«ՉԵԼՍԻ»-«ԲԱՎԱՐԻԱ»
Դիմակայության առաջին կեսը թե բան էլ հուշում կամ ուզում էր հուշած լինել ֆուտբոլասերին, կողմերի ունեցած հնարավորությունների հավասարության մասին էր՝ դրանով ոչ մարզադաշտ եկած հանդիսատեսին, ոչ էլ հեռուստացույցի առաջ դիրքավորվածին արտակարգ բնույթի ինչ-որ ինֆորմացիա չփոխանցելով։ Այնպես որ, սկզբունքորեն զրոյական արդյունքով կողմերի հանդերձարան գնալը դաշտում եղած զարգացումների տրամաբանության շրջանակում էր։
Այդ երկրորդ խաղակեսն էր արդեն, որ ամեն ինչ խառնեց իրար։ Չորս րոպեի ընթացքում բաց թողնելով երկու գոլ՝ «Չելսին» կազմալուծվեց, իսկ «Բավարիան» գնաց առավելությունն ավելի անդառնալի դարձնելու ճանապարհով։ Ճիշտ է՝ շարունակության մեջ առանձնապես շատ չհաջողեց, բայց 3։0-ն, բոլոր դեպքերում, 2։0 վտանգավոր հաշիվը չէ, որն ինչքան էլ համոզիչ առավելության մասին է վկայում, նույնքան էլ լպրծուն հաշիվ է՝ առավելությունը ձեռքից բաց թողնելու շոշափելի տարբերակով։
Խաղից հետո ահա թե ինչ կասի Ֆրենկ Լեմպարդը, որը, «Չելսիի» գլխավոր մարզիչը լինելով, միաժամանակ մնում է նրա լեգենդար ֆուտբոլիստնեից մեկը. «Այսօր լավ ֆուտբոլ էր, ու «Բավարիայի» մակարդակը պարզապես ֆանտաստիկ է։ Մենք գիտեինք, որ բարդ գիշեր է լինելու, ու փոքր-ինչ այնպես չխաղացինք, ինչպես կցանկանայի։ Մենք լավ պաշտպանվում էինք, ստեղծեցինք մի քանի պահ, սակայն հաջողության հասնելու համար պիտի բոլոր 90 րոպեներին ցույց տայինք որակյալ ֆուտբոլ։ Դա իրականության ցավոտ դաս էր, սակայն սա Չեմպիոնների լիգան է։ Մենք նախորդ տարիներին էլ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու բարդություններ ենք ունեցել, ու դա դեռևս հիմնախնդիր է մնում»։
Առանձնապես մեծ իմացություն պետք չէ հասկանալու համար, որ առնվազն պատասխան խաղի առումով Լեմպարդի խոսքերում դատապարտվածությունն է հնչում, սակայն այսօրվա «Բավարիան» այն կարգի ահռելի հզորության թիմ է՝ խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում գրեթե հավասարազոր մի քանի ֆուտբոլիստ հանելու հնարավորությամբ, որ միայն այս ցուցանիշով արդեն ճզմած ունի «Չելսիին», որն առանց այն էլ կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով։ Բոլոր դեպքերում պատահականությունները չի կարելի բացառել, բայց որքան հասկանում ենք (ծանոթ ֆիլմի վերնագրի նմանակությամբ), առաքելությունն անհնարին է։
«ՆԱՊՈԼԻ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»
Մրցակցության առաջին երեսուն րոպեն ամեն ինչ կարող էր հիշեցնել՝ բացի գրանդների առճակատումից։ Չէ, «Նապոլիի» առնչությամբ գնահատման չափազանցում չկա, որքան էլ թիմն այս մրցաշրջանում, մեր մեջ ասած, համը լավ էլ հանում է ցուցադրվող ֆուտբոլով: Չկա, որովհետև… Հիմա ի՞նչ եք ուզում ասեմ, հիշեցնեմ ուղտի կաշվի մասին ժողովրդական ասացվա՞ծքը։
Հա, ուրեմն, առաջին 30 րոպեն ու… «Սան Սիրոն» պայթեց ծափերի որոտից։ Մերտենսը տուգանայինից գնդակն այնպիսի օրինակելի նշանառությամբ ուղարկեց դարպասի վերին անկյունը, որ Տեր Շտեգենը չկարողացավ անգամ տեղից շարժվել։
Սակայն եկեք գոլը միայն Մերտենսի ակտիվում չգրանցենք։ Դրան նախորդել էր գնդակը տուգանային հասցնելու շատ գեղեցիկ խաղարկություն ու ոչ միայն մեկ կամ երկու ֆուտբոլիստի մասնակցությամբ։ Պահի գեղեցկությունը նաև նրա մեջ էր, որ սեփական կիսադաշտում «Բարսելոնը» գրեթե իր ամբողջական կազմով էր։
Մի կողմ թողնենք փաստն այն, որ այս գոլով ֆուտբոլիստը Համշիկի հետ դարձավ «Նապոլիի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն, քանի որ մեր բուն խնդիրն այս դիմակայությունն իր ամբողջության մեջ ներկայացնելն է։
Այս խաղն իր ընթացքով գնում էր զարգացման այն տրամաբանությամբ, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում արտագնա խաղերը կատալոնյան ակումբի աքիլեսյան գարշապարն են։ Իհարկե, «Բարսելոնն» արեց իրենը, խփեց պատասխան գոլը ու խաղի մնացած մասը վերածեց թատերական ներկայացման, սակայն դրանից արդյունքը չփոխվեց, կողմերն իրարից բաժանվեցին մեկական գոլ խփած ու մեկական գոլ վաստակած։
Բնականաբար, առջևում պատասխան խաղն է, որտեղ տանտերերի կարգավիճակում լինելու են բարսելոնցիները։ Սեփական դաշտի առավելության, տան պատերի օգնական լինելու մասին ծեծված ու արդեն անհամորեն մաշված պատմությունը չանենք, բայց որ «Նապոլին» մրցակցի հարկ է գնալու գլխից վեր թռչելու ավելի քան խելագար ցանկությամբ, ոչ մեկին էլ կասկածի տեղիք չի տալիս։ ՈՒրիշ բան, որ «Բարսելոնը» մրցակցի ախորժակին այլ բանով է պատասխանելու, որն ավելի շատ քացախի էֆեկտ է թողնելու, բայց իրադարձություններից եկեք առաջ չընկնենք ու այնքան էլ ավելորդ չհամարենք հիշելն ու հիշեցնելը, որ կատալոնյան ակումբը վերջին տարիներին ու հատկապես Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավելի շատ վշտացրել է իր միլիոնավոր երկրպագուներին ու ավելորդ չհամարենք զգուշանալը: Ավելի լավ է՝ ցանկալին լինի, նոր ծափ զարկենք։
Ի՞նչ ասիք։
«ՌԵԱԼ»-«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»
Այս դրաման հանգուցալուծվեց հանդիպման 83-րդ րոպեին, երբ 11-մետրանոցի նշանակետից դե Բրյունեն անվրեպ իրացրեց տուգանայինն ու անգլիացիներին հաշվի մեջ առաջ մղեց՝ 2:1:
Այս 11-մետրանոցի իրացումը հանգուցային նշանակության խնդիր էր թիմի ու անձնապես գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար, ով իր մարզական կարիերայից շատ լավ գիտի Չեմպիոնների լիգայում չիրացված 11-մետրանոցի գինը: Հիշենք, թե 2012-ին, «Չելսիի» հետ կիսաեզրափակիչ խաղում Մեսիի կրակոցն ինչպես իր վրա առավ դարպասաձողը, ինչպես 2016-ին «Բավարիան», ի դեմս Մյուլլերի ձախողած 11-մետրանոցի, մնաց առանց եզրափակչի, անցած տարի էլ Ագուերոն «Տոտենհեմի» հետ մեկ քառորդի առաջին խաղում վրիպեց:
Մի խոսքով՝ հոգեբանական բացառիկ նշանակության էր Բրյունեի իրացրածը, մանավանդ որ այն պատասխան խաղից առաջ անհամեմատ շահեկան դիրքերից է ներկայացնելու «Մանչեստր Սիթիին», որը, օբյեկտիվ լինենք, ձախողել է ընթացիկ մրցաշրջանի պրեմիեր լիգան ու իր ինչ լինելն ապացուցելու միայն մի լուրջ հարթակ ունի՝ Չեմպիոնների լիգան: Ի դեպ, սույնի մասին ավելի քան թափանցիկ արտահայտվել է նույն ինքը՝ Պեպը, ասելով, որ Չեմպիոնների լիգան ձախողելու դեպքում միանգամայն տրամաբանական կլինի ակումբի ղեկավարության կողմից իրեն աշխատանքից հեռացնելը:
Ի միջի այլոց, ավելորդ չի լինի նկատել, որ այս հաղթանակից հետո Գվարդիոլան աշխարհում դարձավ երկրորդ մարզիչը, ով Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում երկու անգամ հաղթել է «Ռեալին»: Ավելի վաղ նման հաջողության է հասել Օտմար Հիտցֆելդը: Սակայն նրա համեմատ իսպանացու տարբերությունն այն է, որ «Սանտյագո Բեռնաբեուում» Գվարդիոլան երկու տարբեր թիմերի հետ է հաղթել «արքայականին»: Սրա հետ մեկտեղ Պեպը մի այլ ռեկորդի հեղինակ էլ է դարձել. մարզչի որակում նա տասներորդ հաղթանակն է տարել «Ռեալի» նկատմամբ:
Դառնալով հանդիպման մինչև 83-րդ րոպեն եղած զարգացումներին, առաջին խաղակեսը ֆուտբոլային տեսաբանների առումով էր առավելապես հետաքրքիր, ինչը շարքային ֆուտբոլասերին առանձին բան չի տալիս: Անկեղծ լինենք, ֆուտբոլասերի գերազանց մասին հետաքրքրողը դարպասի գրավումն է, գոլ տեսնելը, թե չէ ով ում տակտիկական ինչ մտահղացմամբ զարմացրեց կամ կզացրեց, խոշոր հաշվով նրա՞ն ինչ:
Հաշիվն առաջինը բացել են տանտերերը` աջ եզրից ֆանտաստիկ գեղեցկությամբ գրոհով, որի արագ ընթացքը տուգանայինի կենտրոնական մասում բերել է «քաղաքաբնակների» պաշտպանական ռեդուտների փլուզման, ինչից էլ վարպետորեն օգտվել է Իսկոն: Այս գոլից 18 րոպե անց Գաբրիել Ժեզուսը հավասարեցրել է հաշիվը, իսկ ևս հինգ րոպե անց վրա է հասել վերը մանրամասն շարադրված հանգուցալուծումը:
«ԼԻՈՆ»-«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»
Այս մրցակցությունն իր ելքով գլխեց մնացած երեքին: Պարզապես վառ տպավորություն թողնելու մոլուցքին տրված սիրահարները լոկ կարող էին գուշակել այնպիսի ելք, որը «ծեր սինյորայի» աստղաբույլի համար առարկայական դաս եղավ՝ տրված լիոնյան ֆուտբոլային ջահելության կողմից: Եվ այս ամենը շնորհիվ նրա, որ այս ջահելությունը դրսևորեց բացառիկ կազմակերպվածություն, բացառիկ նպատակասլացություն, բացառիկ հարգանքի հետ մեկտեղ բացառիկ աներկյուղություն ֆոտբոլային մետրերի նկատմամբ:
Դժվար չէր գլխի ընկնել, թե Թուրինում «պառավն» ինչ խաղեր է տալու, ինչ կարգի շորոր է գալու, ու դրանից ինչ սարսափելի ծանր է լինելու «Լիոնի» համար, սակայն հաղթական հանդիպման օրից մինչև պատասխան խաղի համար թուրինյան դաշտ մտնելը ցնծության զգացողությունը նրանն է, շամպայնների խցանների օդ պատռող թնդյունը՝ նրանը:
Հետաքրքրիր մանրամասն:
ՈՒԵՖԱ-ի անդուլ վիճակագիրները հանդիպման ողջ ընթացքում «Յուվենտուսի» կատարմամբ արձանագրել են մի ցուցանիշ, որն ունի 0,5-ից 1 ձգվող թվային արտահայտություն: Ընդ որում, այդ մեկի տակ հաշվի է առնվում այն, որ գնդակը Ռոնալդուի ուսին կպչելուց հետո դեպի դարպաս է փոխել ուղղությունը:
Լիոնյան այս դիմակայությունը Քրիշտիանու Ռոնալդուի համար ընթացիկ մրցաշրջանում եղավ առաջին խաղը, որը պորտուգալացին ավարտեց առանց դարպասի գրավման: Փաստորեն «Լիոնը» չորացրեց պորտուգալացու գոլային անհագ ծարավը: Իսկ հանդիպման հաղթական գոլը, որը միաժամանակ միակն է, խփել է 22-ամյա կիսապաշտպան Լյուկա Տուզարը:
Թերևս այսքանով էլ բավարարվենք, «Յուվեի» խոցված դին հետագա անատոմիական քննության չենթարկենք, մանավանդ ուր որ է բացվող գարունը նրա համար միանշանակ արալեզի դեր է ունենալու:
Շտապո՞ւմ ենք մեր եզրակացությունով:
Գուցե:
Սակայն թող սա էլ լինի մեր համեստ սխալմունքը մեր նույնքան համեստ կենսագրության նույնքան համեստ այս փուլում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ