ՈՒԵՖԱ-ն փորձում է ավարտին հասցնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածի կազմակերպական աշխատանքները։ Բանն այն է, որ կորոնավիրուսն արմատապես խմբագրել է նախկինում եղած աշխատանքային ընթացակարգը։ Ընթացիկ մրցաշրջանը, ինչպես գիտենք, ընդհատվել է թիմերի 1/8 փուլ դուրս գալու ճանապարհին։
Այս փուլից ընթացքը կլինի հետևյալ կերպ. փակ դռների հետևում Լիսաբոնում կխաղացվի մինի մրցաշար, որի արդյունքով կորոշվեն պայքարը շարունակող թիմերը։ Իր հերթին գլխավոր եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 23-ին, բնականաբար՝ նույն Լիսաբոն քաղաքում։ Թե ինչու է Չեմպիոնների լիգայի մրցաշարի խաղարկության «մայրաքաղաք» ընտրվել Պորտուգալիայի մայրաքաղաքը, դժվար չէ կռահել՝ կորոնավիրուսով հիվանդացածների թիվն այստեղ անհամեմատ քիչ է։ Բացի այդ, լիսաբոնյան «Ժոզե Ալվալանդե» ու «Ստադիու դա Լուժ» մարզադաշտերը, որտեղ անցկացվելու է մրցաշարը, չափազանց մոտ են իրար ու մրցակցող թիմերը տեղափոխվելու հետ կապված խնդիրներ չեն ունենա։ Բացի այդ, այս մարզադաշտերում, մրցաշարի անցկացման ժամանակ, տեղական թիմերը խաղեր չեն ունենա։ Ասել է թե՝ մարզադաշտերն ամբողջությամբ կլինեն լիգայի խաղարկության մասնակիցների տրամադրության տակ։
Համաձայն լիսաբոնյան այս ծրագրի, 1/8-ից անավարտ մնացած չորս հանդիպումը («Բավարիա»-«Չելսի», «Մանչեստր Սիթի»-«Ռեալ», «Նապոլի»-«Բարսելոն», «Լիոն»-«Յուվենտուս») կխաղարկվի օգոստոսի 8-9-ին, յուրաքանչյուր օրվա համար երկու հանդիպում ռեժիմով։ Երկու օր անց ընտրյալ ութ թիմը ժամանելու է Լիսաբոն, որպեսզի օգոստոսի 12-ից ներգրավվի ուժեղագույնի որոշման պայքարին։
Այսքանը՝ Չեմպիոնների լիգայի մասին։
Դառնալով նշանակությամբ եվրոպական երկրորդ հեղինակավոր խաղարկությանը՝ Եվրոպայի լիգային, այստեղ հարցականներն ավելի շատ են։ Հասկանալի է, որ կազմակերպիչներն աչքի տակ կունենան Չեմպիոնների լիգայի սխեման, որ գլխավոր տիտղոսը խաղարկվի նույն սցենարով։ Նույն սցենարով ասվածը ենթադրում է հետևյալ սկզբունքը՝ թիմերի միջև անցկացված մեկ խաղով է որոշվելու ուժեղագույնը։ Ասել է թե՝ պարտվողը դուրս է մնում պայքարից։ Մրցաշարի անցկացման հետ կապված՝ հավանականությունը չափազանց մեծ է, որ Լեհաստանից կփոխադրվի Գերմանիա, որտեղ հնարավորություններն անհամեմատ մեծ են, բացի այդ, չմոռանանք, որ բունդեսլիգան հարկադիր դադարից հետո արդեն վերսկսել է ընդհատված առաջնությունն ու այն հաջողությամբ տանում է ավարտական փուլ։
Հարկավ ուրիշ ուշագրավ մանրամասներ էլ կան, սակայն դրանց մասին՝ մեկ այլ առիթով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ