Վատ է, ժողովուրդ, վատ է
10.04.2020 | 14:30
Վերջին ժամանակներս բրիտանական մարզական լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են վերածվում ֆինանսական միջոցներ ներկայացնող հաշվեմատյանների՝ համեմված տնտեսական լուրջ վերլուծություններով։ Պատճառը աշխարհին համակած վարակն է՝ կորոնավիրուսը, որը դեռ հայտնի էլ չէ, թե շոշափելի ապագայում ինչ խորքային փոփոխություններ է մտցնելու բոլորիս կյանքում։
Արդ ընդհանրականից անցնենք մասնավորին։
Անգլիական պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից ամենախոշոր վնասը կկրի «Մանչեստր Յունայթեդը»՝ 116,4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Բանն այն է, որ աշխարհով մեկ ճանաչում ունեցող այս թիմի խաղերի տոմսերի վաճառքից պրեմիեր լիգայում ստացվում է ամենամեծ հասույթը, իսկ մինչև մրցաշրջանի ավարտ սպասվում էր, որ ակումբի գանձարանը նվազագույնը կավելանար ևս 17,6 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Բացի սրանից, «կարմիր սատանաները» համագործակցում են գովազդային պատկառելի գործակալների հետ, որոնք թիմի հաշվեհամարին կփոխանցեին շուրջ 50,8 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Եթե վերն ասած թվերին գումարենք և հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքից գոյացող 48 միլիոնը, կստանանք այն թիվը, որ ի սկզբանե նշել ենք վերևում։
Կրելիք վնասների ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է մանչեստրյան մյուս հանրահայտ թիմը՝ «Սիթին»։ Առանց մանրամասների մեջ խորանալու, միանգամից նշենք «քաղաքաբնակների» վնասի ամբողջական չափը՝ 109,3 միլիոն ֆունտ։
Այս ցուցակում երրորդը «Լիվերպուլն» է՝ առաջնության բացահայտ առաջատարը, որի խաղերի հեռուստահեռարձակումը ներկայումս Անգլիայում ամենաթանկն է՝ 55,2 միլիոն։
Այսպիսով՝ բոլոր թոփ ակումբների համար կրելիք ֆինանսական վնասները սահմռկեցուցիչ տեսարան են ներկայացնում ու ահա թե նաև ինչու է, որ դրանք հանդես են գալիս առաջնությունը եզրագծին հասցնելու օգտին՝ առանձնապես չտագնապելով, որ այդ դիմակայությունները կանցկացվեն առանց հանդիսատեսի, քանզի սա կլինի չարյաց փոքրագույնը (ահա թե նաև ինչու էինք վերը հիշատակում թիմերի ֆինանսավորման աղբյուրները)։
Իհարկե, կլինեն թիմեր, որոնց համար առաջնության անավարտ մնալն առանձնապես տագնապահարույց չէ, մանավանդ որ այդ դեպքում կստանան բարձրագույն դիվիզիոնում մնալու իրավունքը վիճարկելու հնարավորություն։ Խոսքը մասնավորապես վերաբերում է վտանգավոր գոտում հայտնված «Նորվիչին» կամ «Բոռնմուտին», որոնք կորցնելու դեպքում կունենան համապատասխանաբար 19,5 և 22,1 միլիոնի վնաս, սակայն փոխարենը... իսկ թե փոխարենն ինչ, արդեն ասացինք։
Առաջնությունը շարունակելու-չշարունակելու հետ կապված մեր նախորդ հրապարակումներում հնարավորիս մանրամասն ենք եղել, ուստի խնդրին կրկին չանդրադառնանք, միայն հավելենք, որ շատ ակումբներ կատաստրոֆիկ արագությամբ «կրակին» են տալիս, «մաշում» են ունեցած ֆինանսական միջոցները, իսկ հայտնի է, որ եթե մի տեղից անընդհատ վերցնում ես ու չես համալրում, ապա եղածի վերջն արագ կգա։ Ստացվում է, որ իրավիճակը շտկելու հնարավոր միջոցներից մեկն առաջնությունը վերսկսելն է։ Սակայն ամբողջ ցավն այն է, որ ոչ մեկը չգիտի, թե դա երբ է տեղի ունենալու, քանի որ ոչ մեկը չգիտի, թե կարանտինը դեռ որքան է տևելու։
Եթե խնդրին գլոբալ ենք մոտենում, միակ փրկությունը համաշխարհային աղետի դեմը ժամ առաջ առնելն է։
Այնպես որ մնում ենք գիտնականների հույսին, որոնց գոյության մասին ոնց որ թե վաղո՜ւց մոռացել էինք, իսկ առանձին խելոք գլուխներ դեռ երեկ հանդես էին գալիս Գիտությունների ակադեմիան փակելու կամ վերապրոֆիլավորելու առաջարկով։ Չասենք, թե ովքեր էին այդ խելոքներն ու կոնկրետ որ երկրում էին հնչում նմանատիպ կոչերը, քանզի առանց այն էլ ամեն ինչ հասկանալի է։ Դրա համար է ժողովուրդն ասում՝ Աստված էլ բեթարից ազատե։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ