«Այսօր մենք իշխանություն չունենք, մեր քաղաքացիներն անտերության են մատնված»
01.12.2020 | 00:54
Ակնհայտ է, որ ազգի գլխին բերած այս արհավիրքով Նիկոլ Փաշինյանն արդեն կանգնած է բարոյական, պատմական պատասխանատվության առաջ, սակայն նրան սպասում է նաև քրեական պատասխանատվություն։ Սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ 2,5 տարվա ընթացքում այս իշխանությունն այնքան հակասահմանադրական քայլեր է իրականացրել, որ բացի Փաշինյանից, շատերը պիտի հայտնվեն ամբաստանյալի աթոռին։
«Այս պատերազմի հետ կապված պետք է մասնագիտական հանձնաժողովներ ձևավորվեն, և քննություն ընթանա։ Անգամ այս կարճ ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից հայտարարություններ են հնչել, որոնք լուրջ քննության առարկա պիտի դառնան, քանի որ պատերազմական հանցագործությունների մասին են փաստում։ Մարդկանց ճակատագրի խեղումը, հայրենիքի հանձնումը չեն կարող անհետևանք մնալ։ Առնվազն մի քանի աղբյուրների փաստարկները վկայում են պետական դավաճանության մասին»։
-Երեկ Փաշինյանը հերթական գրառմամբ հայտարարեց, որ երկրորդ նախագահի անձնագիրը վերադարձնելու համար դատավորին ուղիղ հրահանգ է իջեցրել։ Որպես օրենքի մարդ, ի՞նչ հետևություն արեցիք այս «ցուցմունքից»։
-Այս պատերազմից, հատկապես ազգադավ փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանն ընդհանրապես որևէ բան ասելու, գրելու իրավասությունից զրկվել է։ Իր գրառումները զարհուրելի են ու անհեթեթ, որովհետև ամեն հաջորդը նրան ավելի վատ վիճակի մեջ է դնում, դրանք հերթական հանցագործության կամ անգործության մասին ցուցմունքներ են։ Դրանցում արտացոլված են և՛ իր կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, և՛ դավադրությունները, և՛ կոպիտ իրավախախտումները։ Իսկ այն, որ նա մշտապես դատաիրավական համակարգի վրա ճնշումներ է գործադրել, նորություն չէ։ Հայտնի ձայնագրությունը հիշեք՝ կոնկրետ գործով դատավորների էր հրահանգավորում, ունի յուրային դատավորներ, որոնց թելադրում է ցանկացած անօրինական որոշում։ Սա էլ հերթական ինքնախոստովանական ցուցմունքն էր։ Բարեբախտաբար, 2,5 տարում դատաիրավական համակարգում եղել են արժանապատիվ դատավորներ, որոնք չեն տրվել ճնշումների անկախ այն բանից, թե ինչ է դա նրանց արժեցել։ Դատավորների, ՍԴ-ի վրա բացահայտ ճնշումներ են եղել։ Ցավոք, խնդիրը ոչ միայն դատական համակարգին, այլև իրավապահ մարմիններին է վերաբերում։ Մինչ օրս փորձում է աթոռից կառչած մնալ՝ իրավապահներին որպես մահակ օգտագործելով ընդդիմադիրներ դեմ, որպեսզի լռեցնի մարդկանց արդարացի ցասումը, հավաքներն ու ցույցերը ճնշի։
-2,5 տարվա հակասահմանադրական քայլերին գումարվեց առավել ծանրագույն հանցանք՝ հայրենիքի հանձնում։ Գրեթե բոլորը պահանջում են Փաշինյանի հրաժարականը, սակայն նա շարունակում է մնալ իր տեղում։ Ընդդիմությունը չունի օրինական լծակներ, մեխանիզմներ նրան հեռացնելու։ Այս առումով Սահմանադրության համապատասխան հոդվածները խնդրահարույց չե՞ն։
-Հայաստանում վիճակը յուրօրինակ է՝ քաղաքաիրավական ճգնաժամ է։ Սահմանադրությամբ նախատեսված եղանակներն են՝ վարչապետի հրաժարական կամ ԱԺ-ի կողմից անվստահության հայտնում։ 2,5 տարի կազուսային իրավիճակում ենք հայտնվել, քանի որ խորհրդարանում Փաշինյանի քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն է, իսկ անկախ Հայաստանի պատմության մեջ դա բացառիկ իրավիճակ է։ Երբևիցե իշխող ուժն առանց կոալիցիայի բացարձակ մեծամասնություն չի եղել։ Այս առումով հրաժարականի երկու մեխանիզմներն էլ կաթվածահար են։ Փաշինյանն ինքնուրույն հրաժարական չի ներկայացնում, իսկ նրա քաղաքական ուժն էլ, բնականաբար, չի միանա անվստահություն հայտնելու ընդդիմադիրների նախաձեռնությանը։ Այս քաղաքական ճգնաժամի պայմաններում պիտի ակնկալել նույն գործընթացները, ինչ 2018-ի «հեղափոխության» ժամանակ, երբ հասարակության ճնշմամբ վարչապետը հրաժարական տվեց, հետո խորհրդարանական մեծամասնությունը ընտրեց վարչապետ։ Այսօր նույն կերպ պիտի վարվի Փաշինյանը, սակայն անհասկանալի է, թե ինչի վրա է նա հույսը դրել, երբ նման խայտառակ փաստաթուղթ է ստորագրել, հայոց պատմությունն է խեղել։ Դեռ վաղուց պիտի հրաժարականի դիմում գրած լիներ, կամ էլ նրա խմբակցության պատգամավորները մի փոքր արժանապատվություն պիտի ունենային ու սկսեին Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Երբ այսօր հայտարարում են, թե աթոռակռիվ է գնում, այո, այդպես է, մեկ բացառությամբ՝ իշխանությունում է այդ կռիվը։ Այսօր պետության գոյության հարց է դրված։ Այդ փաստաթուղթը Փաշինյանի իշխանությունն է դակել, և պետք է ինքնակամ հեռանան, որ այլ ուժ կարողանա դրանում փոփոխություններ անել, բանակցային նոր օրակարգ սահմանել։ Բնական է, որ մենք այն կարգավիճակում չենք, որ կարողանանք օրակարգ թելադրել։ Հայտնի խոսք է՝ ուժն է ծնում իրավունք, մեր բանակն այս պահին նոր պատերազմի մեջ մտնելու ներուժ չունի, գոնե բանակցություններով պիտի որոշակի հաջողությունների հասնել։ Այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը խայտառակություն է։ Թվում է, թե Հայաստանի կողմից այն ադրբեջանցի է ստորագրել, որովհետև որևէ կետ հօգուտ մեզ չէ։ Անգամ գերիների հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանն այսօր չի ուզում վերադարձնել մեր զինվորներին։
-Այդ փաստաթղթում շատ հստակ ամրագրված է տարածքների հանձնման ժամանկացույցը, սակայն որևէ ժամկետ նշված չէ գերիների վերադարձի մասին։ Սա պատահականությու՞ն է։
-Իհարկե ոչ։ Ոչ միայն ժամկետ չկա, ավելին, Միքայել Մինասյանը փաստաթուղթ հրապարակեց, որը նախնական տարբերակներից էր (ՌԴ ղեկավարն էլ փաստել էր, որ պատերազմը կարող էր կանգնել դեռ հոկտեմբերի 20-ին)՝ համեմատաբար ավելի ընդունելի ձևակերպումներով։ Այդ փաստաթղթում եղել է «անհապաղ վերադարձնել գերիներին» ձևակերպումը, որպես նախապայման չի եղել Շուշիի հանձնումը։ Իսկ այս փաստաթղթում զուտ Ադրբեջանի համար ցանկալի նախապայմաններով վերջնաժամկետներ են։ Շուտով այդ փաստաթղթի ստորագրման մեկ ամիսը կլրանա, իսկ կառավարությունն ամբողջությամբ անգործության է մատնված։ Գերիների հարցը պետք է նրանց ընտանիքների ուսերին չթողնեին, դա պետության հոգսն է, որը պետք է օպերատիվ կերպով իրականացվեր։ Առնվազն պիտի ամրագրված լիներ, որ մինչև տարածքների հանձնումը պետք է գերիներին վերադարձնել, խաղաղապահների ներկայությամբ այդ տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել։ Առանց որևէ երաշխիքի, նախնական գործողությունների, հարյուրավոր անհայտ կորածների առկայությամբ այդ տարածքները միանգամից զիջեցինք թշնամուն։
-Այս օրերին նաև Հայաստանի սահմանների ճշգրտում է տեղի ունենում։ Հայաստանի որոշ տարածքներ թշնամուն զիջելու փաստի հետ բախվեցինք, մինչդեռ այս գործողությունները ևս հակասահմանադրական են։ Իշխանությունում «տանը մարդ չկա» վիճակն է, ուրեմն ի՞նչ անել, երբ այդ փաստաթուղթը հարուցում է նաև սահմանադրականության խնդիր։
-Այդ փաստաթուղթը մեր ներպետական օրենսդրության համատեքստում առ ոչինչ է, որովհետև այն միջազգային պայմանագրի բնույթ ունի, և Փաշինյանն իրեն թույլ է տվել միանձնյա ստորագրել՝ խախտելով սահմանադրական բոլոր մեխանիզմները։ Սահմանադրությունն այսպիսի իրավիճակների համար հստակ կանոնակարգում, մեխանիզմ ունի, որը թույլ չի տալիս ղեկավարին միանձնյա նման փաստաթուղթ ստորագրել։ Բայց սա միայն ներպետական խնդիր չէ, այդ փաստաթղթում երկու երկրների ղեկավարների ստորագրությունն է։ Առնվազն պետք է, որպես պետություն, այնքան ուժեղ ու շահեկան վիճակում լինեինք, որ այլ գործընթացներ կարողանայինք թելադրել։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, բնականաբար, կա Սահմանադրության հետ հակասություն։ Տարածքային ցանկացած փոփոխության դեպքում պետք է հանրաքվե իրականացվի։ Եթե ուսումնասիրում ենք համաշխարհային փորձը, սահմանագծման անգամ չնչին փոփոխությունը ենթադրում է լրջագույն աշխատանք, տևական ժամանակ, մասնագիտական հանձնաժողովների ձևավորում...
-...Իսկ մենք սահմանափակվում ենք Ադրբեջանի ներկայացրած GPS-ի տվյալներով։
-Այո, դա անգամ ծաղր է պետության հանդեպ։ Ինչպե՞ս կարելի է նման լրջագույն հարց այդ մակարդակով լուծել։ Այս օրերին երկրի 4-րդ հարկատուն՝ Սոթքի հանքը, կարող է չշահագործվել, դա մեր պետության համար հերթական հարվածն է։ Անգամ չնչին տոկոսայնություն ունեցող ոսկու հանքերի դեպքում այլ երկրներ տարիներով պայքարում են՝ մի բլրակ հարևանին հանձնելուց առաջ։ Այդ հանքի հանձնման հետևանքով մեր երկրում հազարավոր ընտանիքների բարեկեցությունը, ապրուստի խնդիրը հարցականի տակ են դրվում։ Այսօր մենք իշխանություն չունենք, մեր քաղաքացիները անտերության են մատնված։ Օր, ժամ առաջ պիտի ազատվել այս իշխանությունից, ամեն րոպեն թանկ է նստում մեր երկրի վրա։ Հայաստանում որքան փորձառու, կարող ուժեր կան, պետք է բերել առաջին պլան, բոլորին համախմբել ու երկիրը հանել այս ճահճից։ Մանիպուլյացիա թող չանեն՝ եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ։ Ցանկացած մարդ, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այսօր դեռ անցումային ուժ է ձևավորվելու, հետո կլինեն արտահերթ ընտրություններ, և հանրությունը կընտրի նրան, ում ուզում է։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ