-Նախ, եկեք հասկանանք և արձանագրենք մի փաստ. այս կապիտուլյացիոն փաստաթուղթը վատագույնն էր վերջին 30 տարիների բանակցությունների ընթացքում։ Բացարձակապես չեմ համաձայնի այն թեզի հետ, որ ստորագրված փաստաթուղթը պատերազմի ավարտի գինն էր, սա Նիկոլ Փաշինյանի կողմից «վերելակային բանակցությունների» ընթացքում խոստացված գինն էր։
Իշխանության գալու առաջին իսկ օրվանից վարչապետը խստագույնս հետևում էր նախանշված ճանապարհին՝ ոտնահարում էր հայի արժեհամակարգային արժեքները, տարածում և արմատավորում էր ներքին թշնամանքը, պառակտում էր ազգը։ Վերջնարդյունքը խայտառակ պարտությունն էր։
Ոչ միայն հնարավոր էր շատ ավելի լավ պայմաններով հրադադար հաստատել և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, կարելի էր անգամ խուսափել պատերազմից։
-Երկրի քաղաքական իշխանության պարտությու՞նն էր սա, թե՞, ինչպես Արցախի նախագահն է ասում, դավաճանել ենք բոլորս...
-Կապիտուլյացիոն փաստաթուղթը բոլորիս պարտությունն էր. ամբողջ հայ ազգի, սակայն այս ճանապարհը մենք չէինք ընտրել, այս ճանապարհով մեզ տարավ այսօրվա քաղաքական իշխանությունը։ Իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է, դա գիտակցել է պետք, սակայն հստակ կարող ենք ասել՝ ներկայիս քաղաքական իշխանության մոտ պատասխանատվության տոտալ բացակայություն է եղել և կա։ Ըստ իրենց, մեղավոր են բոլորը՝ նախկինները, «սևերն» ու «սպիտակները», ժողովուրդը, հայրենիքի համար կյանք չխնայած զինվորը, բայց ոչ երբեք իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հասկանու՞մ եք, սա խայտառակություն է, երբ ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի շուրթերից բազմիցս հնչում է հետևյալ արտահայտությունը՝ մեղավոր էին դասալիքները, ովքեր լքեցին դիրքերը, այ եթե էդպես չլիներ, մենք չէինք հասնի այս օրհասական կետին։ Սա ևս մեկ անգամ պատասխանատվությունից խուսափելու և իրենց ձեռքերով ստեղծված իրավիճակից չոր դուրս գալու փորձ է։
-Վերջին օրերին հրաժարականի դիմումներ ներկայացրին կառավարության որոշ անդամներ ու ԱԺ պատգամավորներ. սա պատասխանատվությունից խուսափելու միջո՞ց է։
-Ինչպես նշեցի, իշխանավորները «պատասխանատվություն» եզրույթի ընկալման հետ լուրջ խնդիրներ ունեն։ Վերջին օրերին հրաժարականների շարքն ավելի շատ պայմանավորված է ինքնապահպանման բնազդի, քան սեփական սխալն ընդունելու հանգամանքով։ Սակայն, անկախ ամենից, պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը, ովքեր 2,5 տարի շարունակ երկիրը տանում էին արդեն իսկ հստակ ընդգծված անդունդի եզրով։ Յուրաքանչյուրը, զբաղեցրած պաշտոնին համապատասխան, ունի պատասխանատվության իր չափը։
-Վարչապետի հրաժարականն այսօր օրակարգայի՞ն է ձեզ համար։
-Կարծում եմ՝ եթե ցանկանում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից, այս հարցն օրակարգային պետք է լինի բոլորի համար։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին լինելու ամեն րոպեն կործանարար է հայ ժողովրդի ապագայի համար։ Հիմա նա կարծես 6 ամիս է պահանջում երկիրն աղետալի իրավիճակից դուրս բերելու համար, բայց հարց՝ ո՞վ է այս քաոսի հեղինակը։ Արդյո՞ք հնարավոր է վստահել մի մարդու, ով տանուլ տվեց պատերազմը, զրկեց մեզ ամենաթանկից... Իհարկե՝ ոչ։ Մի՞թե 2,5 տարվա մեջ 6 ամիս չկար։ Օր առաջ պետք է ազատվել անպատասխանատու, անպիտան և ապիկար ղեկավարից, որպեսզի երկիրը նորից կարողանա շնչել։
Զրույցը`
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ