Հայկական ֆուտբոլում նախորդ տարի ամենաաղմկահարույց միջադեպը գրանցվեց. մեր երկրի բարձրագույն խմբի առաջնության խաղերն սպասարկող բոլոր մրցավարները որակազրկվել էին: Երկար ժամամակ ոչինչ հայտնի չէր կատարվածի բուն պատճառի մասին, սակայն հետո, երբ ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Արարատ Ճաղարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, պարզ դարձավ, որ նա է կրել հիմնական պատասխանատվությունը: Իսկ թե ինչ է կատարվել իրականում, այդպես էլ մութ մնաց, քանի որ պաշտոնական հայտարարություն չեղավ: Մի բան ակնհայտ է մեկ մարդը, ինչքան էլ նա մեծ եռանդի տեր լինի, չէր կարող ստեղծել մի մեքենա, որը կամայականություններ է թույլ տալիս Հայաստանի առաջնության հանդիպումների ժամանակ: Փաստորեն, հայկական ֆուտբոլում «բանդա» էր գործել: Ցավոք, այդ ամենի ամբողջական գնահատականը չտրվեց ո՛չ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համաժողովում, ո՛չ էլ տարեվերջին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված ֆուտբոլի Հայաստանի առաջնության դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ: Միայն հաղորդավարը կատակով նշեց, որ 2010-ին Հայաստանի լավագույն մրցավար անվանակարգում ոչ մեկը չի առանձնացվել, քանի որ բոլոր մրցավարներին կարմիր քարտ է ցույց տրվել: Սովորաբար մրցավարներն են ֆուտբոլիստների գլխավերևում կարմիր քարտ ցույց տալիս և պատժում նրանց, սակայն այս անգամ նրանք էին անցանկալի իրավիճակում հայտնվել: Իսկ պատժողը ՀՖՖ-ն էր, ավելի ստույգ` այդ կազմակերպության նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Բայց մի՞թե նորություն էր, որ հայկական ֆուտբոլում մրցավարներն ուզածդ բանը կարող են անել, և տարիներ շարունակ նրանց պատճառած անախորժություններից, թվում է, ապահովագրված է միայն Երևանի «Փյունիկը», որի իրական տերը ՀՖՖ նախագահն է: Բայց այդ ակումբի համար հենց դա է վիրավորականը, արջի ծառայություն մատուցելը: Վատն այն է, որ այժմ քչերն են հավատում, որ հայկական ֆուտ-բոլում արդարություն կարող է լինել, և ստացվել էր այնպես, որ Ճաղարյանն արդեն սկսել էր անթաքույց անել իր սև գործը: Եվ քանի որ «մավրը», ինչպես բեմում, իր ոճրագործությունը կատարելուց հետո պետք է հեռանար, Ճաղարյանը հեռացավ: Ի դեպ, հայկական ֆուտբոլում այդպիսի բաներ նախկինում էլ եղել են: Փորձը ցույց է տվել, որ մրցավարությամբ, դրա հետ կապված հարցերով զբաղվողներից ոմանք, հանցավոր արարքներում մերկացվելուց հետո, այնուամենայնիվ, հետագայում կրկին վերադարձել են ֆուտբոլ, միայն ժամանակ է պահանջվել: Ինչևէ, որ այդպիսի բան կարող էր կատարվել նախորդ մրցաշրջանում, փոքր-ինչ անսպասելի էր, սակայն նորություն չէր, որ մրցավարությունը խայտառակ վիճակում է: Ի դեպ, ամեն բան սկսվել էր այն բանից հետո, երբ թույլատրվել էր, որ մրցավարներ հրավիրվեն այլ երկրներից: Ընդ որում, խնդիր էր դրվել, որ այդ ցանկացողներն իրենք միջոցներ հատկացնեն:
Ինքնին հասկանալի է, որ նոր մրցաշրջանում պետք է կտրուկ քայլեր կատարվեն: Առայժմ դժվար է ասել, թե ինչ կստացվի: Ճաղարյանի պաշտոնը զբաղեցրել է մեր լավագույն մրցավարներից մեկը` Կարեն Նալբանդյանը: Նա նաև Ավանում գտնվող ֆուտբոլի Հայաստանի ակադեմիայի փոխտնօրենն է: Նալբանդյանի ուսերին է ծանրացած ֆուտբոլային այս ոլորտում Հայաստանում քիչ թե շատ տանելի մթնոլորտ հաստատելու խնդիրը: Մի բան է ակնհայտ. առանց նորմալ մրցավարության կատարյալ ինքնանպատակ է լինելու մեր երկրում այս մարզաձևի գոյությունը: Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով հնարավոր կլինի այդ անել: Բանն այն է, որ կադրերի խնդիր կա: Երկար ժամանակ` շուրջ 7 տարի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բազայի վրա գործում էր մրցավարների դպրոց, սակայն 2009-ին այդ կառույցի աշխատանքը դադարեցվեց, քանի որ այն անարդյունավետ էր համարվել: Հետո էլ հաջորդեցին հիշյալ դեպքերը: Այժմ էլ այդ բացը լրացնելու համար ՀՖՖ-ն է մրցավարների պատրաստման դասընթացներ անցկացնում, և ժամանակ է անհրաժեշտ, որ համապատասխան մասնագետներ ի հայտ գան:
Ինչ վերաբերում է նոր մրցաշրջանին, այս տարի այն Հայաստանում վաղ է մեկնարկելու, քանի որ մեր երկրի ազգային հավաքականը մարտին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ուժերը չափելու է Ռուսաստանի հավաքականի հետ: Իսկ դա նշանակում է, որ մեր երկրի գավաթի խաղարկությունը և բարձրագույն խմբի առաջնությունն ավելի շուտ պետք է սկսվեն, որպեսզի հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստները խաղային փորձ կուտակեն: Բնականաբար, պետք է պատրաստ լինեն նաև մրցավարները: Նախորդ տարի, երբ արտակարգ իրավիճակ էր առաջացել, հանդիպումները սպասարկում էին երիտասարդ մրցավարները, իսկ պատասխանատու խաղերը վարելու համար մասնագետներ էին հրավիրվում դրսից: Ինքնին հասկանալի է, որ այսպիսի գործելաոճը նոր մրցաշրջանում շարունակել չի կարելի, և փակուղուց դուրս գալու համար քայլեր են կատարվում:
Մրցավարներն սկսել են նոր մրցաշրջանի նախապատրաստությունը դեռ նախորդ տարվա վերջին: Հիմնական ուշադրությունը դարձվում է մասնագետների ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարելավմանը: Պարապմունքներն ընթանում են ֆուտբոլի ակադեմիայի մարզաբազայում, որտեղ կան բոլոր պայմանները: Եթե սկզբնական շրջանում մրցավարները շաբաթական երկու մարզում էին անցկացնում, ապա հունվարի կեսից ավելացվել է ևս մեկ պարապմունք: Բացի այդ, տեսությանը և խաղերի վերլուծությանը նվիրված ևս մեկ պարապմունք է կազմակերպվում: Այժմ թիմերը նախապատրաստվում են, և մրցավարներն իրենց կարողությունները գործնականում դրսևորելու հնարավորություն են ստանում, սպասարկում են այդ խաղերը: Նախատեսվում է, որ փետրվարին Հայաստան կայցելի ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի անդամ, շոտլանդացի Հյու Դալասը: Նա պարապմունք կանցկացնի, իսկ մրցավարները թեստեր կհանձնեն ֆիզիկական պատրաստականությունից և ֆուտբոլի տեսությունից: Շուրջ երեք տասնյակ մրցավարներ են մասնակցում նախապատրաստական աշխատանքներին: Ի դեպ, նրանց թվում է գեղեցիկ սեռի 6 ներկայացուցիչ: Ինչ վերաբերում է նախորդ տարվա որակազրկված մրցավարներին, ապա խաղից դուրս են մնացել միայն Կամո Մահտեսյանը, Արարատ Շահինյանը և Հակոբ Արտոյանը, իսկ մյուսները նախապատրաստվում են: Այդ աշխատանքներում ներգրավված են մեծ թվով երիտասարդ մրցավարներ:
ՀՖՖ-ի ղեկավարությունը մրցավարների նախապատրաստության աշխատանքը վստահել է փորձառու երեք մասնագետների. Կարեն Նալբանդյանից բացի, պարապմունքները վարում են Գևորգ Հովհաննիսյանը և Սլավա Ղազարյանը:
Հետաքրքիրն այն է, որ մրցավարությունը չի համարվում պրոֆեսիոնալ զբաղմունք, այսինքն, խաղերն սպասարկող մրցավարներն այլ հիմնական աշխատանք ունեն, թեև մրցավարների վարձատրության չափն այնքան էլ փոքր չէ: Մասնավորապես, մեր երկրի բարձրագույն և առաջին խմբի խաղերն սպասարկող մրցավարները յուրաքանչյուր հանդիպման համար ստանում են համապատասխանաբար 70 հազար և 45 հազար դրամ, եզրային մրցավարները` դրանց կեսից ավելին: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր մրցավար ամիսը մի քանի խաղ է վարում, կարելի է ասել, որ նրանք ֆինանսական խնդիրներ գրեթե չունեն: Բացի այդ, իրենց լավագույնս դրսևորած մեր երկրի մրցավարները եվրոպական տարբեր տարիքային խմբերի մրցաշարեր են սպասարկում և շատ ավելի բարձր վարձատրվում: Այնպես որ, միայն հարաբերականորեն կարելի է այդ աշխատանքը պրոֆեսիոնալ չհամարել։
Ամփոփելով ասենք, որ մրցավարությունը ֆուտբոլի ողնաշարն է, և այն Հայաստանում հիվանդ է: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, թե ամեն բան անհույս է: Բոլոր խնդիրները կարելի է կարգավորել: Ի դեպ, հիվանդության հիմնական պատճառը ֆուտբոլի հետ առնչվող պաշտոնյաների, փողատերերի միջամտությունն է: Միայն նրանց հետ գործարքի մեջ մտնելու ճանապարհով են մրցավարները տարբեր արարքներ գործում, խայտառակվում, նաև վնաս հասցնում հայկական ֆուտբոլին: Կարելի է ասել, որ նրանք գործիք են դառնում, իսկ փորձը ցույց է տվել, որ այդպիսիներին օգտագործելուց հետո դեն են նետում: Բայց դա այլ խոսակցության թեմա է:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ