Չեմպիոնների լիգան կունենա նոր տիրակալ
13.03.2020 | 03:32
Սա հայտնի դարձավ «Լիվերպուլ»-«Աթլետիկո» մրցավեճից հետո, սակայն մինչ այս ու մեկ ութերորդի այս շաբաթվա մյուս երեք դիմակայություններին անդրադառնալը ոչ պակաս, եթե ոչ առավել հրատապություն ունեցող թեմայի անդրադառնանք, որը չարաղետորեն դարձել է նորությունների նորությունը։ Խոսքն ընդհանուրի հետ ողջ մարզական աշխարհը ցնցումների մեջ պահող, օրավուր ահագնացող ծավալներ ձեռք բերող, աշխարհագրական նոր տարածքներ ընդգրկող կորոնավիրուսի մասին է։
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ...
Իտալիայում մինչև ապրիլի երեքը դադարեցվել են բոլոր մարզական միջոցառումները, այդ թվում և Ա սերիայի խաղերը: Ավելի վաղ երկրի կառավարությունը որոշում էր կայացրել, որ դրանք կընթանան առանց հանդիսականի, դատարկ տրիբունաների պայմաններում, սակայն երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծում է, որ վտանգի հավանականությունն անգամ այս դեպքում չի բացառվում: Կորոնավիրուսի պատճառով կարանտին է հայտարարվել Իտալիայի ողջ տարածքում։ Անհերքելի փաստ է, որ այն այստեղ ավելի արագ տեմպերով է ծավալվում, քան Չինաստանում էր:
Որոշված է՝ մինչև ապրիլի 14-ը Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի ֆուտբոլային առաջնությունները կանցկացվեն առանց հանդիսականների. այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: Իսպանիայում տրիբունաները դատարկ կլինեն առաջիկա երկու տուրում, Ֆրանսիայում՝ մինչև ապրիլի 14-ը, Պորտուգալիայում՝ առայժմ անժամկետ: Որոշված է՝ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի «Բարսելոն»-«Նապոլի», «Բավարիա»-«Չելսի» խաղերն անցկացնել առանց հանդիսատեսի: Նույնն է վիճակը Չեմպիոնների լիգայի մի քանի խաղերի առնչությամբ։
Աստծո յուրաքանչյուր օր եղած ինֆորմացիայի վրա նորերն է ավելացնում, ընդլանվում է արգելանքի կամ մասնակի արգելանքի տակ դրված միջոցառումների ցանկը։ Հասկանալի է, որ այս ամենը չի սկսվում ու ավարտվում ֆուտբոլային խաղերով։ Սամբոյի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է Բուլղարիայում ապրիլի 9-13-ին նախատեսված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը, ավելի վաղ հետաձգվել էր մարտի 14-21-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունը, նույնն է վիճակը Մոսկվայում ապրիլի 4-12-ին տեղի ունենալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության պարագայում։
Այս տագնապալից լուրերից հետո, որոնց վերաբերյալ ստիպված ենք հանրությանը իրազեկել, անցնենք երեքշաբթի-չորեքշաբթի կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկ ութերորդ եզրափակչի պատասխան խաղերին։
«ԼԱՅՊՑԻԳ»-«ՏՈՏԵՆՀԵՄ»
Պատասխան մրցավեճում դեռևս ամեն ինչ չէ, որ վերջնականապես կորած էր անգլիական թիմի համար ու այդպես մտածելու բավարար հիմքեր տալիս էր առաջին փուլում «Տոտենհեմի» նվազագույն հաշվով կրած պարտությունը, որքան էլ այն սեփական խաղադաշտում էր եղել: Անհանգստացնողը բոլորովին այլ բան էր՝ վերջին հանդիպումներում թիմի ունեցած ոչ շահեկան վիճակագրությունը:
Խաղի սկզբնամասում Ժոզե Մոուրինիոյի սաները լավ էլ ինտենսիվ ճնշում գործադրեցին մրցակցի վրա, սակայն գերմանացիները կարողացան դրա դեմն արագ առնել: Հանդիպման 11-րդ րոպեին Զաբիտցերը խփեց առաջին գոլը, ապա նույնն արեց և 11 րոպե անց, իսկ սա նշանակում էր, որ մրցակցությունում հաջողության ակնկալիք ունենալու համար «Տոտենհեմին» անհրաժեշտ էր երեք գոլ հեղինակել: Բարեբախտաբար առջևում բավականին երկար ժամանակ կար, սակայն միայն ժամանակի գործոնը քիչ էր, հարկ էր, որ թիմը արմատական քայլերի դիմեր: Ավելորդ մանրամասներով չծանրաբեռնենք ընթերցողին, միայն մի վկայակոչում՝ ինչի՞ ակնկալիք կարող ես ունենալ, ինչի՞ հույսեր փայփայել, երբ մնացած 70 րոպեում գոնե երեք դիպուկ հարված չես կատարում հակառակորդի դարպասին:
Կարճ կապենք: Հանդիպման ավարտին «Լայպցիգը» նաև երրորդ գոլն էր խփելու՝ շարունակելով մրցելույթները հաջորդ փուլում: Թերևս ավելորդ չհամարենք նկատել, որ գերմանական այս ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնվել է միայն անցած տարվանից, իսկ այս տարի արդեն փլեյօֆում է դրսևորվում:
«ՎԱԼԵՆՍԻԱ»-«ԱՏԱԼԱՆՏԱ»
Կողմերի առաջին մրցակցությունում իսպանական թիմին իտալականի 4:1 հաշվով հասցրած նոկաուտն այն աստիճանի հուժկու էր, խելքը գլխից տարած, որ վարդագույն երազանքներով պատանյակ պիտի լինեիր այս հանդիպման ելքի վերջնարդյունքի հարցում: Բնականաբար՝ հօգուտ իտալացիների ընկալման:
«Ատալանտան» մրցակցին ոչ միայն գործելու, այլև մտածելու ժամանակ ու հնարավորություն չտվեց: Արդյունքում արդեն երրորդ րոպեին իսպանացիները պարտվում էին: 11-մետրանոցի արդյունավետ կրկնությունն Իլիչիչն ապահովեց և դիմակայության 41-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2:1:
Կորցնելու ոչինչ չունեցող իսպանացիները երկրորդ խաղակեսում կարողացան հաշիվը դարձնել 3:2՝ հետագա աղոտ հույսերի փայփայումով, որ երկու հանդիպման արդյունքով հնարավոր է վերջնահաշվի տհաճ հետևանքները չեզոքացնել, սակայն «Ատալանտան» մրցակցին ավելին հուսալու շանս չտվեց: Ավելին, կողպած պահելով սեփական դարպասը՝ իսպանացիներին ևս երկու անգամ պարտադրեց գնդակը հանել սեփական դարպասից ու համակերպվել պարտության մտքի հետ: Գուցե սոսկական համընկնում է, սակայն բոլոր դեպքերում հարկ է արձանագրել, որ այս երկրորդ մրցակցությունում էլ իտալացիները չորս գոլ հեղինակեցին՝ հաստատելով գոլ խփող թիմի իրենց բարձր կարգավիճակը:
Ամփոփելով Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի պատասխան խաղերի մրցումային առաջին օրվա արդյունքները՝ արձանագրենք, որ այն եղավ բավականին գոլառատ՝ ընդհանուր հաշվարկով խփվել է 10 գոլ:
«ԼԻՎԵՐՊՈՒԼ»-«ԱԹԼԵՏԻԿՈ»
Սկսենք փաստի վկայակոչումով, որ եվրոպական ակումբային թիվ մեկ խաղարկության գործող չեմպիոնը դուրս մնաց պայքարից։ Գահը թափուր է։ Այն պատրաստ է նոր տիրակալի համար։ Ահա սա եղավ «Լիվերպուլ»-«Աթլետիկո» էնֆիլդյան դիմակայության արդյունքը, որը տևեց 120 րոպե, և որի լրացուցիչ խաղակեսերում խփվեց ընդհանուր թվով չորս գոլ։
Սպասվա՞ծ արդյունք էր։
Դժվար է միանշանակ պատասխանելը, թեպետ հետին թվով կարելի է գլուխ գովել ու ասել, որ ես գիտեի, զգում էի, սպասում էի ու նման բաներ։ Բոլորին էլ հայտնի է, որ «Աթլետիկոն» անասելի կպչուն թիմ է, ունի անկոտրում կամք, պայքարում է մինչև վերջ, որ... Որակումները կարելի է հա ավելացնել ու ավելացնել, սակայն առանցքում մնում է նրա մարտական բնավորության շեշտադրումը։
Փորձենք համառոտ ներկայացնել «Էնֆիլդում» կատարվածը, ուր մադրիդյան հանդիպումում իր թիմի նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո ֆուտբոլասերներին հրավերի կոչ էր ուղղել Յուրգեն Կլոպը՝ դիվանագիտորեն մատնաշելով, թե որտեղ է իրական ճաշը եփվելու։ Բնականաբար, նրա հրավերի աստառի մեջ իր թիմի հաղթանակն էր նկատի առնված։
Ինչ եղավ «Էնֆիլդում»։
Եղավ բարձրակարգ ֆուտբոլ։ Եղավ խաղի հիմնական ժամանակում «Լիվերպուլի» կողմից արձանագրված հաղթանակ (գոլը խփել է Վեյնալդումը), որը, սակայն, ընդամենը նշանակեց, որ կողմերն ուժերը շարունակելու են չափել լրացուցիչ խաղաժամանակում։ Այս լրացուցիչից չորս րոպե էր ընդամենը անցել, ու «Էնֆիլդը» թնդաց որոտընդոստ ծափողջույններից. այդ Ֆիրմինոն էր առաջ մղել իր թիմին։
Գլխավորն արված էր, մնում էր հաղթական հաշիվը պահել։
Մնում էր, սակայն «Աթլետիկոն» թողե՞ց, որ մնար։
Մադրիդցիներից ընդամենը երեք րոպե պահանջվեց իրենց համար այնքան կենսական գոլը խփելու համար։ Դարպասը գրավողը Լիորենտեն էր, որ այս խաղով «Աթլետիկոյի» պատմության մեջ ոսկե տառերով իր անունը գրելու իրավունքը նվաճեց, որքան էլ հանդիպումը եզրափակիչյան չէր, այլ եզրափակչի մատույցների։
Անգլիացիների համար այս չարաբաստիկ գոլից հետո մինչ «Լիվերպուլի» հնարավոր հաղթանակի տարբերակներ էին հաշվվում, Լիորենտեն հերոսից վերածվեց գերհերոսի՝ խփելով նաև իր ու թիմի երկրորդ գոլը։
Իրավիճակը շտկելու համար «Լիվերպուլին» արդեն երկու գոլ էր պետք։
Չափազանց բարդ խնդիր էր, բայց ոչ անիրագործելի։ Սակայն, ի դժբախտություն անգլիական թիմի երկրպագուների, ժամանակը սարսափելի արագությամբ հալչում էր։
Ի հաշիվ պաշտպանական ռեդուտների թուլացման՝ «Լիվերպուլը» խելահեղ գրոհների տարափ էր կազմակերպել, քանզի կորցնելու բան չուներ։ Այդ խելահեղությունն ավարտվեց նրանով, որ մի պահ աչքաթող արվեց «Աթլետիկոյի» հակագրոհը, ու Լիորենտեի փոխանցումից հետո Մորատան խփեց իր թիմի հաղթական գոլը։ Ահա այսպիսի փառահեղ հաղթանակ Դիեգո Սիմեոնեի սաների կատարմամբ, ու ահա այսպիսի տխուր վերջաբանով հանդիպում «Լիվերպուլի» համար։
Սակայն այս հանդիպման մասին ասելիքը, այնուամենայնիվ, ավարտենք ևս մեկ ֆուտբոլիստի հիշատակումով, որը բացառիկ ներդրում ունեցավ մադրիդցիների հաղթանակում։ Խոսքը նրանց դարպասապահ Յան Օբլակի մասին է, որը պարզապես հրաշքներ գործեց։ Պատահական չէ, որ Սիմեոնեն նրան համեմատել է Մեսիի հետ՝ որպես արդյունք ստեղծող ֆուտբոլիստի։
Սակայն, քանի որ Սիմեոնեին հիշեցինք, հիշենք և Յուրգեն Կլոպին, ով իսկապես մեծագույն մարզիչ է, թեպետ «Աթլետիկոյի» հետ ունեցած այս հանդիպման արդյունքով փոքր-ինչ ստվերվեց նրա անունը։ Ահա թե խաղի վերաբերմամբ ինչ է ասել նա. «Բաց թողած երկրորդ գոլից հետո խաղացողները հոգնած տեսք ունեին։ Այն ամենը, ինչն այնպես բնականորեն ստացվում էր խաղի հիմնական ժամանակում, հետո դժվարությամբ էր տրվում։ Փոխանցումներն արդեն այն չէին, ինչ մենք ուզում էինք... Ես բացարձակ գոհ եմ թիմի խաղից։ Այնքան դժվար է նման մրցակիցների հետ խաղալը։ Ես չեմ հասկանում այն, որ նման կարգ ունենալով՝ նրանք այդպիսի ֆուտբոլ են խաղում։ Նրանք կարող էին իսկական ֆուտբոլ խաղալ, սակայն խոր նստում են պաշտպանությունում ու օգտագործում են հակահարձակումները։ Մենք ընդունում ենք այս արդյունքը, թեպետ այն այսօր այնքան էլ ճիշտ չի թվում»։
«ՊԱՐԻ ՍԵՆ ԺԵՐՄԵՆ»-«ԲՈՐՈՒՍԻԱ»
«Լիվերպուլի» օրինակով ոչ պակաս բարդ խնդիր ուներ լուծելու և «Պարի Սեն Ժերմենը», որը Դորտմունդի «Բորուսիայի» հետ մեկ ութերորդի առաջին խաղում պարտություն էր կրել 1։2 հաշվով։ ՈՒնենալով խաղի համար նախատեսված 90 րոպեն ժամանակից շուտ սպառվելու տագնապ՝ փարիզցիները միանգամից գործի անցան՝ ի դեմս Նեյմարի ու Բերնատի արդեն իսկ առաջին խաղակեսում դառնալով երկու գոլի հեղինակ։ Եթե հանդիպման մնացած ժամանակում այլևս ոչինչ չփոխվեր, եղածն արդեն իսկ հաղթանակ էր։ Իհարկե, գոլային մշտական ծարավով տառապող դորտմունդցիների պարագայում փոքր-ինչ դժվար էր հավատալ, որ գոլի ականատես չենք լինի, սակայն, ի պատիվ փարիզցիների ասենք, որ նրանք հուսալի փակեցին իրենց դարպասը տանող ճանապարհները։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ