Արտակարգ դրությունից հետո նորից քարոզարշավ
17.03.2020 | 00:16
Հայտնի խոսքը փոփոխության ենթարկելով, կարող ենք փաստել, որ մեր իշխանությունները չցանկացան զբաղվել կորոնավիրուսով, բայց կորոնավիրուսը զբաղվեց նրանցով։ Տևական ժամանակ աչքկապոցի արեցին, զբաղվեցին իրենց հանրաքվեով ու հիմա անգամ հանրաքվեն մեջտեղից դուրս եկավ, քանի որ վիրուսը նախկին ու ներկա ռեժիմ չի ճանաչում։ Ի՞նչ ունենք հիմա. մեր բնակչության թվաքանակի համեմատ արձանագրված վիրուսի լուրջ ցուցանիշ և, արտակարգ ռեժիմով պայմանավորված, հետաձգված հանրաքվե։
Այսուհանդերձ, ի՞նչ է լինելու հանրաքվեի հետ, երբ արտակարգ ռեժիմն ավարտվի, ամեն ինչ սկսվում է նորի՞ց։ Սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում փաստեց, որ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո, և ողջ գործընթացը նորից է սկսվում։ Տիկին Մելոյանը մեկ նրբություն ևս ընդգծեց. օրենքում հստակ սահմանված չէ, որ նոր հանրաքվե է նշանակվելու, արձանագրված է ընդամենը, որ այն հետաձգվում է, իսկ այս հանգամանքը տարբեր մեկնաբանությունների հիմք կարող է դառնալ։ Հնարավո՞ր է, որ այդ սողանցքը հաշվի առնելով, հանրաքվեն չեղարկվի. այս դիտարկմանն ի պատասխան սահմանադրագետը պարզաբանեց, որ եթե ՀՀ նախագահն անգամ եռօրյա ժամկետում հրամանագիր չստորագրի, իրավունքի ուժով հանրաքվե նշանակվելու է։ Ի դեպ, նախկինում էլ էր այս կարգավորումը գործում։ «Պիտի նկատի ունենալ, որ այս պարագայում հանրաքվեն չեղարկելու հիմք նախատեսված չէ։ Չեղարկելու համար լրացուցիչ այլ հիմքեր պիտի ունենալ, որոնք հետագայում կներկայացնեմ»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։ Իսկ առայժմ, ըստ մեր զրուցակցի, պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ հանրաքվեն ընդամենը հետաձգվում է, ոչ թե չեղարկվում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ