Գավաթային խաղերն ու...կորոնավիրուսը
06.03.2020 | 02:11
Որքան էլ կորոնավիրուսն անում է իր սև գործը, այդուհանդերձ դեռևս որոշ ֆուտբոլային դիմակայություններ կայանում են, թեպետ տագնապը գնալով ավելի ու ավելի է մեծանում՝ ուժգնացնելով անհանգստությունը զանգվածային միջոցառումների նկատմամբ։
ԱՆԳԼԻԱ
«Չելսիի» հետ Անգլիայի գավաթի մեկ ութերորդ եզրափակչին «Լիվերպուլն» ընդառաջ էր եկել վերջին երկու արտագնա խաղում ունեցած նույնքան պարտության ծանր բեռով, թեպետ դրանցից մեկն իսկ արդեն բավարար էր եղածի մասին խոսելու որպես սենսացիայի, քանզի Յուրգեն Կլոպի սաները (կարելի է անգամ ասել՝ անհիշելի ժամանակներից) հանուրին էին ապշանքի մեջ գցել անպարտ խելահեղ մրցելույթների շարքով, իրար հաջորդող ռեկորդներ գահընկեց անելով:
Տրամաբանորեն ֆուտբոլասերը սխալված չէր լինի ենթադրության մեջ, որ «ազնվականների» հետ մրցավեճով «Լիվերպուլը» պարտադրված էր պարտությունների շարքն ընդհատել, թեպետ մեդալի հակառակ կողմն էլ կար՝ անցած տարի «մերսիսայդցիներն» այդպես էլ չկարևորեցին գավաթային խաղերին մասնակցությունն ու ամբողջապես ծանրացան ներքին առաջնության, Չեմպիոնների լիգայի խաղարկության վրա: Այնպես որ գուշակության հարցում ֆուտբոլասերի չսխալվելու հավանականությունը 50:50 էր՝ բուքմեյքերական ընկերությունների համար փայլուն շանս խաղադրույքներ անողներին հերթական անգամ կլպելու համար:
Հարկավ այս խաղին ընդառաջ հաշվարկների սեփական տարբերակն ուներ և նախորդ երկու հանդիպումները ձախողած «Չելսին», որը մրցակցից հավասարապես թե՛ գերմոտիվացված խաղի ակնկալիք կարող էր ունենալ, թե՛ ոչ, ինչի մասին հստակ բարձրաձայնել էր թիմի գլխավոր մարզիչը: Մի խոսքով՝ հանդիպման հնարավոր ելքի գուշակության մեջ ֆուտբոլասերը նման էր ծովափին բարենպաստ քամու սպասող մարդու:
Անցնենք խաղի նկարագրմանը։ Սեփական տուգանայինում գնդակի անհաջող խաղարկումը բերեց նրան, որ Վիլիանը դիմահար հարվածեց, ու «Լիվերպուլի» դարպասապահի կոպտագույն սխալի արդյունքում հաշիվը բացվեց: Տարակարծություն չէր կարող լինել, որ Ադրիանի սխալը երկար քննարկման առարկա կդառնար, եթե ընդամենը ութ րոպե անց, առանց հապաղման հետևած հաջորդականության, «Չելսիի» դարպասապահը երեք անգամ չփրկեր իր թիմին:
Հանդիպման 64-րդ րոպեին Բարկլին երկրորդ գնդակն ուղարկեց լիվերպուլցիների դարպասը՝ աղոտ դարձնելով հաջորդ փուլ դուրս գալու մրցակցի շանսերը: Եթե անկեղծ, «Լիվերպուլի» ջանքերում իրավիճակ շտկելու մի առանձնակի տրամադրվածություն էլ չկար, թեպետ թիմը խաղի կանոններով պայքարի ոգին կարծես թե փորձեց մինչև վերջ պահել: Այս հաղթանակով արտագնայում երկու անպատասխան գնդակի առավելությամբ «Պորտսմուտին» պարտության մատնած «Արսենալից» հետո «Չելսին» դարձավ քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք ձեռք բերած երկրորդ թիմը։
Օրվա գավաթային մյուս խաղերում «Վեստ Բրոմվիչը» սեփական հարկի տակ 2։3 հաշվով զիջեց «Նյուքասլին», «Շեֆիլդ Յունայթեդն» արտագնայի հավելյալ երեսուն րոպեում խփած գոլի հաշվին հաղթահարեց «Ռեդինգի» արգելքը՝ 2:1:
Հաջորդ փուլ դուրս գալու իրավունքը չորեքշաբթի վիճարկել են «ՈՒենսդեյ Շեֆիլդ»-«Մանչեստր Սիթի», «Լեստեր»-«Բիրմինգհեմ», «Տոտենհեմ»-«Նորվիչ» զույգերը: Առաջին երկուսում վճռորոշ է եղել խփած մեկ գոլը։ «Մանչեստր Սիթին» դա արել է հյուրընկալվելիս, «Լեստերը»՝ տնային խաղում։
Մրցակցության հիմնական ժամանակի 1։0 հաշիվը չի կարողացել պահել «Տոտենհեմը», ինչի համար «պատժվել» է լրացուցիչ խաղաժամանակով։ «Նորվիչն» այստեղ էլ է համառել` խաղի հաղթողին որոշելը վերապահելով հետխաղյա 11-մետրանոցներին, որտեղ էլ վերջնականապես հաստատել է իր առավելությունը։ Ահա այսպիսի դաս Մոուրինիոյի գլխավորած «Տոտենհեմին»։
Երեկ ուշ երեկոյան կայացել է գավաթի խաղարկության մեկ ութերորդ եզրափակչի վերջին՝ «Դերբի Քաունտի»-«Մանչեստր Յունայթեդ» մրցակցությունը:
Քառորդ եզրափակչում միմյանց հետ են մրցելու «Շեֆիլդ Յունայթեդ»-«Արսենալ», «Նյուքասլ»- «Մանչեստր Սիթի», «Լեստեր»-«Չելսի» զույգերը։ «Նորվիչի» մրցակիցը կլինի «Դերբի Քաունտի»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայության հաղթողը։ Այս խաղերը նշանակված են մարտի 20-22-ին։
ԳԵՐՄԱՆԻԱ
«Սաարբրյուկեն»-«Ֆորտունա» դիմակայությունում առավել փորձառու դյուսելդորֆցիները խաղավարտին մոտ են կարողացել գոլ հեղինակել ու փրկվել պարտությունից՝ 1:1։ Մրցավարի ավելացրած ժամանակը կողմերից ոչ մեկին չի բերել առավելություն՝ հաղթողին որոշելը թողնելով հետխաղյա 11-մետրանոցներին, որտեղ առավել դիպուկ են եղել հյուրերը։ Բոլոր դեպքերում նշենք, որ գերմանական ֆուտբոլի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմն իր մարզական կարիերայում խոշոր հաջողություն արձանագրեց՝ հասնելով երկրի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակիչ։
Բավականին լարված ընթացք է ունեցել «Շալկե»-«Բավարիա» մրցակցությունը ու առնվազն տարօրինակ է, որ գոլային անհագուրդ ծարավով աչքի ընկնող մյունխենցիները բավարարվել են նվազագույն հաշվով հաղթանակով։
Մրցումային չորեքշաբթին հաջող է եղել «ՈՒնիոն Բեռլինին» հյուրընկալած «Բայերի» համար, որը, ի միջի այլոց, մինչև 71-րդ րոպեն պարտվում էր։ Տանտերերի համար փաստորեն որոշիչ է եղել հյուրերի տասը հոգով մնալը, ինչը մնացած ժամանակահատվածում անշրջելի է դարձրել «Բայերի» հաղթանակը։ Այն դարձել է երեք գոլի հեղինակ։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-«Վերդեր» մրցակցությունում դաշտի տերերն են եղել հանդիպման տոն տվողն ու դրա համար վարձատրվել են հաղթանակով՝ 2։0։
Կիսաեզրափակչում կմրցեն «Այնտրախտ»-«Ֆորտունա», «Բավարիա»-«Բայեր» զույգերը։
ԻՍՊԱՆԻԱ
Երկրի գավաթի առաջին կիսաեզրափակչի հաղթողը հայտնի դարձավ չորեքշաբթի կայացած «Միրանդես»-«Ռեալ Սոսիեդադ» մրցակցությունում։ Կողմերի առաջին դիմակայության օրինակով ուժեղագույնը կրկին «Ռեալ Սոսիեդադն» էր, որն այս անգամ հաղթանակ տոնեց նվազագույն հաշվով։ Ընդհանուր դիմակայության հաշիվն է 3։1։
Երեկ «Գրանադա»-«Աթլետիկ» պատասխան խաղն էր, որտեղ հյուր ժամանած բասկյան թիմին բավարարում էր անգամ ոչ-ոքի հաշիվը։ Հիշեցնենք, որ «Աթլետիկը» սեփական հարկի տակ առավելության էր հասել 1։0 հաշվով։
ԻՏԱԼԻԱ
Երեկ պիտի կայանար «Նապոլի»-«Ինտեր» կիսաեզրափակիչյան պատասխան խաղը, սակայն աշխարհը համակած կորոնավիրուսի պատճառով դիմակայությունը հետաձգվել է։ Հիշեցնենք, որ առաջին մրցակցությունում հաղթել են նեապոլցիները։ Գրանցվել է 1։0 հաշիվ։
Ինչպես հայտնի է, երկրորդ կիսաեզրափակչի զույգն են կազմել «Միլանն» ու «Յուվենտուսը»։ Նրանց առաջին մրցավեճում գրանցվել է 1։1 հաշիվը։
ՖՐԱՆՍԻԱ
Այստեղ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցել են «Լիոնն» ու «Պարի Սեն Ժերմենը»։ Մայրաքաղաքայինները հաղթել են համոզիչ առավելությամբ՝ հինգ անգամ գրավելով տանտերերի դարպասը, փոխարենն ընդունելով միայն մեկ գնդակ։ Նշենք, որ Մբապեն հեղինակել է երեք գոլ։ Երկրորդ զույգը հարաբերությունները պարզել է երեկ ուշ երեկոյան։ ՈՒժերը չափել են «Սենտ Էտիենն» ու «Ռենը»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ