Չնայած ընդդիմությունն արդեն ունի միասնական թեկնածու, բայց Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալու։ Ըստ քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ, եթե ընդդիմությունը չկարողացավ Փաշինյանին հեռացնելու հարցն անգամ լուծել, ինչպե՞ս է պատրաստվում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռիվ տալու, այսօր մեր առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելու։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են մեզ օր առաջ ազատվել այս իշխանությունից և առնվազն առաջիկա տարիների համար լուրջ ռազմավարություն մշակել ու լծվել երկիրը ոտքի հանելու գործին։
-Արդեն ընդդիմության թեկնածուի անունը հայտնի է, բայց Փաշինյանը նախարարների է նշանակում ու ամուր կառչած է իր աթոռին։ Ինչպե՞ս եք տեսնում վարչապետի հեռացումը։
-Փաշինյանը փորձելու է հնարավորինս երկար մնալ իր պաշտոնում, քանի դեռ ընդդիմադիր ուժերը, հասարակությունը չեն պարտադրել նրան հեռանալ։ Եթե նա հեռանալու նպատակ ունենար, շատ ավելի շուտ դա արդեն արած կլիներ։ Չմոռանանք, որ այստեղ մեծ դերակատարում ունի նաև Ռուսաստանը։ Աթոռին կառչած այնքա՜ն մարդիկ են մեկ վայրկյանում հեռացվել պաշտոնից։ Պետք չէ պարզապես հարցին զգացմունքայնությամբ մոտենալ ու ասել՝ եթե նախարար է նշանակում, ուրեմն ամուր նստած է իր տեղում։ Իսկ թե ինչ տարբերակով կհեռանա Փաշինյանը, կախված է նրանից, թե որ տարբերակը հաջող կաշխատի։
-Սահմանադրությունը երկու հնարավորություն է ընձեռում՝ վարչապետի հրաժարական և վարչապետին ԱԺ-ում անվստահություն հայտնելու գործընթաց։ Փաշինյանն ինքնակամ հրաժարական չի տալիս, անվստահություն հայտնելու ընդդիմության նախաձեռնություններին իմքայլականները չեն միանում, իրենք ևս այդ քայլն ինքնուրույն չեն ձեռնարկում։ Ո՞րն է երրորդ տարբերակը։
-Ուրեմն ընդդիմությունն այնպես պիտի աշխատի, որ ԱԺ-ն անվստահություն հայտնի։ Երկրում այնպիսի իրավիճակ պիտի ստեղծել, իմքայլական պատգամավորների վրա այնպիսի բարոյաքաղաքական ճնշումներ գործադրել, որ նրանք գնան վարչապետին անվստահություն հայտնելու ճանապարհով։ Ընդդիմադիրները պիտի ցույց տան, որ մրցունակ են, օդից ընկած իշխանությունը վերցնելն ապացուցում է քո ոչ մրցունակ լինելը։ Եթե մի վարչապետի չեն կարողանում պաշտոնից հանել, ինչպես են պատրաստվում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու, որոնք շատ ավելի ամուր են, քան գործող վարչախումբը։ Ինչ վերաբերում է ընդդիմության թեկնածուին, ընդդիմադիրները նպատակահարմար են գտել այնպիսի թեկնածու ընտրել, որը վերջին 25 տարվա ընթացքում քաղաքական գործընթացները կողքից է դիտել, բայց փողոցից չի եկել, քաղաքական հարուստ կենսագրություն ունի։ Նա բավականին հասուն թեկնածու է։ Ավելին, նրա ներկայացրած կուսակցությունը որևէ քաղաքական կշիռ չունի և մարդ-կուսակցություն է։
-Մարդ-կուսակցությունն այս պահին խանգարո՞ղ, թե՞ օգնող հանգամանք է։
-Խանգարող հանգամանք չէ։ Դա փաստ է, և այդ թեկնածուն չի հենվելու իր կուսակցական կադրերի վրա, որովհետև այդպիսի մարդիկ, ըստ էության, չկան։ Բնականաբար, նա հենվելու է 17 կուսակցությունների կադրային ներուժի և դրանից դուրս գտնվող արհեստավարժ, բայց ոչ կուսակցական անհատների վրա։ Իսկ այս հանգամանքը դրական է։
-Մի բան է հասնել Փաշինյանի հրաժարականին, մեկ այլ բան, թե նրանից հետո երկիրն ինչպես պիտի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից։ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ճանապարհը, երբ այսօր արդեն առանց մեզ մեր երկրի սահմաններն են գծում, տնտեսություն չունենք, անվտանգությունը երերուն է։
-Ահավոր, սարսափելի դժվար ընթացք է լինելու։ Երբ 1990-93-ին դիտարկում էի քաղաքական գործընթացները, այսպիսի ծանր, բարդ խնդիրների առաջ կանգնած չէինք։ Եղել էր երկրաշարժ, շրջափակում, մեծ արտագաղթ, բայց այսպիսի ահավոր վիճակ չէր։ Հիմա առավել ծանր է վիճակը, որովհետև ի թիվս այլ գործոնների, ջախջախիչ պարտություն ենք կրել։ Սակայն չպետք է մտածել, որ սա խարան է։ Թեկուզ ժամանակավոր իշխանությունը պիտի առաջիկա տարիների պետության զարգացման վեկտորը ներկայացնի, տա տեսլական, առանց որի պետությունը չի զարգանա։ Ինչու՞ է այսօր կարևոր այս վարչապետի օր առաջ հեռացումը, որովհետև նա երկրի զարգացման պատկերացում չունի։ Փաշինյանը կարծում է, որ վարչապետի գործն ընդամենը որոշումներ ստորագրելն է, Քաղաքացու օրը նշելը և Մաշտոցի պողոտայի վրա խորոված ուտելը։ Դրա համար էլ այսօր այսպիսի հետևանքների առաջ ենք կանգնած։ Այս վարչապետը խոչընդոտ է երկրի զարգացման համար։ Դեռ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ այսօր աշխահաքաղաքական բարդ իրավիճակ է։ Բայդենը հաղթեց ԱՄՆ-ում, շուտով նա կստանձնի իշխանությունը, և Ռուսաստան-ԱՄՆ հակամարտության նոր փուլ կսկսվի։ Այս նախագահն ավելի խիստ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Նոր փուլ է սկսվում ԵՄ-ԱՄՆ, ԱՄՆ-Մերձավոր Արևելք հարաբերություններում։ Իսկ Մերձավոր Արևելքում 4 հիմնական խաղացողները միմյանց միջև խնդիրներ ունեն։ Չինաստանը բուռն գործընթացների մեջ է։ Այսինքն՝ աշխարհում բավականին արագ զարգացումներ են ընթանում, ամեն ինչ արագ փոխվում է, ոչ մեկը չգիտի, թե այս ամենն ուր կտանի։ Պիտի հստակ հասկանալ, թե Հայաստանն այս գործընթացներում որտեղ պիտի լինի, որ ոտնատակ չարվի, ում հետ ինչ հարաբերություններ պիտի կառուցի, ումից ինչ տնտեսական ներդրումներ կկարողանա բերել, ինչպիսի ապագա պիտի ունենա, որ դաշնակցի հետ ակտիվ աշխատի։ Բազմաթիվ խնդիրներ կան, ցանկը շատ երկար է։ Քաղաքական, տնտեսական այս հորձանուտում Հայաստանը պիտի կարողանա չխորտակվել։ Իսկ այսօր Հայաստանում իշխանության գլխին մարդիկ են, որ այս ամենի մասին անգամ պատկերացում չունեն։ Այսօր անվտանգության քարտուղար ընդհանրապես գոյություն չունի։ Նշեցիք, որ առանց մեզ սահմաններ են գծում։ Այո։ Իսկ ու՞ր է մեր տարածքային կառավարման նախարարը, ինչու՞ չի երևում նրա աշխատանքը։ ՈՒ՞ր է այն համապատասխան հանձնաժողովը, որը սահմանների հարցով է զբաղվելու։ Ինչի՞ հիման վրա են սահմանները գծում։ Արխիվային փաստաթղթերի՞։ Ի՞նչն են հիմք ընդունում։ Բազմաթիվ հարցեր կան, բայց չկա իշխանություն։ Միայն Փաշինյանն է, որ մտածում է միայն իր ամառանոցից գողացած օծանելիքի մասին։ Չկան նախարարություններ, հայեցակարգեր, որ այս հորձանուտում հստակ ուղենիշներ սահմանեն։ Հենց դրա համար է պետք նոր մոտեցումներով նոր իշխանություն, որ եղած խնդիրներին լուծումներ նախանշի և փորձի առաջընթաց ապահովել։ Հակառակ պարագայում ունենալու ենք մեծ տեմպերով արտագաղթ ու գահավիժող պետություն։
Այսօր արդեն որպես փաստ պետք է արձանագրենք, որ, ի դեմս Արցախի, ունենք երկրորդ Աբխազիա, որտեղ ռուսերենն արդեն երկրորդ լեզու է, շուտով օդանավակայանը կաշխատի, ինչը նշանակում է Արցախն ամբողջովին անցնում է ռուսական հսկողության տակ, Հայաստանը զրոյական ազդեցություն ունի Արցախի վրա։ Դրա լավագույն օրինակն անվտանգության խորհրդի նոր քարտուղարի ընտրությունն է, այսինքն, Ռուսաստանն ամբողջովին իր հսկողության տակ է վերցնում Արցախը։
-Վիտալի Բալասանյանին ԱԽ քարտուղար նշանակելը ռուսական կողմի ցանկությա՞մբ է եղել։
-Կարող եմ ասել, որ նրան առնվազն դեմ չեն եղել, որովհետև Արցախում շատ ուժեղ է արդեն կրեմլյան քաղաքականությունը, և նրանք են որոշում, թե նահանգային ինչ իշխանություն պիտի ձևավորվի այնտեղ։ Այնպես, ինչպես Աբխազիայում և Հարավային Օսեթիայում են որոշում, թե ով պիտի լինի իշխանություն։ Անգամ խորհրդային տարիներին Հայաստանն Արցախի վրա ավելի շատ ազդեցություն է ունեցել, քան այսօր է։ Ավելին, Հայաստանն ինքն է այսօր վերածվել Կալինինգրադի մարզի։ Սա որպես փաստ եմ արձանագրում։ Հայաստանն այսօր գրեթե 99 տոկոսով ենթարկվում է Ռուսաստանին։ Սա նշանակում է, որ Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը հատկապես այս իշխանության օրոք այլևս աշխատող չէ, քանի որ վերջիններս նայում են, թե Պուտինն ինչ պիտի ասի իրենց մասին, որ դրանով ուրախանան։ Իսկ սա այն իշխանությունն է, որը 2,5 տարի առաջ ասում էր, թե Ռուսաստանը պիտի մեր հեղափոխական իրողություններին հարմարվի։ Հիմա Փաշինյանը հարմարվեց ՌԴ նախագահին ու հպարտանում է, որ օրը երկու անգամ նրա հետ խոսում է։ Ծանր իրավիճակում ենք, ու հաջորդ իշխանությունները շատ մեծ գործ ունեն անելու։ Պետք է սկսեն «մինուսից» պետություն կառուցել։ Մի վիճակ է, որն անգամ երկրաշարժից և արցախյան առաջին պատերազմից հետո չկար։ Այն ժամանակ պետությունը սկսեցին «պլյուսից» կառուցել։
-Նախօրեին ՀԱՊԿ նիստի ժամանակ Պուտինի հայտարարությունն իշխանական շրջանակները ոգևորությամբ ընդունեցին, երևակայությունն անգամ հասավ այն աստիճանի, որ ոմանք հայտարարեցին, թե Ռուսաստանն այս իշխանությանը մնալու երաշխավորություն է տվել։ Կարելի՞ է նման եզրահանգում անել ՌԴ ղեկավարի խոսքից։
-Բնականաբար՝ ոչ։ Դա իշխող քաղաքական ուժի մանիպուլյացիան է։ Ով հասկանում է քաղաքականությունից, առնվազն գիտի, որ նման հանդիպումներում այլ բան չի ասվում։ Պուտինը հո չէ՞ր ասելու՝ քայլ արա, մերժիր Նիկոլին, կամ Նիկոլը դավաճան է։ Բայց միաժամանակ տեսեք, թե Արցախում ում են ԱԽ քարտուղար նշանակում։ Մի մարդու, որը մշտապես սուր քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ Կա հրապարակային դիվանագիտություն, որը մի բան է, և կա անդրկուլիսյան դիվանագիտություն, որը լրիվ այլ բան է։ Պատերազմի ավարտից 30 օր է անցել, տեսե՞լ եք, որ ռուսաստանաբնակ որևէ հայ գործարար Հայաստանում ներդրման մասին խոսի, 2,5 տարվա ընթացքում էլ չէին ասում, որովհետև Ռուսաստանի իշխանությունները միշտ էլ չեն ընդունել Փաշինյանին, դրա համար այնտեղից ներդրումներ անելն արգելված է եղել։
-Ի դեպ, Պուտինը նաև այլ բան է ասել, որ «գունավոր» հեղափոխությունները «լավ» ու «ազնիվ» մտադրություններով երկիրը դժոխք են տանում։ Սա պատահակա՞ն էր հենց այս նիստին ու այս ղեկավարների առաջ ասելը։
-Պուտինը երբեք պատահական ոչ մի բան չի ասում։ Նա հստակորեն նշեց, թե տեսա՞ք ինչ բերեցիք ձեր գլխին, զրկվեցիք 9 հազար քմ տարածքից։
-Այս օրերին ընդդիմադիրները պնդում են, թե Փաշինյանը ոչ միայն հրաժարական պիտի տա, այլև կանգնի դատարանի առաջ։ Այս հեռանկարն իրատեսակա՞ն է։
-Ընդդիմադիրները թող դեռ իշխանափոխություն անեն, հետո կտեսնենք, թե ով պիտի դատվի։
-ՈՒշագրավ է, որ չնայած 17 կուսակցություն է այս փաստաթղթի դեմ խոսել, վարչապետի հրաժարական պահանջել, բայց հիմնական շոգեքարշը ՀՅԴ-ն է, նրա երիտասարդական թևն է ակտիվ ակցիաներ, բողոքի ցույցեր անում, ու՞ր են մյուսները։
-Այդ 17 կուսակցությունների զգալի մասը մարդ-կուսակցություններ են, որոնք, որպես քաղաքական միավոր, գոյություն չունեն։ Այդ լիդերները նաև սեփական անձի հանդեպ ունեն խիստ նեղ պատկերացումներ, նրանց հավակնությունները թույլ չեն տալիս լուծարել մի քանի հոգուց բաղկացած կուսակցությունները և միավորվել այլ ուժերի հետ՝ ըստ գաղափարաքաղաքական ուղղվածության։ Դրա համար խիստ վերապահումով պիտի ասել 17 կուսակցություն։ Ծանրակշիռ է այդ ուժերից ԲՀԿ-ն, որի ընդամենը մի քանի լիդերի ենք տեսնում, և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ից էլ մի քանի դեմքեր են ակտիվ քննադատում, բայց զանգվածային բողոքի ցույցեր չեն անում։ ՀՅԴ-ի մեծ ակտիվությունը բնական է, որովհետև հարվածել են իր ամենանուրբ լարին, քաղաքական ուղղությանը՝ հայկականությանը։ Դրա համար է հենց ՀՅԴ-ն առաջին ջութակի դերը ստանձնել։
-Կուսակցությունների, Հայաստանի քաղաքական դաշտի ողբերգությունը չէ՞, որ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը մեկ ամիս է իշխանության է, իսկ մեր երկրում չի գտնվում այլընտրանք։ Տևական փնտրտուքից հետո ընդդիմությունը հազիվ է կարողանում մեկ դեմքի առաջարկել որպես Փաշինյանին փոխարինողի։
-Դա հասարակության ողբերգությունն է, որովհետև 30 տարի շարունակ իշխանությունները հասարակությանը պետության կառավարման գործից զրկել են։ Դրա հիմքը դրվեց 1995-ին, առաջին նախագահի կառավարման տարիներին, երբ ընտրակեղծիքիների միջոցով ձևավորվեց ԱԺ-ն, որը չէր ներկայացնում հասարակությանը։ Դա ապացուցվեց ընդամենը 3 տարի հետո, երբ մի գիշերում իշխող քաղաքական ուժի կեսը՝ 70 պատգամավոր, դուրս եկավ «Հանրապետություն» խմբակցությունից և անդամագրվեց «Երկրապահ» պատգամավորական խմբին։ Ողբերգությունը շարունակվեց 1996-ին, երբ հանրաքվեի արդյունքները կեղծվեցին, նույն թվին նախագահական ընտրությունների արդյունքները ևս նույն բախտին արժանացան։ Չեմ կարող ասել Վազգեն Մանուկյանը հաղթել էր, թե ոչ, բայց հաստատապես Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել։ Սա հանգեցրեց 1998-ի պալատական հեղաշրջմանը։ Հետո էլի ընտրություններ կեղծվեցին, այդ ամենը հանգեցրեց նաև 2008-ի Մարտի 1-ին։ Ընտրությունների կեղծումը շարունակվեց, ու այդ ամենը մեզ հասցրեց 2018-ի հանգրվանին, երբ եղավ պայմանավորված իշխանահանձնում։ Այս տարիների կեղծիքները հանգեցրին մի տխուր իրողության, որ փողոցից երիտասարդներ եկան իշխանության, որոնք բացարձակապես ոչնչից տեղյակ չէին, արդյունքում ունեցանք Արցախի կորուստ և Հայաստանի ջախջախում։ 30 տարում իշխանությունները հասարակությանը այլընտրանքից զրկեցին. երբ ընտրությունները կեղծվում են, հասարակությունն այլընտրանք ձևավորելու այլ մեխանիզմ չի ունենում։ Եթե 1996-ի նախագահական ընտրությունները չկեղծեին, երկրում այլընտրանք կստեղծվեր, և հասարակությունը կսովորեր դրան։ Այս ընթացքում 1 միլիոնից ավելի քաղաքացի երկիրը լքեց, որը թուլացրեց մեր հասարակության ներուժը։ Երբ թոշակառուներին, հաշմանդամներին, երեխաներին հանում ես, տեսնում ես, թե ովքեր են մնացել, դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են այլընտրանք ստեղծել։ Աղավաղված քաղաքական մտքով այլընտրանք չեն ձևավորում։ Դրա համար էլ այսօր ընդդիմության թեկնածու է ընտրվում Վազգեն Մանուկյանը, այսինքն, մենք վերադառնում ենք կրկին 25 տարի առաջվա թեկնածուին, հետ ենք գնում 1996 թիվ ու նորից պիտի 25 տարի ապրենք։ Բայց նաև այս հասարակությունն է հանդուրժել այս ամենը, որովհետև ընտրությունները մի մարդ կամ մի քաղաքական ուժ չի կեղծում, այլ ինստիտուտներ, հազարավոր մարդիկ էին փող բաժանում։ Օրվա իշխանությունները միշտ էլ նպաստել են, որ ազգի տականքը ջրի երես բարձրանա։ 30 տարի այդ տականքին հանեցինք վերև ու եկանք հասանք այս օրվան։
-Ասացիք, թե 2018-ին պայմանավորված իշխանահանձնում է եղել, ի՞նչ նկատի ունեք։
-2018-ին ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել։ Երրորդ նախագահին ասել են, որ ինքն իր կուսակցության հետ պիտի հեռանա։
-Ո՞վ է ասել, դրսի՞ց։
-Այո, Արևմուտքն ասել է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը, նրա ողջ թիմը պիտի հեռանա, որ հանկարծ Կարեն Կարապետյանը կամ այլ ուժ իրենցից չգա։ Սա պետք էր անել քաղաքացիական անհնազանդության միջոցով, ինչը կազմակերպված, նախօրոք մշակված իրականացրին։ Երբ այսօր դիտարկում ես գործընթացները, նկատում ես, որ երրորդ նախագահը ոչ մի խնդիր չունեցավ այս ընթացքում Փաշինյանի հետ։ Անգամ աղմուկ հանած «Գոնսալեսի գործը» շատ հեշտ ու հանգիստ փակվեց, գնաց։ Նրա մերձավոր շրջապատից ոչ մեկը որևէ խնդիր չունի այս իշխանության հետ։ ՀՀԿ-ի որոշ գործիչներ քննադատում են Փաշինյանին, բայց նրանք շատ պասիվ են։ Անդրկուլիսյան գործընթացներ են եղել, որոնք, կարծում եմ, մինչև այսօր շարունակվում են։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ