Ինչ-որ մեկը գողանում է
14.04.2020 | 00:34
Նախագահ Ժոզեպ Բարտոմեուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով իսպանական «Բարսելոնի» վեց տնօրեն լքել է ակումբը։ Ժամկետից մեկ տարի առաջ լիազորությունների ընդհատումը Բարտոմեուին սպառնում է իմպիչմենտի գործընթաց։ Հեռացման փաստի առաջ է կանգնած նաև ակումբի փոխնախագահ Էմիլի Ռուսոն, որը հայտարարել է, որ «ակումբի դրամարկղից ինչ-որ մեկը գողություն է անում»։
ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ ՏԱՐԻ
Սկզբում աշխատանքից հեռացվեց կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն։ Հարցն ինքնին հասունացել էր վաղուց, սակայն «Բարսելոնի» ղեկավարության կողմից նման որոշման արձակման ժամանակն ու ձևը մեծ թվով հարցերի տեղիք տվեցին։ Մասնագետն աշխատանքից հեռացվեց երկրի սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո (2:3), որտեղ «Բարսելոնը», խոստովանենք, այնուամենայնիվ ցույց տվեց մրցաշրջանում ունեցած լավագույն խաղը։
Բացի այն, որ թիմը մրցաշրջանի իր լավագույն խաղն ունեցավ, Վալվերդեին իրենց աջակցությունն էին հայտնել «կապտանռնագույների» առաջատար, ամենահեղինակավոր ֆուտբոլիստները (Լիոնել Մեսի, Լուիս Սուարես, Ժերար Պիկե), մինչդեռ մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը հասցրել էր մամուլում հայտարարել, թե մարզիչը կորցրել էր ֆուտբոլիստների վերահսկողությունը։ Մասնավորապես Մեսին սա ընդունել էր նաև որպես իր անձին ուղղված հայտարարություն ու Instagram-ի իր էջում ցասկոտ գրություն էր թողել, թե բարդ խնդիրների վերաբերյալ որոշման պատասխանատվությունը ակումբի ղեկավարությունը պետք է վերցնի իր վրա, ոչ թե բարձի խաղացողների ուսերին՝ նկատի ունենալով նաև իրեն։
Իրավիճակի գնալով դառնում էր ավելի ու ավելի պայթյունավտանգ, ուստի հանգուցալուծմանը ստիպված էր միջամտել ակումբի նախագահ Բարտոմեուն, որն այդ ժամանակ անգամ Իսպանիայում չէր։ Ի միջի այլոց, շուտով նա էլ դարձավ թիրախ։ Հեղինակավոր Cadena SER ռադիոկայանը տեղեկություն տարածեց, որ կատալոնյան ակումբի բարձրագույն մենեջմենթը վարձակալել է I3Ventures IT ընկերությանը, որը սոցցանցերում զբաղվում է համբավի ստեղծմամբ ու առաջխաղացմամբ։
Շտապենք նկատել՝ իրականացված կամպանիայի ողջ մեխն այն էր, որ I3Ventures-ին պատկանող ակաունտներով գովերգվում էր նախագահ Բարտոմեուն, ու քննադատվում էին թիմի առաջատար ֆուտբոլիստները՝ այդ նույն Լեո Մեսին, Լուիս Սուարեսը, Ժերար Պիկեն։ Սակայն, ակնհայտորեն հետքերը խճճելու նպատակով, Բարտոմեուն մամուլում հանդես եկավ հերքմամբ, վստահեցրեց ֆուտբոլիստներին, որ տարածված տեղեկատվությունը կեղծ է, սակայն նրան գրեթե հավատացող չեղավ, իսկ հարցերի պարզման արդյունքներին՝ առավել ևս։
Պատմությունը մի տեսակ առկախված մնաց օդում։
Դա Բարտոմեուին տվեց գործելու հավելյալ ժամանակ, իսկ խաղացողները, զորօրինակ, բացահայտ չընդդիմացան հետաքննության արդյունքներին, որքան էլ որ դրանք կասկած էին հարուցում։
ԿՈՆՖԼԻԿՏ ԺԱՌԱՆԳՈՐԴԻ ՀԵՏ
Ճշմարտությունն այն է, որ այս դեպքը կարծես թե կազմաքանդիչ հարված հասցրեց ակումբային կառուցվածքին։ Բարտոմեուն զրկվեց ակումբի բարձրագույն մենեջերների խմբի ամբողջության վստահությունից, ինչն ի վերջո հասցրեց ապրիլի 10-ի նորություններին։
Դեռևս նախօրեին հայտնի դարձավ, որ ակումբից վտարում են փոխնագահ Էմիլիո Ռուսոյին։ Այստեղ իրավիճակի նրբությունն այն էր, որ վերջինս նախագահական հաջորդ տարվա ընտրություններում համարվում էր Բարտոմեուի դրածոն (գործող նախագահը իր թեկնածությունը չի կարող առաջադրել)։
Հազիվ էր ակումբային կառուցվածքի համար այսքան կարևոր անձի պաշտոնանկման լուրը հասանելի դարձել լրատվությանը, երբ Ռուսոն անմիջապես հարցազրույց ունեցավ՝ բացելով ակումբային կյանքի մեծաթիվ մանրամասներ, որոնք դժվար թե դուր գային գործող նախագահին։
Պաշտոնյան նախ հանրայնացրեց, որ Բարտոմեուն զանգել է իրեն ու խնդրել հեռանալ ակումբից՝ փաստացի հայտարարելով վստահությունը կորցնելու մասին։ Նկատենք, որ վերջին շրջանում ինչ կատարվում էր «Բարսելոնում», գործնականում լրատվամիջոցների սեփականությունն էր դառնում այս կամ այն չափով, ու նախագահը որոշել է, որ «առնետը» հենց Ռուսոն է, որ կա։ Վերջինս հերքում է մեղադրանքը, սակայն գործերից մեկուսացվելուց հետո հրապարակման համար արգելափակված այնքան տեղեկություն է հանրայնացրել, որ Կատալոնիայի մայրաքաղաքում դեռ երկար կեռան կրքերը։
ՊԱՅԹՅՈՒՆ
Այսպիսով Barcagate-ով (Իսպանիայում այսպես են անվանում I3Ventures-ի մասին գործը) շատ տնօրեններ կորցրին Բարտոմեուի նկատմամբ վստահությունն ու որոշեցին, որ իրենցից ինչ-որ բան են թաքցնում։ Արդեն փետրվարին, տնօրենների խորհրդի նիստում, նրանք դիմեցին ակումբի նախագահին՝ խնդրելով 2021-ի ամռան համար պլանավորած նախագահական ընտրությունները տեղափոխել ընթացիկ տարվա ամառ, սակայն նման որոշում ընդունելու իրավասություն ունեցող Բարտոմեուն հրաժարվել է խնդրանքը կատարելուց։
«Առջևում մեզ շատ բարդ խնդիրներ են սպասում։ Տնտեսական մոդելը չէր աշխատում դեռևս անցած տարվանից, մենք չլուծված խնդիր ունենք Barcagate-ի հետ կապված, մարզադաշտում երկրպագուները պահանջում են Բարտոմեուի հրաժարականը, -ասել է Ռուսոն։ -Տնտեսական ու մարզական հիմնախնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է շատ ուժեղ մենեջմենթ, դրա համար էլ շատերը ելույթ ունեցան հօգուտ ժամկետից շուտ ընտրությունների։ Դա դավադրություն չէ։ Դավադրությունն արվում է թիկունքի հետևում, իսկ ես իմ կարծիքը հայտնել եմ Բարտոմեուի դեմքին»։
Պաշտոնանկ արված փոխնախագահը շատ հետաքրքիր մանրամասներ է հաղորդել I3Ventures-ի հետ ունեցած գործարքի առնչությամբ։ Առաջին հերթին նա տասն անգամ գերազանցված է համարել IT-ներին վճարված մեկ միլիոն եվրոյի չափը և երկրորդ՝ բացահայտել է գործարքին առնչվող նյուանսներ։ Պարզվում է, որ ընկերությանը «Բարսելոնը» հինգ փուլով վճարել է ամեն անգամվա համար 200 հազարից փոքր-ինչ քիչ գումար։ Դա այդպես է արվել, որպեսզի տնօրենների խորհրդի հետ չհամաձայնեցվի վճարի չափը` համաձայն ակումբի կանոնադրության, տնօրենների խորհրդի համաձայնեցմանն է ներկայացվում 200 հազարը գերազանցող գումարը։
Ռուսոյի այս հայտարարությունից հետո ակումբի մենեջմենթի առաջադեմ տնտեսական բլոկն անմաքուր խաղի համար իսկույն կասկածի տակ է առել Բարտոմեուին։ «Ներկայումս տարվում է հետաքննություն, որը ցույց կտա, թե իրականում ինչն ինչպես է եղել, ու Բարտոմեուն գիտի այդ մասին։ Դա կեղտոտ գործ է։ Ըստ իս, ինչ-որ մեկը գողություն է անում ակումբի դրամակղից։ Ով է դա՞։ Բնականաբար ղեկավարությունից որևէ մեկը։ Ես չգիտեմ, թե հատկապես ով, սակայն կասկածներ ունեմ», -ասել է Ռուսոն։
Սույնին «Բարսելոնը» պարտադրված է եղել օպերատիվորեն արձագանքել խիստ, սակայն այդպես էլ ոչ այնքան կոկրետ հայտարարությամբ. «Հաշվի առնելով այսօր առավոտյան պարոն Էմելի Ռուսոյի կողմից առաջադրված մեղադրանքները՝ «Բարսելոնը» կատեգորիկ բացառում է ցանկացած գործողություն, որը կարող է մեկնաբանվել որպես կոռուպցիա ու իրեն վերապահում է համապատասխան ռեակցիայի իրավունք՝ ընդհուպ քրեական գործի հարուցում»։
Հայտարարության տակ ստորագրածները նախագահ Բարտոմեուին հայտնել են ակումբում իրենց զբաղեցրած դիրքերից անհապաղ ու անվերադարձ պաշտոնաթող լինելու մասին։ «Մենք հասել ենք այդ կետին և ապագայում կարևորագույն մարտահրավերին ընդառաջ ու մասնավորապես հատկապես համաճարակի ավարտից հետո չենք տեսնում ակումբը կառավարելու միջոցներում փոփոխություններ մտցնելու հնարավորություն։ Ուզում ենք ընդգծել սոցիալական ցանցերում ակումբի ակաունտների առնչությամբ լրատվամիջոցներում Barcagate անվամբ հայտնի միջադեպի հետ կապված մեր հիասթափությունը։ Ցանկանում ենք, որ PwC-ի կողմից իրականացվելիք աուդիտից հետո հաշվետվությունը տրամադրվի ում որ հարկն է։ Մենք շնորհակալություն եք հայտնում ակումբի ղեկավարությանն ու աշխատակիցներին աջակցության ու գերազանց աշխատանքի համար։ Մենք հաճույքով ենք ծառայել սիրելի «Բարսային», -ասված է հայտարարության մեջ։
«Բարսան» հրապարակային այս հայտարարությանն արձագանքել է որոշակիորեն ծամծմված պատասխանով, որում հիմնախնդիրները շրջանցելու միտում կա, ինչը սակայն դժվար թե որևէ մեկի համար համոզիչ է ներկայանում. «Պաշտոնաթող լինելու մասին տնօրենների խորհրդի անդամների հայտարարությունը տեղի է ունեցել Բարտոմեուի կողմից առաջարկված խորհրդի վերակառուցման արդյունքում։ Վերակառուցումն անհրաժեշտ է, որ ներկայիս ղեկավարությունը մանդատը լրանալու վերջին տարում առավելագույն երաշխիքներ ապահովի 2010-ին սկսված ու 2015-ին հաստատված առողջապահության ճգնաժամի հետևանքների հաղթահարման ու կառավարման ծրագրի ստրատեգիական պլանի ամբողջացման գործում»։
Իր հարցազրույցում Ռուսոն նաև հայտարարել է, որ Barcagate-ի առաջանալուց ամիջապես հետո Բարտոմեուի կողմից պաշտոնաթող արված Ժաումե Մասֆերերը, որն ակումբում նախագահի աջ թևն էր ու համակարգում էր մեդիայի հետ ողջ աշխատանքը, իրականում ոչ մի տեղ էլ չի գնացել, մնում է «Բարսելոնի» գլխավորի օգնականը, միայն թե արտահաստիքայինի կարգավիճակով։
Ներկայումս իրավիճակը զարգանում է այն կերպ, որ ամեն ինչ գնում է իմպիչմենտի, որը կարող է նախաձեռնել ցանկացած ոք։ Դրա համար պարզապես հարկավոր է հավաքել ակումբի անդամների՝ սոսոսի, 15 տոկոսի ստորագրությունը, իսկ հետո ստանալ այդ նույն սոսոսների հավաքի 60-տոկոսանոց աջակցությունը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ