«Բավարիան» չի թուլացնում տեմպը
09.06.2020 | 01:12
30-րդ տուրը բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չմտցրեց, բայց այնպես էլ չէ, թե հետագա պայքարի լարվածությունը թուլացրեց։ Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ սեփական հաջողությունը կամ սայթաքումն իրենց հետևանքով դեռևս ամեն ինչ չեն նշանակում, քանզի պայքարի մեջ ներգրավվածները կապված են բախտի տեսանելի ու անտեսանելի բազմաթիվ թելերով։
Չեմպիոնական գրաֆիկով ընթացող Մյունխենի «Բավարիան» հաղթանակ հաղթանակի հետևից է «տպագրում»՝ վայրկյանի կասկած իսկ չթողնելով, որ նորից ինքն է լինելու երկրի չեմպիոնը։ Դրա առհավատչյան, խփած-բաց թողած գնդակների գերազանց հարաբերակցությամբ (90։30), նրա ունեցած 70 միավորն է, որն ամբողջ 7 նիշով ավելի է մերձակա հետապնդողի՝ Դորտմունդի «Բորուսիայի» ունեցածից։
Նկատենք, որ բավարացիների մրցակիցն ամենևին էլ թույլերից չէր. «Բայերն» առաջին վեցյակում է գտնվում, պայքարում է ոչ միայն եվրագավաթներից մեկնումեկին մասնակցելու, այլև մեդալներից մեկին տիրանալու համար։ Ինչ խոսք, որ տնային խաղում առաջատարից կրած պարտությունը (հանդիպումն ավարտվել է 2։4 հաշվով), հատկապես վերջին կտրվածքով թուլացրեց նրա դիրքերը, սակայն այնպես չէ, որ մեդալների համար նրա հետ պայքար մղողներն առջևում հեշտ խաղացանկ ունեն, ու նրանց դիմաց կանաչ լույս է վառված։
Բայց ինչու ենք առաջիկա խաղերին սևեռվում, երբ 30-րդ տուրը միավորների կորուստ արժեցավ թե՛ «Լայպցիգի», թե՛ Մենխենգլադբախի «Բորուսիայի» համար։ Առաջինը սեփական հարկի տակ միավոր կորցրեց (1։1) աղյուսակը եզրափակող ու փրկության գրեթե ոչ մի շանս չունեցող «Պադերբոռնի» հետ խաղում (իսկությունը պահանջում է ասել, որ «Լայպցիգն» առաջին խաղակեսի ավարտին արդեն իսկ մնացել էր 10 հոգով), իսկ երկրորդն արտագնայում ամբողջ երեք միավոր նվիրաբերեց «Ֆրայբուրգին»՝ զիջելով նվազագույն հաշվով։
Փաստորեն «Բավարիայից» հետո տուրի արդյունքներով մեդալների համար պայքարողներից երկրորդ հաջողակն է եղել Դորտմունդի «Բորուսիան», որը սեփական հարկի տակ գերազանցել է «Հերտային»՝ 1։0։
Աղյուսակի երրորդ հորիզոնականում «Լայպցիգն» է (59 միավոր), որին 56-ականով հաջորդում են Մենխենգլադբախի «Բորուսիան» ու «Բայերը»։ 45 միավորով առաջին վեցյակը եզրափակում է արտագնայում նվազագույն հաշվով «Վերդերին» հաղթած «Վոլֆսբուրգը»։
Աղյուսակը եզրափակող «Պադերբոռնի» մասին արդեն խոսել ենք, սկզբունքորեն այն արդեն երկրորդ լիգայում է, քանզի անգամ հրաշքը չի կարող նրան պահել բունդեսլիգայի բարձրագույն դիվիզիոնում։ Ապագայի նկատմամբ «Վերդերին» որոշակի երաշխիքներ կարող էր ապահովել «Վոլֆսբուրգի» հետ հանդիպման ելքը, որտեղ, անկեղծ լինենք, գերմանական «գայլերը» սկզբունքորեն ոչնչով տպավորիչ չէին տանտերերի համեմատությամբ, սակայն արի ու տես, որ նրանք պայքարում են եվրագավաթների խաղարկության մասնակցության իրավունքի ձեռքբերման համար, մինչդեռ «Վերդերն» առաջնայնությամբ կանգնած է բարձրագույն լիգան լքող թիմերի հավանական շարքում։
Այս պահի դրությամբ «Պադերբոռնին» ու «Վերդերին» ընկերակցող երրորդ թիմը Դյուսելդորֆի «Ֆորտունան» է, որը սեփական հարկի տակ 2։2 է խաղացել առաջին վեցյակում հայտնվելու հայտ ներկայացնող «Հոֆենհայմի» հետ, որն ընդամենը երկու միավոր պակաս ունի «Վոլֆսբուրգից»։ Ավելորդ չհամարենք նշել, որ ևս չորս տուր, ու բունդեսլիգան կազդարարի այս անիծյալ 2019-2020 մրցաշրջանի ավարտը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ