«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԼԻԲԻԱՆ

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԼԻԲԻԱՆ
08.04.2011 | 00:00

Լրատվամիջոցներում բավականին մանրամասնորեն վարկածներ են առաջադրվել Լիբիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Կասկածից վեր է, որ Արևմտյան աշխարհի առաջատար պետությունների միջև մրցակցություն է ծավալվել տարածաշրջանում և առհասարակ միջազգային ասպարեզում նոր դիրքերի ձեռքբերման նպատակով։ Ֆրանսիան մարտահրավեր է նետել թե՛ անգլոսաքսոններին ու գերմանացիներին, թե՛ այլոց, ինչին Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, կարճատև մտորումներից հետո, նախընտրեցին պատասխանել դրականորեն, իսկ դա հանգեցրեց արևմտյան նոր կոալիցիայի ստեղծմանը, որը ցույց տվեց, որ եթե ՆԱՏՕ-ի մյուս անդամները ցանկանում են դաշինքի հետագա գոյությունը, ապա պետք է միավորվեն կամ, առնվազն, խոչընդոտներ չհարուցեն Լիբիային վերաբերող պլանների առջև։ Ֆրանսիան մեծ հաջողությամբ իր խաղը սարքեց «հարթ տեղում», իրացնելով իր ռազմավարական ծրագրերը Միջերկրական ծովում, ընդ որում, առանց որևէ դժգոհության, այլ, ընդհակառակը, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ։ Բայց ինչո՞ւ հենց Լիբիան դարձավ արտաքին ռազմական միջամտության օբյեկտ, և ոչ թե, ասենք, Թունիսը, Եմենը կամ Եգիպտոսը։ Նավթի գործոնը միանգամայն հասկանալի է, բայց Լիբիան նաև կարևոր աշխարհառազմավարական դիրք ունի և անգամ, որոշակի առումով, նաև առանցքային տեղ է գրավում արաբական աշխարհում ու Միջերկրական ծովի ավազանում։ Բայց Լիբիայի նկատմամբ վերահսկողությունը և նրա հետ գործակցությունը միայն աշխարհառազմավարական և էներգետիկ իմաստով առավելություն չեն։
Առիթ եմ ունեցել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զրուցելու շատ լիբիացիների հետ, և դա մեծապես կանխորոշել է իմ վերաբերմունքն այդ երկրի նկատմամբ, դրանց շնորհիվ հասկացել եմ նաև, թե արաբական աշխարհում և, առհասարակ, աշխարհում ինչ նշանակություն ունի այն։ «Լիբիական հեղափոխության» իրականացրած քաղաքական և կրթամշակութային վերափոխումների 40 տարիներին այդ երկրում ձևավորվել է մի փայլուն քաղաքական-վարչական վերնախավ` բաղկացած բազմաթիվ հմուտ մասնագետներից, որոնք, անկախ Լիբիայում կառավարող վարչախմբի նկատմամբ համակրանք-հակակրանքից, համակված են աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և համընդգրկուն բնույթի տարբեր գաղափարներով։ Նման հանդիպումներից մեկի ժամանակ լոնդոնցի իմ ընկերը, որն Արևելյան Եվրոպայի հարցերի մասնագետ է, նկատեց. «Արդյոք ԱՊՀ երկրներում շա՞տ կան այսքան պատրաստված ու սկզբունքային մասնագետներ ու մտավորականներ»։ Նկատելի «խորագիտակությամբ» աչքի են ընկնում, իհարկե, ոչ միայն Լիբիայի, այլև արաբական բոլոր երկրների պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են գործառական քաղաքականության բոլոր նրբություններին։ Բայց Լիբիան առանձնահատուկ տեղ է գրավում արաբական աշխարհում ու տարածաշրջանում, և դա չի կարող անտեսվել ՆԱՏՕ-ի ներկա ռազմական գործողության տեսակետից։ Քննության առնենք Լիբիայի արտքաղաքական գործունեության որոշ ուղղություններ ու առանձնահատկություններ։
Լիբիայի ղեկավարության կարևոր նպատակներից մեկը համաարաբական քաղաքականության ձևավորման ձգտումն է, ինչը նշանակում է, որ արաբական աշխարհաքաղաքականություն գոյություն ունի։ «Արաբական աշխարհաքաղաքականություն» հասկացությունն անհեթեթություն է, և քաղաքական գրականության մեջ այն չի օգտագործվել անգամ հարաբերականորեն։ Այդուամենայնիվ, Քադաֆին կարծում էր, որ արաբական պետությունները կամ գոնե առաջատարները, կարող էին հավակնել աշխարհաքաղաքականության իրականացմանը և ավելի վստահորեն ու հետևողականորեն պաշտպանել արաբների աշխարհաքաղաքական շահերը։ Քադաֆին մեծ զգուշավորությամբ, գուցե և թշնամաբար էր վերաբերվում Իրանի ու Թուրքիայի քաղաքականությանն ու մտադրություններին, որոնք արաբական աշխարհն ուղղորդելու հավակնություններ ունեն։ Քադաֆին առիթը բաց չէր թողնում Թուրքիայի ղեկավարությանը հայտարարելու թուրք-իսրայելական սերտ հարաբերությունների մասին, սակայն, այդուամենայնիվ, տնտեսական ոլորտում Լիբիան գործակցում էր Թուրքիայի հետ։ Թուրքիայի հանդեպ Տրիպոլիի դիրքորոշումն առանձնապես միարժեք չէր, ինչը բացատրվում է նրանով, որ Քադաֆին խիստ քննադատաբար էր վերաբերվում Պարսից ծոցի արաբական պետությունների քաղաքականությանը` որպես ԱՄՆ-ի և Իսրայելի գործընկերների։ Դա ինչ-որ չափով սահմանափակում էր Լիբիայի քննադատական վերաբերմունքը Իրանի նկատմամբ, ավելին, Թեհրանի հետ հարաբերություններում պահպանվում էին նախազգուշական և հարթ հարաբերություններ։ Հետաքրքրություն է ներկայացնում Լիբիայի դիրքորոշումը քրդական խնդրում։ Լիբիացիներն ամեն կերպ պաշտպանում են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման գաղափարը, բայց, ինչպես երևում է, Տրիպոլիում կան նաև այլ հայացքներ, եթե նկատի ունենանք, որ Լիբիան, ինչպես և արաբական ուրիշ շատ երկրներ, զգուշանում են արաբական աշխարհում շիաների ուժեղացումից և նախընտրում են կառուցել միատարր սուննիական միջավայր, առանց այնպիսի համայնքների մասնակցության, որոնց վրա ուժեղ ազդեցություն են գործում շիական պետությունները։ Լիբիական հատուկ ծառայություններն անմիջականորեն և արաբական այլ պետությունների իրենց գործընկերների մասնակցությամբ սեփական մարդկանց են ներդնում Իրաքի քրդական ու շիական քաղաքական շրջանակներում, բայց չեն ձգտում դրսևորել իրենց էական ազդեցությունը։ Իրականում Լիբիան ուժեղ ազդեցություն գործո՞ւմ է քրդական քաղաքական շրջանակների վրա, թե՞ ոչ, դժվար է հասկանալ։ Բայց կասկածից վեր է, որ Լիբիան, քրդական կազմակերպությունների հետ գործակցելով, մասնակցում է Թուրքիայի շահերի դեմ արաբական մի շարք պետությունների աշխատանքին։ Համենայն դեպս, Լիբիան «հենակետային» տարածքներից մեկն է, ուր քրդական աշխատավորական կուսակցությունը որոշ բազային հնարավորություններ ունի։ Լիբիացի պաշտոնատար անձինք բազմիցս պնդել են, որ «քրդական թեման» դեռ լայն տարածում չունի աշխարհում, սակայն շատ շուտով ավելի հրատապ ու նշանակալի կդառնա։ Ավելի ու ավելի շատերն են հասկանում, որ պաշտպանելով Իրաքի տարածքային ամբողջականությունը, դրանով իսկ արաբներն ուժեղացնում են թուրքերի ու քրդերի փոխըմբռնումը։
70-ական և անգամ 80-ական թվականներին Քադաֆին առաջ էր քաշում Եգիպտոսի և Թունիսի հետ Լիբիայի պետական միավորման գաղափարը, ինչը խիստ քննադատաբար ընդունվեց արաբական այդ պետությունների ղեկավարների կողմից։ Առաջ քաշվեցին նաև ավելի լայն ծրագրեր, օրինակ, միասնական պետության, դաշնության կամ համադաշնության մեջ միավորելու Մաղրիբի արաբական երկրները` գումարած Սիրիան և Իրաքը։ Մ. Քադաֆին չափազանցում էր համերաշխության միտումները արաբական աշխարհում, երբեմն այնքան էլ լավ չէր հասկանում արաբական քաղաքական վերնախավերի տարբերությունները։ Հնարավոր է, որ նա հենց իրեն էր տեսնում այդ երևակայական համաարաբական պետության ղեկավարի դերում, հնարավոր է` կային ուրիշ ծրագրեր, ինչպես, օրինակ, այդ պետության ղեկավարումը Մ. Քադաֆիի մարդկանց կամ գործակալների կողմից, որոնք սփռված էին արաբական աշխարհով մեկ։
Քադաֆին միշտ քննադատել է արաբական շատ պետությունների դիրքորոշումը պաղեստինյան խնդրի առնչությամբ նրանց բռնած դիրքի կապակցությամբ, բազմիցս կոչ է արել Արաբական պետությունների լիգայի շրջանակներում ավելի կոշտ որոշումներ ընդունել Իսրայելի առնչությամբ։ Որոշ դեպքերում, օրինակ, 90-ականներին, Քադաֆին առաջարկում էր իսրայելա-արաբական հակամարտությունը լուծել` Իսրայելն ինտեգրելով կամ մտցնելով արաբական պետությունների ինչ-որ ընկերակցության կամ հենց Արաբական պետությունների լիգայի մեջ։ Այս բոլոր ինքնատիպ նախաձեռնությունները նյարդայնացնում էին արաբական մյուս երկրների առաջնորդներին, որոնք պարզապես անտեսում էին դրանք։ Բայց Քադաֆիի մյուս գործողությունների կապակցությամբ պետք է նկատել, որ անտեսումը քիչ էր, և լիբիական պարագլխի հանդեպ սկսեցին գրեթե դավեր նյութվել, իսկ մի շարք արաբ ղեկավարներ Լիբիայի առաջնորդի դերում հաճույքով կուզենային տեսնել այլ գործչի։ Ըստ լուրերի, Եգիպտոսի ներկա փաստացի ղեկավար Օմար Սուլեյմանը` Եգիպտոսի հատուկ ծառայությունների ամենազոր ղեկավարը, ինչպես նաև Թունիսի, Ալժիրի ու Հորդանանի «ուժեղ մարդիկ», երբեմն առանց իրենց ղեկավարության պատշաճ գիտության, փորձել են համաձայնության գալ ընդդեմ Քադաֆիի։ Դրա համար կային ավելի լուրջ պատճառներ, քան Լիբիայի ղեկավարի զանազան արտառոց գաղափարները։
Լիբիական հատուկ ծառայությունները, որոնք հսկայական ֆինանսական և մարդկային հնարավորություններ ունեն, ամբողջ արաբական աշխարհում ստեղծել են գործակալների ու համակիրների ճյուղավորված ցանց, ներառյալ պետական աշխատակազմերը, քաղաքական կուսակցություններն ու շարժումները, զինված ուժերը, բիզնես-վերնախավերը և կրթամշակութային կառույցները և, իհարկե, կրոնական կազմակերպություններն ու զանազան իսլամական ժողովարանները։ Գուցե չափազանցություն կլիներ ասել, բայց գնահատականներ կան այն առթիվ, որ լիբիացիները փորձել են պայթեցնել Իրաքում և Սիրիայում ԲԱԱՍ կառավարող կուսակցության գրասենյակները, քայքայիչ աշխատանք տանել այդ պետական-քաղաքական կառույցի և պետությունների ղեկավարների դեմ։ Հետախուզական լայն աշխատանք է կատարվել Թունիսի, Ալժիրի և Մարոկկոյի նկատմամբ, որոնք Մ. Քադաֆին համարում էր ամերիկացիների կողմից «օկուպացված» և ֆրանսիացիներին «ծախված» վարչակազմեր։ Այդ երկրներում, անշուշտ, գոյություն ունի իրազեկիչների և որոշակի գաղափարների ու մտադրությունների ջատագովների լայն ցանց, կան խիստ գաղտնի խմբեր, որոնք կոչված են դաստիարակելու «հեղափոխականների» նոր սերունդ` «ի դեպս անհրաժեշտության»։ Լիբիական հետախուզական ծառայությունները տեղեկատվական և, ավելի պակաս չափով, քայքայիչ գործողություններ են իրականացրել Պարսից ծոցի երկրներում, որոնք Տրիպոլիում համարվել են «հատկապես թշնամական»։ Սակայն, Լիբիայի արտքաղաքական գործունեության առանձնահատուկ ուղղությունը Եգիպտոսն է, որտեղ իրացվել է Լիբիայի արտաքին հետախուզության բոլոր ծախսերի մինչև հինգերորդ մասը։ Պետք է ասել, որ Մ. Քադաֆին զգուշանում էր Եգիպտոսից, նրա քաղաքական վերնախավից ու հնարավորություններից և միշտ կասկածում էր, որ հենց Կահիրեից կարող են բխել իր վարչակազմի դեմ ուղղված թշնամական մտադրությունները։ Տրիպոլիում մեծ տագնապով ընդունեցին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները, և, իհարկե, փորձեցին ամեն գնով մտնել խաղի մեջ ու ազդել իրադարձությունների վրա։ Սակայն եգիպտացիները, առաջին հերթին, նախազգուշացրին Լիբիային` նրա հնարավոր մասնակցության առնչությամբ։ Այսպիսով, ինչպես ասել է հորդանանցի մի դիվանագետ, «նա քիթն ամեն տեղ խոթում է», և դա չէր կարող չնյարդայնացնել արաբական պետությունների ղեկավարներին։ Առիթ եմ ունեցել արաբ քաղաքական գործիչներից ու փորձագետներից լսելու, որ Իրաքի 2003 թ. գործողությունը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել էր արաբական պետությունների հետ, և դա ավելի ուշ հաստատեցին եվրոպացի լավատեղյակ փորձագետները։ Հիմա ժամանակն է ենթադրություն անելու, թեև այստեղ ենթադրելու բան էլ չկա, որ արաբական պետությունները, անկասկած, իրենց հավանությունը տվել են Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանը։ ՆԱՏՕ-ին պաշտոնապես իրենց աջակցությունը հայտնել են միայն Պարսից ծոցի արաբական պետությունները, իսկ իրականում, փաստորեն, բոլորը։ Անգամ այն կառավարությունները, որոնց սպառնում են հեղափոխությունները, պաշտպանեցին ՆԱՏՕ-ին, քանզի կուզեին, որ շուտ ավարտվի ներքին խռովությունների այդ ժամանակահատվածը։
Ինչ էլ ասելու լինեն ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի տարբեր պահպանողական քաղաքագետները 2011 թ. արաբական հեղափոխությունների պատճառների, գործոնների և շարժիչ ուժերի մասին, այդ իրադարձությունները նվազեցրին նրանց վստահությունը արաբական աշխարհի նկատմամբ, որն զգում էր հարաճուն ազդեցությունը մի քանի «փողի պարկերի»` ի դեմս նավթարտահանող արաբական երկրների ղեկավարների։ Դա ձանձրացրել է բոլորին` և՛ ամերիկացիներին, և՛ եվրոպացիներին, և՛ բուն արաբներին նույնիսկ, ուշադրության առնելով այն, որ այդ «փողի պարկերը» շատ հմտորեն և ճկուն էին կառուցում իրենց քաղաքականությունն ուժի համաշխարհային ու տարածաշրջանային բոլոր կենտրոնների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի։ ԱՄՆ-ի ու եվրոպացիների տեսակետից, այդ երկերեսանիությունը, որպես մարտավարական հնարք, իրեն սպառել է, և հարկավոր է ամեն ինչ իր տեղը դնել նոր, ավելի շիտակ ու կանխատեսելի հարաբերությունների հիմքի վրա։
Բայց դառնանք աշխարհաքաղաքականությանը։ Լիբիայի կառավարող վարչակազմը խոչընդոտ է Միջերկրածովյան լայնածավալ նախագծի իրականացման ճանապարհին, ինչը նախաձեռնել է Ֆրանսիան և ինչը, ընդհանուր առմամբ, պաշտպանել է այդ ընդարձակ տարածաշրջանի պետությունների մեծ մասը, բայց որին քննադատաբար են վերաբերվում Լիբիան և Թուրքիան, որն այդ նախագիծը գնահատում է որպես Եվրամիությանն անդամակցելու իր հավակնություններին ոչ արժանի այլընտրանք։ Մի շարք արաբական երկրներում ևս քննադատական գնահատականներ են երևան եկել այդ նախագծի հասցեին, բայց միանգամայն այլ պատճառներով։ Այսպես թե այնպես, միջերկրածովյան նախագծի իրականացման գործը ծրագրված հանգրվանին հասցնելն ունի ամենևին էլ ոչ տարածաշրջանային, այլ, իրոք, լայնատարած նշանակություն, քանի որ այն հանգեցնելու է Եվրոպայի հետ արաբական պետությունների մեծ մասի տնտեսական, մշակութային և քաղաքական լուրջ ինտեգրման։ Դա որոշակիորեն հնարավորություն կտա նաև կասեցնելու Թուրքիայի էքսպանսիան ու չափավորելու նրա հավակնություններն արաբական աշխարհում, ինչից մեծապես կախված է Թուրքիայի զսպման ռազմավարությունը, ինչով շահագրգռված են ոչ միայն եվրոպացիները, այլև ԱՄՆ-ը, Իրանը և առաջատար արաբական պետությունները։ Ամենայն հավանականությամբ, Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունը կդառնա բազում խոտոր ազդեցություններից հեռու ընկած եվրոպա-արաբական քաղաքատնտեսական տարածության ստեղծման առանցքային միջոցառումը։ Սակայն այդ նախագծի առնչությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի շահերի համաձայնեցման հարցը մնում է չլուծված, ու քննարկումներն այդ ուղղությամբ դեռ առջևում են։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ