«Իրատեսի» հոգևոր էջը վարող Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած «Հանրակրթության պետական չափորոշիչների վերաբերյալ» նախագծում խնդրահարույց կետեր է նկատել, որոնց շուրջ զրուցեցինք նրա հետ։
-«Հանրակրթության պետական չափորոշիչների վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագծում Դուք մտահոգիչ դրույթներ եք նկատել։ Կմանրամասնե՞ք՝ ինչ խնդրահարույց հարցեր կան։
-Նախ` շնորհակալ եմ խոսքի հնարավորության համար, քանզի լռելը հավասարազոր է ինքնաբանադրման. «Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի» ¥Երեմ. 48;10¤: «Կենդանի է Աստծո Խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր։ Եվ կտրում, անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը։ Նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները: Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած» ¥Եբր. 4;12¤: Թեև ժամանակին շատ եմ խոսել կրթական բարեփոխումների և այլ մտահոգիչ խնդիրների շուրջ, բայց եթե առավել աչալուրջ և տեղեկացված մարդիկ չնկատեն ու մտահոգություն չարտահայտեն, ես հաստատ առաջին մարդը չեմ, որ մտահոգիչ դրույթներ կնկատեմ որոշ մարդկանց մտքի գոհարներում: Հասարակական գործունեության որևէ ոլորտ` քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական կամ մշակութային, ունի իր հոգևոր-բարոյական աստառը, առանց որի որևէ պարկեշտ հասարակութան վրա իր «հագուկապը» պատշաճ և կոկիկ տեսք չի ունենա: Պետք է ասեմ, որ ստեղծված իրավիճակն առիթ էր` ընդհանրապես ծանոթանալու «հանրակրթական պետական չափորոշիչ» երևույթի հետ: Հասկանալու համար հերթական անգամ չափորոշիչը փոխելու պատճառները և վեր հանելու առկա հնարավոր վտանգները` ձեռնամուխ եղա նախորդ երկու չափորոշիչների ուսումնասիրությանը` կատարելով համեմատական վերլուծություն:
Հընթացս ինձ համար պարզեցի, որ մեր կրթական համակարգը (որի մաս ենք կազմում ծնողներս), կրթության հիմնական ծրագրային նյութից զատ աշակերտների կողմից բազմաթիվ այլ որակների ու հմտությունների ձեռքբերման մասով փաստացի շեղվել է սահմանված չափորոշչից, եղել է ոչ հետևողական և թերացել է` չապահովելով ցանկալի նվազագույն արդյունք: Որովհետև ազգային-հայրենասիրական, հոգևոր-բարոյական բավականին բարձր նշաձողեր ունենալով հանդերձ, հենց այդ կրթության արդյունքում մենք ունեցանք անհատապաշտ, հեղհեղուկ և հեղափոխական սերունդ: Ծանոթանալով ներկա նախագծին, պարզ է դառնում, որ փաստաթղթի մաշվածությունը չէ փոխելու կամ վերաշարադրելու պատճառը: Տարբերություններ, իհարկե, ոլորտին ոչ գիտակների համար ոչ ակնառու, կան: Բաոբաբի ծիլերը նկատելի են, և ուշադիր չլինելու դեպքում, կարող են շփոթվել վարդի տունկի հետ: Ձևակերպումներն այնպիսին են, որ ստիպում են մտահոգվել, որովհետև տողատակերում կրթության ներկայացվող չափորոշիչները խմբագրելու և աշակերտներին «անհրաժեշտ» ուղղությամբ ուղղորդելու պատրաստ ձեռք է նշմարվում: Նախագիծը ներկայացված է ոչ միայն պարզեցված, այլև բավականին պարզունակ ու համահարթեցված, «մեկից մի հաց, մեկից մի սոխ գողացած» տարբերակով: Բերենք մի օրինակ.
«Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք»: Սա ներկայիս ձևակերպումն է, թե ինչ է լեզուն սովորողի համար: Իսկ հիմա համեմատեք նախորդ ձևակերպման հետ. «Մայրենի լեզվի և գրականության ուսուցման շնորհիվ մարդը ձեռք է բերում ազգային արժանապատվության խոր գիտակցություն, իր նախնիների ստեղծած մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողություն: Հայաստանի Հանրապետության պետական լեզուն` հայերենը, ազգային խորհրդանիշ է, պետության ու ազգային անվտանգության երաշխիք: Օտար լեզուն ոչ հայախոս անձանց հետ շփվելու հիմնական, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթն այլ ժողովուրդներին մատչելի դարձնելու լրացուցիչ միջոց է»:
Ազգային մտածողության համար բացահայտ վտանգավոր դրույթներ չկան միայն առաջին հայացքից: Սակայն եթե «Մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը սույն որոշման հավելված 2-ի հիման վրա ձևավորվում են առարկայական ծրագրերը, իրականացվում է դրանց փորձարկումը և մանկավարժների վերապատրաստումը, մշակվում են ուսումնական նյութերն ու դասագրքերը», ապա պարզ է դառնում ծրագրային նյութի բովանդակության ու առարկայական ցանկի էական փոփոխությունը: Քանի որ գործ ունենք բավականին ծավալուն փաստաթղթերի հետ, մեզ մտահոգող առանցքային հարցերի շուրջ միայն մի քանի ընդհանրացված համեմատություններ կբերեմ և ներկայացվող նախագծում առկա որոշ երկիմաստ արտահայտություններ, որոնք չենք հանդիպում նախորդներում:
Օրինակ` այսպիսի ձևակերպումներ.
-Տարրական դպրոցի աշակերտը պետք է.
․ իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը:
Կանանց և տղամարդկանց որևէ մասը բացակայում է նախորդ նմուշներում: Յուրաքանչյուր մարդու փոխարեն խոսվում է ընդհանրապես մարդու մասին` «որպես բարձրագույն սոցիալական արժեք»:
․ կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
Այո՛, իհարկե, եթե կա «սովորեցնողը», պետք է «սովորել»:
․ …լսի, հասկանա, ապրումակցի… մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք…
Առաջին ընդգծված շատ գեղեցիկ և բարեհունչ բառը նորահայտ է և բազմաշերտ:
․ ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.
Երբ բացվի օվերտոնյան հաջորդ պատուհանը, այս ձևակերպումը, հնարավոր է, իր ողջ հմայքով կներկայանա:
․ ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
․ գիտակցի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը.
․ ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք (նախորդ տարբերակում միշտ առկա է «առողջ» բառը), իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.
Անընդհատ շեշտվում է անհատի յուրահատուկ լինելը: Կամ այսպիսի ձևակերպումներ.
-Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտը պետք է՝
․ …մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.
Այդ անձնական տարածքից կվռնդվի սրտացավ ծնողն ու կարեկից ընկերը, և այդ «ստերիլ» տարածք ով ասես` մուտք չի գործի. հոգեբան, թե հոգեորս….
․ ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.
Շատ վերացական այդ «այլք» կարող են լինել շատ կոնկրետ այլևայլք:
․ կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական (՞) յուրահատկությունները և հակումները.
Հավանաբար աշակերտներին այդ հարցում ևս, ինչպես մանկապարտեզի սաներին, կօժանդակեն «զոնծիկավոր սևակները»:
․ իմանա երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունի անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.
Սա ևս տարընթերցումներ կարող է ունենալ:
․ գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.
․ ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն։
Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտը պետք է՝
․ անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և ուրիշների ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին…
․ …պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.
․ վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
․ ունենա ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար.
․ Կարողանա բացահայտել և զարգացնել իր անհատական առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու նախասիրությունները:
Առանց մեկնաբանության:
-Ըստ Ձեզ, ինչու՞ են նախագծում դպրոցականների սեռական կրթության չափորոշիչները ոչ ճիշտ տարբերակով մատուցվում։
-Ձևակերպումները բավականին առանձնանում են իրենց տարօրինակությամբ, երևի որովհետև այս նախագիծը միջանկյալ տարբերակ է. բացահայտ աղաղակող բաներ չկան, բայց կան ակնարկներ: Եվ խնդիրը ոչ այնքան սխալ տարբերակով մատուցելն է, որքան շեշտադրումը. մնացած բովանդակությունն իր ողջ ծավալով վերածված է ֆոնի.
․ տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.
․ ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և կամ նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.
․ տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.
Նախորդ տարբերակում հանդիպում ենք, ասենք, այսպիսի ձևակերպման. գիտակցի ընտանիք կազմելու և ազգային ընտանեկան ավանդույթներին ու նորմերին հետևելու անհրաժեշտությունը։
-Ավելի վաղ խորհրդարանը վավերացրեց Լանզարոտեի կոնվենցիան, գուցե սա տրամաբանական շարունակությու՞նն է այդ քաղաքականության։
-Ոչ միայն հոգևոր, այլև մասնագիտությամբ առավել կոմպետենտ անձինք արդեն անհրաժեշտ խորությամբ անդրադարձել են խնդրին: Իսկ տրամաբանական շարունակության պահով պետք է առանձնացնել այս ձևակերպումները.
․ դիմակայի (սովորողը) ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.
․ ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել.
Այսպիսի ձևակերպումների չենք հանդիպում նախորդող չափորոշիչներում, սակայն եթե արդեն շեշտվում է բռնության մասին, ապա սա պետք է դիտարկել իբրև զգուշացում, զգոնության ու զգաստության կոչ: Սիրե՛նք մեր զավակներին, գնահատենք մեր մեծագույն արժեքը` ընտանիքը:
-Դուք ամենավտանգավորը ոչ թե սեռակրթությունն եք համարում, այլ թե դրա անվան տակ ինչ կմատուցվի երեխային։ Ինչո՞վ են պայմանավորված Ձեր այս անհանգստությունն ու իշխանության պարզաբանումների հանդեպ անվստահությունը։
-Իհարկե, սեփական զավակի դաստիարակության կարևորագույն մասը, որից կարող է կախված լինել նրա առողջությունը, հետագա կայացումն ու երջանկությունը, չպետք է թողնել ո՛չ դպրոցին, ո՛չ փողոցին: Համենայն դեպս, ծնողը պետք է նվազագույնը` վերահսկի ու համակարգի երեխայի ստացած տեղեկույթը, իսկ առավել նպատակահարմար է, որ ծնողն ինքը գրագետ կերպով կրթի կամ ուղղորդի իր զավակին` ոչ մի դեպքում իր գործողությունները չբխեցնելով սեփական անհաջող կենսափորձից կամ իր ծնողների թույլ տված սխալներից:
«Կմեծանաս, կմոռանաս»,- անհաջողության հանդիպած փոքրիկին ասում են մեծահասակները: Փոքրիկներն էլ, մեծանալով, ցավի հետ մեկտեղ մոռանում են, որ մանուկ են եղել: Մարդիկ անմարմին ու անսեռ հրեշտակներ չեն: Երեխայի ինքնաճանաչման ընթացքը այսպես, թե այնպես հանգելու է սեփական մարմնի, նրա աճի ու զարգացման հետ կապված հարցերին: Մենք կենսաբանական կամ հոգեբանական գիտությունների դոկտորներ չենք, հարկավ, բայց մեր զավակի ամենամտերիմ մարդն ենք: Սեռակրթություն ասելով ծնողը միանգամից չպետք է լարի երևակայությունն ու կարմրի: Եվ հենց կրթության այս բնագավառում առավելապե՛ս երեխայի մեջ պետք է ներարկել նրա` «բոլորի նման լինելու», համընդհանուր, օրինաչափ երևույթների ենթակա հանդիսանալու գաղափարը, ոչ թե անընդհատ ծեծել «յուրահատուկ արժեք» բառակապակցությունը, ինչի պատճառով այսօր առաջադեմ Եվրոպայում 40-ից ավելի սեռ են հաշվում:
Նախագիտելիքը ԸՆՏԱՆԻՔ արժեքի էության ու նպատակի հաղորդումը պետք է լինի, զավակին տրված օգնությունը` ինքնաբացահայտվելու որպես ժառանգորդ որոշակի արժեհամակարգի և պատմության: Կարևորը ընտանիքի ճիշտ մոդել մատուցելն է, ընտանեկան ջերմ մթնոլորտ ձևավորելը, սերունդների միջև ճիշտ փոխհարաբերության կառուցումը և քրիստոնեական-բարոյական արժեքների դաստիարակումը:
- Այս իրավիճակում ի՞նչ պիտի անի մտահոգ ծնողը։
-Մեր կրթական չափորոշիչները միշտ էլ խոցելի կլինեն, քանի դեռ մեր պետությունը աշխարհիկ է, միջազգային օրենսդրությունը` գերակա: Համամարդկային արժեքների սանդղակը և չափորոշիչները աննախադեպ արագությամբ փոփոխվում են: Վտանգը այն չէ, որ չափորոշիչներ են սահմանվում, և որ սահմանողները այնքան էլ վստահություն չեն ներշնչում: Իրական վտանգն այն է, որ նրանք իրենց որոմը ցանում են նախապես «մշակված» հիմնահողում: Մեկ բառով կասեմ: Պատվաստումներ: «Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը»: Այս չափորոշիչը որոշ հակահասարական տարրերի մեր հասարակության մեջ ինտեգրելու գերլարված ճիգ է: Այս չափորոշիչը նպատակաուղղված է համաշխարհայնացման շահերի սպասարկմանը: Հայ տեսակի վերածմանը աշխարհաքաղաքացու: Եվ մեր անտարբերության ու անհետևողականության արդյունքում այս գործընթացը թվում է անշրջելի ու անկասելի: «Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից»։ Այս ձևակերպումն անփոփոխ կերպով է կրկնվում, բայց հակահայ քաղաքականություն վարողների կողմից: Բոլորի չափերը որոշված են: Մասնավոր ենթակայութան կրթօջախները չեն խուսանավի:
Այս կարգի չափորոշիչներ սահմանողները գալիս են մեր բացթողումները յուրովի լրացնելու բոլոր այն ոլորտներում, որտեղ դրանք առկա են: Բայց եթե մենք կարող ենք ինչ-որ տեղ մեզ թույլ տալ չունենալ մշակույթի և գյուղատնտեսության նախարարություններ, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երեխաներին «կրթեն» ու կերտեն նրանց որպես հումք դիտարկող և ՀԱՅ տեսակի շահը չսպասարկող մարդիկ, որովհետև եթե այսօր գիշերով քանդում են պատմական հուշարձանները և, մեր հողերը անջրդի թողնելով, ոռոգում են թուրքի ցանքսերը, ապա մեր երեխաներից ենիչերի կկերտեն: Ներդնենք մեր երեխաների մեջ ինքնակրթության և ինքնավերահսկման լծակներ և առողջ գաղափարների սերմեր, պահպանենք նրանց անհասկանալի ներարկումներից` գաղափար լինի, թե պատվաստանյութ, որպեսզի քայլելով հպարտացող սերունդ չմեծացնենք:
Ընդհանրապես խորհուրդ կտամ բոլոր աչալուրջ ծնողներին` ժամանակ հատկացնել և ինքնուրույն ուսումնասիրել այդ փաստաթղթերը և մեր երեխաներին վերաբերող ցանկացած այլ փաստաթուղթ` սեփական հետևություններն անելու համար:
Վերջում, որպես հավելված, «չարաբաստիկ նախկինների» սահմանած չափորոշիչներից նմուշներ:
3) համագործակցային կարողություններ և հմտություններ.
․ զերծ մնալ բարոյական չափանիշներին հակասող նախապաշարումներից, կանխակալ մոտեցումներից,
․ գնահատել անձի և հասարակության վերաբերյալ տարբեր տեսակետները և ճիշտ կողմնորոշվել դրանց հիմնավորվածության հարցում,
․ պաշտպանվել և զերծ մնալ «զանգվածային մշակույթի» վնասակար ազդեցություններից։
3. Արժեքային համակարգ.
ա. գիտակցի սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը,
ե. կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները, լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ,
թ. հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր, հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ,
ժ. անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները` բացառելով սեփական անձի թերագնահատումը կամ գերագնահատումը:
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ