Շախմատի Հայաստանի հավաքականի ավագ, համաշխարհային շախմատի մեծագույն դեմքերից մեկի՝ գրոսմայստեր Լևոն Արոնյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին Երևանում կայացել է «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։
Միջոցառմանը Լևոն Արոնյանն ու գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ անցկացրել են միաժամանակյա խաղի սեանս։ Դրանից բացի, անցկացվել է Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Միջոցառումից հետո Արոնյանը խոսել է մրցաշարի անցկացման գաղափարի, իր անձի միջոցով պատերազմի մասին աշխարհում բարձրաձայնելու մասին.
«Միջոցառումը կրում է «Մատ տեռորին» խորագիրը, քանի որ այս պատերազմում մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ: Այս պահին մեր թշնամին օգտագործում է ահաբեկիչներին և անում է այնպիսի բաներ, որոնք մարդկային չեն: Վերջիվերջո կան կռիվ, մարտ, և կան այն մարդկային բաները, որոնք մենք բոլորս կիսում ենք: Մեր թշնամին ընտրել է այնպիսի մեթոդներ, որոնց մասին ամոթ է խոսել: Նա ցույց է տալիս այնպիսի դաժանություններ, որոնք հասու չեն նույնիսկ կենդանիներին: Այսօր դրամահավաք ենք անում, մայրիկիս գիրքն եմ վաճառում, միաժամանակյա սեանս ենք տալիս, որպեսզի գումար հավաքենք և ուղարկենք Արցախ՝ մեր եղբայրներին», -ասել է Արոնյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ