Շաբաթ-կիրակին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության հերթական տուրի օրերը մեզ համար թերևս ոչ այնքան մարզական, որքան բարոյական նշանակության էին` Հայաստան-Վրաստան դիմակայությամբ։ Հանդիպումն անցկացվել է չեզոք դաշտում։ Ֆուտբոլային վերադաս կազմակերպությունը հաշվի էր առել տարածաշրջանում առկա վիճակը, թեպետ մենք առավել քան հաստատ գիտենք, որ այսօրվա Երևանի խաղաղ երկինքը կերազեին աշխարհի շատ ու շատ քաղաքներ։ Ինչևէ։ Հանդիպման, այսպես ասած, ռազմական բաղադրիչով պայմանավորված շատ բաների մասին չեմ խոսի, քանի որ դրանք ակնհայտ են մեզ համար, ուստի միանգամից անցնեմ հանդիպմանը։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Ես հնարավորինս անկեղծ եմ, երբ խաղի բարոյական կողմին եմ առավել նշանակություն տալիս, որովհետև, հայկական ֆուտբոլի օրվա վիճակը նկատի ունենալով, չեմ կարող ինձ այն աստիճանի մոլորյալի դերում պատկերացնել ու այդ նաիվությամբ էլ ձեզ մոլորության մեջ գցել, որ հույսեր կապեի խաղարկությանը մեր մասնակցության մարզական կողմի հետ, իսկ օրվա հանդիպման կտրվածքով մենք թերևս առավելագույն արդյունքի ենք հասել՝ ոչ-ոքի գրանցելով վրացիների հետ։
Օբյեկտիվությունը պահանջում է ասել, որ մեր բավականին արագ գոլից հետո (շնորհավորենք Խորեն Բայրամյանի գոլային նորամուտը) առաջին խաղակեսի հաղթական արդյունքը մեր բացահայտ ձեռքբերումն էր։ Չլիներ Դավիթ Յուրչենկոյի հրաշալի խաղը, չլիներ ֆուտբոլային աստվածուհու բացահայտ համակրանքը մեր կողմը, մենք երկրորդ խաղակես կմտնեինք խոշոր հաշվով պարտությամբ։
Երկրորդում վրացիները չափից ավելի արագ հավասարեցրին հաշիվը։ Կարելի է ասել՝ հանդերձարանից դուրս չեկած։ Դեպքերը զարգանում էին մեզ համար անցանկալի սցենարով։ 74-րդ րոպեին վրացիների ակնհայտ առաջատար Թոռնիկե Օկրիաշվիլին իր թիմն մղեց առաջ։ Բարեբախտաբար, մերոնք կարողացան խաղի մնացած հատվածում ևս մեկ անգամ բռունցքվել։ Վաստակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը։ Այս ոչ-ոքին մրցաշարային աղյուսակում մեր թիմը նորից թողեց երրորդ հորիզոնականում։
Թերևս բավարարվենք այսքանով։ Միայն ցավով ավելացնենք, որ չկարողացանք Արցախյան ճակատ այնքան ակնկալված հաղթանակի լուր ուղարկել, սակայն ոչ-ոքին էլ պակաս հուսադրող չէ։ Փոխարենը ճակատի մեր տղաներից պահանջում ենք՝ եթե հանկարծ ազերիթուրքական ոհմակը մի անգամ էլ փորձի գլուխը խրամատներից վեր հանել, առանց դես ու դեն ընկնելու, որպես սկիզբ, լցնում եք Քուռ-Արաքս՝ այնտեղից Բաքու ուղարկելիք առարկայական հեռագրի կամ ինչպես քաղաքագետներն ու դիվանագետներն են այս օրերին գլուխներս հա տանում, սուբլիմատիվ առաքանիի տեսքով։
Մեզ հետ C լիգայի երկրորդ խումբը կազմածներն են իրար հետ մրցած Էստոնիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիները։ Այստեղ ամեն ինչ տարել է նրան, որ կարող էր խոշոր անակնկալ հասունանալ, սակայն էստոնացիները չեն կարողացել հաղթական 3։1 հաշիվը պահել։ Դիմակայության վերջին տասը րոպեին նրանք երկու գոլ են բաց թողել ու ստիպված բավարարվել ոչ-ոքի արդյունքով։
Այստեղ հնգական միավորով առաջատարները Հյուսիսային Մակեդոնիայի ու Վրաստանի ընտրանիներն են։
Մերոնք ունեն չորս միավոր։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Այս խումբը եզրափակող Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ պայքարում Հոլանդիայի ընտրանին անկարող եղավ կոտրելու տանտերերի դիմադրությունը։ Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։
Նույն գոլազուրկ ոչ-ոքին գրանցվեց և Լեհաստան-Իտալիա դիմակայությունում։ Արդյունքում այստեղ ամեն ինչ մնաց անփոփոխ, թիմերը նույն ելման դիրքերում են, ինչ որ էին երկրորդ տուրից հետո։ Առաջիկայում սպասվելիք պայթյունից առաջ այս պահի համար լոկ փաստենք, որ աղյուսակի առաջին հորիզոնականում հինգ միավոր ունեցող իտալացիներն են, չորսականով նրանց հաջորդում են հոլանդացիներն ու լեհերը։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Անգլիայի ընտրանու հետ մինչ այս հանդիպումը Բելգիայի հավաքականը բացարձակ արդյունքով խմբային առաջատարն էր։ Երրորդ տուրի այս խաղն էլ սկսվեց նրա սցենարով, ու պարտադրված էինք հիշել, որ վերջին ութ տարում անգլիացիներն օրվա մրցակցի հետ դիմակայություններում մոռացել են հաղթանակ ասված բանը։ Առաջին խաղակեսում տանտերերը 11-մետրանոցից բելգիացիների իրացրած գոլին պատասխանեցին նույնպիսի տուգանայինի իրացումով, իսկ ահա Մաունտը, պարզվեց, դեմ չէ, այսպես ասած, ամբողջովին խաղային իրավիճակից գոլ խփելուն, ինչն էլ անգլիացիներին պարգևեց հաղթանակ։ Նրանք յոթ միավորով աղյուսակի գլխամասում են։
Երկրորդ՝ Իսլանդիա-Դանիա դիմակայությունում հաղթանակ են տոնել դանիացիները, ընդ որում` արտագնայում ու այն էլ` տպավորիչ 3։0 հաշվով, սակայն միանգամայն ակնհայտ է, որ այստեղ «ասողները» երկուսն են՝ Անգլիայի ու Բելգիայի ընտրանիները։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Երրորդ խմբի օրվա առաջին դիմակայությունը Խորվաթիայի ու Շվեդիայի ընտրանիների միջև էր։ Գոնե վերջին տարիների հաշվարկով անհամեմատ փորձառու տանտերերը հաղթել են 2:1 հաշվով՝ տոնելով իրենց առաջին հաղթանակը, ինչը, բնականաբար, նրանց թույլ չտվեց տեղավորվել առաջին երկու հորիզոնականից և ոչ մեկում, քանի որ վեցական միավորով դրանք զբաղեցնում են Ֆրանսիայի ու Պորտուգալիայի ընտրանիները, որոնք այդ օրը մրցում էին իրար հետ։ Այստեղ կողմերը չեն կարողացել որոշել ուժեղագույնին, բավարարվել են գոլազուրկ ոչ-ոքիով։ Հենց նրանք էլ յոթական միավորով աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում են։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ինչպես և սպասվում էր, չորրորդ խմբում տոն տվողներն իրենց բարձր կարգը հաստատող Իսպանիայի ու Գերմանիայի ընտրանիներն են։ Առաջինները նվազագույն հաշվով առավելության են հասել շվեյցարացիների նկատմամբ ու 7 միավորով գլխավորում են աղյուսակը, հինգ միավորով նրանց են հետևում գերմանացիները, ովքեր արտագնայում 2։1 հաշվով առավելության են հասել ուկրաինացիների նկատմամբ։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Նախորդ տուրում ռումինացիներից կրած ցավալի պարտությունից հետո, թող որ նվազագույն հաշվով, հաղթանակ տոնեց հյուսիսիռլանդացիներին հյուրընկալված Ավստրիայի ընտրանին։ Խմբային երկրորդ հանդիպումում հաջողություն է արձանագրել և Նորվեգիայի հավաքականը, որին հյուրընկալվելու դժբախտությունն են ունեցել մինչ այդ խմբային առաջատար ռումինացիները։ Տանտերերի հարձակման գիծը, որի գլխավոր հարվածային ուժը հեթ տրիկ հեղինակած Հոգլանդն է, պարզապես քրքրել է հյուրերի պաշտպանությունը։ Հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով։ Հաղթանակից հետո Նորվեգիայի ընտրանին վեց միավորով ընկերակցեց նույնքանն ունեցող խմբային առաջատար ավստրիացիներին, ովքեր արտագնայում նվազագույն հաշվով պարտության են մատնել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Տնային խաղում Սլովակիայի հավաքականի նկատմամբ Շոտլանդիայի ընտրանու նվազագույն հաշվով հաղթանակը վերջինիս յոթ միավորով տեղ ապահովեց առաջին հորիզոնականում։ Մյուս խաղում ավելի հաջողակ եղան հյուրերը. չեխերը 2։1 հաշվով պարտության են մատնել իսրայելցիներին ու վեց միավորով երկրորդ հորիզոնականում են։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Թուրքիայի հետ ունեցած դիմակայությունում արձանագրած 1։1 հաշվից, բնականաբար, ռուսական ընտրանին գոհ չմնաց, մանավանդ որ այն տնային հանդիպում էր իրենց համար, սակայն բոլոր դեպքերում, խմբայինի առաջին հորիզոնականում գտնվելը ինքնասիրությունը շոյող հանգամանք է։ Այստեղ վեց միավոր ունեն երկրորդ հորզոնականում տեղ գտած հունգարացիները, որոնց օրվա մրցակիցը սերբերն էին։ Վերջիններս տանուլ են տվել տնային խաղում՝ 0։1։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
4-րդ խմբի առաջատար ՈՒելսի ընտրանու այցն Իռլանդիա չավարտվեց առավելագույն միավորների ձեռքբերումով, սակայն զրոյական ոչ-ոքին ոչնչով չազդեց նրա ունեցած դիրքի վրա։ Այն ունի 7 միավոր։ Փոխարենը Իռլանդիայի հավաքականն էապես նվազեցրեց իր հավակնությունները։
Ֆինլանդիան տարավ խմբային երկրորդ անընդմեջ հաղթանակն ու վեց միավորով ավելի ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում։ Մրցակիցը Բուլղարիայի ընտրանին էր, որը տուն գնաց 2։0 հաշվով կրած պարտության խարանով։
C ԼԻԳԱ
Առաջին խմբի թե՛ Լյուքսեմբուրգ-Կիպրոս, թե՛ Չեռնոգորիա-Ադրբեջան դիմակայություններում առավել հաջողակ են եղել հյուրընկալողները։ Երկուսում էլ արձանագրվել է նույն 2։0 հաշիվը։ Երեք խաղից հետո բացարձակ արդյունքով աղյուսակի գլխամասում Չեռնոգորիայի ընտրանին է, նրանից երեք միավոր պակաս ունեն լյուքսեմբուրգցիները։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Այստեղ յոթական միավորով խմբային առաջին երկու հորիզոնականներում են Հունաստանի և Սլովենիայի ընտրանիները։ Առաջինը տանը 2։0 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի հավաքականին, երկրորդը հյուրընկալվելիս կոտրել է Կոսովոյի ընտրանու դիմադրությունը՝ 1։0։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ղազախների հետ արտագնայում ալբանացիները չկարողացան հասնել առավելության ու բավարարվեցին մեկ միավորով՝ 0։0։ Արդյունքում կողմերն ունեն մեկական հաղթանակ, պարտություն ու ոչ-ոքի, պարզապես, ի հաշիվ ավելի շահավետ լրացուցիչ գործակիցների, Ղազախստանի հավաքականն առջևում է։
Դրամատիկ զարգացումներով առանձնացավ Լիտվա-Բելառուս մրցակցությունը, որտեղ ինչպես առաջին, այնպես էլ վերջին գոլը հեղինակեցին տանտերերը, սակայն այդպես էլ չկարողացան մեկ միավորից ավելի վաստակել։ Երեք տուրի արդյունքներով այստեղ բոլոր թիմերն էլ ունեն չորսական միավոր, ինչը խոսում է խմբում ընդգրկվածների բացառիկ հավասար հնարավորությունների մասին։
D ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Երրորդ տուրի երկու հանդիպումն էլ այստեղ ունեցել են խաղաղ ավարտ։ Ֆարերյան կղզիների ընտրանին լատվիացիների հետ դիմակայությունում փոխանակել է մեկական գոլ ու վստահաբար գլխավորում է խմբայինը՝ յոթ միավոր։ Լատվիացիներն ունեն երեքը։ Երկուական միավորով աղյուսակը եզրափակում են գոլազուրկ հանդիպում ունեցած անդորրացիներն ու մալթացիները։
D ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Այստեղ Ջիբրալթարի ընտրանին տարել է երկրորդ հաղթանակն ու միանձնյա ստանձել խմբի առաջատարությունը։ Հատկանշական է, որ այն իր երկրորդ հաղթանակը տոնել է Լիխտենշտեյնի նկատմամբ, որը խմբայինում նրա թիվ մեկ հակառակորդն է։ Հատկանշական է և այն, որ հաղթանակը տոնվել է մրցակցի դաշտում։
Խմբային երրորդ թիմն այստեղ Սան Մարինոյի ընտրանին է` երկու խաղից երկու պարտությամբ։ Հիշեցնենք, որ սա միակ խումբն է, որում ընդգրկված է երեք թիմ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ