Ֆուտբոլը պատրաստվում է վերադառնալու
05.05.2020 | 01:21
Կորոնավիրուսի պատճառով ընդհատված եվրոպական ֆուտբոլային առաջնությունները պատրաստվում են վերադառնալու աշխատանքային ռեժիմ։ Հասկանալի պատճառներով չենք ասում բնականոն աշխատանքային ռեժիմ, քանզի դա լինելու է մի շարք սահմանափակումների պայմաններում։ Ի միջի այլոց, սույն որոշմանը բոլորը չէ, որ համաձայն են։ Մասնավորապես ֆուտբոլային մեծ տերություններից Ֆրանսիան նախագահ Մակրոնի մակարդակով է դեմ իրականացվելիքին և մտադիր է իր իրավացիության համոզումին բերելու մնացածներին, թեպետ դժվար թե աջակցություն գտնի։ ՈՒ քանի որ նման ռազմավարությանը դեմ է Ֆրանսիան, հենց նրանից էլ սկսենք։
ՖՐԱՆՍԻԱ
Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն օրերս հայտարարեց, որ համավարակով պայմանավորված՝ երկրում չի կարող վերականգնվել ֆուտբոլային մրցաշրջանը։ Ավելին, ըստ նրա, նվազագույնը մինչև սեպտեմբեր երկրում չի պլանավորվում և ոչ մի մարզական միջոցառման անցկացում։ Հետագայում սույնը հաստատեց և երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (FFF) Նոել լե Գրեն, որը վկայեց, որ 1-ին և 2-րդ լիգաների, ինչպես նաև կանանց առաջնությունն ավարտված է։ Ըստ այդմ, եվրագավաթներին մասնակցող թիմերը կորոշվեն համաձայն աղյուսակում վերջին տուրով ձևավորված պատկերի։
Լե Գրեն ցանկություն է հայտնել օգոստոսի սկզբին խաղարկելու երկրի գավաթի ու Լիգայի գավաթի եզրափակիչները, ապա անցնելու 2020-2021 մրցաշրջանին։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ նման լավատեսության բավարար վստահություն չկա, քանզի հայտնի չէ, թե համավարակը դեռ ինչեր կթելադրի։
Դառնալով առաջնությունների ընդհանրական պատկերին՝ առաջին լիգային հրաժեշտ կտան վատագույն արդյունք ցույց տված երկուսը, նրանց տեղը կզբաղեցնեն երկրորդ լիգայի առաջատար երկու թիմերը։ Հա, չմոռանանք ասել, որ մի բան էլ է հաստատ՝ երկրի չեմպիոն է հռչակվել «Պարի Սեն Ժերմենը», որն առաջնության բացարձակ առաջատարն էր ու որի չեմպիոն լինելը կասկած չէր հարուցում։ Մնացածի հարցը որոշվելու է համաձայն աղյուսակում ունեցած տեղերի։
Բնականաբար նման վճիռը չէր կարող տարաձայնությունների տեղիք չտալ։ Դժգոհողների մեջ են մասնավորապես այն թիմերը, որոնք լքելու են առաջին դիվիզիոնը։ Որոշմանն ըմբոստացողների մեջ է մասնավորաբար «Թուլուզը», որը սպառնում է հարցի լուծման դատական բողոքարկումով։ Ակումբում կարծում են, որ նման որոշման կայացումը պաշտոնի չարաշահում է։
Խնդիրներ են առաջանում նաև ֆուտբոլային հանդիպումները հեռարձակող կազմակերպության հետ։ Այսպես, Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) ու Canal+ հեռուստաալիքը պայմանավորվել են խզել առաջին և երկրորդ լիգաների հեռարձակման պայմանագրերը, իսկ սա շատ լուրջ բան է։ Նկատենք, որ սեզոնի ավարտին հեռարձակողների կողմից տրվելիք գումարը կազմելու էր 243 միլիոն եվրո։ Ակնհայտ է, որ այդ գումարն էապես ցածր է լինելու։
ԱՆԳԼԻԱ
Առաջնության ընդհատման հետ կապված՝ պրեմիեր լիգայում «մարտերը» բոլոր ճակատներով են ընթանում: Ակումբները հիմնականում հանդես են գալիս այն վերսկսելու օգտին (օրինակ՝ մայիսի 1-ին ֆուտբոլային 20 ակումբի ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է երեքուկեսժամյա առցանց խորհրդակցություն, որտեղ անհրաժեշտություն է դիտվել առաջնությունը վերսկսելը), քանզի սարսափելի ֆինանսական կորուստներ են կրում, իսկ այս առումով Անգլիան մյուսներից անհամեմատ է տուժել: Սակայն կան և այնպիսիք, որոնք դեմ են ընդհանուր մոտեցմանը: Այսպես թե այնպես, կառավարությունն ու ֆուտբոլային իշխանությունները կողմ են առաջնությունն ավարտին հասցնելուն: Համաձայն վերջին տվյալների, մայիսի 18-ից ակումբներին թույլ կտան վերադառնալ լիարժեք մարզումների, բնականաբար սանիտարահիգիենիկ նորմերի խստիվ պահպանումով:
Այս պլանը կազմվել է՝ հիմք ունենալով այն, որ մայիսի 7-ից երկրում որոշակիորեն կմեղմացվեն արգելանքները, որոնք հետևանք էին համավարակի դեմ հայտարարված պատերազմի: Երկու օրվա ընթացքում կավարտեն մարզիկների թեստավորումը, որպեսզի արդեն մայիսի 11-ից անցնեն փոքր խմբերով մարզումների անցկացմանը՝ հետագայում այդ սահմանափակումն էլ վերացնելով: Արդյունքում պլանավորվում է արդեն հունիսի 8-ից տալ վերսկսված առաջնության մեկնարկը:
Հարկավ դետալները մինչև վերջ հստակեցված չեն, սակայն ակնհայտ է, որ հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսատեսի մասնակցության (հնարավոր է, որ այդպես լինի ընդհուպ մինչև 2021 թիվը), չեզոք դաշտերում, ընդ որում դրանց ընտրության հարցում էլ կլինեն որոշակի սահանափակումներ՝ ընդհուպ այն հանգամանքը նկատի ունենալով, որ այդ մարզադաշտերը հնարավորինս հեռու են լինելու խիտ բնակեցված վայրերից։ Բարեբախտաբար Անգլիան այդ հնարավորություններն ունի։
Ավելորդ չհամարենք ևս մեկ հարցի դիտարկում։
Մարզիկների, ֆուտբոլային տնտեսության մեջ ներգրավվածների նախնական թեստավորման մասին վերն արդեն հիշատակել ենք, սակայն որպեսզի առավել ամբողջական լինի ընթերցողի պատկերացումը, թե առաջնությունը վերսկսելու դեպքում ի՛նչ ծավալի աշխատանք է պահանջվում միայն թեստավորման առումով, բերենք թվային վկայումներ։
Պրեմիեր լիգան բարով-խերով անելու համար պետք է անցկացնել ևս 92 դիմակայություն։ Այդքան խաղի կազմակերպական կողմը, միայն թեստավորման առումով, կնշանակի մինչև 40 հազարի կարգի թիվ։ Ասել է թե 40 հազար ֆուտբոլիստի ու ֆուտբոլային գործչի թեստավորում՝ թիվ, որ առանձին վերցրած շատ ու շատ երկրների համար երազային թիվ է սեփական բնակչության առողջական խնդիրները կազմակերպելու տեսակետից։
Ահա թե, անգամ մեկ առանձին երկրի օրինակով վերցրած, ինչպիսի հզորություն է ֆուտբոլային կայսրությունը, որի ընկալումը շատերի մոտ դեռևս նախնադարյան ընկալումների մակարդակում է, ասել է թե՝ գնդակ տշելու։
Վերջում հավելենք՝ ներկա դրությամբ Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը հասնում է մոտ 170 հազարի, մահվան ելքով դեպքերը գերազանցել են 26 հազարը:
ԻՍՊԱՆԻԱ
Սովորական մարզական կյանքին վերադարձը պլանավորվում է նաև այստեղ։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ մարզիկներն իրենց մարզումները կարող են վերսկսել մայիսի 4-ից։ Սպորտի գծով երկրի բարձրագույն խորհուրդը լա լիգային առաջնությունը վերսկսելու երաշխավորագիր է տվել։
Ենթադրվում է առաջնության վերսկսման գործընթացն իրականացնել չորս փուլով։ Առաջինով մարզիչներն ու խաղացողները մայիսի 4-ից վերադառնում են ակումբների բազաներ ու սկսում են աշխատել որոշակի սահմանափակումներով։ Երկրորդով, սկսած մայիսի 18-ից, կթույլատրվեն փոքր խմբերով մարզումները, իսկ 25-ից կընդլայնվի այդ խմբերի ընդգրկվածությունը։ Երրորդով, ինչպես ակնկալում է երկրի ղեկավարությունը, կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը թույլ կտա վերադառնալ լիարժեք մարզումային փուլի, իսկ չորրորդով արդեն կանցնեն մրցաշրջանը ավարտին հասցնելուն։
Սակայն պիտի նկատել, որ վարակվածների թվով Իսպանիան աշխարհում երկրորդ տեղում է. վարակը հայտնաբերվել է ավելի քան 236 հազարի մոտ, զոհ է գնացել 24 հազարը։ Սրանով պայմանավորված՝ ոմանք հանդես են գալիս ընդդեմ մոտ ժամանակներս առաջնությունը վերսկսելուն։
Այդպիսիք են բոլոր ուլտրասներն ու ֆանխմբավորումները, անկախ նրանից՝ կո՞ղմ են, թե՞ դեմ խաղերը հանդիսատեսով կամ առանց հանդիսատեսի սկսելուն։ Ի դեպ, ընդդեմ առաջնությունը վերսկսելու են պատրաստվում հանդես գալու «Սելտայում», իսկ «Բարսելոնի» ղեկավարությունը խաղացողներին հայտնել է, որ նրանք պարտավորված չեն լինի խաղադաշտ դուրս գալու, եթե դա համարելու են վտանգավոր։ Միջանկյալ խոսքի իրավունքով ասենք, որ կատալոնյան ակումբն «արքայականի» հետ պայքարում է չեմպիոնության համար։
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեն վերսկսելու գլխավոր փաստարկը բարձրաձայնել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան՝ ասելով, որ այդպես չվարվելու դեպքում իտալական ֆուտբոլը կկորցնի 700-800 միլիոն եվրո։ Իսկ սա նշանակում է, որ հիմնական ֆինանսական աջակցությունից զրկված որոշ ակումբներ կարող են դադարեցնել կամ հարկադրված լինեն դադարեցնել իրենց գոյությունը։ «Քանի դեռ ես FIGC-ի նախագահի պաշտոնում եմ, երբեք չեմ ստորագրի մրցաշրջանի վաղաժամկետ ավարտի տակ, քանի որ դա կնշանակի իտալական ֆուտբոլի մահ։ Ես պաշտպանում եմ համընդհանուր շահերը, դրա համար էլ կրկնում եմ՝ ես հրաժարվում եմ մրցաշրջանը վերջնականապես ընդհատելուց, եթե միայն չի լինելու ֆուտբոլի հետ կապվածների առողջությանն ուղղված օբյեկտիվ սպառնալիք»,- նրան է մեջբերում Football Italia-ն։
Թեպետ Իտալիայում համաճարակը գնում է դեպի նվազում (վարակվածները 203 հազարն են, մահվան ելքով դեպքերի թիվը՝ 27 հազարը), այդուհանդերձ տեղի առողջապահական կազմակերպությունները շատ մեծ զգուշավորությամբ են արտահայտվում զանգվածային մարզական միջոցառումները սկսելու մասին։ Ասել է թե երկու նախարարություն՝ սպորտինն ու առողջապահությանը, հայտնվել են հակադիր բարիկադներում։ Սպորտինը հասել է նրան, որ մարզումները վերսկսելը թույլատրվում է մայիսի 4-ից, առողջապահության նախարարությունն ասում է, որ դա բնավ էլ չի նշանակում, թե առաջնությունն անպայման կվերսկսվի։
Անկախ այս ամենից՝ հունիսի 14-ի համար պետք է վերջնականապես հստակեցված լինի՝ եթե վերսկսվում է առաջնության խաղարկումը, ուրեմն վերսկսվում է, իսկ եթե չի վերսկսվում, նշանակում է խաչ է քաշվում դրա վրա։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգան, որ առանց այն էլ աստիճանաբար պատրաստվում էր առաջնությունը վերսկսելուն, արդեն անցել է աշխատանքների կազմակերպման ավելի ակտիվ փուլի։ Ֆուտբոլի գերմանական լիգայի (DFL) գլխավոր տնօրեն Քրիստիան Զայֆերտը հայտարարել է, որ առանց հանդիսատեսի մասնակցության խաղերը կարող են սկսվել արդեն մայիսի 9-ից։ «Քաղաքական գործիչները վստահում են մեզ, և մենք պետք է հանդես գանք որպես դերային մոդելներ։ Խոսքը սոցիալական շփումների հարցերում հիգիենիկ միջոցառումների ու օրինակելի հարաբերությունների պահպանման մասին է։ Անչափ կարևոր է կանոնավոր գործելը։ Դա վերաբերում է ոչ միայն գործատուներին, այլև երկրպագուներին», -բացատրել է նա։
Արդեն ապրիլի 30-ից երկրի առաջին ու երկրորդ դիվիզիոնի ակումբների աշխատակիցներն ու խաղացողները անցել են կորոնավիրուսի թեստավորում, որից հետո սկսելու էին մարզումները։ Իշխանությունների հետ նախկինի պես քննարկվում է, թե ինչպես վարվել COVID-19-ով վարակված հայտնաբերելու դեպքում, սակայն դատելով ամեն ինչից, դա չի սպառնում առաջնության վերսկսմանը, վստահեցնում է Kicker-ը։
Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացման դեպքերի կայուն անկում։ 161 հազար վարակվածներից բուժվել է 123 հազարը՝ մահացածների վեց հազարի պայմաններում։ Նկատենք, որ որոշ ժամանակ առաջ կարանտինի սահմանափակումն այստեղ մասնակիորեն հանված էր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ