Փրկվել սնանկացումից
03.04.2020 | 01:54
Անգլիայում մտադիր են կորոնավիրուսի պատճառով ընդհատված երկրի ֆուտբոլի առաջնությունը վերսկսել հուլիս ամսից ոչ շուտ։ Եթե փորձեն ավարտին հասցնել ընթացիկ մրցաշրջանի առաջնությունը, կպահանջվի ոչ ավելի, քան 4-6 շաբաթ։ Սա հնարավորություն կտա լիգաներն ու ակումբները փրկելու կորցնելիք միլիոններից։
Սակայն առաջնությունն ավարտին հասցնելը միայն Անգլիայի համար չէ, որ խնդիր է։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայում կարծում են, որ եթե հունիսի վերջերին չհաջողվի գործարկել ազգային առաջնությունները, ներկայիս մրցաշրջանը կարելի է համարել կորսված։
Այո, ֆուտբոլային աշխարհը համաճարակային ներկա ֆոնին հայտնվել է լուրջ ճգնաժամի մեջ։ Ակումբներն ու լիգաները կրում են ֆինանսական ահռելի վնասներ, մրցաշրջանը չավարտելը կհանգեցնի տնտեսական աղետի՝ շատ ակումբների համար դառնալով սնանկացման ու կազմալուծման պատճառ։ Ի դեպ նկատենք, հիմնականում ֆինանսական բաղադրիչը նկատի ունենալով էր, որ ՈՒԵՖԱ-ն գնաց ծայրահեղ քայլի՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հետաձգելով մեկ տարով։
Կարանտին գնացած թոփ առաջնությունների հիմնական գլխացավանքն այն է, թե ինչպես վերսկսել ընդհատված առաջնությունները։ Լիգաների մեծ մասը նվազագույնը դադար է վերցրել մինչև մայիսը, սակայն, հաշվի առնելով համաճարակի ահագնացող ծավալները, մայիսից առաջնությունները վերսկսելը ներկայանում է անհնարին։ Արմատական քայլերի է պատրաստվում և Անգլիան, որն ամենավերջիններից անցավ կարանտինային ռեժիմի։ Իր հերթին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հանդես եկավ թարմացված տեղեկատվությամբ՝ հայտարարելով` ամռանից շուտ չսպասել խաղարկությունների վերսկսմանը։
«Մենք ունենք պլան Ա, պլան Բ, պլան Ց, -ասել է նա La Repubblica-ին տված հարցազրույցում։ -Դրանք են՝ մեկնարկը տալ մայիսի կեսերին, հունիսի սկզբներին կամ ավարտին։ Եթե չհաջողվի այս ժամկետներում առաջնությունների վերսկսումը, մրցաշրջանը հավանաբար կորցրած պիտի համարել։ Մենք շարունակում ենք հաղորդակցվելը լիգաների ու ակումբների ղեկավարների հետ։ Տեսնենք, թե որ որոշումը կլինի օպտիմալ։ Հարկ կլինի սպասել»։
Ինքնին հասկանալի է, որ այս փուլում ընդհատված մրցաշրջանի վերամեկնարկի ազդարարման մասին խոսելը զուտ տեսական բնույթ կարող է ունենալ։ Անհնար է ենթադրել, թե երբ հնարավոր կլինի խաղերը վերսկսելը, քանի որ համաճարակը մեղմման միտումներ չի դրսևորում, եթե չասենք հակառակը։
Սակայն այսուհանդերձ անգլիական պրեմիեր լիգան առաջնությունը վերսկսելու ուղղությամբ քայլեր է անում։ Football London-ի տեղեկացմամբ պրեմիեր լիգայի, ֆուտբոլի անգլիական լիգայի (EFL) ու Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) ղեկավարության անցկացրած հեռախոսային կոնֆերանսի ժամանակ որոշում է կայացվել առաջնությունները ավարտին հասցնել չորսշաբաթյա, ծայրահեղ դեպքում վեցշաբաթյա ժամկետում։ Ընդ որում, բոլոր դեպքերում տրիբունաները հանդիսատեսի համար փակ կլինեն։
Ներկա պահին Անգլիայի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը։ Սակայն ենթադրվում է, որ ժամկետի երկարացումն անխուսափելի է՝ հիմք ունենալով ապահովագրության հետ կապված ակումբների հիմնախնդիրներն ու խաղացողների անվտանգության հարցերը։
Ավելորդ չի լինի նկատել, որ ֆինանսների առումով պանդեմիայի հետևանքների մասին բարձրաձայնած ստորին դիվիզիոններին արդեն գալիս են գումարվելու և գրանդ ակումբները։ Գրեթե բոլոր առաջնություններում խոսվում է համաճարակի այս փուլում ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատելու մասին, սակայն ոչ բոլորն են այս մտքին համաձայն։ The Guardian-ը գրում է, որ այդ վտանգը չի սպառնում անգլիական առաջնությանը, քանի որ բրիտանական ակումբների ֆուտբոլիստներն իրենց գերազանց մասով համամիտ կլինեն առաջարկին։ Այ, արդեն ուրիշ հարց է, թե այդ կրճատումները որքանով կլինեն արմատական։
Կրած վնասների մեծ մասը ծածկելու համար հարկ կլինի կրճատումների գնալ 50 տոկոսի չափով։ «Յուվենտուսում», օրինակ, դրա վրա տնտեսել են 90 միլիոն եվրո, իսկ ահա «Բարսելոնում» առաջացել են տարաձայնություններ. խաղացողները չեն համաձայնել, սակայն գործընթացն իրականացվել է պարտադրաբար։ Հասկանալի է՝ աշխատավարձի որոշակի մասի չափով։ Իհարկե նման ճգնաժամային քայլերը հարցերի մի ամբողջ շարան են բարձրացնում, ու մասնավորապե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIFPro) արդեն բախվել է խնդիրների։
Այո, խնդիրներ են, որ առաջանում են։ Սակայն շատ կարևոր է և այն, որ առաջնությունների զրոյացումը չի դիտարկում և ոչ մի լիգա։ Դա նախ էապես կավելացնի ֆինանսական ծասերը, երկրորդ՝ կառաջանան իրավաբանական բազմաթիվ խնդիրներ, երրորդ՝ զրոյացումը ակումբների համար բարդություններ կառաջացնի Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկություններում թիմերի հայտնվելու համար, մանավանդ եթե այլ երկրների առաջնությունները խաղարկվեն, ավարտին հասցվի մրցաշրջանը։ Պրոբլեմներ կառաջանան նաև ՈՒԵՖԱ-ի վարկանիշները հաշվարկելու հարցում։ Այս ամենը գալիս է հավաստելու, թե ինչու են շատերը հակված առաջնություններն ավարտին հասցնելու տարբերակին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ