ԱԱԾ-ն վերից վար փոխում են, ազատվում այն կադրերից, որոնք մասնագիտական պարտականությունները չեն նետում մի կողմ ու լծվում օրվա իշխանության քիմքին հաճո գործողությունների մշակմանը։ Օրենքի խախտմամբ ԱԱԾ փոխտնօրեն նշանակված Արգիշտի Քյարամյանն այնտեղ է գործուղվել հենց այն առաքելությամբ, որ այդ կառույցն այլևս իր նախկին գործելաոճը չպետք է ունենա։ Հստակ է մեկ բան․ նախկին ԱԱԾ-ն չի լինելու, բայց նաև անհասկանալի է, թե ինչ տիպի անվտանգային համակարգ ենք ունենալու։
Մի բան ակնհայտ է․ սա փակ համակարգ է ու այնտեղ փոփոխությունները շատ զգույշ պիտի իրականացվեն, հարվածի տակ չդրվի այն կարևոր խնդիրը, որն ունի այս կառույցը, խոսքը նախևառաջ արտաքին մարտահրավերներին դիմակայելուն է վերաբերում։ Երկրի ներսում ևս քիչ չեն խնդիրները, բայց հաշվի առնելով, թե մենք աշխարհագրորեն որտեղ ենք ու ինչ հարևաններ ունենք, ԱԱԾ-ն միշտ արթուն պիտի լինի։ Սակայն նախկին շղթաներն այսօր քանդվում են, նախկին աշխատանքային ձևերը փոխակերպվում են ու թե ինչ ենք ստանալու, դժվար է ասել։ Այս պահի դրությամբ ունենք մեկ հստակ ուղերձ՝ համակարգ են տեղավորվում ու բարձր աստիճաններ գրավում այդ համակարգից կիլոմետրերով հեռու մարդիկ, իսկ մնացածի մասին առայժմ միայն կարելի է ենթադրել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՉՅԱՆ