«Լիվերպուլն» ընկավ ուոթֆորդյան մամլիչի տակ
03.03.2020 | 01:57
Մարզաշխարհն ավելի ու ավելի հաստատունորեն է դառնում կորոնավիրուսի զոհը։ Վտանգն առավել քան ռեալ կախված է Տոկիոյի օլիմպիական խաղերի, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վրա, որոնք պլանավորված են այս ամռանը։ Սակայն ինչու ենք այդքան հեռու գնում, երբ ընթացիկ տուրի առանձին խաղեր չեն կայացել Իտալիայում, Անգլիայում, վիրուսի հետագա ծավալման հետ հանդիպումների չեղարկումն աշխարհագրական նոր տարածքներ է գրավում։ Սակայն այստեղ էլ մեր բախտը չի բերում։ Ինչ-ինչ, սակայն զարգացածության առումով մեզանից վեր գտնվող երկրները գոնե առավել սթափ մտածելու ունակ առողջապահության նախարարներ ունեն, ովքեր իրականության վերաբերյալ մուլտերից հայտնի շլդիկ նապաստակի պահվածքն ու գիտակցումը չունեն ու ակնոցի ապակիների հետևից դատարկ-դատարկ դուրս չեն տալիս տալիս կորոնավիրուսի առանձնապես վտանգավոր չլինելու մասին այն դեպքում, երբ դրա զոհերի թիվը շուտով աշխարհով մեկ կհասնի հնգանիշ թվերի սահմանին։
ԱՆԳԼԻԱ
ՈՒզում եք սենսացիա անվանեք, ուզում եք եղածին մեկ այլ բնութագրիչ գտեք, դրանից եղածի էությունը չի փոխվում՝ «ՈՒոթֆորդը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթեց «Լիվերպուլին», որի չեմպիոն դառնալը կասկած չէր ու չի էլ հարուցում, որն անպարտ մրցելույթների շարքով ռեկորդ ռեկորդի հետևից էր սահմանում, որը հավակնում էր ընկերակցելու «Արսենալին»՝ դառնալով առանց պարտության չեմպիոն հռչակվելու նրա ֆանտաստիկ արդյունքը կրկնողը։ Այս ամենի վերջը դրեց, այո, «ՈՒոթֆորդը»՝ համանուն քաղաքի թիմը, որն այս հաղթանակի շնորհիվ է լոկ կարողացել հրաժեշտ տալ աղյուսակի նախավերջին հորիզոնականին, սակայն շարունակում է հաստատունորեն մնալ պրեմիեր լիգան լքողների թվում։
Սակայն, մինչև հաջորդներին անցնելը, եկեք խաղի կապակցությամբ լսենք «Լիվերպուլի» գլխավոր մարզչին, ով ահա թե ինչ է ասել Daily Mail-ի հետ ունեցած զրույցում. «Արդեն իսկ «Լիվերպուլը» շատ ռեկորդներ է սահմանել, իսկ դրանց չի կարելի հասնել՝ պարզապես ցանկանալով: Ռեկորդը ելույթի արդյունք է, իսկ մենք այսօր թույլ հանդես եկանք: Մենք չենք կարող ԱՊԼ-ի պատմության լավագույն թիմը համարվել, քանի որ այսօր պարզապես բավականաչափ լավը չէինք: Հնարավոր է՝ կարողանանք որևէ ռեկորդ սահմանել ապագայում: Հասկանալի է, որ մի օր պարտվելու էինք, և այսօր այդ օրն էր: Ես նախընտրում եմ պարտվել՝ լավագույն խաղը չցուցադրելով.գ չէ՞ որ եթե պարտվում ես առավելագույնս խաղալով,՝ դժվար է եղածը բացատրել»։
Դժվար է ասել՝ աղյուսակը եզրափակող «Նորվիչին» կհաջողվի՞ ձերբազատվել պրեմիեր լիգան լքելու տհաճ պարտականությունից, բայց որ այն երեք միավոր կորզեց 50 միավորով առաջին եռյակը եզրափակող «Լեստերից», 1։0, կայացած իրողություն է, ինչը Չեմպիոնների լիգայի վերջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ շքեղ հաղթանակ տոնած «Մանչեստր Սիթիի» համար ավելի ու ավելի անվտանգ է դարձնում երկրորդ հորիզոնականում մնալը։ Ի դեպ, «Արսենալի» հետ վերջինիս տնային հանդիպումը հետաձգվել էր Լիգայի գավաթի շրջանակներում «Աստոն Վիլայի» հետ եզրափակիչ խաղի պատճառով։ Դրանում 2։1 հաշվով հաղթել են «քաղաքաբնակները»։ Սա այս խաղարկությունում նրանց երրորդ անընդմեջ հաղթանակն էր ու հինգերորդը վերջին յոթ տարում։ Ահա այսպիսի սեր։
«Լիվերպուլը» մնացել է 79 միավորով, նախկինից եկած 57-ն ու 50-ն են «Մանչեստր Սիթիի» ու «Լեստերի» անունների դիմաց։
Տուրի շրջանակներում «Բոռնմուտի» հետ ոչ պակաս ծանր հանդիպում է անցկացրել «Չելսին». առաջինը գրավելով մրցակցի դարպասը՝ հետագայում բաց է թողել երկու գնդակ ու կանգնել պարտվելու վտանգի առաջ։ Բարեբախտաբար, խաղավարտին մոտ լոնդոնցիները կարողացել են ուշքի գալ ու հավասարեցնել հաշիվը։ «Ազնվականներն» ունեն 45 միավոր։
Առաջին հնգյակը 42 միավորով եզրափակում է «Էվերտոնի» հետ արտագնայում ոչ-ոքի խաղացած «Մանչեստր Յունայթեդը»՝ 1:1։ Ի դեպ, նույնքան միավոր ունեն և անգլիական «գայլերը», որոնք հյուրընկալվելիս 3։2 հաշվով պարտության են մատնել Մոուրինիոյի «Տոտենհեմին»։
ԻՍՊԱՆԻԱ
Մադրիդի «Ռեալ»-«Բարսելոն» էլ կլասիկոն դարձավ համաշխարհային ֆուտբոլի հերթական զարդը։ Թերևս երկու կարծիք չի կարող լինել, որ հանդիպման առաջին կեսն անցավ «Բարսելոնի» միանշանակ գերազանցությամբ։ Եթե փոքր-ինչ հաջողակ լինեին կատալոնցիները, հանդերձարան կգնային առնվազն երկու գնդակ խփած, սակայն լուսատախտակի վրայի զրոներն այդպես էլ անփոփոխ մնացին։
Երկրորդ խաղակեսում իրավիճակն արմատապես փոխվեց ու որքան էլ փայլուն էր Տեր Շտեգենը, նա էլ եղավ անզոր. 71-րդ րոպեին չկասեցվեց աջ եզրից Ժունիորո Վինիսիուսի սրընթաց անցումն ու հաշիվը բացվեց, իսկ հավելյալում Մարիանոն դրեց այս գեղեցիկ մրցակցության վերջը։ Հաղթանակի արդյունքում «արքայականը» մեկ նիշով շրջանցեց 55 միավոր ունեցող «Բարսելոնին» ու ստանձնեց միանձնյա առաջատարի դերը։
Գրեթե մրցավարի սուլոցի հետ համընկած գոլը «Օսասունայի» հետ մրցակցությունում «Սևիլիային» բերեց հաղթանակ (3։2): 45 միավորով անդալուզցիները երրորդն են։
Հյուրընկալվելիս «Մալյորկայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը «Խետաֆեին» դիրքավորել է «Սևիլիայի» հետ մերձ հարևանությամբ՝ 44 միավոր։ Նրանից մեկ նիշով է հետ մնում «Էսպանիոլին» հյուր գնացած ու միավոր կիսած Մադրիդի «Աթլետիկոն» (1։1), իսկ լավագույն վեցյակը եզրափակում է «Վալիադոլիդին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով ծնկի բերած «Ռեալ Սոսիեդադը»՝ 43 միավոր։ Դժվար չէ նկատել, որ երրորդից վեցերորդ տեղերում գտնվող թիմերն այնքան մերձ հարևանությամբ են, որ ցանկացած մեկի սայթաքումը մրցաշարային աղյուսակում կարող է հանգեցնել սկզբունքային տեղաշարժերի։
ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմեն»-«Դիժոն» դիմակայության արդեն երրորդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Դրանից հետո մայրաքաղաքցիները մրցակցի դարպասը մեկ անգամ չէ, որ գրավելու հնարավորություն ունեին, սակայն այդպես շարունակվեց մինչև 70-րդ րոպեները։ Հետևեց ՊՍԺ-ի ևս երկու «պայթյուն», ու լուսատախտակի վրա արդեն նոր հաշիվ էր։ Գոլերից մեկը Մբապեի կատարմամբ էր, ինչն էլ ռմբարկուների աղյուսակը գլխավորելու հնարավորություն տվեց։ Սակայն նա եղածով չբավարարվեց, խաղավարտից առաջ մեկն էլ հեղինակեց՝ հաշիվը դարձնելով 4։0։
Դիվիզիոնի արդեն նախավերջին՝ «Մարսել»-«Նանտ» խաղում ունեցած պարտությունից հետո (1։3), մարսելցիները փորձել են իրավիճակ շտկել «Նիմի» հետ արտագնա խաղում։ Ինչպես վկայում է դարպասների գրավման հարաբերակցության թվային արտահայտությունը, 3։2 հաշվով կամային հաղթանակը «Մարսելին» հեշտությամբ չի տրվել։ Թիմը պարզապես այնքանով է հաջողել, որ լրացուցիչ ժամանակում տանտերերը նաև հաշիվը հավասարեցնող գոլը չեն խփել։
Հերթական երեք միավորն է վաստակել «Թուլուզին» հյուր գնացած «Ռենը»՝ 2։0, ինչը հնարավորություն է տվել 47 միավորով պահպանելու դիվիզիոնում ունեցած երրորդ հորիզոնականը։
Թեպետ «Նանտ»-«Լիլ» դիմակայության անգամ բացասական ելքը ոչնչով չէր սպառնում հյուրերի չորրորդ տեղին, այդուհանդերձ այն նախանձախնդիր եղավ երեք միավոր վաստակելու հարցում։ Արձանագրվել է նվազագույն հաշվով հաղթանակ։
ԳԵՐՄԱՆԻԱ
Անցանկալի, պատիվ չբերող միջադեպ է գրանցվել «Հոֆենհայմ»-«Բավարիա» դիմակայությունում, և այստեղ հարցը բնավ էլ մարզական կողմը չէ՝ վեց անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել են հյուրերն ու 52 միավորով շարունակել պահպանել միանձնյա առաջատարությունը։ Մյունխենյան թիմի երկրպագուների անհարգալից վերաբերմունքի պատճառով (ձգապաստառի վրա եղած գրությամբ վիրավորել են «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Դիտմար Հոպին) հանդիպման մրցավարը խաղը երկու անգամ դադարեցրել է, իսկ դիմակայության վերջին տասը րոպեներին թիմերը դաշտի կենտրոնում պարզապես գնդակ են գլորել (նաև միմյանց փոխանցելով)՝ այդ կերպ փորձելով մսխել խաղի հիմնական ժամանակը։ Եղածի առնչությամբ ահա թե ինչ է ասել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը. «Ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար: «Բավարիան» ու «Հոֆենհայմը» պետք է միավորվեին: Սա ուժեղ գործողություն է: Նման բան չպետք է տեղի ունենար: Մենք ստիպված էինք միավորվելու տրիբունաներում գտնվող հիմարների դեմ: Մտադիր չէի գնալու տրիբունա, բայց չափազանց հիասթափված էի այն ամենից, ինչ տեղի ունեցավ: Այն ամենը, ինչ թիմն արեց խաղի ընթացքում, կորավ: Սա է զայրացնում»։
Իրենց հանդիպումները հաղթանակով են ավարտել երկու «Բորուսիաներն» էլ։ Դորտմունդցիները սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության են մատնել «Ֆրայբուրգին», արտագնայում մենխենգլադբախցիները հաղթել են «Աուգսբուրգին»՝ 3։2։ 48 և 46 միավորով շարունակում են նրանցը մնալ բունդեսլիգայի երրորդ-չորրորդ հորիզոնականները։ Հիշեցնենք, որ վերջիններս մեկ խաղ պակաս են անցկացրել։
«Բավարիայի» հաղթանակին ընդամենը ոչ-ոքիով է պատասխանել «Լայպցիգը», որը սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել արդեն 44 միավորի տեր դարձած «Բայերի» դիմադրությունը՝ 1։1, և ունեցած 49-ով մյունխենցիներից հետ է մնում երեք նիշով։
Արտագնայում «Քյոլնից» կրած «Շալկեի» պարտությունը՝ 3։0, գելզենկիրհենցիներին դուրս չի մղել առաջին վեցյակից։
ԻՏԱԼԻԱ
Կորոնավիրուսից ունեցած տագնապի պատճառով հետաձգվել է տուրի «Յուվենտուս»-«Ինտեր» դիմակայությունը, ինչը մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում հանգեցրել է անուղղակի փոփոխության։ Ինչպես և սպասվում էր, «Լացիոն» «Բոլոնիայի» հետ տնային խաղում երեք միավոր է վաստակել՝ 2։0, ու 62 միավորով տեղափոխվել առաջին հորիզոնական։ Այս անգամ թիմի ու առաջնության ռմբարկու Չիրո Իմոբիլեն գոլ չի հեղինակել, սակայն անմասն չի եղել դարպասի գրավմանն ուղղակի մասնակցություն ունենալուց։
«Յուվենտուսն» ունի 60, «Ինտերը»՝ 54 միավոր։
Ինչ վերաբերում է սկուդետեի չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներում գտնվող «Ատալանտային» ու «Ռոմային», անցկացրել են գերգոլառատ խաղ։ Առաջինը 7։2 հաշվով պարտության է մատնել «Լեչեին» նրա իսկ դաշտում, երկրորդը «Կալյարիի» հետ մրցավեճում հաղթանակ է տոնել 4։3 հաշվով։ Գոհունակությամբ նշենք, որ «Ռոմայի» կազմում կրկին առանձնացել է Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Շարունակում է վեցերորդ հորիզոնականում դիրքերը պահել «Նապոլին», որը սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության է մատնել «Թուրինին» և ունի 36 միավոր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ