետը վերջիններիս ուշադրությունը սևեռում է հետևյալ հանգամանքի վրա. «Տարածաշրջանի ժողովուրդների համբերությո՛ւնն է հատնում, որոնք ակամա պատանդ են դարձել միջազգային հանրության միջնորդական առաքելությունների ձեռքին, քանի որ վերջիններիս նպատակը հակամարտություններին արդարացի լուծումներ գտնելը չէ, այլ հարմար պահին դրանք այնպես թեժացնելը, որ պատերազմ ծագի մեկից ավելի կողմերի միջև (եռակողմ-քառակողմ), և իրենք հնարավորություն ստանան միջազգային խաղաղապահ կոչված զինված ուժեր տեղակայելու տարածաշրջանում։ Իսկ թե պատերազմի հետևանքով որքան մարդ կզոհվի, ի՜նչ ավերածությունների կենթարկվեն տարածաշրջանի երկրները, իրենց քիչ է հետաքրքրում»,- եզրափակում է քաղաքագետը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ