Ժամանակից շուտ «Լիվերպուլի» չեմպիոնությունն առայժմ անհավանական է
17.03.2020 | 01:19
Անգլիական պրեմիեր լիգան առաջնությունն ընդհատել է մինչև ապրիլի 4-ը, սակայն դեռևս չի որոշել, թե ինչ է անելու հետո։ Ասվածը բնավ էլ չի նշանակում, թե ամենատարբեր մակարդակներով քննարկումներ չեն լինում, առաջարկներ չեն արվում։ Ընդհանուր առմամբ դիտարկվում է չորս հնարավոր տարբերակ։
ԱՌԱՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Ակումբների մեծ մասը կարծում է, որ բոլոր դեպքերում պիտի ավարտել առաջնությունը, թեպետ գնալով ժամանակն ավելի ու ավելի քչություն է անում։ Բայց եթե ազգային լիգաների ճնշման տակ ՈՒԵՖԱ-ն գնա Եվրոյի ժամկետների անցկացման փոփոխության, ապա ԱՊԼ-ը կկարողանա անցկացնել բոլոր 38 տուրերը։ Սա կնշանակի առաջնությունը երկարաձգել մինչև հունիս-հուլիս ամիսներ։ Այս դեպքում իր հերթին դիտարկելի է դառնում երկու տարբերակ.
ա. առաջնությունում դադար հայտարարել դեկտեմբերին՝ այդ ժամկետում անցկացնելով Եվրոպայի առաջնությունը (նկատենք, որ աշխարհի 2022 թվի առաջնությունն էլ պլանավորված է անցկացնել ձմռանը),
բ. անցկացնել նորմալ հաջորդ մրցաշրջան, իսկ Եվրոպայի առաջնությունը կազմակերպել 2021-ի ամռանը։
Նկատենք, որ սա դիտարկվում է որպես ամենահավանական տարբերակ։
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ
Արդեն ապրիլ-մայիսին ավարտին հասցնել առաջնությունը։ Ապրիլի 4-ին, երբ ավարտվում է հայտարարված դադարը, անցկացնել պլանավորված 32-րդ տուրը։ Իհարկե՝ անվտանգության խստագույն ռեժիմի պայմաններում, առանց հանդիսականի։ Մնացած ժամանակում անցկացնել ի սկզբանե նախատեսված՝ դրանց արանքում խցկելով այն տուրի հանդիպումը, որը չեն հասցրել անցկացնել։ Ասենք, որ հեռուստահեռարձակման գծով լիգայի տնօրենն արդեն համապատասխան աշխատանքներ է տանում համաձայնեցումների ուղղությամբ։ Նկատենք, որ այս տարբերակի կիրառման հավանականությունը նույնպես մեծ է։
ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ
«Լիվերպուլը» չեմպիոն է, պրեմիեր լիգան չի լքում ոչ մի թիմ։ 29 տուրի շրջանակներում (այս պահի դրությամբ այդքան տուր է խաղարկված) պրեմիեր լիգան չլքելու, ինչպես նաև եվրագավաթների մասնակցության հարցը լուծելու համար թիմերը շատ խիտ են դասավորված, բացի այդ, սա կնշանակի անարդար լինել «Լիդսի» ու «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ, որոնք վստահորեն ընթանում են Չեմպիոնշիփի առաջին երկու հորիզոնականներում։ Դրա համար էլ ակումբներն առաջարկում են մեկ մրցաշրջանի ընթացքում եղած 20-ի փոխարեն 22 ակումբի գրավվածություն, Լիգայի գավաթի խաղարկության չեղարկում և հաջորդ սեզոնին ընդառաջ այդ նույն մեկ մրցաշրջանի ընթացքում երեքի փոխարեն հինգ թիմի հրաժեշտ։
ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ
Այս մրցաշրջանի ամբողջացումն ավարտին հասցնել աշնանը, իսկ հաջորդ երկուսը հարմարեցնել օրացուցային տարվան։ Այս տարբերակի կողմնակիցների կարծիքով՝ այս կերպ իր լուծումն է գտնում 2019-2020 մրցաշրջանի տրամաբանական ավարտի, ինչպես նաև Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու հարցը։
Սակայն այս պարագայում երկու հիմնախնդիր կա.
ա. մի շարք ֆուտբոլիստների պայմանագրեր ավարտվում են հունիսի 30-ին՝ նրանք չեն խաղալու աշնանը, և եթե մրցաշրջանն ամբողջացնել աշնանը, այս դեպքում ինչպե՞ս որոշել, թե երկրից որ թիմերն են մասնակցելու եվրախաղարկություններին,
բ. չեղարկել ընթացիկ մրցաշրջանի արդյունքները, նորը սկսել եղած պայմաններով՝ նույն թիմերն են լինելու պրեմիեր լիգայում ու եվրախաղարկություններում, ոչ մի թիմ դուրս չի մնում առաջնությունից։
ԵՎ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ
Այս չորս հիմնական տարբերակի առկայությունը բոլոր հարցերին չէ, որ պատասխան է տալիս, մյուս կողմից էլ ակումբներն իրենց տարաձայնություններն ունեն, որոնք առկախված են մնում։ Ամենախոշոր հարցը մնում է ակումբներից շատերի թերահավատությունն ապրիլի 4-ից առաջնությունը վերսկսելու վերաբերյալ, իսկ առջևում եղած համաեվրոպական առաջնության մասին արդեն խոսել ենք։
Բայց հո միայն դրանո՞վ չի հարցը սահմանափակվում։
Իսկ ինչպե՞ս վարվել եվրախաղարկությունների հետ։
Լավ, ասենք թե ՈՒԵՖԱ-ն մեկ ութերորդ եզրափակչի չխաղացված խաղերի մասով՝ «Մանչեստր Սիթի» (Անգլիա)-«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա), «Բարսելոն» (Իսպանիա)-«Նապոլի» (Իտալիա), «Յուվենտուս» (Իտալիա)-«Օլիմպիկ» (Լիոն, Ֆրանսիա), «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա)-«Չելսի» (Լոնդոն, Անգլիա) հայտարարել է դրանց անցկացումն ավելի ուշ ժամանակների հետաձգելու մասին, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, աշխարհում զարգացումների մասին ՈՒԵՖԱ-ի պլաններն արդյո՞ք չափից ավելի լավատեսական չեն։
Իսկ ո՞վ ասաց, որ այդ ժամանակահատվածում իտալական ակումբները կլինեն ամբողջովին կամ մասամբ անվտանգ (COVID-19 վիրուսն ամենազարհուրելի ասպատակությունը հենց Իտալիայում է անում), կամ մյուս երկրները ներկայացնող ակումբները չեն հայտնվի սահմանային վիճակում։ Մի խոսքով հարցեր են, որոնց հստակ պատասխանելը չափազանց դժվար է, եթե իհարկե ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան չես, ով մի երկու շաբաթ առաջ բարձրաձայնում էր, որ կորոնավիրուսը սարսափելի վարակ չէ, ամենասովորական գրիպի պես բան է, ու միայն աշխարհին համակած տագնապից հետո զորեց հասկանալ կամ հասկացրին, որ գլխից մեծ բաներից խոսելը խելքի նշան չէ։
Եթե ոչ՝ հակառակը։
ԻՍՊԱՆԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ
Պրեմիեր լիգայի օրինակով ոչ պակաս խնդրահարույց է ներկայանում և լա լիգայի ճակատագիրը։ COVID-19-ն այստեղ էլ է իր կարգուկանոնը սահմանել, դրության տեր դարձել։ Նկատի ունենալով այն, որ ամենայն հավանականությամբ այստեղ էլ ընթացիկ մրցաշրջանն ավարտին չի հասցվի, անպարզ է մնում, թե որ թիմն է հռչակվելու երկրի չեմպիոն, որ թիմերն են լքելու լա լիգան։
Համաձայն Արքայական իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսի, ձեռքի տակ հնարավոր չորս տարբերակ կա.
1. Խաղարկվում են բոլոր մնացած խաղերը։
Այո, առաջնությունն ամբողջությամբ խաղարկվում է իր բոլոր 38 տուրերով, սակայն խաղային օրացույցն այդ բոլորն իրականություն դարձնելու հնարավորություն չի տալիս։ Պրեմիեր լիգայի վերը բերած օրինակով որպես խոչընդոտող հանգամանքներ են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունն ու եվրոպական խաղարկությունները։
2. Չեղարկվում է մրցաշրջանը։
Եթե, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակն ավելի է վատանում, ու հետաձգված խաղերը շարունակվում են մինչև այն պահը, երբ այլևս անհնարին է դառնում հետաձգել մնացած խաղերը, ապա RFEF-ն ու լա լիգան չեղյալ են համարում մրցաշրջանը։ Այս դեպքում ներքին առաջնության և ոչ մի խաղարկությունում չեմպիոն չի լինում, ոչ մի թիմ չի լքում լա լիգան, ոչ մի թիմ սեգունդայից անցում չի կատարում բարձրագույն խումբ։ Թիմերը նույնությամբ կմեկնարկեն նոր մրցաշրջանում։
3. Ամեն ինչ ավարտել 27-րդ տուրով։
Հասկանալի է, որ առաջնությունում խաղարկվել է 27 տուր։ Եթե այդ 27 տուրով էլ առաջնությունը համարվում է ավարտված, չեմպիոն է հռչակվում առաջնության ներկայիս առաջատար «Բարսելոնը», նրա հետ Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք կստանան Մադրիդի «Ռեալը», «Սևիլիան» ու «Ռեալ Սոսիեդադը», իսկ «Խետաֆեն» ու «Աթլետիկոն» իրենց կդրսևորեն Եվրոպայի լիգայի խաղարկությունում։ Սեգունդա կիջնեն «Մալյորկան», «Լեգանեսն ու « «Էսպանիոլը», մեխանիկորեն լա լիգա կտեղափոխվեն «Կադիսն» ու «Սարագոսան»։
Սա այնքան էլ իրագործելի տարբերակ չէ, քանի որ որ բոլոր թիմերը չէ, որ նույն քանակով խաղեր են անցկացրել իրար հետ ու դա հակասում է մրցության էությանն ու տրամաբանությանը։ Ֆեդերացիան շտապել է հայտարարել, որ հանդես է գալիս որպես խաղերի մաքրության, մրցակցային ոգու պաշտպան, դեմ է, որ որոշ խաղեր անցկացվեն երկրի սահմաններից դուրս։
4. Ամեն ինչ ավարտել առաջին ռաունդի ոգով։
Այս տարբերակը հնարավոր է գործադրվի միայն այն դեպքում, երբ այլևս անհնար կլինի մյուս խաղերի անցկացումը։ Եթե այն իրականություն դառնա, ապա երկրի չեմպիոնը դարձյալ «Բարսելոնը» կլինի, որն ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, դարձյալ առաջին տեղով է ավարտել մրցաշրջանը։
Ավարտելով նյութը՝ ասենք, որ աշխարհին համակած այս համաճարակը դեռ շատ բաների մեջ կարող է խմբագրումներ մտցնել, եթե դրա դեմն աշխարհի հավաքական միտքը չառնի, իսկ համաշխարհային սպորտին հասցվելիք ամենասարսափելի հարվածներից կլինի օլիմպիական խաղերի չեղարկումը, որը, ցավոք, հնարավոր տարբերակների շարքում է։ Արդեն իսկ վատ կանխանշան կա այն առումով, որ օլիմպիական կրակի վառման արարողությունն արվել է առանց հանդիսատեսի մասնակցության, իսկ այն օլիմպիական խաղեր կոչված հանդիսության աննշմար տարրերից չէր։ Բոլոր դեպքերում, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, և մարդկությանը համակած այս ցնցումը հնարավորինս փոքրիկ կորուստներ հասցրած կանցնի պատմության գիրկ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ