«Բետիսը» ձեռք է մեկնում «Բարսելոնին»
10.03.2020 | 01:52
Չեմպիոնների լիգայի խաղարկության վաղն ու մյուս օրը կայանալիք «Վալենսիա»-«Ատալանտա», «Լայպցիգ»-«Տոտենհեմ», «Պարի Սեն Ժերմեն»-Դորտմունդի «Բորուսիա», «Լիվերպուլ»-«Աթլետիկո» մեկ ութերորդ եզրափակչի պատասխան խաղերի բերելիք վայելքը մտքներումս անթեղած՝ եկեք մեզ ամբողջովին նվիրաբերենք եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների վերջին տուրի հանդիպումներին, որոնցում, էլ ինչ հավատացնեմ, երբ ինքներդ էլ գիտեք, պակաս կարևորության ու լարվածության խաղեր չկային՝ հենց միայն մանչեստրյան դերբին ինչի մասին չի խոսում, որ ավելի բան հիշատակենք, թեպետ այս պարագայում «Յուվենտուս»-«Ինտեր» դիմակայության մասին չհիշատակելն ու լռելը կատարյալ դիլետանտության վկայություն կլինի։
ԳԵՐՄԱՆԻԱ
Արտագնայում չկարողացավ «Վոլֆսբուրգի» դիմադրությունը կոտրել «Լայպցիգն» ու գոլազուրկ մրցակցությունում բավարարվեց ընդամենը մեկ միավոր վաստակելով, ինչը «Բավարիայի» հետ չեմպիոնական մրցավազքում նվազեցնում է նրա շանսերը։ Ի դեպ սա թիմի երկրորդ անընդմեջ ոչ-ոքին էր, ավելի քան ձեռնտու 48-ն ունեցող ու նրանից արդեն ընդամենը երկու միավորով հետ մնացող Դորտմունդի «Բորուսիայի» և, իսկ ինչու ոչ, նաև մյուս «Բորուսիայի» համար, որը տուրի շրջանակներում սեփական հարկի տակ հյուրընկալել էր դորտմունդցիներին։ Դիմակայությունում հաղթանակը մենխենգլադբախցիներին հնարավորություն կտար դորտմունդցիներին շրջանցելու մեկ նիշով ու ճիշտ այդքանով էլ հետ մնալ «Լայպցիգից», իսկ դորտմունդցիների համար հաղթանակը կնշանակեր 51 միավոր ու տեղափոխություն երկրորդ հորիզոնական։
Առանցքային այս մրցավեճում դորտմունդցիներն առավել հաջողակ են եղել։ Նրանք կարողացել են արագ գոլի հեղինակ դառնալ ու խաղը տևական ժամանակ տանել իրենց ցանկալի հունով։ Գլադբախցիները երկրորդ կեսի սկզբներին վերականգնել են հաշվի հավասարությունը, սակայն հյուրերը կարողացել են նաև երկրորդ անգամ խոցել նրանց դարպասն ու հասնել ցանկալի արդյունքի, ինչը մրցաշարային աղյուսակում հանգեցրել է վերը նշված փոփոխություններին։
Պիտի ասել, որ դորտմունդցիների հաղթանակից հետո առանձնապես չի թեթևացել բունդեսլիգան գլխավորող Մյունխենի «Բավարիայի» առջև ծառացած խնդիրը, քանզի նրա համար սկզբունքորեն նշանակություն չի կարող ունենալ, թե ինչ թիմ է հետապնդում իրեն, բայց որ տնային խաղում «Աուգսբուրգի» նկատմամբ հաղթանակը մյունխենցիներին ավելի քան պետք էր անհամեմատ թեթև զգալու համար, սա արդեն անվիճելի է։ Այս մրցակցությունում բավարացիներն ապահովել են ցանկալի հաղթանակը (2:0)՝ միավորների թիվը հասցնելով 55-ի, ինչը չորս միավորի հուսալի «բարձիկ» է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
«Բայեր»-«Այնտրախտ» խաղում տանտերերը հույսի նշույլ իսկ չեն թողել հյուրերին՝ պարտության մատնելով չորս չոր գնդակի տարբերությամբ։ Նկատենք, որ սա «Այնտրախտի» երրորդ անընդմեջ պարտությունն էր, իսկ «Բայերը» 47 միավորով ու չորրորդ հորիզոնականում ունեցած տեղով շարունակում է մնալ եվրագոտու թիմերի թեկնածուների ցուցակում։
Վերջին երկու հանդիպումը պարտությամբ ավարտած «Շալկեն» կարողացել է վերջապես միավորի տեր դառնալ. «Հոֆենհայմի» հետ տնային խաղում՝ 1։1։ 37 միավորով «Շալկեն» եզրափակում է առաջին վեցյակը։
ԻՍՊԱՆԻԱ
Անհաշտ մրցակցություն էր մրցաշարային աղյուսակի հինգերորդ ու երրորդ հորիզոնականներում գտնվող «Աթլետիկո»-«Սևիլիա» թիմերի դիմակայությունում։ Չնայած հանդիպման երկրորդ կեսի ոչ պակաս լարված բնույթին՝ կողմերը գոլերի լիմիտը սպառել են առաջին խաղակեսում՝ երկուական անգամ «թունավորելով» մեկմեկու կյանք։ Արդյունքում արձանագրված ոչ-ոքին նրանց դիրքերի սկզբունքային տեղաշարժ չի գրանցել, պարզապես մեկ նիշով ավելացել են ունեցած միավորները։ «Սևիլիան» ունի 47-ը, մադրիդցիները՝ 45-ը։
Ոչ-ոքի (0:0) է գրանցվել նաև մադրիդյան արվարձանային Խետաֆե քաղաքում տեղի ունեցած համանուն թիմի ու «Սելտայի» մրցակցությունում։ Արդյունքում, այս անգամ արդեն 46 միավորով, «Խետաֆեն» շարունակում է սեպի նման խրված մնալ «Սևիլիայի» ու «Աթլետիկոյի» արանքում։
Եթե ասենք՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ «Բարսելոնի» տնային հանդիպումը հեշտերից չէր, նորություն հայտնած չենք լինի, քանզի վերջին շրջանում դժվարությամբ կարելի է հիշել գեթ մեկ հանդիպում, որը կատալոնյան ակումբի համար հեշտերից լիներ։ Ցավոք, այսպիսին է այսօրվա ռեալությունը, «Բարսելոնը» կորցրել է մյուսների նկատմամբ ունեցած ակնհայտ գերազանցությունը ու դա միայն մի գործոնով չի պայմանավորված։ Օրերից մի օր մենք հարկավ ստիպված կլինենք անդրադառնալու սույն խնդրին, իսկ այս դիմակայության առնչությամբ ասենք, որ կատալոնյան ակումբը խաղի մեջ առաջ է անցել ի հաշիվ 11-մետրանոցի։ Հանդիպման 81-րդ րոպեին այն անվրեպ իրացրել է Մեսին։ Այս գոլով արգենտինացին դարձել է եվրոպական հինգ գերառաջնությունների լավագույն ռմբարկուն (438 գոլ՝ 474 խաղում, երկրորդ տեղում «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է 537 հանդիպումում ունեցած 437 գոլով):
«Բետիսի» հետ Մադրիդի «Ռեալի» արտագնա մրցակցությունը ցույց էր տալու, թե «արքայականը» որքանով հանդուրժող կլինի մրցաշարային աղյուսակում իր ունեցածի նկատմամբ «Բարսելոնի» ոտնձգության հանդեպ, դիրք, որի առնչությամբ իր հավակնությունները հավաստել էր ի դեպ «Բարսելոնի» հետ «Սանտյագո Բեռնաբեուում» ընդամենը մեկ տուր առաջ ունեցած մրցավեճում, 2։0 հաշվով տոնած հաթանակով։ Միանգամից ասենք, որ «Բետիսը» չափից ավելի խստասիրտ քննություն վերցնող եղավ։ Բացելով հանդիպման հաշիվը՝ «արքայականին» այն հավասարեցնելու հնարավորություն տվեց միայն 11-մետրանոցի իրացումով, իսկ այ տանտերերի առաջադրած երկրորդ խնդրին «Ռեալն» այդպես էլ ոչնչով չկարողացավ պատասխանել ու խաղադաշտը լքեց ոչ միայն պարտված, այլև լա լիգայի առաջին հորիզոնականը «Բարսելոնին» զիջած։ Կատալոնցիներն ունեն 58, «Ռեալը»՝ 56 միավոր։
Առաջին վեցյակը 43 միավորով եզրափակում է մեկ խաղ պակաս անցկացրած «Ռեալ Սոսիեդադը»։
ԱՆԳԼԻԱ
Վերջին երեք պարտության հենքի վրա, որքան էլ դրանք արտագնայում եղած ձախողումներ լինեն, «Լիվերպուլի» հաղթանակը «Բոռնմուտի» նկատմամբ հաջողություն պիտի համարել՝ առավել ևս նկատի ունենալով, որ այն կամայինների դասից էր։ Հարկավ, արձանագրված 2։1 հաշիվը համոզիչ առավելության մասին խոսող բան չէ, և նաև այս առումով է, որ «մերսիսայդցիների» երկրպագուները բավականին ջղաձիգ լարումով են սպասելու Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Աթլետիկոյի» հետ կայանալիք հանդիպմանը, որտեղ լիվերպուլցիներին հաջորդ փուլ հանող հաշվով հաղթանակ է պետք։ Հիշեցնենք՝ Մադրիդում նրանք Դիեգո Սիմեոնեի սաներին զիջել են նվազագույն հաշվով։
Ինչ վերաբերում է ներքին առաջնությանը, մրցակիցներին անհասանելի դառնալու համար առաջիկա երեք խաղում «Լիվերպուլին» երեք հաղթանակ է պետք։ Հատկանշական է, որ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում այդ երրորդ հանդիպումը թիմն անցկացնելու է «Մանչեստր Սիթիի» հետ, ինչն առանձին շուք կհաղորդի դիմակայությանը՝ դարձնելով համաշխարհային մակարդակի իրադարձություն։ Նյութի ավելի վաղ գրված այս հատվածում մենք բնազդորեն «ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում» պայմանականությունն էինք դրել՝ կարծես զգալով, որ այնուամենայնիվ ինչ-որ բան այնպես չի լինելու մեկ օր անց կայանալիք մանչեստրյան դերբիում։
Հետաքրքիր է, որ այդ ինչ-որ բանը կայացավ։ Ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդը» ներքին առաջնությունում երկրորդ հաղթանակը կորզեց «Մանչեստր Սիթիից», ինչը քիչ հնարավոր հավանականությունների շարքից էր։ Ինչ վերաբերում է «կարմիր սատանաների» հաղթանակն առավել ամրապնդած երկրորդ գոլին, այն ամբողջովին «Սիթիի» դարպասապահի մեղքով էր։ 2։0 հաշվով հաղթանակն առավել քան վստահ հաղթանակ է նման ահեղ մրցակցի հետ պայքարում։ Ճիշտ է՝ շահած երեք միավորը «Յունայթեդին» շարունակեց պահել հինգերորդ հորիզոնականում, բայց այն չորրորդում գտնվող «Չելսիից» երեք նիշի հեռավորության վրա է արդեն։ Բացառված չէ ու կարող է և այնպես պատահել, որ առ «Տոտենհեմը» կողմնորոշվելով, մենք գուցե իրականում լրջորեն թերագնահատո՞ւմ ենք «Յունայթեդի» հնարավորությունը՝ կամային մոտեցմամբ նրան զրկելով ավելի վերևներ նայելու հնարավորությունից։ Չմոռանանք, որ սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ։
«Չելսի»-«Էվերտոն» մրցավեճը «ազնվականների» համար սկզբունքային նշանակություն ուներ ոչ միայն մրցաշարային աղյուսակի առումով. հաղթանակը նրանց կօգներ ավելի վստահ զգալ չորրորոդ հորիզոնականում։ Հաղթանակը մեկ այլ գին էլ ուներ՝ մարզչի կարգավիճակում Ֆրենկ Լեմպարդը Ժոզե Մոուրինիոյից հետո գլխած կունենար և Կառլո Անչելոտիին, ինչը և «Չելսին» արեց՝ չորս անպատասխան գնդակի առավելությամբ գերազանցելով «Էվերտոնին»։
ՖՐԱՆՍԻԱ
Ժամանակից շուտ սեփական հաղթանակին «Մարսելի» հավատալը հանգեցրեց նրան, որ խաղավարտին մնացած յոթ րոպեում «Ամիենը» երկու գոլ հեղինակեց ու միավոր վաստակած հեռացավ իր համար անչափ հյուրընկալ տանտերերից։ Նկատենք, որ մի քանի տուր առաջ այս նույն «Ամիենը» ատամ էր ցույց տվել և «Պարի Սեն Ժերմենին» (միջանկյալ նկատենք, որ տուրի «Ստրասբուրգ»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը հետաձգվել է)։ Ահա թե ինչ է նշանակում սեփական սխալներից դասեր առնելու անպտուղ փորձը։
Ապշելու արդյունավետ խաղ ցուցադրեց «Մոնպելիեին» հյուրընկալած «Ռենը»՝ անպատասխան հինգ գնդակ ուղարկելով նրա դարպասը։ Սա տանտերերին հնարավորություն տվեց առնվազն ևս մեկ տուրով երկարացնելու երրորդ հորիզոնականում մնալը, ինչի վրա համառորեն աչք ունի տնկած «Լիլը»։ «Լիոնի» հետ ունենալիք տնային խաղում հաղթելու դեպքում այն կրկին մեկ միավորի կհասցներ «Ռենից» հետ մնալը, որի անվան դիմաց 50 միավոր է, ուղիղ վեցով պակաս «Մարսելի» ունեցածից։ Ասենք, որ «Լիլին» հաջողվեց խնդիրը լուծել, ու դրա համար բավարար եղավ հանդիպման առաջին կեսում Ռեմիի խփած միակ գոլը։
ԻՏԱԼԻԱ
Որքան էլ բժիշկները, ծառայողական պարտավորությունների, այդ թվում և հանրության գլուխը արդուկելու գծով նրանց հավասարեցված քաղաքագետներն ու տերությունների ղեկավարները նաև պարտադրանքի բերումով փորձեն մեղմել բնակչությանը համակած կորոնավիրուսի տագնապը, միևնույն է, նորօրյա համաշխարհային այդ աղետը շարունակում է անել իր սև գործը՝ նորանոր ցնցումների դեմ ձեռնարկվելիք անխուսափ քայլեր պարտադրելով։ Օրվա դրությամբ նման քայլերից վերջինը գոնե ֆուտբոլում դատարկ տրիբունաների պայմաններում հանդիպումներ անցկացնելն է, ինչը հաջողությամբ փորձարկվեց «Յուվենտուս»-«Ինտեր» դիմակայությունում՝ մրցակցությունը վերածելով հարսից ու փեսայից բացի ուրիշ ոչ մեկը չունեցող դատարկ արարողության, մինչդեռ թուրինյան «Ալյանց» մարզադաշտը ունենար մի քանի անգամ ավելի տարողություն, դարձյալ չէր կարողանա բավարարել պահանջարկը։
Չի կարելի ասել, թե եղածը ֆուտբոլիստների սրտով էր, բայց որ շահեկան եղավ տանտերերի համար, այս մեկը միանշանակ է։ «Ծեր սինյորան» երկու անգամ կարողացավ դրոշմակնքել հյուրերի դարպասը՝ «Ինտերին» ավելի ու ավելի հեռացնելով առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Այս հաղթանակը մեկ այլ բանով էլ շահեկան եղավ թուրինյան թիմի համար՝ կարողացավ մեկ նիշով շրջանցել «Լացիոյին» ու վերադարձնել թեկուզ կարճ ժամանակով կորցրած առաջին հորիզոնականը։
«Յուվենտուսն» ունի 63, «Լացիոն»՝ 62, «Ինտերը»՝ 54 միավոր։
Նկատենք, որ վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ