Աշխարհը դարձել է բաց նյարդ
07.04.2020 | 00:33
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի թիմի մարզադաշտը կօգտագործվի որպես բժշկական կենտրոն։ 80-հազարանոց արենայի հյուսիսային տրիբունայում բժիշկները օգնություն ցույց կտան կորոնավիրուսով վարակվածներին ու դրանում կասկածվողներին։ Նշենք, որ աշխարհով մեկ են մարզական արենաները ի սպաս դրվում համաճարակի դեմն առնելու գործընթացին։ Նման քայլ է ձեռնարկված և մեզանում. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրն արդեն իսկ կահավորված է մահճակալներով, ձեռնարկվում են պահանջվող հետագա քայլերը։
Կորոնավիրուսի համաճարակը արդեն վաղուց է սարսափելի հարված հասցրել համաշխարհային սպորտին։ Գործնականում բոլոր մրցաշարերը կամ անորոշ ժամանակով առկախված են, կամ էլ ամբողջությամբ չեղարկվել են։ Սակայն մինչ մարզիկներն ու ակումբների աշխատակիցները տնային կարանտինի մեջ են, մարզական օբյեկտները թափուր չեն մնում, եթե չասենք ավելին՝ ակտիվորեն գործածության մեջ են դրվում։ Բնականաբար ոչ իրենց բուն նշանակությամբ, իսկ այն երկրներում, որտեղ համաճարակը պարզապես մոլեգնում է, դրանք ծառայեցվում են բուժնպատակների համար։
Սակայն վերադառնանք Դորտմունդի «Բորուսիայի» «Սիգնալ Իդունա Պարկին»։
Մարզադաշտի հյուսիսային արենայում համապատասխան վերանորոգման աշխատանքներ են կատարվել, այստեղ բազավորվելիք բուժանձնակազմը որոշելու է՝ բուժառուների բժշկումը հարկ է շարունակել ամբուլատոր պայմաններո՞ւմ, թե՞ պահանջվում է հոսպիտալացում։
«Մեր մարզադաշտը քաղաքի հպարտությունն է, Դորտմունդի ու շրջակա բնակավայրերի գրեթե բոլորի բնակիչների համար կողմնորոշիչ։ Շնորհիվ իր տեխնիկական բնութագրիչների, ենթակառուցվածքի ու տեղավայրի, այն COVID-19-ով վարակված կամ նման ախտանիշներ (օրինակ՝ շնչառության հետ խնդիրներ, ջերմում) ունեցող մարդկանց ակտիվ օգնություն ցույց տալու ու կազմակերպելու իդեալական վայր է։ Մեր պարտքն ու ցանկությունն է մարդկանց օգնելու համար ամեն ինչ անել», -նշված է ակումբի տարածած հայտարարությունում։
Դորտմունդցիների ճանապարհով են գնացել և իսպանական «Բետիսում»։ Ճերմակականաչների «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտն ապրիլի 3-ից դարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի լոգիստիկ կենտրոն։ Ինչպես փոխանցում է Cadena Cope-ն, արենայում պահպանվելու են բժշկական դիմակներ, որոնք հետագայում պետք կգան Սևիլիայի ու հարակից քաղաքների բժիշկների համար։ Մինչ սա ակումբը տեղի բուժհաստատություններին ընծայաբերել էր հինգ հազար ձեռնոց, հարյուրից ավելի դիմակ ու շնչառական բուժական խողովակներ։
Իսպանիայում, որտեղ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով կորոնավիրուսով ախտահարվածների գրանցված թիվը գերազանցում է 124 հազարը, նման քայլն իր տեսակի մեջ եզակի չէ։ Ավելի վաղ իշխանությունները մայրաքաղաքի ձմեռային մարզաձևերի պալատը վերափոխել էին դիարանի, որտեղ դիակիզման սպասումով պահվելու էին կորոնավիրուսից մահացածները։ Դա արված է այն պատճառով, որ քաղաքի մնացած բոլոր դիակիզարանները գերբեռնված են, քանի որ COVID-19-ից մահացածների կապակցությամբ դիակիզման որոշում է ընդունվել։ Ապրիլի 4-ի դրությամբ այստեղ կորոնավիրուսին զոհ է գնացել արդեն 11744 մարդ։
Մադրիդի ձմեռային մարզաձևերի պալատից զատ վերապրոֆիլավորվել է և լեգենդար «Սանտյագո Բեռնաբեուն»։ «Ռեալի» մարզադաշտը, որ տեղավորում է 81 հազարից փոքր-ինչ ավելի հանդիսական, կհարմարեցվի դեղորայքի, պարենի, կորոնավիրուսի դեմ պայքարի համար առաջին անհրաժեշտության այլ բաների պահեստի, որոնք անհրաժեշտ են քաղաքի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար։ Այս որոշումն ընդունել է «սերուցքայինների» ղեկավարությունը, որը միաժամանակ իսպանական ընկերություններին կոչ է արել սննդամթերքի, դեղորայքի, օգտակար այլ բաների տեսքով նվիրաբերումներ անել՝ դրանք առաքելով մարզադաշտ։ Այդ ամենի բաժանմամբ զբաղվելու է Իսպանիայի կառավարությունը։
Հնդկաստանում էլ են ձեռնարկվում համապատասխան քայլեր, որտեղ նվազագույնը մեկ խոշորագույն մարզական կառույց ի սպաս է դրվել համաճարակի դեմ մղվող պայքարին։ Դա Դելիի մերձակայքում գտնվող ավտոդրոմն է, որտեղ «Ֆորմուլա-1»-ի շրջանակներում 2011-2013 թվերին անցկացվել է Հնդկաստանի գրան պրին։ Այն ժամանակավորապես վերածվելու է COVID-19-ի դեմ պայքարի բժշկական կենտրոնի։ Ինչպես հաղորդում է Autosport-ը, ոստիկանության կողմից շրջափակված այս կենտրոնում տեղավորելու են աշխատող միգրանտներին, ովքեր մայրաքաղաքը չեն կարող լքել՝ սկսած մարտի 25-ից։ Հենց այդ օրից է Հնդկաստանում ներդրվել 21-օրյա տևողությամբ կարանտինը։ Երկրում իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ վերջին օրերին նկատվում է վիրուսից ախտահարվածների մեծ քանակություն։ Իշխանությունները տագնապ ունեն, որ եթե միգրանտներին թույլ տան լքել Դելին, վարակը կատաստրոֆիկ արագությամբ կտարածվի երկրի մյուս քաղաքներում ու գյուղերում, այլ բնակավայրերում։
Պանդեմիայի դեմ պայքարին իր մասնակցությունն է բերում նաև ամերիկացի լեգենդար թենիսիստուհի Բիլի Ջին Քինգի անվան թենիսի նյույորքյան կենտրոնը։ Արենայի մի մասը հարմարեցվում է ժամանակավոր հոսպիտալի։ Պլանավորվում է, որ այն կարող է իրականացնել 350 հիվանդի միաժամանակյա սպասարկում։ «Մենք այստեղ ենք օգնելու համար ու այլ կերպ չի կարող լինել։ Նյու Յորքը մեր տունն է, դա վերաբերում է բոլորիս», -ասել է հաղորդակցության գծով ԱՄՆ-ի թենիսի ասոցիացիայի տնօրեն Քրիս Վիդմայերը։
Ինչ վերաբերում է անձամբ Քինգին, նա ընդգծել է, որ թենիսի կորտերից մեկում, որտեղ ապրիլի 24-ից սեպտեմբերի 13-ն անցկացվելու է ԱՄՆ «Մեծ սաղավարտի» բաց առաջնությունը, քաղաքի 25 հազար բնակչի համար սեղան կգցվի։ «Արենայի մնացած հատվածները կվերածվեն հիվանդանոցների, իսկ այդ կորտը կդառնա սննդի պատրաստման ու բաշխման կենտրոն, որտեղ հերոսական մարդիկ օրական 25 հազար քաղաքացու բաժին կչափածրարեն։ Ամեն բաժնեմասում կլինի բուժառուների, աշխատակիցների, երեխաների համար երկօրյա սննդաբաժին», -թվիթերյան իր էջում գրել է Բիլի Քինգը։
Ահա աշխարհին ինչպիսի համախմբման է բերել կորոնավիրուսը՝ առարկայնորեն ցույց տալով, որ երբ աղետ է, ոչ մեկը երաշխավորված չէ դրա հնարավոր հարվածից՝ անկախ սոցիալական դիրքից, ազգությունից, մաշկի գույնից, դավանանքից ու մեզ իրարից բաժանող հազար ու մի բանից։ Գուցե թե սա ապրողներին կհուշի նաև, որ չի կարելի չարացնել բնությանը, ամեն ինչում առաջնորդվելով առուկուլի, սպառողի հոգեբանությամբ։ Շատ բան կարելի է ասել, սակայն հուշումների հուշումն այն է, որ մարդը խորապես է հեռացել իր բուն կոչվածությունից, ու եկել է դրա համար վճարելու ժամանակը։ Եթե Դուք ունեք եղածի այլ բացատրություն, դա ձեր անկապտելի իրավունքն է։
Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ կարելի է մի պահ կանգ առնել ու վերարժևորել անցած ճանապարհը։ Պայմանով, որ կլինեն անհրաժեշտ խմբագրումներ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ