«Ես այսպես չէի խոսի, եթե իրավիճակը կայուն լիներ»
03.07.2020 | 01:04
Սերենա ՈՒիլյամսի մարզչի կարծիքով՝ Միացյալ Նահանգների թենիսի բաց առաջնության անցկացումը հարցականի տակ է, քանի որ ԱՄՆ-ում, մասնավորապես մրցաշարի մայրաքաղաք Նյու Յորքում, Covid-19-ով հիվանդների թիվը շարունակում է աճել։
«Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի օր օրի աճող թվերն ու այն, ինչ կատարվում է երկրում, չեմ կարծում, որ US Open-ը կկայանա։ Կողքից մրցաշարի անցկացման գաղափարը խելագարություն է թվում։ Այնպես որ, ես չգիտեմ՝ սա ճի՞շտ քայլ է, թե՞ ոչ։ Ես այսպես չէի խոսի, եթե իրավիճակը կայուն լիներ, ինչպես, օրինակ, Եվրոպայում է։ Այդ ժամանակ լրիվ այլ պատմություն կլիներ։ Բայց ԱՄՆ-ում, մանավանդ Նյու Յորքում, անհավանական կերպով աճում է հիվանդների թիվը։ Այս իսկ պատճառով ես չգիտեմ՝ խելամի՞տ է անցկացնել մրցաշարը։ Կարծում եմ՝ շատ հնարավոր է, որ մրցաշարի մեկնարկից 2 շաբաթ առաջ նահանգապետը որոշի չեղարկել մրցաշարը»,- Մուրադօղլուի ասածն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերենա ՈՒիլյամսը հաստատել էր, որ մասնակցելու է մրցաշարին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ